ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2007 թվականի N 371-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 4-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և խորհրդի անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 546 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» վարկային ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի N 371-Ն որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» վարկային և դրամաշնորհային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրին առնչվող վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով ու սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք սահմանված կարգով պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` անհրաժեշտության դեպքում նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
2) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
4) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
5) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
8) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
10) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, ինչպես նաև արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
11) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք, որպես կանոն, գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ: Խորհրդի արտահերթ նիստերը կարող են գումարվել նաև հեռակա (հարցման) կարգով ներկայացվող հարցերի շուրջ քվեարկություն իրականացնելու միջոցով:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում կամ հեռակա (հարցման) կարգով ներկայացված հարցերի շուրջը քվեարկությանը մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացնում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` (խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել խորհրդի հատուկ հրավիրված նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է:
25. Խորհրդի նախագահը`
1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի պաշտոնատար անձինք, ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
(26-րդ կետը փոփ. 12.06.08 N 349-Ն)
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) |
Ն. Խաչատրյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Հ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական |
Մ. Մարտիրոսյան |
- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար |
Ռ. Ասիկյան |
- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար |
Ա. Մովսիսյան |
- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ |
Ա. Թունյան |
- ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
(Կազմը փոփ. 28.06.07 N 429-Ն, 07.08.07 N 546-Ն, 26.01.08 N 26-Ն, 12.06.08 N 349-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |