Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

 ԵԴ/0253/11/20

Նախագահող դատավոր՝

 Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

30 օգոստոսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ դիմող Սիլվարդ Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2006 թվականի մարտի 6-ին Լոռու մարզի դատախազությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 55200706 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2006 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Անահիտ Այվազյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Նախաքննության մարմնի` 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է՝ ենթադրյալ հանցանք կատարած Սեյրան Այվազյանի մահվան հիմքով։

Նույն որոշման 2-րդ կետով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի չորս աշխատակիցների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Վերոնշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Ա.Այվազյանի բողոքների վերաբերյալ Լոռու մարզի դատախազության` 2006 թվականի նոյեմբերի 16-ի, նոյեմբերի 20-ի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության` 2007 թվականի հունվարի 19-ի գրություններով հայտնվել է, որ որոշումը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, և այն վերացնելու հիմքեր չկան։

2. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է։

2.1. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը` թողել անփոփոխ։

2.2. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2008 թվականի մայիսի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժել է, Վերաքննիչ դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ։

2.3. Տուժողի իրավահաջորդ Սիլվարդ Այվազյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) 2017 թվականի հունիսի 1-ին Այվազյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 56717/08) գործով վճիռ է կայացրել, որով ճանաչել է Սեյրան Այվազյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածով երաշխավորված` կյանքի իրավունքի խախտման փաստը։

3. Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշման վերանայման վարույթ։

4. Վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն. վերանայել է Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը, բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի սեպտեմբերի 12-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումները, և գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը բավարարվել է, և վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ թույլ տրված անձի իրավունքների խախտումները։

6. Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացվել է։

2018 թվականի հոկտեմբերի 29-ին Լոռու մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ստացվել է թիվ 55200706 քրեական գործը, որն ընդունվել է վարույթ և վերսկսվել է քրեական գործով նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ին, քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ենթադրաբար կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19107318 քրեական գործը, որը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննությունը շարունակելու նպատակով:

Քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ է հանձնվել նաև թիվ 55200706 քրեական գործը, որը նույնպես ընդունվել է վարույթ:

2018 թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել թիվ 55200706 և 19107318 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին: Քրեական գործին շնորհվել է 55200706 համարը:

7. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ Սեյրան Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի մեկ այլ որոշմամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի աշխատակիցներ Արամ Սահակյանի, Աշոտ Աբգարյանի, Ռուսլան Մոսինյանի և Հրաչյա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջիններիս արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով և նույն հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է:

8. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը՝ Ս.Այվազյանի նկատմամբ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ, մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ս.Այվազյանի նկատմամբ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը և «Բողոքը քննության առնելու մասին» ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշումը դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը բողոքարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ վերոնշյալ որոշումների դեմ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժվել է:

10. Դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը` 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը թողնելով անփոփոխ:

11. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարաններն առանց որևէ ապացույցի գտել են, որ կասկածներ կան Ս.Այվազյանի մեղսունակության վերաբերյալ, և, չփարատված կասկածները հօգուտ կասկածյալի կամ մեղադրյալի մեկնաբանելով, եկել են եզրահանգման, որ հնարավոր չէ փաստել Ս.Այվազյանի՝ իրեն վերագրվող հանցագործությունների սուբյեկտ լինելը, ուստի վերջինիս արարքում բացակայում են իրեն վերագրվող հանցագործությունների հանցակազմերը:

Բողոքաբերը փաստարկել է, որ վերոնշյալը իրավաչափ չէ, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ անձի մեղսունակ կամ անմեղսունակ լինելու հանգամանքը կարող է հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագիտական եզրակացությամբ: Ուստի, վարույթն իրականացնող մարմինը մեղսունակությունը կասկածի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում պետք է նշանակի փորձաքննություն:

Բողոքաբերը նշել է, որ անմեղսունակության հասկացությունը բացահայտվում է երկու չափանիշներով՝ բժշկական (կենսաբանական, հոգեբուժական) և իրավաբանական, իսկ բժշկական չափանիշների հիմքը կազմում են դատական հոգեբուժության գիտության դրույթները: Այնինչ, վարույթն իրականացնող մարմինը, ստորադաս դատարաններն իրենց պատճառաբանությունները հիմնավորելիս, որպես ապացույց հիմք են ընդունել Ս.Այվազյանի նկատմամբ նշանակված ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացությունը, որի համաձայն՝ Ս.Այվազյանը տառապել է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ և 1993 թվականից սկսած տարբեր հոգեբուժական հիվանդանոցներում իր վիճակի համար բուժում է ստացել։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում (վերջին գրառումներն ամբուլատոր քարտում կատարված են 2003 թվական, 2004 թվական) բավարար տեղեկություններ չկան Ս.Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ դեպքի օրը, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին հնարավոր չէ պատասխանել:

Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը, նշել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցների տեսակներից մեկն է և, որպես այդպիսին, չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները:

13. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, բավարարել Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքը, վերացնել նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի և դատախազի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշումները՝ վերացնելով Ս.Այվազյանի կյանքի և վերջինիս իրավահաջորդի իրավունքների խախտումները:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

14. Սեյրան Այվազյանի նկատմամբ նշանակված ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացության համաձայն՝ «Սեյրան Այվազյանը տառապել է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում /վերջին գրառումներն ամբուլատոր քարտում կատարված են 2003 թվական, 2004 թվական/ բավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ դեպքի օրը, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին հնարավոր չէ պատասխանել»2:

15. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը նշել է՝ «[Ս]ույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է Ս.Այվազյանի կողմից Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ՝ Երվանդ Պետրոսյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված), Հռիփսիմե Չոբանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաս), ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներ՝ Վահան Բոշյանի նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս), Հայկազ Գևորգյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մաս), իր տանն ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի մարտական նռնակ պահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս) հանգամանքները:

(…)

Թիվ 55200706 գործի նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացության համաձայն՝ Ս.Այվազյանը տառապել է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ։ Փորձաքննությանը ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում (վերջին գրառումներն ամբուլատոր քարտում կատարված են 2003թ., 2004թ.) բավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում՝ այնպես էլ դեպքի օրը, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին հնարավոր չէ պատասխանել, այսինքն՝ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Սեյրան Այվազյանի մեղսունակ լինելու հանգամանքը, որի պայմաններում հնարավոր չէ փաստել Սեյրան Այվազյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հանցակազմերի սուբյեկտ լինելը, քանի որ (...) չփարատված կասկածները մեկնաբանվում են ի օգուտ կասկածյալի կամ մեղադրյալի, հետևաբար՝ Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:

Միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ս.Այվազյանի մոտ հայտնաբերվել է տարբեր տեսակի դանակներ, իսկ հագուստի գրպանում` 0,24 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

(…)

Համաձայն նշանակված քրեագիտական փորձաքննության 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 15040602 եզրակացության` փորձաքննությանը ներկայացված 5 դանակները և մետաղյա հատվածը /բժշկական նշտարը/ սառը զենք չեն հանդիսանում:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթների հետ, անհրաժեշտ է փաստել, որ Սեյրան Այվազյանի մոտ հայտնաբերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը զգալի չափերի չէ, իսկ հայտնաբերված դանակները և բժշկական նշտարը իրենից սառը զենք չի ներկայացնում, հետևաբար՝ Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հանցակազմը (…)»3:

16. Դատախազ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ արձանագրվել է, որ նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումն օրինական է և հիմնավորված, այն վերացնելու հիմքերը բացակայում են, հետևաբար, դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ4:

17. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Ն]ախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Սեյրան Այվազյանի մեղսունակ լինելու հանգամանքը, որի պայմաններում հնարավոր չէ փաստել Սեյրան Այվազյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հովածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հանցակազմերի սուբյեկտ լինելը, քանի որ (…) չփարատված կասկածները մեկնաբանվում են ի օգուտ կասկածյալի կամ մեղադրյալի, հետևաբար` Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հովածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:

(...)

Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրավացիորեն հանգել է հետևության, որ Սեյրան Այվազյանի մոտ հայտնաբերված «Մարիխունա» տեսակի թմրամիջոցը զգալի չափերի չէ, իսկ հայտնաբերված դանակները և բժշկական նշտարը իրենից սառը զենք չի ներկայացնում, հետևաբար` Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հանցակազմը:

Հետևաբար վիճարկվող որոշումները կայացվել են նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում են քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից:

Բողոքաբերի պատճառաբանություններն այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից չեն ձեռնարկվել բոլոր միջոցները` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, նախաքննության ընթացքում չեն պարզվել գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ` անհիմն են, իսկ որոշման մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ քննիչի գնահատականների հետ բողոքաբերի` համամիտ չլինելը կամ բողոքաբերի սուբյեկտիվ կարծիքը` վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ քննություն չկատարելու, մի շարք հարցեր քննության առարկա չդարձնելու մասին, բավարար չեն` քննիչի վիճելի որոշման հետևանքով իրավունքների խախտում արձանագրելու համար:

Հաշվի առնելով, որ բողոքարկվող որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, դրանցով անձի իրավունքների կամ ազատությունների` խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, վարույթն իրականացնող մարմնի գործողությունների և որոշումների օրինականության ստուգման ընթացակարգերը և ժամկետները պահպանվել են` դատարանը գտնում է, որ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման:

Բացի այդ՝ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) և ընդհանրապես վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է` դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար (...)»5։

18. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում վերլուծելով գործի փաստական տվյալները, հանգել է իրավաչափ և հիմնավոր հետևության, որի հետ չհամաձայնելու հիմքեր, ըստ էության, առկա չեն:

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Ս.Այվազյանի և նրա ներկայացուցչի իրավունքների խախտում կամ անհամաչափ սահմանափակում թույլ չի տրվել, իսկ վերաքննիչ բողոքի հիմնավորումներն առարկայազուրկ են և տվյալ դեպքում վիճարկվող որոշումը բեկանելու հիմք չեն կարող հանդիսանալ։
Բացի այդ, դիմողի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել որևէ իրավաչափ հիմք արձանագրելու, որ քննիչի՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացելու մասին որոշմամբ թույլ է տրվել Ս.Այվազյանի և նրա ներկայացուցչի իրավունքների և ազատությունների խախտում կամ անհամաչափ սահմանափակում: Վարույթն իրականացնող մարմինը, պատշաճ ընթացակարգի շրջանակներում գնահատելով սույն գործով ձեռք բերված փաստական տվյալները, հանգել է իրավաչափ հետևության Ս.Այվազյանի արարքում հանցակազմի բացակայության վերաբերյալ (...)»6։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

19. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների այն հետևությունը, որ համապատասխան եզրակացության բացակայության փաստը, որպես չփարատված կասկած, կարող է բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ անձը քրեական օրենքով արգելված արարք կատարելիս գտնվել է անմեղսունակության վիճակում:

20. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին»:

20.1. Վճռաբեկ դատարանը Ներսես Միսակյանի վերաբերյալ որոշմամբ դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (…)»7:

21. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հասել է սույն օրենսգրքով սահմանված տարիքի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`

(…)

2) հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք` դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը (…)»:

21.1. Վճռաբեկ դատարանը մեղսունակության (անմեղսունակության) հատկանիշները մեկնաբանել է իր նախադեպային իրավունքի շրջանակներում8։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով կանխավարկածների էությանը, Վճռաբեկ դատարանը նշել է, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը9։

22. Վճռաբեկ դատարանը, քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում արձանագրել, որ թեև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավանորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ մեղսունակության կանխավարկածի նշանակությունը կայանում է նրանում, որ վարույթն իրականացնող մարմինը հարկադրված չլինի ապացուցել ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունը յուրաքանչյուր քրեական վարույթով, այդ թվում նաև այն դեպքերում, երբ կոնկրետ քրեական վարույթում առկա չլինի ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունը կասկածի տակ դնող որևէ փաստական տվյալ։ Այլ կերպ, մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անմեղսունակության վիճակի հաստատումը ոչ այլ ինչ է, քան մեղսունակության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անմեղսունակությունը հաստատված համարելու համար բավարար ապացույցների բացակայությունը նշանակում է, որ մեղսունակության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության։

Վճռաբեկ դատարանը, մեղսունակության կանխավարկածի բուն էությունը սահմանելու հետ մեկտեղ, հարկ է համարում անդրադառնալ նաև այդ կանխավարկածի հաղթահարման համար անհրաժեշտ դատավարական պահանջներին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը՝ որպես հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով դեպքի պահին իր գործողությունների (անգործության) բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու՝ մեղադրյալի ունակ չլինելը հաստատելու համար, պարտադիր նախապայման է դիտարկում դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը նախապես ստանալը և հետազոտելը։

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացության համաձայն՝ Ս.Այվազյանը տառապել է «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, սակայն ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում (վերջին գրառումներն ամբուլատոր քարտում կատարված են 2003 թվական, 2004 թվական) բավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ՝ ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ դեպքի օրը, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին հնարավոր չի եղել պատասխանել10:

- Վարույթն իրականացնող մարմինը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Ս.Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Ս.Այվազյանի մեղսունակ լինելու հանգամանքը, որի պայմաններում հնարավոր չէ փաստել Ս.Այվազյանին վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի սուբյեկտ լինելու հանգամանքը, քանի որ չփարատված կասկածները մեկնաբանվում են ի օգուտ կասկածյալի կամ մեղադրյալի11:

- Դատախազ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժվել է12:

- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող որոշումները կայացվել են նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում են քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից13:

- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում վերլուծելով գործի փաստական տվյալները, հանգել է իրավաչափ և հիմնավոր հետևության, որի հետ չհամաձայնելու հիմքեր, ըստ էության, առկա չեն14:

24. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-22-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, անտեսելով, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, հաստատված է համարել ենթադրյալ արարքները կատարելու պահին Սեյրան Այվազյանի անմեղսունակության վիճակում գտնվելը՝ չունենալով անմեղսունակությունը հաստատող բավարար ապացույցներ։

Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը, չփարատված կասկածներն ի օգուտ կասկածյալի կամ մեղադրյալի մեկնաբանելու կանոնով առաջնորդվելով, չապացուցված մեղսունակությունը դիտարկել է որպես ապացուցված անմեղսունակություն։ Մինչդեռ, ինչպես արդեն նշվել է, քրեական դատավարության ընթացքում գործում է հակառակ կանոնը. չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության։

Ինչ վերաբերում է գործով ստացված՝ Ս.Այվազյանի վերաբերյալ ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացությանը, ապա դրանով չի հաստատվում անձի անմեղսունակության վիճակում լինելը, քանզի այն միայն պարունակում է նշում առ այն, որ վերջինս տառապել է «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, սակայն ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում բավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ՝ ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ դեպքի օրը, իսկ ամբուլատոր քարտում վերջին գրառումները կատարված են 2003-2004 թվականներին, մինչդեռ ենթադրյալ արարքները կատարվել են 2006 թվականին, և չկա որևէ տվյալ այդ ժամանակահատվածում Ս.Այվազյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, վերը նշված եզրակացությունում բացակայում է անմեղսունակության իրավաբանական չափանիշի վերաբերյալ որևէ եզրահանգում:

24.1. Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Սեյրան Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելիս, նախաքննության մարմինը հիմնավորված է համարել Ս.Այվազյանի կողմից Երվանդ Պետրոսյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված), Հռիփսիմե Չոբանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաս), ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ Վահան Բոշյանի նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս), Հայկազ Գևորգյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մաս), իր տանն ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի մարտական նռնակ պահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս) հանգամանքները՝ այդպիսով արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշման մեջ տալով ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել15:

24.2. Արդյունքում, անձը զրկվել է արդար դատաքննության իրավունքից և խախտվել է նրա անմեղության կանխավարկածը:

25. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով Սեյրան Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելով՝ ենթադրյալ արարքները կատարելու պահին նրա անմեղսունակության վիճակում գտնվելու պատճառաբանությամբ, հանգել է ոչ իրավաչափ հետևության։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ համապատասխան եզրակացության բացակայության փաստը, որպես չփարատված կասկած, կարող է բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ անձը քրեական օրենքով արգելված արարք կատարելիս գտնվել է անմեղսունակության վիճակում, իրավաչափ չէ:

26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու, Առաջին ատյանի դատարան ներկայացված՝ դիմող Սիլվարդ Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը բավարարելու և դիմողի իրավունքների` սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշումները բեկանել ու փոփոխել:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ դիմող Սիլվարդ Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը բավարարել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմողի իրավունքների` սույն որոշմամբ արձանագրված խախտումները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_______________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս թիվ 55200706 քրեական գործի նյութեր, հատոր 4, թերթեր 116-120:

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 21-36:

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 15-20:

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 79-104։

6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 117-126։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Շուքուրյանի գործով 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 18-րդ կետը, Արա Շուշանյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0030/01/15 որոշումը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 30-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը:

15 Տե՛ս, mutatuis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴՈ-871 որոշումը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան