Գլխավոր տեղեկություն
Համար
N 1729-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1729-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13․1-ին, 13․2-րդ, 13․3-րդ և 13․4-րդ կետերով․

«13․1․ Քաղաքաշինական փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը տրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության առկայությամբ՝ բացառությամբ սույն կարգի 13․2-րդ կետով նախատեսված դեպքի։

13․2․ Գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին և պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում կամ միևնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցման, գոյություն ունեցող դպրոցի (կրթահամալիրի) կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցման կամ հիմնանորոգման ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը կարող է տրվել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը:

13․3․ Սույն կարգի 13․2-րդ կետում նշված դեպքում քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա իրավասու մարմնի որոշմամբ կառուցապատողին տրամադրվում է շինարարության թույլտվություն։ Իրավասու մարմնի որոշմամբ սահմանվում է, որ շինարարության թույլտվությունն ուժի մեջ է մտնում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացության տրամադրմանը հաջորդող օրվանից։

13․4․ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն հայցողի կողմից սույն կարգի 13․3-րդ կետով նախատեսված իրավասու մարմնի որոշումն ստանալու պահից 6-ամսյա ժամկետում նշված դրական եզրակացությունն իրավասու մարմնին չտրամադրելու դեպքում վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում անվավեր է ճանաչում սույն կարգի 13․3-րդ կետով նախատեսված որոշումը և դրա մասին անմիջապես տեղեկացնում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին՝ տրամադրելով սույն կարգի 13․3-րդ կետով նախատեսված որոշումն անվավեր ճանաչելու մասին որոշումը (այսուհետ՝ տեղեկություն)։ Տեղեկությունն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն անվավեր է ճանաչում ճարտարապետաշինարարական նախագծի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան