Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-736
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.228
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
08.03.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
08.03.2008
Дата вступления в силу
08.03.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի` «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

8 մարտի 2008 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝

դիմող կողմի՝ Հանրապետության Նախագահի թեկնածու Տ. Կարապետյանի, նրա ներկայացուցիչներ Ա. Ղազարյանի, Ռ. Ստեփանյանի,

դիմող կողմի՝ Հանրապետության Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի, նրա ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Վ. Գրիգորյանի, Պ. Օհանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա. Բախչագուլյանի, փաստաբան Դ. Մանթաշյանի,

որպես հարակից պատասխանողներ ներգրավված՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի, ՀՀ դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի, ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Դ. Դավթյանի, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Մահտեսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանի, նույն հանձնաժողովի լիցենզավորման և մեթոդական վարչության լիցենզավորման բաժնի պետ Ա. Արզումանյանի, ինչպես նաև հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Լ. Շահբազյանի,

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 5-րդ մասի հիմքով որպես երրորդ անձ ներգրավված՝ Հանրապետության Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի ներկայացուցիչներ՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանի և իրավաբան Կ. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածի 5-րդ մասի, 100 հոդվածի 3.1. կետի, 101 հոդվածի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 74 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն-Տեր Պետրոսյանի դիմումների հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ են հանդիսացել Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տ. Կարապետյանի` 27.02.2008 թ. և Լ. Տեր-Պետրոսյանի` 29.02.2008 թ. դիմումները սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2008 թվականի փետրվարի 28-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել Հանրապետության Նախագահի թեկնածու Տ. Կարապետյանի դիմումը: Միաժամանակ, այդ աշխատակարգային որոշմամբ, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74 հոդվածի 4-րդ մասով, որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես հարակից պատասխանողներ են ներգրավվել ՀՀ դատախազությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 1-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունվել Հանրապետության Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի դիմումը: Հանրապետության Նախագահի թեկնածուներ Լ. Տեր-Պետրոսյանի և Տ. Կարապետյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածին համապատասխան, 2008 թ. մարտի 1-ի աշխատակարգային որոշմամբ միավորվել են` դատարանի նույն նիստում քննելու համար: Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 1-ի աշխատակարգային որոշմամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 5-րդ մասին համապատասխան, որպես երրորդ անձ է ներգրավվել 2008 թ. փետրվարի 19-ի Հանրապետության Նախագահի ընտրություններում Հանրապետության Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը:

Լսելով գործով զեկուցողների համատեղ զեկույցը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով ու համադրելով նրանց կողմից ներկայացված փաստարկներն ու հակափաստարկները, ինչպես նաև հետազոտելով դիմումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվել է 2008 թվականի փետրվարի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածում նախատեսված ժամկետում: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15 հոդվածին համապատասխան քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով հանրապետության տարածքում կազմավորվել է թվով 1923 ընտրական տեղամաս: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված կարգով հանրապետության տարածքում կազմավորվել է 41 ընտրատարածք: Նույն օրենսգրքի 31 հոդվածին համապատասխան կազմավորվել է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Ընտրությունների ողջ գործընթացը կազմակերպել և վերահսկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրության արդյունքները։ Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական դատարան ներկայացված ամփոփիչ արձանագրության` քվեաթերթիկում ընդգրկված 9 թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 1.632.666, որը Հանրապետության Նախագահի թեկնածուների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ. Ա. Բաղդասարյան՝ 272.427 ձայն, Ա. Գեղամյան՝ 7.524 ձայն, Տ. Կարապետյան՝ 9.792 ձայն, Ա. Հարությունյան՝ 2.892 ձայն, Վ. Հովհաննիսյան՝ 100.966 ձայն, Վ. Մանուկյան՝ 21.075 ձայն, Ա. Մելիքյան՝ 4.399 ձայն, Ս. Սարգսյան՝ 862.369 ձայն, Լ. Տեր-Պետրոսյան՝ 351.222 ձայն:

 

Վերոհիշյալ արդյունքների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածով և 84-րդ հոդվածի 1-ին կետով` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է իր 2008 թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը:

 

3. Դիմելով սահմանադրական դատարան` դիմողները գտնում են, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008 թ. թիվ 24-Ա որոշումը և անվավեր ճանաչել Հանրապետության Նախագահի 2008 թ. փետրվարի 19-ին անցկացված ընտրության արդյունքները:

 

Ըստ դիմող՝ Հանրապետության Նախագահի թեկնածու Տ. Կարապետյանի՝ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունն արձանագրել է մի շարք էական խախտումներ, որոնք հիմք են տալիս վիճարկելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008 թ. թիվ 24-Ա որոշումը և ընտրության արդյունքները: Որպես խախտումներ, մասնավորապես, մատնանշվել են դիտորդական առաքելության կողմից արձանագրվածն այն մասին, որ անհավասար պայմաններ են ստեղծվել թեկնածուների միջև, ընտրական հանձնաժողովների ղեկավար եռյակների մեծամասնության կազմը հնարավորություն է տվել ապահովելու մեկ քաղաքական ուժի կողմից ընտրությունների կազմակերպման վերահսկողությունը, արձանագրվել են մի քանի հարձակումներ նախընտրական գրասենյակների վրա, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը համարժեք կերպով չի իրականացրել լրատվամիջոցներին վերահսկելու իր լիազորությունը, հավաքվել են անձնագրային տվյալներ հնարավոր ընտրակեղծիքներ կատարելու նպատակով և այլն: Դիմողը լրացուցիչ որևէ փաստարկ չի ներկայացրել սահմանադրական դատարան, դիմումին կցելով միայն ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության` 2008 թ. փետրվարի 19-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը:

 

4. Դիմող՝ Հանրապետության Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների պնդմամբ Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք խախտել են ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները:

Ըստ դիմող կողմի` ընտրական իրավունքի համընդհանրության սկզբունքի խախտումը դրսևորվել է նրանում, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանափակվել է արտասահմանում բնակվող կամ գտնվող բազմահազար ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը` խախտելով ՀՀ Սահմանադրության 30 և 43 հոդվածները:

Դիմողի կարծիքով` որպես համընդհանուր ընտրական իրավունքի խախտման դրսևորում է նաև ընտրողների ռեգիստրում շուրջ 80.000 քաղաքացիների «ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին» սյունակում ամսաթիվը և ամիսը «00.00» նշելը:

Դիմողի կարծիքով` հազարավոր քաղաքացիներ միաժամանակ ընդգրկված են եղել հիմնական և լրացուցիչ ցուցակներում ու քվեարկել են կրկնակի անգամ, քվեարկության օրը կրկնակի քվեարկություններ են իրականացվել անձնագրի մեջ վերջին էջին հաջորդող կազմի ներսի ներդիր էջերի միջոցով` դրանց վրա քվեարկությանը մասնակցելու մասին դրոշմակնիք դնելու միջոցով:

Ի հիմնավորումն հավասար ընտրական իրավունքի խախտման` դիմողը, մասնավորապես, ներկայացրել է հետևյալ փաստարկները.

- ՀՀ ընտրական օրենսգրքում ընտրությունների նշանակմանը հաջորդող և նախընտրական քարոզչության սկզբին նախորդող ժամանակահատվածի համար հստակ իրավական հիմքերի բացակայության հետևանքով՝ ընտրված հռչակված թեկնածուի համար ստեղծվել է նախընտրական քարոզչության վաղաժամկետ մեկնարկի հնարավորություն, ինչը խախտել է դիմողի և ընտրված հռչակված թեկնածուի միջև հավասարությունը` հօգուտ վերջինիս,

- ի խախտումն ՀՀ ընտրական օրենսգրքի` Հանրապետության Նախագահը և’ նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում, և’ նախընտրական քարոզչության ընթացքում հանդես է եկել ընտրված ճանաչված թեկնածուի օգտին կատարվող քարոզչությամբ, ինչպես նաև դիմողի նկատմամբ հակաքարոզչությամբ,

- այնպիսի պայմաններում, երբ ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը, ընտրությունների ընթացքում շարունակել է կատարել իր աշխատանքային պարտականությունները որպես ՀՀ վարչապետ, ստեղծվել են իրական հնարավորություններ թեկնածուների միջև հավասարությունը հօգուտ այդ թեկնածուի խախտելու համար: Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շարունակել է իրականացնել ՀՀ վարչապետի դիրքում գործադիր իշխանության ղեկավարի իր լիազորությունները` առանց դրանց հայեցողական իրականացման նկատմամբ վերահսկողության` օգտագործելով իր պաշտոնեական դիրքի առավելություններն ի շահ իր անձի ընտրության և ի վնաս Հանրապետության Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի:

Ազատ ընտրությունների իրավունքի խախտման առնչությամբ դիմողը, մասնավորապես, մատնանշել է նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած, իր կարծիքով, հետևյալ բնույթի ընտրախախտումները.

- 31.01.2008 թ. և 17.02.2008 թ. Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչությանը ներգրավվել է կրոնական կազմակերպություն` ի դեմս Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը, ինչի արդյունքում, ըստ դիմողի, խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը և Սահմանադրության 8.1. հոդվածի 1-ին մասը,

- ՀՀ զինված ուժերի հրամանատարական պաշտոններ զբաղեցնող երկու սպաներ` ի խախտումն ՀՀ ընտրական օրենսգրքի, կատարել են հրապարակային և պաշտոնական հայտարարություններ Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին,

- Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով եթեր է հեռարձակվել Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` աշխատանքային խմբի գրասենյակ կատարած այցը լուսաբանող ռեպորտաժ, ինչը հանդիսացել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում: Նշված աշխատանքային խումբն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2007 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 855-Ա «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» որոշմամբ: Ըստ դիմողի` այս խմբի ստեղծմամբ օգտագործվել է Հանրապետության Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի` որպես վարչապետ ունեցած դիրքը, և այդ խմբի կողմից նրա անունից պետական միջոցների հաշվին տարաբնույթ և զանգվածային ծառայություններ են մատուցվել քաղաքացիներին,

- հեռարձակվող 8 ալիքների կողմից 21.01.2008 թ. մինչև 30.01.2008 թ. ընկած ժամանակահատվածում երկու թեկնածուների հիշատակումներից Սերժ Սարգսյանն զգալի մեծամասնությամբ դրական է ներկայացվել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` բոլոր դեպքերում բացասական, հեռարձակվող մի քանի ալիքների կողմից երկու թեկնածուների լուսաբանման ժամանակ հավասարակշռություն չի ապահովվել, եթերաժամանակը բաշխվել է ոչ հավասար ձևով: Դիմողը, ի հիմնավորումն իր այն պնդման, որ էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցների կողմից խախտվել է օրինականության, հավասարության և ազատության սկզբունքը, վկայակոչել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը և Երևանի մամուլի ակումբի սույն թվականի փետրվարի 14-ին հրապարակած միջանկյալ հաշվետվությունը,

- ըստ դիմողի` իրականացվել է արգելված քարոզչություն, որն էլ, իր հերթին, դրսևորվել է նրանում, որ 2008 թ. փետրվարի 18-ին և 19-ին Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները շարունակվել են պահպանվել Երևանի բոլոր քարոզչական վահանակների վրա, ինչպես նաև հեռուստասերիալի հերոսների միջոցով իրականացվել է թաքնված քարոզչություն:

Դիմողը գտնում է նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկվել Հանրապետության Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կամ նրա կողմնակիցների հանդիպումները խոչընդոտելու, այդ թվում` կողմնակիցներին ծեծելու միջոցով, հանդիպումներում ընտրողների մասնակցության աստիճանն արհեստականորեն փոքրացնելու համար, և, հակառակը` Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կամ նրա կողմնակիցների հանդիպումների ժամանակ` այդ հանդիպումներում առանց ծնողների գիտության ընդգրկելով դպրոցահասակ երեխաների կամ աշխատանքից կտրելով` աշխատանքային կոլեկտիվների:

Գնահատելով քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը խախտող փաստերը` դիմողը գտնում է, որ խախտվել է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, համաձայն որի` ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով, ինչպես նաև խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածում ամրագրված` մասնակից պետությունների` ազատ ընտրություններ անցկացնելու պարտավորությունը, ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի, 18-րդ հոդվածի պահանջները:

Դիմողը գտնում է, որ առկա են նաև ֆինանսական կարգապահության սկզբունքի խախտումներ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամին, ի խախտումն ՀՀ ընտրական օրենսգրքի 25 հոդվածի, մուծումներ են կատարել պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկություններ, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները (օրինակ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն), ինչպես նաև Սերժ Սարգսյանը գերազանցել է նախընտրական քարոզչության համար օրենքով նախատեսված առավելագույն գումարի չափը:

Դիմողի պնդմամբ` ինչպես դիմում-բողոքների քննարկումը կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այնպես էլ հայցերի քննությունը ՀՀ վարչական դատարանում կրել է ձևական բնույթ, ինչի արդյունքում պաշտպանության այդ միջոցները եղել են ոչ արդյունավետ: Մասնավորապես, առանձին դիմում-բողոքներ ընդհանրապես քննության առարկա չեն դարձել կամ քննվել են ոչ պատշաճ կերպով: Դիմում-բողոքների քննության ընթացքում չի հարգվել վարչական վարույթի ընթացքում լսվելու՝ դիմողի իրավունքը, չի ապահովվել դրանց քննության հրապարակայնությունը, հանձնաժողովի որոշ անդամներ դիմում-բողոքների քննարկման օրվա մասին չեն ծանուցվել, անց են կացվել դռնփակ քննարկումներ՝ հնարավորություն չտալով ԶԼՄ-ներին ներկա գտնվելու քննարկումներին: Այս կապակցությամբ դիմողը վկայակոչում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը, որի համաձայն` կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմում-բողոքների քննության ընթացքը կասկածի տակ է դնում դիմողի համար այդ իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը:

Դիմողը գտնում է, որ ԿԸՀ-ի վիճարկվող` 24.02.2008 թ. թիվ 24-Ա որոշումն ընդունվել է ի խախտումն ՀՀ ընտրական օրենսգրքի 632 հոդվածի 3-րդ, 83 հոդվածի 1-ին և 86 հոդվածի 2-րդ կետերի պահանջների, ինչը, մասնավորապես, դրսևորվել է հետևյալում.

ԿԸՀ-ն իր 24.02.2008 թ. նիստում չի քննարկել իրեն ներկայացված ավելի քան 60 դիմում-բողոքներում և ՀՀ վարչական դատարանում գտնվող համապատասխան ընտրական գործերում առկա՝ ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումների վերաբերյալ տեղեկությունները,

հաշվի չեն առնվել ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա,

վիճարկվող որոշումը կայացնելիս ԿԸՀ-ի կողմից անտեսվել են իրեն ուղղված մի շարք դիմումներ և դատական վիճարկումներում գտնվող գործեր,

վիճարկվող որոշումը ԿԸՀ-ի կողմից մինչև օրենքով սահմանված 7-օրյա ժամկետի լրանալն ընդունելը հնարավորություն չի ընձեռել դիմողին իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը,

վիճարկվող որոշումն ընդունվել է այն պայմաններում, երբ ՀՀ վարչական դատարան ներկայացված ընտրական վեճի վերաբերյալ հայցադիմումը դեռևս քննության առարկա չի դարձվել:

Դիմողը գտնում է նաև, որ քվեարկության ընթացքում և քվեարկության արդյունքներն ամփոփելիս նույնպես տեղի են ունեցել տարաբնույթ ընտրախախտումներ` մատնանշելով ինչպես իր, այնպես էլ այլ թեկնածուների վստահված անձանց դիմում-բողոքները, վերահաշվարկի պահանջի վերաբերյալ դիմումները՝ ուղղված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին և ԿԸՀ-ին: Մասնավորապես, դրանք վերաբերում են դիմողի վստահված անձանց գնահատմամբ իրենց իրավունքների ոտնահարմանը, նրանց համար ստեղծված խոչընդոտներին, լցոնման դեպքերին, ձայների սխալ հաշվարկմանը, քվեարկության գաղտնիությունը չապահովելուն, առանձին տեղամասերում, մասնավորապես, զինվորականների քվեարկության դեպքում, տեղի ունեցած բաց քվեարկությանը, ընտրակաշառքի երևույթին: Դիմողը գտնում է նաև, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների՝ քվեարկության արդյունքներն ամփոփելու վերաբերյալ արձանագրությունների ելակետային տվյալները փոփոխվել են ԿԸՀ-ի կողմից, առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերը, ի խախտումն ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 5-րդ մասի, ընդհատվել են:

Դիմողը պնդում է, որ թվով 167 ընտրական տեղամասերում ներկայացրել է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ, որոնց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ընդհանրապես չեն անդրադարձել կամ էլ կայացրել են դրանք մերժելու վերաբերյալ չպատճառաբանված որոշումներ` չապահովելով դիմողի մասնակցության իրավունքը: Թվով 35 տեղամասերում ներկայացրել է վերահաշվարկի պահանջներ, որոնք կամ մնացել են անարձագանք, կամ մերժվել են, ըստ նրանց, անհիմն պատճառաբանությամբ:

Ըստ դիմողի` իր կողմից մատնանշված ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող ու պարբերական բնույթ և այդ պայմաններում խախտվել են ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված` ընտրական իրավունքի սկզբունքները:

Իր փաստարկները հիմնավորելու համար դիմող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել տարբեր դիմում-բողոքներ, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններ, ի պաշտպանություն ընտրական իրավունքի հարուցված դատական գործերի արդյունքում ընդունված դատական ակտեր, մոնիտորինգի հաշվետվություններ, դիտորդական առաքելությունների զեկույցներ, տեսաձայնագրություններ։

Հանրապետության Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանադրական դատարանում մասնավորապես շեշտեց նաև, որ ըստ Սահմանադրության 53.1. հոդվածի` ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Կողմը դրանից բխեցնում է, որ «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը` սկսած առաջադրումից մինչև բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` սահմանադրական դատարանի որոշումը: Հետևաբար, քանի որ արտակարգ դրություն է, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:

 

5. Պատասխանող կողմը, անդրադառնալով ընտրական իրավունքի համընդհանրության սկզբունքի խախտումների վերաբերյալ դիմողների այն պնդումներին, թե ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով արտասահմանում ընտրական տեղամասեր չստեղծելը խախտում է «ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքը», իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի համար «հստակ իրավական հիմքերի» բացակայությունը խախտում են «ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքը», ինչպես նաև այն հարցադրմանը, որ Հանրապետության Նախագահը, ի խախտումն ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, ընտրված թեկնածուի օգտին բացահայտ քարոզչություն է իրականացրել, գտնում է, որ.

- ընտրական օրենսգիրքը չի նախատեսում քվեարկության կազմակերպում և անցկացում Հայաստանի Հանրապետության աշխարհագրական տարածքից դուրս, ուստի արտասահմանում ընտրական տեղամասերի չկազմավորումն ու քվեարկության չանցկացումն ընտրական օրենսգրքի խախտում չեն և չեն կարող հիմք հանդիսանալ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար,

- իրավաչափ նախընտրական քարոզչությունն անց է կացվում բացառապես օրենքով սահմանված ժամկետներում և օրենքով սահմանված կարգով: Ընտրական օրենսդրությունը կարգավորում է բացառապես ընտրական հարաբերությունները և չի տարածվում այլ բնույթի հարաբերությունների վրա, եթե դրանք նույնիսկ նմանություններ ունեն որոշ ընտրական հարաբերությունների հետ: Քաղաքացիների, կուսակցությունների կողմից մինչև նախընտրական քարոզչության փուլն սկսվելն իրականացվող տեղեկատվություն տարածելու գործունեությունը, եթե նույնիսկ նրանք ունեն նախընտրական քարոզչության նշաններ, չեն համարվում նախընտրական քարոզչություն: Քաղաքական քարոզչությունը կամ քաղաքական գովազդը, ինչպես էլ որ մեկնաբանվեն, միևնույն է, ընտրական օրենսգրքի իմաստով նախընտրական քարոզչություն չեն,

- ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի նորմը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է պետական մարմնի իրավասություններ իրականացնելու շրջանակներում նախընտրական քարոզչություն իրականացնելու արգելքին: Իսկ հրապարակային ելույթը` Հանրապետության Նախագահի` որպես պետական մարմնի, իրավասությունների կատարում չէ, այլ քաղաքական գործունեություն:

Պատասխանող կողմը` անդրադառնալով նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դիմողների այն պնդումներին, թե կրոնական կազմակերպության կողմից քարոզչություն է կատարվել, գտնում է, որ.

- Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի կազմակերպած միջոցառմանը որևէ թեկնածուի նախընտրական կարգախոսը կրող անձանց մասնակցությունը որևէ կերպ չի կարող նույնացվել կրոնական կազմակերպության կողմից քարոզչություն կատարելու հետ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ և գործող օրենսդրությամբ երաշխավորված է կրոնի ազատությունը, միաժամանակ, Հանրապետության Նախագահի թեկնածուների համար այս ազատության դրսևորումն արգելված չէ:

Պատասխանող կողմը, անդրադառնալով նախընտրական քարոզչության փուլում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ազատ ընտրությունների իրավունքի խախտման վերաբերյալ դիմողների այն պնդումներին, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, գտնում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կոլեգիալ բնույթով պայմանավորված՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար օգտագործում է 4 եղանակ` հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի միջոցով, դիմումների, բողոքների քննության, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված տեղեկատվության միջոցով:

Ըստ պատասխանող կողմի` հանձնաժողովի անդամների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում չի արձանագրվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև հարց չի բարձրացրել: Դիմում-բողոքների մի մասը վերաբերել է նախընտրական քարոզչության սահմանված կարգին և բոլոր դիմում-բողոքների մասին տեղեկացվել են հանձնաժողովի բոլոր անդամները: Դիմումներում մատնանշված փաստերի մի մասը հանձնաժողովը չի համարել որպես նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում, մի մասը վերահասցեագրվել է կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել այլ իրավասու մարմինների քննարկմանը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ փաստեր կենտրոնական ընտրական հանձնաժողովին չեն ներկայացվել:

Պատասխանող կողմը` անդրադառնալով արգելված քարոզչության վերաբերյալ դիմողների այն պնդումներին, թե Երևանի բոլոր քարոզչական վահանակների վրա փակցված են մնացել թեկնածուի նկարով, քվեաթերթիկում նրա համարով և քվեարկության նշումով քարոզչական պաստառները, հեռուստասերիալի հերոսների միջոցով թաքնված քարոզչություն է իրականացվել Սերժ Սարգսյանի օգտին, գտնում է, որ.

- համաձայն ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի` քվեարկության և դրան նախորդող օրերի ընթացքում նախընտրական քարոզչություն կատարելու արգելքից բացառություն է արված հենց տպագիր` փակցված քարոզչական նյութերի համար: Տեղամասային կենտրոնում չգտնվող քարոզչական նյութերը քվեարկության օրը մնում են իրենց տեղերում,

- հեռուստասերիալի հերոսների միջոցով Սերժ Սարգսյանի օգտին թաքնված քարոզչության առնչությամբ դիմումում բավարար տեղեկություններ ներկայացված չեն այդ հարցադրմանն անդրադառնալու համար:

Պատասխանող կողմը, անդրադառնալով ընտրակարգի դեմ խախտումների վերաբերյալ դիմողների այն պնդումներին, թե տեղական ինքնակառավարման մարմինները և պետական մարմիններն օգտագործել են իրենց վարչական հնարավորությունները Տեր-Պետրոսյանի հանդիպումներին մարդկանց մասնակցությունը նվազեցնելու, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում` մեծացնելու համար, ՀՀ հարկային տեսչությունը ներգրավվել է ընտրական գործընթացներին, գտնում է, որ. այդ փաստերը /եթե հաստատվեն/ կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օժտված չէ այդ փաստերի առկայություն բացահայտելու անհրաժեշտ իրավունքներով և միջոցներով, նման բոլոր դեպքերի վերաբերյալ ստացված դիմումները վերահասցեագրվել են ՀՀ դատախազությանը:

Պատասխանող կողմը, անդրադառնալով նախընտրական քարոզչության ընթացքում վարչապետի դիրքի օգտագործման վերաբերյալ դիմողների այն պնդումներին, թե վարչապետի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 4-ին «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» 855-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը գործել է Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անունից և տարաբնույթ ծառայություններ է մատուցել պետական միջոցների հաշվին, որ դիմումները ձևակերպված են եղել մշակված ձևաթղթի վրա և դրանց հասցեատերն է «ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանը», գտնում է, որ.

- Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված դիմումներում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից զատ այլ կարգավիճակի մատնանշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին օրենքի իմաստով պետք է համարել ձևական սխալ, որը հիմք չէր կարող հանդիսանալ դիմումի ընդունումը մերժելու համար: Նման վարքագիծը կհակասեր «ձևական պահանջների չարաշահման արգելքի» սկզբունքին: Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի գրության` ուղղված կենտրոնական ընտրական հանձնաժողովին, վարչապետի այդ որոշումը նպատակ է ունեցել ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիների դիմումների համակողմանի ու լիարժեք քննարկումը, ինչպես նաև բարձրացնել այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը,

- օրենսդրությամբ ամրագրված պարտականությունների կատարումը, անշուշտ, չի կարող դիտվել որպես ծառայությունների մատուցում: Այդ մոտեցումն ամրագրված է նաև վարչական դատարանի թիվ ՎԴ /1014/05/08 առ 16.02.2008 թվականի վճռով: Դիմողը որևէ ապացույց չի կցել, որը կվկայեր, որ մատուցվել է ծառայություն:

Պատասխանող կողմը` անդրադառնալով համընդհանուր ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ դիմողների այն պնդումներին, թե ընտրողների ռեգիստրում առկա են 80000 ընտրողներ, որոնց ծննդյան ամիս-ամսաթիվը նշված է 00.00, այդ կերպ նշելով հանրապետությունից բացակա կամ մահացած ընտրողներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից «անհետացել են» 00.00 ծննդյան օրերով նշված քաղաքացիների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև այն հարցադրմանը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է վարչական ակտ, որով սխալ է մեկնաբանել ընտրական օրենսգրքում առկա «վերջին էջ» եզրույթը, գտնում է, որ

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից այս կապակցությամբ հայտնել են, որ քաղաքացիների ԽՍՀՄ նմուշի նախկին անձնագրերը ձևակերպելիս, ըստ գործող կարգի` ծննդյան վկայականներում անձի ծննդյան օրը և ամիսը բացակայելու դեպքում, գրվում էր միայն ծննդյան տարեթիվը: Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերի տպագրության համակարգին անցնելու կապակցությամբ, ավտոմատ ծրագրի պահանջներից ելնելով, միայն ծննդյան տարեթիվ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը տպագրելու համար ծննդյան օրվա և ամսի դիմաց լրացվում է «01.07» նշումը: Հետագայում, քաղաքացիների տվյալների հնարավոր կրկնությունից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացիների դիմում-բողոքները, անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի ծրագրում կատարվել է համապատասխան փոփոխություն` «01.07» նշումը փոխարինվել է «00.00» նշումով:

Ըստ անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցի տվյալների` Հայաստանի Հանրապետության թվով 73.730 քաղաքացիների անձնագրերում ծննդյան օրը և ամիսը նշվել է «00.00»: Դիմողը որևէ ապացույց չի ներկայացրել, որ անձնագրերում ծննդյան օրը և ամիսը «00.00» նշելը որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա կամ հանդիսանում է ընտրական իրավունքի խախտում:

Պատասխանողը գտնում է նաև, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից «00.00» ծննդյան օրերով նշված քաղաքացիների վերաբերյալ տվյալների «անհետացման» առնչությամբ դիմող կողմի պնդումն արժանահավատ չէ: «00.00» ծննդյան օրերով նշված քաղաքացիների վերաբերյալ տվյալներն ինչպես քվեարկության օրվանից առաջ, այս պահին էլ նույն կարգով` անփոփոխ, զետեղված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքէջում:

Ինչ վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտին, ապա դրա վերաբերյալ առկա է վարչական դատարանի վճիռը, որով դիմողի պահանջը մերժվել է:

Պատասխանող կողմը, անդրադառնալով ֆինանսական կարգապահության սկզբունքի խախտումների վերաբերյալ դիմողների պնդումներին, գտնում է, որ իրականություն է, որ Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամ մուծումներ են կատարել նաև կազմակերպություններ, որոնք դրա իրավունքը չունեին: Սակայն օրենսգիրքը նման դեպքերում նախատեսում է, որ այդ մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե, և օրենքի պահանջը` այդ գումարները պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ, կատարված է ամբողջությամբ: Դիմողը չի բերել որևէ օրինակ, որ նման գումարը պետական բյուջե փոխանցված չէ և/կամ օգտագործված է քարոզչության նպատակով: Տվյալ թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության վրա, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, այլ միջոցներ օգտագործելու` դիմողի պնդումը հավաստող որևէ ապացույց կցված չէ և այն պետք է թողնել անարձագանք:

Պատասխանող կողմը` անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից սեփական նախաձեռնությամբ վերահսկողություն չիրականացնելու, դիմում-բողոքների քննարկման կարգի խախտումների վերաբերյալ դիմող կողմի պնդումներին, գտնում է, որ ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) և առաջարկություններն ընդունվում, քննարկվում և դրանց պատասխան են տրվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

Հանձնաժողովը թվով 57 դիմումների վերաբերյալ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընդունել է որոշումներ:

Պատասխանող կողմը վերահաշվարկների առնչությամբ փաստեց, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել է 135 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որից 62-ը` Լ. Տեր-Պետրոսյանի, իսկ 11-ը` Տ. Կարապետյանի ներկայացուցիչների դիմումների հիման վրա: Արդյունքում, ընդամենը 1 տեղամասում է գրանցվել արդյունքների էական աղավաղում, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ժամանակի սղության պատճառով օրենքով սահմանված կարգի շրջանակներում չեն վերահաշվարկվել տարբեր ընտրատարածքների 24 տեղամասերի քվեարկության արդյունքները, որից 19-ը` Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների դիմումներով:

Պատասխանող կողմը` անդրադառնալով թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 27, 28, 29, 31, 34, 40 ընտրատարածքների վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված լրացուցիչ թղթակցություններին, գտնում է, որ ներկայացված փաստաթղթերից իրավական արժեք կարող են ներկայացնել բացառապես սահմանված կարգով գրված դիմում-բողոքները, վստահված անձանց` վերահաշվարկ կատարելու վերաբերյալ դիմումները:

Պատասխանող կողմը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմող կողմն ունեցել է գրանցված 5051 վստահված անձ, գտնում է նաև, որ նրանց միայն 6.3 %-ն է մասնակցել վերոհիշյալ թղթակցությունների ներկայացմանը: Նշված թղթակցություններում արտահայտված դատողությունները, ըստ պատասխանող կողմի, վերաբերում են Հանրապետությունում ձևավորված 1923 տեղամասերից միայն 291-ին կամ 15.1%-ին: Պատասխանող կողմն ընդգծեց նաև, որ հանրապետության 1923 ընտրական տեղամասերից 1506-ում (78.3 տոկոս) քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստորագրել են հանձնաժողովի բոլոր ութ անդամները, 340-ում` 7 անդամ, 69-ում` 6 անդամ և միայն ութ տեղամասերում` 5 անդամ: Հանրապետության 1923 ընտրական տեղամասերի հանձնաժողովների ընդհանուր թվով 15.384 անդամներից հատուկ կարծիք ներկայացնելու վերաբերյալ ցանկություն են հայտնել (այդ մասին գրառում են կատարել արձանագրությունում) հանձնաժողովների միայն 39 անդամներ (0.25%)` 32 տեղամասերում (1.66%), իսկ փաստացի նման կարծիք է ներկայացվել միայն երեք տեղամասերում (0.16%)` տեղամասային ընտրական հանձնաժողովների միայն 4 անդամների կողմից (0.03%): Այս փաստերի վերաբերյալ դիմող կողմը հարցեր չառաջադրեց և առարկություններ չներկայացրեց:

Պատասխանող կողմը գտնում է, որ չնայած առանձին ոչ էական թերություններին, Հանրապետության Նախագահի 2008 թ. փետրվարի 19-ի ընտրության արդյունքները լիովին համապատասխանում են իրականությանը, ընտրություններն անցկացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թ. փետրվարի 24-ի «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը կայացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

 

6. Հարակից պատասխանող՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչն անդրադառնալով դիմողների մատնանշած ընտրախախտումներին և ՀՀ դատախազության կողմից նշված ընտրախախտումների առնչությամբ ձեռնարկված միջոցառումներին, նշեց, որ Հանրապետության Նախագահի 2008 թ. փետրվարի 19-ի ընտրություններում հնարավոր ընտրախախտումները կանխարգելելու, դրանց օպերատիվ արձագանքելու և համարժեք իրավական գնահատական տալու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրական գործընթացների հետ կապված, դատախազական մարմինների կողմից ընթացք է տրվել 52 հաղորդումների, հայտարարությունների և հրապարակումների, որոնց արդյունքում 29 դեպքում մերժվել է քրեական գործի հարուցումը, որից 19-ում` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, 13-ով տրվել է գրավոր պարզաբանում, 12-ով հարուցվել են քրեական գործեր: Ստացված հաղորդումները և հայտարարությունները քննարկվել են օրենքով սահմանված ժամկետներում, ժամկետի խախտում կամ անհիմն ձգձգում թույլ չի տրվել: Ըստ ՀՀ դատախազության ներկայացուցչի՝ ներկայացված վիճակագրական տվյալները, ինչպես նաև հարուցված քրեական գործերի բնույթը, դրանց աշխարհագրությունը վկայում են, որ, ըստ էության, նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումները զանգվածային ու տարածված բնույթ չեն կրել: Կողմը գտնում է, որ ողջ ընտրական գործընթացի շրջանակներում դիմող կողմի ներկայացուցիչներն իրենց իրավունքների պաշտպանության իրավական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու փոխարեն տարբեր կերպ փորձել են զանգվածային ընտրախախտումների երևութականություն ստեղծել` տարածելով բազմաթիվ անհիմն դիմումներ, բողոքներ, հայտարարություններ:

Ինչ վերաբերում է ընտրության օրը տեղի ունեցած ընտրախախտումներին, ապա այդ կապակցությամբ, հարակից պատասխանողի կարծիքով, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար հարուցվել է թվով 11 քրեական գործ, ևս 11 քրեական գործ է հարուցվել քվեարկության արդյունքները՝ արձանագրությունները կեղծելու համար, 2 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու համար, 1 քրեական գործ հարուցվել է սուտ մատնության հատկանիշներով: Միաժամանակ, ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների քննարկման արդյունքների բովանդակային վերլուծությունը վկայում է, որ իրականում տեղ են գտել ընտրական իրավունքի տարաբնույթ խախտումներ, սակայն դրանք զանգվածային և կազմակերպված բնույթ չեն կրել:

 

7. Հարակից պատասխանող` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչն անդրադառնալով Հանրապետության Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումում ներկայացված` ՀՀ ոստիկանության տարածքային մարմինների կողմից թույլ տրված իրավախախտումներին, նշեց, որ դրանք հիմնված են ենթադրությունների վրա, և դիմողի փաստարկներն ամրապնդված չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածով նախատեսված ապացույցներով: Հարակից պատասխանողը` չհամաձայնելով կոնկրետ փաստերի վերաբերյալ դիմող կողմի փաստարկներին, ներկայացրեց իր հակափաստարկները և դրանց հիմնավորումները:

Քաղաքացիներին հիմնական և լրացուցիչ ցուցակներում միաժամանակ ընդգրկելու, կրկնակի քվեարկության, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց թվաքանակի վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից տեղեկանքներ չտրամադրելու փաստերի առնչությամբ` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ստացել է 2 դիմում, որոնցից մեկով պահանջվել է այն ընտրողների թիվը, որոնք ընդգրկվել են լրացուցիչ ցուցակներում, իսկ մյուսով պահանջվել է այդ ցուցակների էլեկտրոնային տարբերակը: Դիմումները 18.02.2008 թ. բավարարվել են, այսինքն` դիմող կողմը լիակատար հնարավորություն է ունեցել ոստիկանության կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա ճշտել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից անձանց հանելու և լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով 2008 թ. հունվարի 19-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում անձնագրերի կորստյան գործերով ՀՀ ոստիկանության տարածքային մարմինների կողմից 1330 անձի տրվել է թիվ 9 ձևի տեղեկանք, իսկ 264 քաղաքացու` ընտրությանը մասնակցելու համար սահմանված տեղեկանք: Ընտրատեղամասերում ծառայություն կատարող ոստիկաններն ընտրությունների ընթացքում կարգուկանոնի պահպանման հարցերում միջամտել են միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի միջնորդությամբ: Նման միջամտության արդյունքում կանխվել է հանցագործության 6 դեպք:

 

8. Հարակից պատասխանող` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Գ. Ամալյանը հայտնեց, որ Հանրապետության Նախագահի 2008 թ. փետրվարի 19-ի ընտրության նախընտրական քարոզարշավի ընթացքում դիմող Լ. Տեր-Պետրոսյանի դիմումում հիշատակված հեռուստառադիոընկերությունների հաղորդումները մոնիտորինգի են ենթարկվել նշված հանձնաժողովի աշխատակազմի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից և նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ չեն հայտնաբերվել: Իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս ԶԼՄ-ների գործունեությունը քննարկման առարկա չի կարող դառնալ: Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների դրական կամ բացասական համատեքստում լուսաբանումների վերաբերյալ պնդումներին, ապա դա արվել է անհասկանալի մեթոդիկայով և փաստարկված չէ:

 

9. Գործով որպես երրորդ անձ ներգրավված՝ Հանրապետության Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի ներկայացուցիչ Դ. Հարությունյանը դիմողի այն պնդման կապակցությամբ, որ Հանրապետության Նախագահի թեկնածու` ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը պարտավոր էր ՀՀ ընտրական օրենսգրքի 78 հոդվածի պահանջներին համապատասխան ընտրությունների ընթացքում ազատվել իր աշխատանքային պարտականությունների կատարումից, ներկայացրեց հետևյալ բացատրությունը: ՀՀ ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի երկու նախադասությունների համադրումից կարելի է հանգել այն եզրակացության, որ վարչապետը հանդիսանում է «պետական ծառայության մեջ գտնվող»: Սակայն, հաշվի առնելով 2002 թվականի հունվարի 9-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «հանրային ծառայություն» հասկացության սահմանումը, և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում սահմանված՝ պետական ծառայության տարատեսակները՝ քաղաքական և հայեցողական պաշտոնները պետական ծառայության պաշտոններ չեն համարվում: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և, հետևաբար, վարչապետը պետական ծառայության մեջ չի գտնվում: Դ. Հարությունյանը խնդրո առարկայի կապակցությամբ փաստեց ՀՀ ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի դրույթների միջև առկա հակասությունը, ինչը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան լուծվում է հօգուտ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի այն նորմի, որի համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է:

Նախընտրական հիմնադրամի ձևավորման աղբյուրների և միջոցների ծախսման օրինականության հարցի առնչությամբ Դ. Հարությունյանը հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ Ս. Սարգսյանի նախընտրական հիմնադրամ վճարումներ են կատարել նաև դրա իրավունքը չունեցող սուբյեկտներ, սակայն բոլոր նման դեպքերում այդ գումարները, օրենքի պահանջին համապատասխան, փոխանցվել են պետական բյուջե: Չի եղել որևէ դեպք, երբ հիմնադրամից կատարվող ծախսերը գերազանցեն այդ պահին հիմնադրամ մուտք եղած օրինական վճարումները:

ՀՀ վարչապետի 2007 թ. դեկտեմբերի 4-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առնչությամբ դիմողի փաստարկներին ի պատասխան Դ. Հարությունյանը հայտնեց, որ այդ խմբի ստեղծումը հետապնդել է միայն մեկ նպատակ, այն է՝ 2007 թվականին դիմումների կտրուկ աճի պայմաններում (2005 թ.` 3584 դիմում, 2007 թ.` 18424 դիմում) ապահովել դրանց արդյունավետ քննարկումը և լուծումը: Այն դիմումները, որոնք ուղղված են եղել Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության աշխատակազմից փոխանցվել են Հանրապետության Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբին: Միաժամանակ, կային բազմաթիվ դիմումներ, որոնցում որոշ թերացումով էին նշված հասցեատիրոջ պաշտոնը, այսինքն` դրանք ըստ էության և բովանդակային առումով ուղղված էին ՀՀ վարչապետին, սակայն որպես հասցեատեր նշված էր Հանրապետության Նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետին: Ըստ էության, այստեղ գործ ունենք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով ձևական սխալի հետ, և նույն օրենքով ձևական պահանջների չարաշահումն արգելվում է, նման պարագայում վարչական մարմինը ինքնուրույն է վերացրել այդ սխալը` չծանրաբեռնելով դիմողներին լրացուցիչ վարչարարությամբ, որի ոչ միայն իրավունքն ուներ ՀՀ կառավարության աշխատակազմը, այլև պարտավոր էր նման կերպ գործել:

Արտակարգ դրության պայմաններում սահմանադրական դատարանում դատավարությունը շարունակելու հարցի առնչությամբ երրորդ անձի ներկայացուցիչը հայտնեց, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 53.1. հոդվածի՝ արտակարգ դրության պայմաններում չի կարող անցկացվել Հանրապետության Նախագահի ընտրություն, իսկ ընտրություններն ավարտվում են իրավասու մարմնի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելու համար լիազորված մարմնի ակտն ընդունելու պահից: Ընտրությունների արդյունքների բողոքարկումը չի հանդիսանում ընտրությունների բաղկացուցիչ փուլ: Ավելին, տվյալ պահին գործի քննության ընդհատումը կհակասի ՀՀ Սահմանադրության 51 հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև 19 հոդվածին:

Ինչ վերաբերում է ընտրական վեճ քննելիս սահմանադրական դատարանի իրավասությունների շրջանակին, ապա այս կապակցությամբ ըստ ներկայացուցչի` 2005 թ. սահմանադրական բարեփոխումների և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում ներկայումս սահմանադրական դատարանը քննում է ոչ թե ընտրությունների արդյունքների, այլ Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճ: Նշված վեճի շրջանակներում սահմանադրական դատարանն իրավասու է քննության առնելու այն հարցը, թե որքանով է այդ որոշումն իրավաչափ, այսինքն` որոշակի փաստերի առկայությունը հաստատվելու դեպքում որոշումն ընդունող մարմինն արդյոք ընդունել է իրավաչափ որոշում, թե` ոչ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` ստանալով ԸԸՀ-ների քվեարկության համապատասխան արդյունքները, չի կարող դրանք չընդունել իր կողմից ընդունվող որոշումը կայացնելիս, քանի դեռ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն բողոքարկվել ՀՀ վարչական դատարան և փոփոխության չեն ենթարկվել դատական ակտերով: Սահմանադրական դատարանը, իր կառուցվածքով, ինչպես նաև վեճը լուծելու համար սահմանված ժամկետներով ի զորու չէ և իրավասու չէ փոխարինել վարչական դատարանին և ընտրական հանձնաժողովների ողջ համակարգին:

 

10. Գործը քննության նախապատրաստելու ընթացքում սահմանադրական դատարանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել և ստացել է 19.02.2008 թ. անցկացված Հանրապետության Նախագահի ընտրության հետ կապված Նախագահի թեկնածուների (վստահված անձանց) դիմում-բողոքների քննարկման արձանագրությունները, ընդունված որոշումները, տրված պատասխանների պատճենները, ըստ կոնկրետ ընտրական տեղամասերի` տեղեկանք ընտրության հետ կապված Նախագահի թեկնածուների դիմում-բողոքների հիման վրա կատարված վերահաշվարկների արդյունքների և դիմում-բողոքների առկայության դեպքում վերահաշվարկ չկատարելու հիմնավորումների վերաբերյալ: Ստացվել են ՀՀ Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների` օրենքով նախատեսված հաշվետվությունները, ինչպես նաև վերստուգման արդյունքները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների այն որոշումները, որոնցով մերժվել են քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումները: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջվել և ստացվել են այդ հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքների, դրանց կապակցությամբ հանձնաժողովի հրավիրած նիստերի արձանագրությունների, պատասխանների պատճենները: ՀՀ դատախազությունից պահանջվել և ստացվել է ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկանք: ՀՀ վարչական դատարանից պահանջվել և ստացվել են Հանրապետության Նախագահի 2008 թ. փետրվարի 19-ի ընտրություններում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտերի պատճենները: Թվարկված բոլոր նյութերը տրամադրվել են սույն գործով դատավարության կողմերին:

Դատաքննության ընթացքում դիմող կողմի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 51 հոդվածի 5-րդ մասի և 52 հոդվածի հիման վրա հանդես է եկել նաև որպես վկա:

 

11. 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքներով կատարված սահմանադրական փոփոխությունների հիման վրա ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի համաձայն սահմանադրական դատարանը լուծում է ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճ: Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ՀՀ ԿԸՀ-ի որոշման իրավական հիմնավորվածությունը սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել երկու տեսանկյունից. ինչպես դրա ընդունման սահմանված կարգի (ընթացակարգի)՝ օրենքով պահանջվող ձևի պահպանվածության (ձևական հիմքեր), այնպես էլ նյութական իրավունքի նորմերի կիրառման ենթադրյալ սխալների հիմքով, որով ընտրությունների արդյունքներն ամփոփող կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ հետևության է հանգել թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու փաստի վերաբերյալ (նյութական հիմքեր): Ընդ որում, երկրորդ դեպքում ընտրությունների արդյունքների վրա ազդող կարող են դիտվել այն իրավախախտումները, որոնք աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընդհանուր պատկերը, հնարավորություն չեն տալիս հստակ եզրակացության հանգել ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ: Միաժամանակ, պասիվ ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում ընտրությունների արդյունքների վրա տարաբնույթ խախտումների ազդեցության գնահատման արդյունքում չի կարող ոտնահարվել իրենց ընտրությունն օրինական եղանակով կատարած ընտրողների ակտիվ ընտրական իրավունքը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն իրավասու չէ միաժամանակ քննության առնել օրենքների սահմանադրականության հարց, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ: ՀՀ Սահմանադրության 94 հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ, Սահմանադրության 100 հոդվածը նույնպես սահմանում է, որ տվյալ հոդվածում ամրագրված իր լիազորությունները սահմանադրական դատարանն իրականացնում է օրենքով սահմանված կարգով:

 

12. Սահմանադրական դատարանի` գործի փաստական հանգամանքները կողմերի դիրքորոշումներից անկախ բացահայտելու պարտականությունն ունի իր առանձնակի սահմանները, որոնց առկայությունը պայմանավորված է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրական հնարավորություններով և իրավաբանորեն ամրագրված գործառնական ու դրանցից ածանցվող այլ լիազորություններով: Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը հնարավոր է միայն այդ սահմաններում, և այդ սկզբունքը չի լիազորում սահմանադրական դատարանին ստանձնելու իրավապահ այլ մարմինների (դատախազական կամ քննչական) լիազորություններ, փոխարինել արդարադատական կամ վարչական այլ մարմիններին:

Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում` Սահմանադրության 51-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով: Այդ հիմքով սահմանադրական դատարանում վեճի քննության պարագայում վճռական են դառնում ընտրական գործընթացի բոլոր փուլերում իրավունքի պաշտպանության հնարավորությունների ամբողջական իրացումը և ապացուցողական նշանակության փաստարկներով սահմանադրական դատարան դիմելը:

 

13. Ելնելով ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի և 101 հոդվածի 9-րդ կետի պահանջներից, ինչպես նաև ընտրական իրավունքի դատական պաշտպանության` օրենքով նախատեսված ընթացակարգերի բնույթից, սահմանադրական դատարանն իր 10 հունիսի 2007 թ. ՍԴՈ - 703 որոշման մեջ (ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո) իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ բոլոր հարցերը, որոնք առնչվում են ընտրությունների ընթացքում թեկնածուների գրանցման շուրջ առաջացած վեճերին, և որոնց լուծման իրավասությունը վերապահված է այլ դատարանների, սահմանադրական դատարանում առանձին քննության առարկա դառնալ չեն կարող, իսկ որպես ապացույց հիմք են ընդունվում այդ դատարանների վերջնական ակտերը: Սույն գործի քննությունը վկայեց, որ դիմող կողմը` վկայակոչելով սահմանադրական դատարանի տարբեր իրավական դիրքորոշումներ, ընտրական ողջ գործընթացում և դիմումի ներկայացման ընթացքում այս դիրքորոշմանը բավարար ուշադրություն չի դարձրել:

Սահմանադրական դատարանը հատուկ կարևորում է ընտրական գործընթացներով պայմանավորված բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ պահանջների պահպանումն այդ գործընթացի բոլոր փուլերում, որը կայուն իրավական նախադրյալ է ընտրական խախտված իրավունքները սահմանադրական-արդարադատական կարգով պաշտպանելու համար:

 

14. Սահմանադրական դատարանը` կարևորելով ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը, այսուհանդերձ, գտնում է, որ Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ այդ առաքելության նախնական զեկույցից ընտրանքային կարգով իրավախախտումների վերաբերյալ դիտարկումների ներկայացումը դատավարական գործընթացի համար բավարար ապացուցողական հիմք չէ ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու համար: Մասնավորապես, դիմողներից առաջինն այդ դիտարկումներին իր կողմից ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստարկ չի ավելացրել: Նման պարագայում այդ զեկույցը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ` հաշվի առնելով, որ դրանում ամբողջականացված ձևով արձանագրված է նաև, որ «Հայաստանի Հանրապետության Նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները մեծապես անցկացվեցին ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի նկատմամբ ստանձնված պարտավորությունների և չափանիշների համաձայն»:

 

15. Հանրապետության Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից սահմանադրական դատարան ներկայացվել են քվեարկության գործընթացին առնչվող ավելի քան 500 տարաբնույթ սկզբնական փաստաթղթեր, որոնցից պատշաճ ձևակերպված և իրավաբանական նշանակություն կարող էին ունենալ թվով 94-ը, այդ թվում՝ վերահաշվարկի պահանջով դիմումներ` 23, հայտարարություններ խախտումների մասին` 7, դիմումներ` 12, դիմում-բողոքներ` 7, խախտումների վերաբերյալ արձանագրություններ (կամ դրանցից քաղվածքներ)` 13, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններից քաղվածքներ` 28, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի արձանագրություններ կամ դրանցից քաղվածքներ` 2, դիմումներ ստանալու վերաբերյալ ստացականներ` 2: Ներկայացվել են նաև առանձին տեսանյութեր ընտրախախտումների վերաբերյալ:

Ընտրական գործընթացին մասնակից Հանրապետության Նախագահի բոլոր թեկնածուների կողմից թվով 258 տեղամասերի վերաբերյալ (ընդհանուր թվի 13.4 տոկոսը) վերահաշվարկ կատարելու դիմումներ են ներկայացվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնցից.

ա) 53 տոկոսը կամ թվով 135 դիմումներ (որից 62-ը` Լ. Տեր-Պետրոսյանի, իսկ 15-ը` Տ.Կարապետյանի ներկայացուցիչների դիմումների հիման վրա) բավարարվել են և դրանց հիման վրա կատարվել է վերահաշվարկ, որոնց արդյունքները ներկայացրել է պատասխանող կողմը,

բ) թվով 24 ընտրատեղամասերի վերաբերյալ դիմումներ մուտքագրվել են, սակայն դրանց հիման վրա վերահաշվարկ չի կատարվել` օրենքով սահմանված ժամկետը սպառված լինելու պատճառաբանությամբ,

գ) թվով 99 ընտրատեղամասերի վերաբերյալ դիմումները մերժվել են` տարբեր պատճառներով, մասնավորապես.

- թվով 35 ընտրատեղամասերի վերաբերյալ դիմումները մերժվել են` պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված չլինելու հիմքերով` ՀՀ ԸՕ 402 հոդվածի 1-ին և 13-րդ մասերի համաձայն,

- թվով 16 ընտրատեղամասերի վերաբերյալ դիմումները պատշաճ կերպով ձևակերպված չեն եղել, որի արդյունքում մերժվել են` ՀՀ ԸՕ 402 հոդվածի 2-րդ և/կամ 3-րդ և 13-րդ մասերի համաձայն,

- թվով 25 ընտրատեղամասերի վերաբերյալ դիմումները մերժվել են` ՀՀ ԸՕ 402 հոդվածի 13-րդ, 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի համաձայն, քանի որ դիմողներն անձամբ չեն ներկայացրել դիմումները` խախտելով ՀՀ ԸՕ 402 հոդվածի պահանջները,

- թվով 23 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու վերաբերյալ դիմումները մերժվել են` չհիմնավորված լինելու պատճառով: Սակայն դրանց վերաբերյալ որոշումները վարչական կամ դատական կարգով չեն բողոքարկվել:

Միաժամանակ, դիմող կողմը ներկայացրել է թվով 25 տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված և պատշաճ կերպով վավերացված քվեարկության արդյունքների արձանագրություններից քաղվածքներ (1/28, 8/27, 17/02, 18/30, 20/04, 20/17, 20/18, 21/10, 23/41, 24/18, 24/19, 25/07, 26/26, 27/15, 27/35, 27/36, 28/15, 33/04, 33/21, 33/22, 35/13, 37/03, 37/11, 37/44, 37/74 ընտրատեղամասեր), որոնցում արձանագրված տվյալները տարբերվում են ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում զետեղված տվյալներից: Սակայն դրանցից թվով 3 ընտրատեղամասերում (27/15, 27/35, 27/36) համաձայն ԿԸՀ-ի կողմից սահմանադրական դատարան ներկայացված նյութերի` կատարվել է վերահաշվարկ: Թվով 3 ընտրատեղամասերի առնչությամբ (20/04, 24/18, 24/19) ըստ ՀՀ դատախազության տրամադրած տեղեկատվության` արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր` ՀՀ ՔՕ 150 հոդվածի հատկանիշներով: Թվով 7 ընտրատեղամասերի (18/30, 20/17, 21/10, 25/07, 26/26, 35/13, 37/74) վերաբերյալ արձանագրությունների քաղվածքների տվյալները և ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում զետեղված տվյալները տարբերվում են աննշան թվով (1-4 միավոր): Թվով 12 ընտրատեղամասերի (01/28, 08/27, 17/02, 20/18, 23/41, 28/15, 33/04, 33/21, 33/22, 37/03, 37/11, 37/44) վերաբերյալ արձանագրությունների քաղվածքների թվական տվյալները և ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում զետեղվածներն զգալիորեն տարբերվում են: Կոնկրետ ընտրատեղամասերում սահմանադրական դատարանի կողմից ստուգումներ կազմակերպելու պահանջից դիմողը հրաժարվեց` պատճառաբանելով, որ ընտրություններից օրեր անց դրա կազմակերպումն անիմաստ է:

ՀՀ դատախազության կողմից 01.03.2008 թ. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված 2/8-01 տեղեկանքի համաձայն` 19.02.2008 թ. Հանրապետության Նախագահի ընտրության ընթացքում թիվ 9/18, 17/5, 20/4, 22/21, 22/22, 22/30, 24/18, 24/19 և 38/62 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրություններից վստահված անձանց տրված քաղվածքների և ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփման համար ներկայացված արձանագրությունների տվյալները տարբեր պատճառներով չհամապատասխանելու կապակցությամբ արդեն իսկ հարուցված է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

ՀՀ սահմանադրական դատարանը մինչև սահմանադրական փոփոխություններն իր 16.04.2003 թ. ՍԴՈ - 412 որոշմամբ իրավական դիրքորոշում էր արտահայտել, որ սահմանադրական դատարանում ընտրական վեճի լուծման ժամանակ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները ոչ հավաստի են, եթե.

ա) նույն ընտրատեղամասում ի հայտ են եկել քվեարկության արդյունքների պաշտոնական բնույթ ունեցող, միմյանցից էապես տարբերվող ամփոփիչ արձանագրություններ,

բ) իրավական առումով հիմնավոր փաստարկված է, որ տեղ են գտել քվեաթերթիկների լցոնման, ձայների սխալ հաշվարկի, այլոց փոխարեն քվեարկության և այլ բնույթի էական խախտումներ, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից անհիմն ձևով մերժվել է, իսկ դատարանների կողմից օրենքով սահմանված կարգով չեն պաշտպանվել հանձնաժողովների անդամների և թեկնածուների վստահված անձանց իրավունքները` ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում տեղամասային քվեարկության արդյունքների ստուգումներ կազմակերպելու վերաբերյալ: Միաժամանակ ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա քվեարկության ոչ հավաստի արդյունքների ազդեցությունը գնահատելու նպատակով նման ընտրատեղամասերում առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով սահմանադրական դատարանը կրճատել էր ընտրությունների արդյունքում թեկնածուներին տրված ձայների ընդհանուր տարբերությունը:

Թեև դիմողը սույն գործի շրջանակներում շեշտը դնում է ընտրությունների արդյունքների գնահատման ոչ թե քանակական բաղադրիչների, այլ խախտումների որակական բնույթի վրա, վկայակոչելով իր կարծիքով ընտրախախտումների «զանգվածային և համակարգված» բնույթը, այնուհանդերձ, նույնիսկ ներկա իրավակարգավորման շրջանակներում սահմանադրական դատարանի վերոհիշյալ դիրքորոշման կիրառման պայմաններում էլ Հանրապետության Նախագահի թեկնածուներին տրված ձայների իրական հարաբերակցության որակական փոփոխություն տեղի չի ունենում:

 

16. ՀՀ ընտրական օրենսգրքի 14, 141, 171, 18, 20, 25, 26, 40, 632, 75, 79 և 139 հոդվածների, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-150 հոդվածների դրույթների բովանդակային և իրավակիրառական նշանակության վերլուծությունից բխում է, որ. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական զարգացումների արդյունքում ընտրական իրավունքի դատական պաշտպանության նշանակալի լիազորությամբ են օժտված նորաստեղծ վարչական դատարանները: Իսկ սահմանադրական դատարանին, ինչպես նշվեց, Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի հիմքով վերապահված է միայն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճի քննության իրավասությունը: Ընդ որում, ընտրական օրենսգրքի և վարչական դատավարության օրենսգրքի հիշատակված հոդվածներից բխում է, որ ընտրական գործընթացում տեղի ունեցած իրավախախտումներն ապացուցողական նշանակություն են ունենում այն դեպքում, երբ ձեռք են բերվում իրավասու դատարաններում հստակորեն սահմանված ժամկետներում փաստական հանգամանքների քննության արդյունքում: 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ընտրությունների արդյունքների իրական պատկերն այն է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ վարչական արդարադատության հնարավորություններն արդյունավետ չեն օգտագործվել նույնիսկ այն դեպքերում, երբ առանձին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ իրենց որոշմամբ մերժել են վերահաշվարկի իրականացումը, այդ որոշումները, այսինքն՝ դրանք դատական կարգով չեն բողոքարկվել: Դիմողի այն պնդումը, թե դա պայմանավորված է վարչական դատարանի նկատմամբ ունեցած անվստահությամբ, միևնույն է, նման փաստարկն իրավական հետագա գործընթացի անհրաժեշտ երաշխիքներ չի ապահովում:

Միևնույն ժամանակ, որևէ ընտրատեղամասում կամ ընտրատարածքում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու կամ ընտրական գործընթացի օրինականությունն ամբողջությամբ կասկածի տակ դնելու համար: Ընտրությունների արդյունքում ընդունված որոշումն անվավեր ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ միայն օրենքով սահմանված կարգով փաստարկված այն կոնկրետ խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

 

17. Դիմող կողմն առանձնահատուկ կարևորում է նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների համար անհավասար պայմանների ստեղծման հանգամանքը և հատկապես Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի կողմից ընտրական օրենսգրքով նախատեսված անկողմնակալության սկզբունքի խախտումը: Այս առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ 2008 թ. Հանրապետության Նախագահի ընտրության ընթացքում նույնպես ՀՀ ԿԸՀ-ի տեսադաշտից դուրս է մնացել նախընտրական քարոզչության արդյունավետ վերահսկումը: Օրենքի պահանջների կատարմանը ձևական մոտեցում է դրսևորել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: Դրանց արդյունքում լրատվամիջոցներում ոչ միայն տեղ են գտել կողմնակալ մոտեցումներ, այլև առանձին լուսաբանումների ընթացքում արձանագրվել են նաև իրավական ու բարոյական նորմերի խախտումներ:

Նույնիսկ նման պայմաններում Հանրապետության Նախագահի թեկնածուների համար նախընտրական քարոզչության հավասար հնարավորությունների խնդիրը սերտորեն առնչվում է ընտրողների կարծիքի ձևավորման հետ, և սահմանադրական դատարանը գտնում է, որ թեկնածուները, այսուհանդերձ, կարողացան նախընտրական քարոզչության տարբեր միջոցներով իրենց դիրքորոշումները հասցնել ընտրողներին: Միաժամանակ, միջազգային իրավական չափանիշներից ելնելով` այն սկզբունքը, ըստ որի նախընտրական քարոզչությունը պետք է լինի ազնիվ և արդար, չի կարող մեկնաբանվել այնքան ընդարձակ, որ բացառվի խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը կամ բացառվի պաշտոնատար անձի հասցեին հնչեցված մեղադրանքների շուրջ պատասխան կարծիք ներկայացնելու հնարավորությունը:

 

18. Դիմողների կողմից մատնանշված մի շարք ընտրախախտումների, ՀՀ դատախազության կողմից ընտրական գործընթացի շրջանակներում հարուցված քրեական գործերի, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացրած փաստերի վերլուծությունը վկայում է, որ ընտրական գործընթացի հիմնական թերությունները և այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասը խորքային պատճառներ ունեն: ՀՀ սահմանադրական դատարանն իր 10.06.2007 թ. ՍԴՈ-703 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «ընտրական իրավունքի պաշտպանությունը, հատկապես սահմանադրական արդարադատության շրջանակներում, չի ենթադրում ձևական մոտեցում` թե որքանով են խախտվել մարդկանց ակտիվ կամ պասիվ ընտրական իրավունքները: Հարցն ունի ընդգրկման ավելի լայն շրջանակ և վերաբերում է ընտրությունների հանրային գործառույթին` թե ինչ կերպ և ինչպիսի վստահությամբ է ձևավորվում ներկայացուցչական կառավարման համակարգը, ինչպես են ներդաշնակվում կառավարմանը մասնակցելու ազատությունը և ներկայացուցչական մարմիններ կազմավորելու պարտականությունը, ինչպիսին է անհատների հասարակական վարքագիծն այս գործընթացում: Ուստի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության ապահովումը պետության պարտավորությունն է և ոչ թե առանձին քաղաքական միավորումների կամ անհատների: Դրանից և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից է բխում նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի պահանջը, համաձայն որի` «Պետությունը, oրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունների շրջանակում` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման oրինականության համար»: Ուստի պետությունը պարտավոր է այնպիսի երաշխիքներ ապահովել, որպեսզի.

ա) ընտրական օրենսդրությունը զերծ լինի ընտրական իրավունքի արդյունավետ իրացումը խոչընդոտող թերություններից,

բ) քաղաքական ընթացիկ գործունեությունը հստակ տարանջատվի նախընտրական քարոզչությունից,

գ) բացառվի քաղաքական ու բարեգործական գործունեության միատեղումը,

դ) ընտրական գործընթացի բոլոր փուլերում կանխվի քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրության 2 և 4 հոդվածներում ամրագրված հիմնարար սկզբունքների համաձայն` իրավական պետության համար ելակետայինն ընտրական գործընթացներում հասարակության քաղաքական շահերի գերակայության օրենսդրական ու կառուցակարգային այնպիսի երաշխիքների ապահովումն է, որը կբացառի առաջնային մանդատով օժտված իշխանության ներկայացուցչական մարմինների ձևավորման գործում քաղաքական և գործարար շահերի անմիջական միահյուսման որևէ հնարավորություն»:

Այս իրավական դիրքորոշումը բավարար չափով ուշադրության չարժանացավ ՀՀ ընտրական օրենսգրքի և ողջ ընտրական համակարգի բարեփոխման ընթացքում, մասնավորապես, նաև՝ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի պահանջների կատարումը երաշխավորելու առումով, որն էապես կարող էր նպաստել ընտրական համակարգի և կոնկրետ ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդմանը:

ՀՀ Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների հիմնարար սկզբունքներից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները պետք է դառնան քաղաքական հակամարտությունների հաղթահարման և պետական կարգի հիմքերն ամրապնդող գործոն: Իրականում հետընտրական գործընթացներն ավելի են սրում թե´ քաղաքական և թե´ հասարակական հակամարտությունը` վտանգելով ժողովրդավարական այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, բազմակարծությունը, համագործակցությունը, հանրային վստահությունը, քաղաքակիրթ երկխոսությունը: Նման իրավիճակը նաև սահմանադրաիրավական լուծումներ պահանջող հիմնախնդիր է, որին բազմիցս անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում, ինչպես նաև 2006 և 2007 թվականների տարեկան հաղորդումներում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Դա առաջին հերթին վերաբերում է գործող ընտրական համակարգին: Այս համակարգի պայմաններում հետևանքները միշտ նույնը կարող են լինել: Ընտրական համակարգի հիմքում պետք է լինի հնարավոր ընտրախախտումների բացառման սկզբունքը: Դրան հնարավոր է հասնել ընտրությունների կազմակերպման և անցկացման համակարգի արմատական բարեփոխման արդյունքում միայն: Հանրային վստահության բարձրացման և սահմանադրական հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար որակապես նոր մոտեցում պետք է դրսևորվի նաև ընտրական գործընթացների բողոքարկման ողջ համակարգի նկատմամբ:

Ինչ վերաբերում է դատաքննության առարկա դարձած վեճի շրջանակներում իրավիճակի գնահատմանը, ապա համադրելով կողմերի փաստարկներն ու հակափաստարկները, վերլուծելով գործի նյութերը, օրենսդրական առկա կարգավորումներն ու դրանց կիրառման պրակտիկան, սահմանադրական դատարանը գտնում է, որ գործող իրավակարգավորման շրջանակներում` հիմք ունենալով ընտրությունների այն փաստական արդյունքները, որոնք ստացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա և ՀՀ ԸՕ-ով նախատեսված իրավասության շրջանակներում դրանք ամփոփելու արդյունքում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թ. փետրվարի 19-ի Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով այլ որոշում կայացնել չէր կարող:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 74 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Թիվ 01/28, 08/27, 17/02, 20/18, 23/41, 28/15, 33/04, 33/21, 33/22, 37/03, 37/11, 37/44 տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններում փոփոխությունների, թիվ 30, 31 և 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների` վերահաշվարկ կատարելը մերժելու վերաբերյալ որոշումների, ինչպես նաև դիմողների կողմից ներկայացված քվեաթերթիկների և քվեարկության ծրարների ու տեսանյութերով ներկայացված փաստերի իրավագնահատման և օրինականությունը պարզելու նպատակով դրանք տրամադրել ՀՀ դատախազությանը` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


8 մարտի 2008 թվականի
ՍԴՈ-736

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան