Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9823/05/20

2024 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/9823/05/20

Նախագահող դատավոր`

 Ռ. Խանդանյան

Դատավորներ`

 Կ. Ավետիսյան

 Հ. Այվազյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2024 թվականի հուլիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռուբեն Հախումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.02.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ռուբեն Հախումյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարողի 17.09.2020 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» թիվ 06620992 որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ռուբեն Հախումյանը պահանջել է ճանաչել Ծառայության 17.09.2020 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» թիվ 06620992 որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 08.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 08.09.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Հախումյանը (ներկայացուցիչ՝ Ազատ Շահբազյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Գոհար Մկրտչյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ և 88-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշման հանձնման եղանակներից որևէ մեկով պատշաճ ծանուցման փաստի առկայությունը կամ բացակայությունն այն դեպքում, երբ գործով բացակայում է փաստաթղթաշրջանառության թղթային և էլեկտրոնային եղանակով ծանուցման իրականացման վերաբերյալ ապացույցը, ինչը նշանակում է, որ ՀՀ ոստիկանության կողմից Ծառայությանը ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին, և հետևաբար նման պայմաններում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներկայացված փաստաթղթերը Ծառայությունը պարտավոր էր վերադարձնել վարչական մարմին:

Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲԸ-ի էլեկտրոնային կայքերից արտատպված տեղեկատվությանն այն մասին, որ Ռուբեն Հախումյանին հասցեագրված պատվիրված նամակն ուղարկվել է «ք.Աբովյան 01» հասցեով, ապա վերջինիս հաշվառման վայրի չճշտված լինելու պայմաններում կամայական հասցեով վարչական ակտն ուղարկելը չի կարող հիմք հանդիսանալ ենթադրաբար վարչական իրավախախտում կատարած անձին պատշաճ ծանուցված համարելու և վարչական ակտն անբողոքարկելի համարելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.02.2023 թվականի որոշումը և այն փոփոխել՝ օրինական ուժ տալով Դատարանի 08.09.2021 թվականի վճռին:

 

 2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ծառայության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով առկա են եղել իրավահարաբերության առաջացման բոլոր հիմքերը, և հարկադիր կատարողը, կառավարության սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ստանալով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից ուղարկված վարչական ակտը, իրավաչափորեն է հարուցել կատարողական վարույթը և կիրառել է հարկադիր կատարման միջոցներ:

Համապատասխան դիմումով հարկադիր կատարման են ներկայացվել հայցվորի նկատմամբ վարչական հարկադրանք կիրառելու մասին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության թիվ 229 որոշումը, այդ ակտի հանձնման նկատմամբ կիրառելի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված կարգով անձին պատշաճ ծանուցելը, և ըստ այդմ՝ ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու ժամկետների մասին վկայող համակարգչային տվյալները (ապացույցները), որոնք փաստում են այն հանգամանքը, որ վարչական ակտը փոստային ծառայության միջոցով հայցվորին ուղարկվել է, և այն վերջինիս կողմից ստացվել է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վավերապայմանների մատնանշմամբ հարկադիր կատարման վերաբերյալ գրություն: Այսինքն՝ Ծառայություն են ներկայացվել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց առկայության պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր էր հարուցել դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ, ինչն էլ, իրավացիորեն իրականացրել է Ծառայության հարկադիր կատարողը՝ կայացնելով թիվ 06620992 կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը: Հետևապես, 17.09.2020 թվականին ընդունված որոշմամբ հարուցելով անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ՝ Ծառայությունը դրսևորել է իրավաչափ վարքագիծ:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշման համաձայն` Ռուբեն Թորգոմի Հախումյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 74):

2) «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ RR281830289AM բեռնային համարով փոստային անդորրագրի համաձայն՝ 11.04.2020 թվականին ք.Երևան, Ա.Մանուկյան փողոց, 17 շենք, 5 բնակարան հասցեով Ռուբեն Հախումյանին է ուղարկվել պատվիրված նամակ (թիվ 713 առաքանի) (հատոր 1-ին, գ.թ 75):

3) «Հայփոստ» ՓԲԸ-ի էլեկտրոնային կայքէջից կատարված արտատպվածքի համաձայն` թիվ RR281830289AM պատվիրված նամակը հասցեատիրոջ բնակավայր հասել և հանձնվել է 21.05.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 76-77):

4) Ծառայությունում 15092020 թվականին ստացվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության գրությունը` «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 06.04.2020 թվականի թիվ 229 որոշմամբ նշված դրամական պահանջի կատարումն ապահովելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 73):

5) Ծառայության 17092020 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 06620992 կատարողական վարույթը` Ռուբեն Հախումյանից հօգուտ պետական բյուջեի վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ նշված գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսը բռնագանձելու մասին: Նշված գումարների չափով արգելանք է դրվել Ռուբեն Հախումյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 78):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նշված հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (...) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման և ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով Ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետևյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

- վերը նշված գրությունը ներկայացվել է Ծառայություն՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որևէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Հետևում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում։

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։ Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ։

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով։

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է «(...) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝ 1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին. 2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, և այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված. 3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը. 4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) և գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը ևս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով: Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը (...)»:

Այսպես, օրենսդրի կողմից, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու առաջնային եղանակ նախատեսվել է որոշումն անձամբ հանձնելը վարչական ակտի մասին իրազեկելու մյուս եղանակները կիրառելի են այն դեպքում, երբ բացակայում է այն հասցեատիրոջն անձամբ հանձնելու եղանակը կիրառելու հնարավորությունը։ Այս եղանակով վարչական ակտը հանձնելու դեպքում իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույցներ են.

- հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը,

- եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ որոշումը, ապա փաստաթուղթ, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց,

- եթե որոշումն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը բացահայտված է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում), ապա ապացույցներ առ այն, որ վարչական ակտն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և հասցեատերը կարդացել է տվյալ տեղեկատվությունը («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ եթե առկա է կողմերի համաձայնությունը՝ ապա միայն ապացույց հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս),

- եթե հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ և ներկայացրել է գրավոր դիմում ծանուցումն իր էլեկտրոնային փոստին կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով ուղարկելու վերաբերյալ, ապա ապացույցներ առ այն, որ որոշումն ուղարկվել է հասցեատիրոջն այդ միջոցով և ստացվել է վերջինիս կողմից։

Վերը նշված միջոցներից որևէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հնարավորության բացակայության դեպքում, վարչական մարմնի կողմից պետք է իրականացվեն Օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր գործողությունները՝ հետևյալ հերթականությամբ.

1) Նախ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով. ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նկատել, որ անձի հաշվառման հասցեն հանդիսանում է պատշաճ ծանուցման հասցե այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթի նյութերում առկա չէ այնպիսի ապացույց, որով հիմնավորվում է, որ ակտի հասցեատերը հայտնել է ծանուցման այլ հասցե, իսկ վարչական վարույթի նյութերում այդպիսի ապացույցի առկայության դեպքում անձի հաշվառման հասցեով որոշումն ուղարկելը չի կարող դիտարկվել որպես պատշաճ իրազեկում:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատվիրված նամակով ակտի հասցեատիրոջը հանձնելու դեպքում իրազեկման փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց է հետադարձ ծանուցումը՝ հասցեատիրոջ ստորագրությամբ։

2) Այնուհետև, եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Այս դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստվում է հետևյալ ապացույցների միաժամանակյա առկայությամբ.

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30.08.2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված CN 15 բլանկը, որում նշվում են առաքանու վերադարձման պատճառները (անհայտ, տեղափոխված, թերի հասցե, մերժված կամ չի պահանջվել) և վերադարձման ամսաթիվը, և

- որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) տեղադրված լինելու փաստը հավաստող ապացույցը։

Ընդ որում, նշված ապացույցները պետք է ժամանակագրական առումով միմյանց հաջորդեն, այսինքն, որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կարող է տեղադրվել միայն առաքանին՝ CN 15 բլանկի հետ միասին վարչական ակտը կայացրած վարչական մարմին վերադարձվելուց հետո. այլ կերպ՝ CN 15 բլանկի վրա նշված՝ առաքանու վերադարձման ամսաթիվը պետք է նախորդի որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու ամսաթվին։ Այլապես, օրենքով սահմանված իրազեկման կարգը համարվում է խախտված, որպիսի պայմաններում տվյալ ծանուցումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում, հետևաբար նաև տվյալ որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած։

Ելնելով վերոգրյալից` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը մտնում է ուժի մեջ՝

1) որոշումը հասցեատիրոջը հանձնելու (ստանալու) օրվան հաջորդող օրը,

2) որոշումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ որոշումը տեղադրելուն հաջորդող վեցերորդ օրը:

Վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ է բովանդակում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը։ Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (…):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտն անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար սպառվում են վարչական և դատական ընթացակարգերով տվյալ վարչական ակտը վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը։

Վերոհիշյալի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որևէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար։ Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով։ Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետևապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու և անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն չի կարող ծագել։

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան։ Լրացուցիչ փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ։

ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշմամբ։ Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին և անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ՝ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նաև սահմանված ժամկետում ներկայացված և պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետևյալ իրավիճակներից որևէ մեկը

- Ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,

- Ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),

- որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար (օրինակ՝ ներկայացված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30.08.2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված CN 15 բլանկը, սակայն ներկայացված չէ որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ ապացույց կամ հակառակը, կամ CN 15 բլանկի վրա նշված վերադարձի ամսաթիվը հաջորդում է վարչական ակտը կայքում տեղադրելու ամսաթվին),

- ուժի մեջ մտած որոշումը դեռևս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական և դատական կարգով բողոքարկելու ժամկետը,

- դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,

- Ծառայությանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին։

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ եթե ըստ վարչական մարմնի կողմից Ծառայություն ներկայացված համապատասխան ապացույցների՝ հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը և (կամ) անբողոքարկելի դառնալու ամսաթիվը չեն համընկնում վարչական մարմնի կողմից ներկայացված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կատարման վերաբերյալ գրության մեջ նշված՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու ամսաթվերին, ապա նման անհամապատասխանությունը չի բացառում հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը, եթե վարչական ակտի իրազեկման վերաբերյալ ապացույցներից միանշանակորեն հետևում է, որ գրությունը հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու պահի դրությամբ կատարման ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատշաճ ծանուցված է, ըստ այդմ ուժի մեջ մտած ու անբողոքարկելի դարձած է։

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննությունը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր (տե՛ս, Սուրեն Հայրապետյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ռուբեն Հախումյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել Ծառայության 17.09.2020 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» թիվ 06620992 որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

 

Դատարանը 08.09.2021 թվականի վճռով բավարարել է Ռուբեն Հախումյանի հայցը՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված համարեց այն հանգամանքը, որ «Հայփոստ» ՓԲԸ էլեկտրոնային կայքէջից արտատպած տեղեկատվության համաձայն` պատվիրված նամակ RR281830289AM, հասցեագրված Ռուբեն Թորգոմի Հախումյանին, Աբովյան 01 (Կոտայք) հասցեով, «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքում ստացվել է և 21.05.2020 թվականին նշումով հանձնվել է, սակայն տվյալ առաքանին երբ և ում կողմից է ստացվել, պատասխանողը որևէ գրավոր ապացույց դատարանին չի ներկայացրել (սույն դեպքում ստացման ծանուցագիր), միևնույն ժամանակ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից հայցադիմումով նշված բնակության և հաշվառման հասցեն է` ք. Երևան, Նոր Արեշ 11-րդ փող., տուն 36, հետևաբար դատարանն արձանագրում է, որ առաքանին պատշաճ կարգով չի ուղարկվել հայցվորին` վերջինիս փաստացի հաշվառման հասցեով:

Սույն վարչական գործի փաստերի հետազոտության արդյունքում դատարանն արձանագրում է, որ բացակայում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված վարչական ակտի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ապացույցը, որն անհրաժեշտ հանգամանք է այնքանով, որքանով որ պետք է պարզ լինի վարչական ակտի անբողոքարկելի լինելու փաստը։ Հանրային իրավական դրամական պահանջի իրավահարաբերության առկայության մասին խոսք կարող է լինել, երբ դրա հիմքում ընկած է անբողոքարկելի վարչական ակտ, որն իր մեջ պարունակում է հանրային իրավական դրամական պարտավորություններ։ Այսինքն, առանց այդ հանգամանքի բացառվում է վարչական մարմնի և ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև հանրային իրավական դրամական պարտավորությունների հարկադիր կատարման իրավահարաբերության առաջացում (...):»:

Վերաքննիչ դատարանը 08.02.2023 թվականի որոշմամբ բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի 08.09.2021 թվականի վճիռը և փոփոխել՝ Ռուբեն Թորգոմի Հախումյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մերժել՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Սույն դեպքում վարչական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ ոստիկանությունը դրամական պահանջները սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն է ներկայացրել թե՛ դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը (ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշումը), թե՛ դրա մասին պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը (մասնավորապես՝ անդորրագիր, որը վկայում է հետևյալի մասին. պատվիրված նամակ RR281830289AM, հասցեագրված Ռուբեն Թորգոմի Հախումյանին, Աբովյան 01 (Կոտայք) հասցեով, ինչպես նաև «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային կայքէջից արտատպած քաղվածք, համաձայն որի 21.05.2020 թվականին հիշյալ պատվիրված նամակը հանձնվել է), թե՛ կատարման վերաբերյալ գրությունը, որպիսի պայմաններում առաջնորդվելով վարչական մարմինների փոխհարաբերություններին բնորոշ արժանահավատության կանխավարկածով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրավաչափորեն հարուցել է կատարողական վարույթ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասության մեջ չի մտնում վերջինիս ներկայացված ապացույցների իսկության ստուգումը, դա դուրս է թե՛ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորություններից, թե՛ սույն վարչական գործի քննության շրջանակից:

Ինչ վերաբերում է Դատարանի այն եզրահանգմանը, որ «..տվյալ առաքանին երբ և ում կողմից է ստացվել, պատասխանողը որևէ գրավոր ապացույց դատարանին չի ներկայացրել (սույն դեպքում ստացման ծանուցագիր), միևնույն ժամանակ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից հայցադիմումով նշված բնակության և հաշվառման հասցեն է` ք. Երևան, Նոր Արեշ 11-րդ փող., տուն 36, հետևաբար դատարանն արձանագրում է, որ առաքանին պատշաճ կարգով չի ուղարկվել հայցվորին` վերջինիս փաստացի հաշվառման հասցեով», Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր վարչական մարմին կրում է իր՝ օրենքի խախտմամբ իրականացված վարչական վարույթի բացասական հետևանքները, այսինքն՝ սույն դեպքում ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշումը վերջինիս կողմից ենթադրյալ սխալ հասցեով ուղարկելու պատասխանատվությունը և բացասական հետևանքները չեն կարող դրվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վրա (...)»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության առկայության ապացույցներ՝ Ծառայության կողմից Դատարան են ներկայացվել.

- ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ 15.09.2020 թվականին Ծառայությունում ստացված գրությունը՝ 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշմամբ նշված դրամական պահանջի կատարումն ապահովելու վերաբերյալ նշված գրությամբ որպես պարտավոր անձի հասցե նշված է «քԵրևան, Ալեք Մանուկյան փողոց, 17 շ., 5 բն.»-ը,

- 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշման պատճենը,

- «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ RR281830289AM բեռնային համարով փոստային անդորրագրի պատճենը, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության կողմից ք. Երևան, Ա. Մանուկյան փողոց, 17 շենք, 5 բնակարան հասցեով 11042020 թվականին Ռուբեն Հախումյանին է ուղարկվել պատվիրված նամակ,

- «Հայփոստ» ՓԲԸ-ի էլեկտրոնային կայքէջից կատարված արտատպվածքը, համաձայն որի՝ թիվ RR281830289AM պատվիրված նամակը հասցեատիրոջ բնակավայր հասել և հանձնվել է 21.05.2020 թվականին:

 Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված ապացույցների գնահատման արդյունքում, եզրահանգում է, որ ներկայացված ապացույցներով չի հաստատվում 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշումը պարտավոր անձի կողմից ստացված լինելու փաստը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ծառայությունը որպես 06.04.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 229 որոշման մասին Ռուբեն Հախումյանին իրազեկելու և ըստ այդմ՝ որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հավաստող ապացույցներ դիտարկել է «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ RR281830289AM բեռնային համարով փոստային անդորրագիրը և «Հայփոստ» ՓԲԸ-ի էլեկտրոնային կայքէջից կատարված արտատպվածքը։ «Հայփոստ» ՓԲԸ-ի էլեկտրոնային կայքէջից կատարված արտատպվածքը, սակայն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պատշաճ ապացույց չէ հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու փաստի վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատվիրված նամակով ակտի հասցեատիրոջը հանձնելու դեպքում իրազեկման փաստի վերաբերյալ պատշաճ ապացույց է հետադարձ ծանուցումը՝ հասցեատիրոջ ստորագրությամբ։ Միայն այս դեպքում է հնարավոր հավաստիանալ, որ առաքանին հանձնվել է հենց հասցեատիրոջը։

Այսպիսով, հարկադիր կատարման ենթակա վարչական ակտի՝ հայցվորի կողմից ստացված լինելու փաստը հավաստող պատշաճ ապացույցի բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չի հաստատվում նաև այդ վարչական ակտի օրինական ուժի մեջ մտած և անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, Ռուբեն Հախումյանի հայցը բավարարելով և կատարողական վարույթ հարուցելու մասով ճանաչելով 17.09.2020 թվականի թիվ 06620992 որոշմամբ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, որպիսի դատավարական իրավիճակ առկա է սույն դեպքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի բացակայության պայմաններում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.02.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 08.09.2021 թվականի վճռին:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան