Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.07.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

ԿԴ/0082/12/22

նախագահող դատավոր`

 Գ. Մարգարյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝  ԼԱբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

19 հուլիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Տիգրան Հրանտի Խանդիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով Տ.Խանդիլյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Տ.Խանդիլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ հաշվակցելով կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը՝ Տ.Խանդիլյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ դատապարտյալ Տ.Խանդիլյանի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված արարքը համապատասխանեցվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 335-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված արարքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասին, իսկ դատապարտյալ Տ.Խանդիլյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցնելու մասին, մերժվել է:

2 ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել դատապարտյալ Տիգրան Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, ու նույն թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագիր է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ դատապարտյալ Տ.Խանդիլյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց։

3 Դատախազ Ա.Խաչատրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը՝ թողել անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ժամկետների հաշվարկի առումով տեղի ունեցած փոփոխությունը, թեև Տ.Խանդիլյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենք է (ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, երբ նա պետք է կրեր նշանակված պատժի կեսը, ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված է նշանակված պատժի մեկ երրորդը կրելու պահանջ), սակայն այդ դրույթին հետադարձ ուժ տալու մասին իրավակարգավորում առկա չէ։

Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրմանն առնչվող իրավահարաբերությունների կարգավորումն ընդգրկված է քրեական, այլ ոչ թե քրեակատարողական օրենսդրության տիրույթում։

6. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ ուղղվելու համար ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը դատապարտյալ Տ.Խանդիլյանի կողմից կրելու կարիք չունենալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցված չեն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության և համակցության մեջ գնահատման վրա։

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Տ.Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելով։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Ազատազրկման կատարումն ապահովելու համար ՏԽանդիլյանը 2022 թվականի հունվարի 20-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ1։

9 Առաջին ատյանի դատարանը, ՏԽանդիլյանին ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով, իր դատական ակտում արձանագրել է, որ. «(…) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկման ներկայացնելու օրվա դրությամբ Տիգրան Հրանտի Խանդիլյանը կրել է նշանակված պատժի օրենքով սահմանված մասը (…)»2:

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը «(…) Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, որ Տ.Խանդիլյանը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին՝ փաստացի կրած չլինելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված պատժաչափի կեսը, իսկ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը Տ.Խանդիլյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն է, Վերաքննիչ դատարանը փաստելով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, արձանագրում է, որ Տ.Խանդիլյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը սույն դեպքում կարգավորվում է վերջինիս պատժի կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, իսկ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը չի հանդիսանում անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, քանի որ դրանով ոչ թե փոխվում է անձի վիճակը, այլ կարգավորվում են պատժի կատարման հետ կապված իրավահարաբերությունները։ Հետևաբար այս մասով Բողոքաբերի պնդումները ևս հիմնավոր չեն (…)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ դատապարտյալ ՏԽանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով։

12. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից (…)»։

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

(…)

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝

1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը (…)»։

13 ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել4։

14 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- միջին ծանրության և ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված ՏԽանդիլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր ժամկետով5,

- ազատազրկման կատարումն ապահովելու համար ՏԽանդիլյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի հունվարի 20-ին6,

- 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ Տ.Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան7,

- Առաջին ատյանի դատարանը, դատապարտյալ ՏԽանդիլյանին ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով, արձանագրել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկման ներկայացնելու օրվա դրությամբ Տ.Խանդիլյանը կրել է նշանակված պատժի՝ օրենքով սահմանված մասը8,

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Տ.Խանդիլյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կարգավորվում է վերջինիս պատժի կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը չի հանդիսանում անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, քանի որ դրանով ոչ թե փոխվում է անձի վիճակը, այլ կարգավորում են պատժի կատարման հետ կապված իրավահարաբերությունները9։

15 Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն փաստարկմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ ՏԽանդիլյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։

Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած ՏԽանդիլյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ։

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ ՏԽանդիլյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Տ.Խանդիլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր, այնուհետև՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հունվարի 20-ին ՏԽանդիլյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և 2022 թվականի դեկտեմբերի 21-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Տ.Խանդիլյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 28 (քսանութ) օրը, որից 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը կրել է կալանքի տեսքով, իսկ 11 (տասնմեկ) ամիս 1 (մեկ) օրն օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում10։

Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված Տ.Խանդիլյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ, իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժից կրել է 1 (մեկ) տարի 28 (քսանութ) օրը, հետևաբար Տ.Խանդիլյանը փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման կեսը։

151 Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Տ.Խանդիլյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կարգավորվում է վերջինիս պատժի կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով քրեաիրավական այլ հետևանքների որոշումը ևս պայմանավորվում է արարքի կատարման պահով։ Այլ կերպ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պարտավորեցնում է քրեաիրավական այլ հետևանքները որոշելիս որպես ելակետ ընդունել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը: Ուստի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի գործադրման համար պարտադիր պայման հանդիսացող՝ պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետների որոշումը, նույնպես պայմանավորվում է արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ11։

 

16 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումները բեկանելու և դատապարտյալ Տիգրան Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժելու համար:

Նման պայմաններում, բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալը Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատապարտյալ Տիգրան Հրանտի Խանդիլյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումները բեկանել և ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

______________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 16:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 58-66:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-46:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի վարույթով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի վարույթով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշման 15-րդ կետը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան