ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1104/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1104/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի ընդդեմ Էմիլ Ղազարյանի՝ գումար բռնագանձելու, 33 անուն տնային իրերը վերադարձնելու, Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանի` Էմիլ Ղազարյանի անվամբ առուվաճառքի պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, նույն հասցեի նկատմամբ Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Էմիլ Ղազարյանին վտարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանի Էմիլ Ղազարյանի անվամբ առուվաճառքի պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումը, նույն հասցեի նկատմամբ ճանաչել Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի սեփականության իրավունքը և Էմիլ Ղազարյանին վտարել Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանից։
Երևանի քաղաքացիական դատարանի 27.02.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ տարածքային ընդդատության փոխանցվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան։
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանին 02.06.2009 թվականին և 25.08.2009 թվականին ներկայացված «Լրացում ներկայացված հայցադիմումին» վերնագրված փաստաթղթերով Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը պահանջել են բռնագանձել Էմիլ Ղազարյանից 34.769 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և վերադարձնել 33 անուն տնային իրերը։
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.11.2009 թվականի վճռով հայցը՝ Էմիլ Ղազարյանից 34.769 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու և 33 անուն տնային իրերը վերադարձնելու պահանջների մասով բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է՝ Էմիլ Ղազարյանից հօգուտ Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի բռնագանձել 24.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և պարտավորեցնել Էմիլ Ղազարյանին վերադարձնել 26 անուն գույքը։ Գործի վարույթը՝ Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանի Էմիլ Ղազարյանի անվամբ առուվաճառքի պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, նույն հասցեի նկատմամբ Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Էմիլ Ղազարյանին վտարելու պահանջների մասով գործի վարույթը կարճվել է նշված մասով պահանջից հրաժարվելու հիմքով։ Մնացած մասով հայցը մերժվել է։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2009 թվականի վճիռը Էմիլ Ղազարյանից 24.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու մասով բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։ Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմիլ Ղազարյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ, 219-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է 11.02.2010 թվականի դատական նիստում էմիլ Ղազարյանի՝ 7.500.000 ՀՀ դրամ վճարելու պատրաստակամությունը, և այս ապացույցը չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի հետազոտել գործին կցված ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի նյութերը, Ալինա Ղազարյանի, ինչպես նաև էմիլ Ղազարյանի ցուցմունքները։ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, դատական ակտը կայացրել է էական նշանակություն ունեցող բոլոր վերաբերելի և թույլատրելի գրավոր ապացույցների հիման վրա։
Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես Վերաքննիչ դատարանում արված էմիլ Ղազարյանի «խոստովանությունը», այնպես էլ ոստիկանության քննչական բաժնի նյութերում նրա ձեռքով գրված ցուցմունքները, որոնցով հիմնավորվում է այն փաստը, որ Էմիլ Ղազարյանն ընդունել է իր և իր քրոջ՝ Ալինա Ղազարյանի միջև եղած գործարքի առկայությունը, մասնավորապես 24.500 ԱՄՆ դոլար ստանալու փաստը։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Դատարանի օրինական և հիմնավորված դատական ակտը բեկանել է զուտ ձևական նկատառումներով։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հակասական ցուցմունքներ տվել է ոչ թե Ալինա Ղազարյանը, այլ Էմիլ Ղազարյանը, քանի որ մի դեպքում նա նշել է, որ 24.500 ԱՄՆ դոլարը բանկ է ներդրել առանց տոկոսների, իսկ մեկ ուրիշ ցուցմունքում նշել, որ տոկոսներ է վերցրել այդ գումարից, իսկ Ալինա Ղազարյանը հրաժարվել է այդ տոկոսները ստանալուց։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.11.2009 թվականի վճռին։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Էմիլ Ղազարյանին 24.500 ԱՄՆ դոլար տալու փաստը հավաստող որևէ ապացույց Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը չեն ներկայացրել և վկայակոչել են ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի 17.02.2009 թվականի քրեական գործի վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։
Վերաքննիչ բողոքում վկայակոչվել են Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք հանգել են նրան, որ Դատարանը հայցը բավարարելիս չի գնահատել այն հանգամանքը, որ ոստիկանության նյութերում առկա է Ալինա Ղազարյանի ցուցմունքն այն մասին, որ 24.500 ԱՄՆ դոլարից հանում է 4.500 ԱՄՆ դոլարը, ուստի նույնիսկ այս դեպքում հայցը պետք է բավարարվեր 20.000 ԱՄՆ դոլարի չափով, որը համարժեք է 6.200.000 ՀՀ դրամի։
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի ուսումնասիրել է քրեական գործի նյութերը և եկել ճիշտ եզրահանգման, որ Ալինա Ղազարայնը տվել է հակասական ցուցմունքներ, իսկ Դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ինչն էլ վճռի բեկանման հիմք է հանդիսացել։
Վերաքննիչ բողոքից պարզ է դառնում, որ վկայակոչված այն փաստը, որ Էմիլ Ղազարյանը Ալինա Ղազարյանի խնդրանքով է 24.500 ԱՄՆ դոլարը հանել բանկից և վերածել դրամի, հիմնավորվել է Վերաքննիչ դատարանին ներկայացված 27.11.2007 թվականի թիվ 120568 արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ անդորրագրով, համաձայն որի Էմիլ Ղազարյանն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում 24.500 ԱՄՆ դոլարը փոխարկել է 7.595.000 ՀՀ դրամի։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ դա ոչ թե Ալինա Ղազարյանի գումարն է Էմիլ Ղազարյանը տնօրինել, այլ իր գումարները։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 17.11.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Էմիլ Ղազարյանը 10.380.000 ՀՀ դրամով գնել է Երևանի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 68)։
2. 27.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ալինա Ղազարյանը 9.540.000 ՀՀ դրամով վաճառել է Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի թիվ 15 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 17)։
3. «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում Էմիլ Ղազարյանը ունեցել է USD հաշիվ, որի վրա 27.04.2007 թվականին մուտք է արվել 24.500 ԱՄՆ դոլար (հատոր 2-րդ, գ.թ. 109)։
4. 01.12.2008 թվականին Երևանի քաղաքացիական դատարանին Էմիլ Ղազարյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի համաձայն՝ «Հայցվորներն իրենց բնակարանի վաճառքի առիթով ունեցել էին դատական վեճ, ուստի քույրը, վախենալով, որ բնակարանի վաճառքից ստացված գումարը (24.500 ԱՄՆ դոլար) կարող էր «ամուսինը» (ամուսնալուծված են) վատնել, խնդրել է Է. Ղազարյանին այդ գումարը որպես ավանդ ներդնել Էմիլ Ղազարյանի անվամբ բանկային հաշվին, մինչև որ վաճառեն իրենց՝ Եղվարդի առանձնատունը և գնեն հարմարավետ երկուսենյականոց բնակարան։ Հայցվորի կողմից ներկայացված այն հանգամանքը, թե ինքը՝ Ա. Ղազարյանը, իրենց վաճառված բնակարանի գումարից 24.500 ԱՄՆ դոլարը տվել է Է. Ղազարյանին որպես բնակարանի անվանափոխման համար գումար, անհիմն է, քանի որ այդ գումարն Է. Ղազարյանն այդ նպատակով չի ստացել» (հատոր 1-ին, գ.թ. 64-67)։
5. Թիվ 10121608 քրեական գործով 02.09.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված բացատրության համաձայն՝ «...Երբ ես արդեն պատրաստ էի, որ մեկնեի Մոսկվա, Ալինան իր տունը վաճառել էր, սակայն գումարը դեռ չէր ստացել։ Նա խնդրեց միասին գնացինք ստացանք գումարը, որը 26.500 ԱՄՆ դոլար էր։ Ալինան այդ գումարից 2.000 ԱՄՆ դոլարը վերցրեց, իսկ 24.500 ԱՄՆ դոլարը խնդրեց իմ անունով բանկ դնենք։ Մենք երեքով, այսինքն՝ ես, Ալինան և Ջոնը գնացինք Անելիք բանկի Պուշկինի փողոցում գտնվող մասնաճյուղ, բանկում Ալինան ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը, ես մինչև բանկ դնելը զգուշացրեցի, որ առանց տոկոսի է, համաձայնվեցին և ես այդ գումարը մուտքագրեցի իմ հաշվեհամարին» (քրեական գործ, գ.թ. 6-8)։
6. Թիվ 10121608 քրեական գործով 11.09.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված բացատրության համաձայն՝ «...Ալինան միշտ վախեցել է, որ ամուսինն իրերը կտանի կվաճառի, այդ պատճառով նա իր իրերը և գումարը, որոնք արժեք ունեին տանից տարել ի պահ է տվել իր ընկերուհիներին։ Նա նույն պատճառով ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը, որ իմ անունով գցեմ բանկ...» (քրեական գործ, գ.թ. 18-20)։
7. Թիվ 10121608 քրեական գործով 24.10.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված բացատրության համաձայն՝ «...Մենք երեքով գնացինք «Անելիք» բանկ, որտեղ քույրս ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը, իսկ մնացածը պահեց իր մոտ ծախսելու համար» (քրեական գործ, գ.թ. 42-45)։
8. Թիվ 10121608 քրեական գործով 23.11.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված ցուցմունքի համաձայն՝ «...նա իր տունն ապրիլին վաճառեց 26.500 ԱՄՆ դոլարով և ինձ խնդրեց այդ գումարն իմ անունով բանկ գցել», «մենք երեքով գնացինք «Անելիք» բանկ, որտեղ քույրս ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը...» (քրեական գործ, գ.թ. 65-68)։
9. Թիվ 10121608 քրեական գործով 18.10.2008 թվականին Ալինա Ղազարյանի տված բացատրության համաձայն՝ «...2007 թվականի ապրիլին Սուսաննան տվեց մեր տան գումարը, որից հետո մենք տեղափոխվեցինք։ Վերցնելով գումարս՝ 24.500 ԱՄՆ դոլարը ես այն տվեցի եղբորս իր պարտքի դիմաց, որն էլ անմիջապես այն իր անվամբ գցեց բանկ» (քրեական գործ, գ.թ. 38-41)։
10. Թիվ 10121608 քրեական գործով 19.11.2008 թվականին Ալինա Ղազարյանի տված ցուցմունքի համաձայն՝ «...2007 թվականի ապրիլին Սուսաննան տվեց իմ տան գումարը, որից հետո մենք տեղափոխվեցինք։ Վերցնելով գումարը ես դրանից 24.500 ԱՄՆ դոլարը տվեցի եղբորս իր պարտքի դիմաց, որն էլ անմիջապես այն իր անվամբ գցեց բանկ» (քրեական գործ, գ.թ. 50-54)։
11. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մաշտոցի քննչական բաժնի 17.02.2009 թվականի քրեական գործի վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու և 18.02.2009 թվականի քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներում արձանագրվել է, որ «2007 թվականի ապրիլին քրոջը՝ Ալինային ասել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա աշխատելու, որից հետո քույրը վաճառել է իր մեկսենյականոց բնակարանը, իսկ գումարից 24.500 ԱՄՆ դոլարը խնդրել է գցել բանկ իր անունով» (քրեական գործ, գ.թ. 140-142, 145-146)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Սույն գործով Դատարանը, հետազոտելով գործում առկա բոլոր ապացույցները և հաստատված համարելով, որ Ալինա Ղազարյանն Էմիլ Ղազարյանին տվել է 24.500 ԱՄՆ դոլար գումար, որն Էմիլ Ղազարյանը 27.04.2007 թվականին մուտք է արել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում իր ունեցած USD հաշվին, հանգել է այն հետևության, որ Էմիլ Ղազարյանը պարտավոր է հայցվորներին վերադարձնել 24.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի գնահատել ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում Էմիլ Ղազարյանի կողմից տրված ցուցմունքները և իր հետևություններն արել է բացառապես Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի ցուցմունքների հիման վրա, ինչպես նաև, որ քրեական գործի և քաղաքացիական գործի շրջանակներում հայցվոր կողմը տվել է հակասական ցուցմունքներ։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել և չի գնահատել թիվ 10121608 քրեական գործով հարցաքննված Էմիլ Ղազարյանի բացատրություններն ու ցուցմունքները, 01.08.2008 թվականին Երևանի քաղաքացիական դատարանին ներկայացված հայցադիմումի պատասխանը, որոնցով Էմիլ Ղազարյանն ընդունել է Ալինա Ղազարյանից 24.500 ԱՄՆ դոլար ստանալու և այն իր անվամբ «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում ներդնելու փաստերը, և չի պատճառաբանել, թե ինչու՞ են այդ ապացույցները մերժվել։
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ 27.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ալինա Ղազարյանը 9.540.000 ՀՀ դրամով վաճառել է Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի թիվ 15 բնակարանը և նույն օրը «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում Էմիլ Ղազարյանի USD հաշվին մուտք է արվել 24.500 ԱՄՆ դոլար։ Էմիլ Ղազարյանն ընդունել է Ալինա Ղազարյանից նշված գումարը ստանալու հանգամանքը։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էմիլ Ղազարյանը Ալինա Ղազարյանից ստացել է 24.500 ԱՄՆ դոլար գումար։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ քրեական գործի և քաղաքացիական գործի շրջանակներում հայցվոր կողմը տվել է հակասական ցուցմունքներ, ապա սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալինա Ղազարյանը քրեական գործի և քաղաքացիական գործի շրջանակներում տվել է նույնաբովանդակ բացատրություններ և ցուցմունքներ, մասնավորապես թիվ 10121608 քրեական գործով 18.10.2008 թվականին տրված բացատրության և 19.11.2008 թվականին տրված ցուցմունքով նշել է, որ Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի թիվ 15 բնակարանի վաճառքից ստացած 26.500 ԱՄՆ դոլարից 24.500 ԱՄՆ դոլարը տվել է Էմիլ Ղազարյանին։
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Ալինա Ղազարյանը տվել է ցուցմունք այն մասին, որ 24.500 ԱՄՆ դոլարից հանում է 4.500 ԱՄՆ դոլարը, որի պայմաններում հայցը պետք է բավարարվեր 20.000 ԱՄՆ դոլարի չափով, որը համարժեք է 6.200.000 ՀՀ դրամի, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ սույն գործի նյութերում տվյալ փաստը հավաստող որևէ ապացույց առկա չէ։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2009 թվականի վճռին։
2. Էմիլ Ղազարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 735 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (յոթ հարյուր երեսունհինգ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) պետական տուրք։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |