ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2014 թվականի N 896-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 872-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 872-Ն որոշումը:
2. Սահմանել հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 896-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը (այսուհետ՝ նախարար)՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից:
3. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 9 անդամից, այդ թվում՝ նախագահից և 8 անդամներից: Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է նախարարի կողմից: Քարտուղարը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:
4. Հանձնաժողովի նախագահը պետք է լինի հարկային կամ մաքսային ծառայող: Հանձնաժողովի նախագահ չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը։
5. Սույն կարգի համաձայն նախարարության՝ ներքին աուդիտի, իրավաբանական, մաքսային հսկողության, իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման, քննչական, օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության, ստուգումների կազմակերպման և դիտարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև հարկային տեսչությունների և մաքսատների (մաքսակետերի) աշխատանքները համակարգող նախարարի տեղակալները նախարարին ներկայացնում են թեկնածու (թեկնածուներ) հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
1) ներկայացման պահին պետք է ունենա հարկային կամ մաքսային ծառայության առնվազն 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության մյուս բնագավառներում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ.
2) ներկայացման պահին պետք է զբաղեցնի հարկային կամ մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն.
3) ներկայացմանը նախորդող 1 տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են թեկնածուի ծառայողական բնութագիրը, թեկնածուի մասին հարկային և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային, մաքսային և հարակից օրենսդրության, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայության մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:
7. Նախարարը՝ հանձնաժողովի նոր նախագահ կամ անդամ նշանակում է, գործող նախագահի կամ անդամի՝ հարկային կամ մաքսային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորմամբ, հանձնաժողովի անդամը նախարարի կողմից կարող է մինչև մեկ ամիս ժամկետով փոխարինվել նույն ստորաբաժանման մեկ այլ ծառայողով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |