ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունիսի 2000 թվականի |
թիվ 172 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները, ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում փորձագետների գործունեությունը կարգավորելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում փորձագետների գործունեության կարգը» (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և փորձագետների միջև կնքվելիք «Ծառայությունների մատուցման» ու «Բանկային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման և պահպանման մասին» պայմանագրերի օրինակելի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հունիսի 30-ի թիվ 172 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՄԱՍ I. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Կանոն 1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետև` Կենտրոնական բանկ) փորձագետների (այսուհետև` փորձագետ) աշխատանքի հրավիրման ընթացակարգը, ինչպես նաև Կենտրոնական բանկում վերջիններիս գործունեության կարգը:
Փորձագետները Կենտրոնական բանկի կողմից կարող են հրավիրվել վերջինիս խնդիրների, գործառույթների, ինչպես նաև այլ գործարքների իրականացման համար:
ՄԱՍ II . ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 2. Կենտրոնական բանկում միջազգային փորձագետները աշխատում են Կենտրոնական բանկի հրավերի հիման վրա, որը տրվում է Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կամ այլ կազմակերպությունների, կամ պետական մարմինների (այսուհետև` կազմակերպություն) առաջարկության հիման վրա:
Սույն կանոնով նախատեսված Կենտրոնական բանկի նախաձեռնության կամ կազմակերպությունների առաջարկությունների համար հիմք կարող են հանդիսանալ նաև կնքված միջազգային համաձայնագրերն ու պայմանագրերը, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ:
Կենտրոնական բանկի կողմից փորձագետներ կարող են հրավիրվել նաև մրցութային կարգով` մրցույթում հաղթող անձի հետ կնքելով համապատասխան պայմանագիր: Սույն մասով նախատեսված մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Կանոն 3. Փորձագետի հրավերը Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ լինելու դեպքում նախագահի կամ նրա տեղակալի (այսուհետև` նախագահ) հանձնարարությամբ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը փորձագետի կամ շահագրգիռ կազմակերպության հետ վարում է փորձագետի կատարելիք աշխատանքների վերաբերյալ բանակցություններ:
Բանակցությունների արդյունքում համաձայնության կայացման դեպքում Կենտրոնական բանկը փորձագետին է ներկայացնում պաշտոնական հրավեր, իսկ շահագրգիռ կազմակերպության առկայության դեպքում վերջինիս առաքվում է հրավերի պատճենը:
Կենտրոնական բանկի հրավերում պարտադիր նշվում են մատուցվելիք ծառայությունների տեսակը, սույն կարգի 6 կանոնում նշված պահանջը, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ (վճարները, ծավալները, որակը և այլն):
Կանոն 4. Այն դեպքում, երբ փորձագետի ծառայություններն առաջարկվում են այլ կազմակերպության կողմից, մինչև Կենտրոնական բանկից հրավեր ստանալը, փորձագետը (անհրաժեշտության դեպքում` նաև տվյալ կազմակերպությունը) Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկում իր աշխատանքների կատարման գրավոր առաջարկությունը:
Նախագահի հանձնարարությամբ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը քննարկում է տվյալ փորձագետի առաջարկությունն ու աշխատանքների կատարման նպատակահարմարությունը և նախագահին է ներկայացնում համապատասխան եզրակացություն:
Կանոն 5. Նախագահը, քննարկելով սույն կարգի կանոն 4-ում նշված եզրակացությունը, որոշում է կայացնում փորձագետին հրավիրելու կամ վերջինիս առաջարկը մերժելու մասին: Նշված որոշման հիման վրա Կենտրոնական բանկը փորձագետին է ներկայացնում պաշտոնական հրավեր կամ մերժում:
ՄԱՍ III . ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Կանոն 6. Փորձագետը ժամանումից հետո պարտավոր է երկշաբաթյա ժամկետում նախագահի հաստատմանը ներկայացնել Կենտրոնական բանկում իր աշխատանքների մանրամասն ծրագիրը (այսուհետև` ծրագիր)` նախապես այն համաձայնեցնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հետ: Ընդ որում, սույն կետում նշված պարտավորության մասին պարտադիր նշում է կատարվում փորձագետին ուղղված Կենտրոնական բանկի հրավերում:
Ծրագիրը նախագահի կողմից հաստատվելուց հետո պետք է ներառվի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագրում:
Կանոն 7. Նախագահի կողմից ծրագրի հաստատումից հետո համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը նախագահի և փորձագետի ստորագրմանն է ներկայացնում ծառայությունների մատուցման պայմանագրի երկու բնօրինակներ: Ընդ որում, ծրագիրը հանդիսանում է ծառայությունների մատուցման պայմանագրի անբաժանելի մաս (հավելված):
Կանոն 8. Փորձագետը Կենտրոնական բանկում աշխատանքներ իրականացնելիս կարող է ծանոթանալ բանկային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների` բացառապես նախագահի գրավոր թույլտվությամբ: Այդպիսի թույլտվություն ստանալու դեպքում Կենտրոնական բանկի և փորձագետի միջև կնքվում է «Բանկային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման և պահպանման մասին» պայմանագիր:
Կանոն 9. Փորձագետի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրում հստակ նշվում են Կենտրոնական բանկի և փորձագետի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ ձևով կատարելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:
Կանոն 10. Ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ ձևով կատարման համար փորձագետը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
Կանոն 11. Ելնելով փորձագետի աշխատանքների կատարման փուլայնությունից` փորձագետը և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը պարտավոր են աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ համատեղ հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկի խորհրդին կամ նախագահին:
Կանոն 12. Կենտրոնական բանկում գործունեություն իրականացնելիս փորձագետների վրա տարածվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անցագրային ռեժիմի կազմակերպման կարգի» պահանջները: Ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո փորձագետներին տրամադրվում են սույն մասում նշված կարգի 2.2 կետում նախատեսված ժամանակավոր անցագրերը:
Կենտրոնական բանկում գործունեություն իրականացնելիս փորձագետները պետք է ենթարկվեն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատանքային ներքին կարգապահական կանոններով» և այլ ներքին կանոնակարգերով Կենտրոնական բանկի աշխատակիցների համար սահմանված վարքագծի կանոններին:
ՄԱՍ IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կանոն 13. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների քաղաքացիություն ունեցող կամ քաղաքացիություն չունեցող փորձագետների և Կենտրոնական բանկի իրավահարաբերությունների վրա: