ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35035/02/21 | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35035/02/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ա. Բարսեղյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի ապրիլի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Սառա Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքների ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Սառա Հարությունյանից բռնագանձել 170.000 ՀՀ դրամ, նշված գումարի վրա հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Ուլիխանյան) (այսուհետ՝ Դատարան) 01.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.03.2022 թվականին որոշել է «վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի անունից և պատասխանողի անունից ներկայացված միջնորդությունները մերժել: Թիվ ԵԴ/35035/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ընկերության ընդդեմ Սառա Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի վճռի դեմ հայցվորի և պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքների ընդունումը մերժել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արմեն Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ և 362-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը դատական ակտի հրապարակման օր է նշանակել 01.12.2021 թվականը, այն փոստային ծառայությանն է հանձնվել 09.02.2022 թվականին, որը ներկայացուցչի հասցեով ստացվել է միայն 10.02.2022 թվականին: Ընդ որում, 01.12.2021 թվականի դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 24.01.2022 թվականին։ Դատավարության որևէ կողմ չունի պարտավորություն ամենօրյա ռեժիմով հետևելու, թե դատական ակտը երբ է հրապարակվել պաշտոնական կայքում։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական ակտը հասանելի լինելու պահից է հնարավոր եղել վերաքննիչ բողոք ներկայացնել:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանափակվել է հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, ինչի հետևանքով խախտվել են արդար դատաքննության և դատարանի մատչելիության սկզբունքները:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 368-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորը վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց դատարան է ներկայացրել «Բանկ հաճախորդ» համակարգի միջոցով կատարված էլեկտրոնային վճարահաշվարկային փաստաթղթի արտատպված օրինակը, որում առկա են հանձնարարականին ներկայացվող բոլոր վավերապայմանները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն՝ կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ՝
- դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտը չի հրապարակել սահմանված ժամկետում, իսկ գործում բացակայում են դատարանի կողմից դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձին ուղարկելու կամ մինչ այդ այն առձեռն նրան հանձնած լինելու ապացույցները` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, ինչպես նաև
- էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը թղթային տարբերակով ներկայացնելիս դրա վավերապայմաններին և լրացման կանոններին` կրկին վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները։
1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:
Նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 179-րդ հոդվածը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ] գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:
Բացի այդ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, 26.08.2021 թվականին որոշում կայացնելով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նաև 298-րդ հոդվածի վկայակոչմամբ դրանում որպես դատական ակտի հրապարակման ժամանակ է նշել 01.12.2021 թվականը` որպես հրապարակման միջոց նշելով ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքը (գ.թ. 23): Այդ որոշումն ուղարկվել է նաև գործին մասնակցող անձ Ընկերությանը, որը վերջինս ստացել է 15.09.2021 թվականին (գ.թ. 24, 25):
Դատարանի 01.12.2021 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 24.01.2022 թվականին (հիմք` «www.court.am» ինտերնետային կայքը):
Գործում առկա է Դատարանի գրությունը` վճիռն Ընկերությանն ուղարկելու մասին (գ.թ. 48), մինչդեռ գործում առկա չեն այդ առաքանին փոստային ծառայությանը հանձնված լինելու, ինչպես նաև Դատարանի 01.12.2021 թվականի ամսաթվով վճիռն Ընկերության կողմից ստացված լինելու վերաբերյալ ապացույցներ:
Ընկերությունը ներկայացուցչի միջոցով Դատարանի 01.12.2022 թվականի ամսաթվով վճռի դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 01.03.2022 թվականին` միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռը կայացվել է 01․12․2021 թվականին, այն իրեն ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն է հանձնվել 09.02.2022 թվականին, իսկ Ընկերության ներկայացուցչի հասցեով ստացվել է միայն 10.02.2022 թվականին (գ.թ. 60-75):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 24.01.2022թ., ուստի դրա բողոքարկման ժամկետի ընթացքն օրենքի ուժով սկսվել է 25.01.2022թ. և ավարտվել է 15.02.2022թ., որպիսի պարագայում այն կարող էր բողոքարկվել մինչև 15.02.2022թ. ներառյալ` անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից»,
- «միջնորդությունների հեղինակները չեն վկայակոչել Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակված չլինելու կամ 2022թ. հունվարի 24-ից ավելի ուշ հրապարակված լինելու, դատական իշխանության պաշտոնական կայքի հասանելիության հետ կապված ինչ-ինչ խնդիրներ ունեցած լինելու կամ այլ փաստեր, որպիսիք կարող էին ողջամտորեն գնահատվել որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողման հարգելի պատճառներ, իսկ միջնորդություններում վկայակոչած փաստերն ինքնին բավարար չեն այն եզրակացության հանգելու համար, թե բողոք բերած անձինք իրենցից անկախ պատճառներով զրկված են եղել Վճիռը սահմանված ժամկետում բողոքարկելու հնարավորությունից»,
գտել է, որ «Վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերած անձանց անունից ներկայացված միջնորդությունները զուրկ են դատավարական ժամկետի բացթողման որևէ հարգելի պատճառի վկայակոչումից, հիմնավորված չեն և ենթակա են մերժման»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում Դատարանը պատշաճ չի իրականացրել ինչպես դատական ակտի հրապարակման, այնպես էլ այն գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու իր պարտականությունը: Այսպես`
Դատարանը, կայացնելով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի պահպանմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 01.12.2021 թվականը, մինչդեռ վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է միայն 24.01.2022 թվականին:
Բացի այդ, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ Դատարանի վճիռն Ընկերությանն ուղարկելու համար գրությունը գործում առկա է, սակայն գործում բացակայում է վերը նշված վճռի օրինակն Ընկերությանը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկված լինելու փաստը հավաստող ապացույցը (մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրան): Գործում բացակայում է նաև Ընկերության կողմից այդ վճիռն ստացված լինելու վերաբերյալ ապացույցը։
Ընկերությունը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, նշել է, որ վճիռն Ընկերության ներկայացուցչի կողմից ստացվել է միայն 10․02․2022 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը վերջինիս ներկայացուցիչն առձեռն ներկայացրել է 01.03.2022 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` միաժամանակ հարուցելով վերը նշված միջնորդությունը:
Վերոգրյալ հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից` հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հետևաբար Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերը նշված հիմքով Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Ընկերության ներկայացուցչի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարան դիմելու իրավունքը, սակայն բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների և վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հաշվարկների վերջնականության կանոնները:
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «ժգ», «ժդ» կետերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`
ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:
Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.
գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.
ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.
ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.
ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրավական ռեժիմը և վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման գործարքի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը` պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (…)։
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականների, դրանք չեղյալ համարելու հանձնարարականների և տեղեկացումների վավերապայմանները:
««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները և դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ նույն կարգով սահմանված պահանջները տարածվում և կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձևավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը`
ա. Վճարման հանձնարարական, (…)։
Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նաև` հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի և այլնի միջոցով), ինչպես նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ:
Հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետևյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ.
1) էլեկտրոնային եղանակով` հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին,
3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:
Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
Ա. Բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, կամ
բ. Սոցիալական բնույթ ունեցող վճար, եթե վճարվում է սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում, կամ
գ. Ապրանքի կամ ծառայության դիմաց վճար, կամ
դ. Ֆինանսական կազմակերպության նկատմամբ մարվող պարտավորություն, կամ
ե. Վարկի մարում, կամ
զ. Կանխիկի մուտքագրում, կամ
է. Կանխիկի ելքագրում, կամ
ը. Փոխանցում և այլն:
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
Ա. Թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,
բ. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով,
(…),
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
Հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Ըստ հավելվածի նշված կետի նախատեսվել են «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմանները, որտեղ ի թիվս այլնի, մասնավորապես 25-րդ կետում նշվել է, որ վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր է վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ վերոգրյալ հոդվածների վերլուծության արդյունքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գործում է վճարահաշվարկային համակարգը, որն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Ընդ որում, վճարումը, որպես դրամական պարտավորության կատարում, իրականացվում է համապատասխան միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
Միաժամանակ օրենսդիրը վերը նշված օրենքով սահմանել է վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը` մասնավորապես նշելով, որ այն ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ: Վճարահաշվարկային համակարգի միջոցով անձն իրավասություն է ստանում կատարելու համապատասխան վճարումներ, ի հավաստում որի` տրամադրվում է համապատասխան վճարահաշվարկային փաստաթուղթ (օրինակ՝ վճարման հանձնարարական, վճարման պահանջագիր և այլն): Ընդ որում, վճարահաշվարկային փաստաթուղթը կարող է լինել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային: Միաժամանակ օրենսդիրը «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքով սահմանել է նաև վճարման հանձնարարականի, որպես վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը, որի համաձայն՝ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար: (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանի թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 01.03.2022 թվականին Դատարանի 01.12.2021 թվականի ամսաթվով վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կից որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 5․400 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար վճարելու փաստը հավաստող ապացույց ներկայացնելով «Վճարման հանձնարարական 220228169466015-6-50969720» վերտառությամբ փաստաթուղթը (գ.թ. 75):
Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ՝
- «Ի խախտումն Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի, հայցվորի անունից ներկայացված բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող որևէ թույլատրելի ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն»,
- «Ինչ վերաբերում է 28.02.2022թ. թիվ 220228169466015-6-50969720 վճարման հանձնարարականին, որը կցվել է հայցվորի վերաքննիչ բողոքին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող համարվել թույլատրելի ապացույց` հետևյալ պատճառաբանությամբ (…)»,
- «պետական տուրքի վճարման փաստն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի ուժով չի կարող հաստատվել որևէ այլ ապացույցով, քան Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով առանց վերապահումների նախատեսված որոշակի ապացույցներն են` համապատասխան վճարային փաստաթղթի բնօրինակը կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված` պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը»,
- «Հայցվորի բողոքին կցված` 28.02.2022թ. թիվ 220228169466015-6-50969720 վճարման հանձնարարականը չի կարող Վերաքննիչ դատարանի կողմից ընկալվել որպես «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ»` Օրենսգրքի համապատասխան նորմերի իմաստով: Դրանում առկա չէ «Ստորագրություն 1» կամ «Ստորագրություն 2» բառերին հաջորդող (դրանց վերաբերելի) որևէ ստորագրություն, վճարողի ստորագրությունը, բանկի` գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող որևէ տվյալ և (կամ) համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող որևէ ծածկագիր, ինչպես նաև պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարում կատարված լինելու մասին վկայող որևէ գրառում, ուստի դա չի կարող Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել ո՛չ որպես թղթային, ո՛չ էլ որպես էլեկտրոնային եղանակով ներկայացված թույլատրելի ապացույց: Բանն այն է, որ վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր են վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում»,
գտել է, որ «Վերը նկարագրված խախտումն Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք է հայցվորի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար»:
Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով գործում առկա՝ վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագիրը, փաստում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով՝ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Կենտրոնական մասնաճյուղի «Բանկ հաճախորդ» համակարգով, իսկ վճարումը հավաստող ապացույցը՝ վճարման հանձնարարականը, Վերաքննիչ դատարան է ներկայացվել թղթային տարբերակով: Մինչդեռ ներկայացված վճարման հանձնարարականը վճարահաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու համար սահմանված վավերապայմաններին համապատասխանում է մասնակիորեն, մասնավորապես՝ դրանում առկա են փաստաթղթի համարը՝ «220228169466015-6-50969720», վճարման օրը, ամիսը, տարին՝ «28/02/2022», վճարողի հաշիվը՝ «11815000632800», վճարողի բանկի անվանումը՝ ««ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Կենտրոնական մասնաճյուղ», վճարողի անվանումը՝ ««Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ», վճարողի հարկային կոդը՝ «02574465», ստացողի հաշիվը՝ «900005016010», վճարված գումարի չափը՝ «5․400», արժույթը՝ «AMD», վճարման նպատակը՝ «պետական տուրք», սակայն դրանում բացակայում է հաճախորդի, տվյալ դեպքում` իրավաբանական անձ հանդիսացող Ընկերության իրավասու անձի ստորագրությունը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասում նշված լիազորության կիրառմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Վերաքննիչ դատարանի 31․03․2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը մասնակիորեն` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումն այդ հիմքով մերժելու մասով, վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը մասնակիորեն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումն այդ հիմքով մերժելու մասով, վերացնել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. Բարսեղյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: