ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1240-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 938-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ
I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհեր) և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վրա (այսուհետ` ուսումնական հաստատություններ)՝ անկախ ուսուցման ձևից (առկա, հեռակա, հեռավար), իրականացվող հիմնական կրթական ծրագրերից (բակալավր, մագիստրոս և հետազոտող) և մասնագիտություններից:
2. Ակադեմիական շարժունությունն ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով մեկ այլ ուսումնական հաստատությունում սովորողի կրթության շարունակումն է:
3. Ըստ ուսման նպատակի կամ ժամանակահատվածի՝ սովորողների` բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով ուսումնառող, ակադեմիական շարժունությունը կարող է լինել որոշակի ժամկետով (այսուհետ` շարժունություն) կամ հիմնական (այսուհետ` տեղափոխություն):
II. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
4. Սովորողների շարժունությունը չի հանգեցնում ուսման սահմանված ժամկետի ավելացմանը:
5. Ուսումնական հաստատությունների սովորողների շարժունության իրականացման եղանակներից է գործընկեր ուսումնական հաստատություններ, ինչպես նաև, սովորողի անհատական նախաձեռնությամբ, նրանց ուղարկելը`
1) կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրերի (երկու ավարտական փաստաթուղթ) շրջանակներում ուսանելու.
2) համատեղ աստիճանաշնորհման կրթական ծրագրերով (մեկ վկայականով) ուսանելու.
3) միջբուհական համագործակցության, այդ թվում՝ ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակներում ուսանելու.
4) վերապատրաստում (այդ թվում` լեզվական) անցնելու.
5) ուսումնական (հետազոտական, արտադրական) պրակտիկա անցնելու:
6. Հավակնորդների ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով` հաշվի առնելով նաև նրանց ակադեմիական առաջադիմությունը և ընդունող կողմի լեզվի (կամ օտար լեզվի) իմացությունը:
7. Շարժունության ծրագրին մասնակցելու նպատակով՝ սովորողի և ուղարկող ու ընդունող ուսումնական հաստատությունների միջև կնքվում է եռակողմ կրթական համաձայնագիր: Համաձայնագրում նշվում են այն առարկաները, որոնք սովորողները պետք է ուսանեն ընդունող ուսումնական հաստատությունում: Միաժամանակ նշվում են ակադեմիական տարբերությունների մարման ժամկետների վերաբերյալ սովորողի պարտավորությունները:
8. Շարժունության արդյունքում կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքները չպետք է գերազանցեն համապատասխան որակավորում ստանալու համար անհրաժեշտ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածության բակալավրի կրթական ծրագրի 25 տոկոսը, մագիստրոսի կրթական ծրագրի 50 տոկոսը և հետազոտողի կրթական ծրագրի 30 տոկոսը:
9. Ընդունող բուհում ուսուցման ժամկետի ավարտից հետո ուսանողն իր ուսումնասիրած առարկաների և պարապմունքների ցանկը, ինչպես նաև ստացած կրեդիտներն ու գնահատականները հաստատող ակադեմիական տեղեկանքը պետք է ներկայացնի բուհ` ակադեմիական ճանաչման մասին փաստաթուղթը նախապատրաստելու համար:
III. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
10. Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է: Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:
12. Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Բուհերի հեռակա (առկա) բաժիններից առկա (հեռակա) բաժիններ տեղափոխումը թույլատրվում է առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի, բուհի կողմից սահմանված կարգով:
13. Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:
14. Հայաստանի Հանրապետության ռազմական բուհերի կուրսանտները, որոնց ուսումնառությունը դադարեցվել է զինվորական ծառայությունից առողջական վիճակով կամ ընտանեկան դրությամբ պայմանավորված՝ վաղաժամկետ արձակվելու պատճառով, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կարող են հրամանագրվել՝ բուհերի համապատասխան կուրսերում ուսանելու համար:
15. Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտության գծով լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի (ըստ ուսուցման ձևերի և որակավորման աստիճանների) շրջանակում:
16. Օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների թվի մեջ չեն ներառվում հայագիտական առարկաները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ սովորողն օտարերկրյա բուհում, որպես մասնագիտական, ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, ինչպես նաև տեղափոխվող բուհում ընտրել է հայագիտական մասնագիտություններ:
17. Կրեդիտներով պայմանավորված առարկայական տարբերությունների ցանկը որոշում է ընդունող բուհը: Ուսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները` ընդունող բուհի կողմից սահմանված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:
18. Չի թույլատրվում ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր չունեցող ոչ պետական բուհերից ուսանողի տեղափոխությունը պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բուհեր:
19. Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում ուսանողների շարժունության բոլոր ձևերի մասին տեղեկատվություն` ըստ կրթական ծրագրի, ուսուցման ձևի, մասնագիտության և ուսուցման կուրսի տեղափոխման:
IV. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:
21. Ներբուհական տեղափոխությունները կատարվում են սույն կարգով սահմանված՝ ուսանողների տեղափոխության ընդհանուր պահանջներին համապատասխան:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22. Ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը:
23. Եթե ընդունող բուհում տվյալ մասնագիտությամբ և կուրսում ազատ տեղերի թիվն ավելի քիչ է, քան տեղափոխվել ցանկացողների թիվը, ապա կազմակերպվում է ատեստավորում, և անցկացվում է մրցույթ, որի արդյունքում ընտրվում են այն ուսանողները, ովքեր շարունակելու են ուսումնառությունը: Ատեստավորման և մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է ընդունող բուհը: Մինչև տեղափոխվողների կողմից առարկայական տարբերությունների հանձնումը՝ ընդունող բուհի ռեկտորն իրավասու է ուսանողին ժամանակավորապես հրամանագրելու համապատասխան ակադեմիական խմբում և նրան թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին: Հրամանում նշվում են նաև ակադեմիական առարկայական տարբերությունների ցանկը, դրանց մարման անհատական ժամանակացույցը, որի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում տրվում է հրաման:
24. Տեղափոխվող ուսանողին ընդունող բուհը տալիս է սահմանված նմուշի տեղեկանք` համաձայն ձևի: Ուսանողը նշված տեղեկանքը ներկայացնում է իր սովորած բուհ, որի ռեկտորը եռօրյա ժամկետում տալիս է ազատման մասին հրաման` հետևյալ ձևակերպմամբ` «Ուսանող ___________ - ը ազատված է՝ ___________ բուհ տեղափոխման կապակցությամբ»: Ուսանողին առձեռն տրվում կամ փոստով առաքվում են ազատման մասին հրամանի պատճենը, սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը, անձնական գործի փաստաթղթերը և ընդունելության քննություններին առնչվող փաստաթղթերը: Ուսանողի անձնական գործում մնում են ազատման մասին հրամանի և բուհի կողմից հաստատված միջնակարգ կրթության ավարտական վկայականի պատճենները, ուսանողական տոմսը, ստուգման գրքույկը և ուղարկված փաստաթղթերի ցանկը:
25. Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչև այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը): Տեղափոխության մասին հրամանում կատարվում է հետևյալ գրառումը` «___________ -ին ___________ բուհից տեղափոխման կարգով ընդունել ___________ ֆակուլտետի ___________ մասնագիտության _____ կուրս` ________ ուսուցման ձևով, վճարովի (անվճար) սկզբունքով»: Ընդունող բուհում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ: Ուսանողին տրվում են նոր ուսանողական տոմս և ստուգման գրքույկ:
26. Հեռակա ուսուցումից առկա ուսուցման տեղափոխությունները կատարվում են սույն կարգի պահանջներին և կարգի 10-13-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան: Առարկայական տարբերությունները հանձնելու համար սահմանվում է անհատական ժամանակացույց, որի ժամկետը չպետք է գերազանցի տվյալ կիսամյակի առկա ուսուցման համար սահմանված ժամկետը:
VI. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ
27. Օտարերկրյա պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված և առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
28. Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:
29. Ուսանողի տեղափոխությունն իրականացվում է սույն կարգի 10-12-րդ, 23-26-րդ և 28-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան: Եթե ուսանողի անձնական գործն առաքման ենթակա չէ, ապա դրա մասին ընդունող բուհին հղվում է համապատասխան փաստաթուղթ, իսկ ուսանողի հրամանագրումը կատարվում է նրա դիմումի և ակադեմիական տեղեկանքի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Ընդունող բուհի անկյունային կնիքը,
ամսաթիվը, գրանցման համարը
(կամ բուհի ձևաթուղթը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տրվում է ________________________________________ -ին` այն մասին, որ
(անունը, հայրանունը, ազգանունը` լրիվ)
նրան ____________________ կողմից տրված _____________________________
(բուհի լրիվ անվանումը) (ստուգման գրքույկի գրանցման
________________________ ստուգման գրքույկի պատճենի և դիմումի համաձայն
թիվը և ամսաթիվը)
թույլատրվել էր մասնակցել ատեստավորման գործընթացին, որը նա հաջողությամբ անցել է։
________________________ -ը կհրամանագրվի ___________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________ ուսուցման
(ընդունող բուհի և ֆակուլտետի լրիվ անվանումները, առկա, հեռակա, հեռավար)
__________ կուրս՝ _______________________________մասնագիտության գծով,
(մասնագիտության լրիվ անվանումը)
___________________ սկզբունքով, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ
(անվճար, վճարովի)
կրթության ավարտական վկայականը ներկայացնելուց հետո։
Ռեկտոր ___________________ | ________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ. Տ. | |
_____ _______________ 20 թ. |