Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/11081/05/21
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11081/05/21

 

Նախագահող դատավոր՝  Ս. Հովակիմյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Կ Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Գագիկ Վարդանյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Առաքելյանին «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներ)ից և 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:» բովանդակությամբ տեղեկատվություն տրամադրելուն (հնարավոր է նաև` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով) պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Վարդանյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ Կոմիտեին իրեն կամ իր ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Առաքելյանին տրամադրել տեղեկատվություն (հնարավոր է նաև` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով) «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներ)ից և 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:» բովանդակությամբ։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 25.07.2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Վարդանյանի ընդդեմ Կոմիտեի` Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ փաստաբան Գրիգոր Առաքելյանին «Միաժամանակ հայտնում ենք, որ նշված կադաստրային գործում հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթեր կամ դրանց մասին տեղեկություններ առկա չեն» բովանդակությամբ տեղեկություն տրամադրելուն (հնարավոր է նաև` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով) պարտավորեցնելու պահանջի մասով, կարճվել է:

Դատարանի 25.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է` պարտավորեցվել է Կոմիտեին` Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ փաստաբան Գրիգոր Առաքելյանին տրամադրելու տեղեկատվություն (հնարավոր է նաև` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով) հետևյալ բովանդակությամբ. «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների` հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներ)ից և 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:»:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Դավիթ Ղարիբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Վարդանյանը (ներկայացուցիչ` Գրիգոր Առաքելյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 32-րդ հոդվածները, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածները, կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 20-րդ հոդվածները, որոնք սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածը, 32-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշման դրույթները, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է կիրառել Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 08.08.1951 թվականի «Երևան քաղաքում անհատական կառուցվածքների վերահաշվառման և վերագրանցման մասին» թիվ 15/786 արձանագրության (որը հանդիսանում է ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտ) դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Инвентарная карточка на домовладение» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթը (որը հայցվորի կողմից ներկայացված դիմումներում և հայցադիմումում հիշատակվում է որպես 12.07.1955 թվականի ինվենտարի քարտ) անշարժ գույքի գույքագրման փաստաթուղթ՝ հետևապես և անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթուղթ չի հանդիսանում: Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործի նյութերում լինում են փաստաթղթեր, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր տեղեկություններ, սակայն դրանք անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր չեն հանդիսանում որևէ իրավունքի սուբյեկտի համար:

Միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրվում են գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկությունների վերաբերյալ կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձևով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում վարչական մարմինը գործել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան և հայցվող տեղեկատվությունը տրվել է պատճենի ձևով, որպիսի փաստը սույն վարչական գործի շրջանակներում գործի քննության ընթացքում հայցվորի կողմից չի հերքվել, և վերջինս հաստատել է, որ հայցվող տեղեկատվության կրիչը պատճենի ձևով տրամադրվել է վերջինիս:

Հայցվորը սույն վարչական գործով պահանջ է ներկայացրել պարտավորեցնելու Կադաստրի կոմիտեին տրամադրելու տեղեկանք՝ իր կողմից նախընտրած և նշված բովանդակությամբ, և Դատարանը հայցը բավարարել է՝ անտեսելով ՀՀ օրենսդրությունը, քանի որ որևէ իրավական ակտով նախատեսված չէ, որ Դատարանն իրավասու է պարտավորեցնելու վարչական մարմնին տրամադրելու հստակ Դատարանի կողմից նշված բովանդակությամբ տեղեկանք՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կոմիտեի կողմից նախկինում տրված տեղեկանքների հետ կապված գործողությունները որևէ դատական ակտով ոչ իրավաչափ չեն ճանաչվել: Այլ կերպ ասած՝ ստացվում է մի իրավիճակ, երբ տեղեկատվություն տնօրինողը հայցվող տեղեկատվության կրիչը՝ պատճենի ձևով տրամադրել է հարցումը ներկայացրած անձին, որը նշանակում է, որ տեղեկատվությունն ամբողջությամբ սկզբնական կրիչի տեսքով տրամադրվել է, սակայն այդուամենայնիվ Դատարանը պարտավորեցնում է վարչական մարմնին արդեն իսկ տրամադրված նյութական կրիչից տրամադրելու տեղեկանք Դատարանի կողմից սահմանված բովանդակությամբ՝ խախտելով նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:

Նկատի ունենալով, որ հայցվող տեղեկատվության նյութական կրիչը պատճենի ձևով արդեն իսկ տրամադրվել է հայցվորին, հայցվորը ծանոթացել է դրան և դեռ ավելին դրա վերաբերյալ ներկայացրել է իր փաստարկները և ընկալումները՝ Դատարանը պարտավոր էր փաստելու, որ այդ պայմաններում կողմերի միջև վեճը սպառվել է, հետևաբար՝ գործի վարույթը ենթակա է կարճման՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն փաստական հանգամանքը, որ «Инвентарная карточка на домовладение» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթն (որը հայցվորի կողմից ներկայացված դիմումներում և հայցադիմումում հիշատակվում է որպես 12.07.1955 թվականի ինվենտարի քարտ) չի հանդիսանում «տեղեկատվություն» «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով: «Инвентарная карточка на домовладение» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթը (որը հայցվորի կողմից ներկայացված դիմումներում և հայցադիմումում հիշատակվում է որպես 12.07.1955 թվականի ինվենտարի քարտ) տեղեկատվություն պարունակող նյութական կրիչ է, որը նախատեսված է եղել կոնկրետ նպատակով օգտագործելու համար:

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 08.08.1951 թվականի «Երևան քաղաքում անհատական կառուցվածքների վերահաշվառման և վերագրանցման մասին» թիվ 15/786 արձանագրության դրույթները, ինչպես նաև առհասարակ չի անդրադարձել որոշ ապացույցների։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը չի գնահատել Քաղաքային սովետի հանձնաժողովի 08.01.1953 թվականի թիվ 45 որոշմամբ հաստատված անկետան, չի գնահատել այն, որ Մոլոտովյան ռայոնի հանձնաժողովի 31.12.1952 թվականի թիվ 27 արձանագրությամբ վերը նշված կառույցները ճանաչվել են անօրինական, չի անդրադարձել այն փաստական հանգամանքին, որ «Инвентарная карточка на домовладение» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթը (որը դատարանը նշել է 12.07.1955 թվական), գույքի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթուղթ չի հանդիսանում և նախկինում փաստաթղթի կազմման պահին ևս նշված փաստաթուղթը գույքի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթուղթ չի հանդիսացել, այլ նշված փաստաթղթի կազմման ժամանակ գործող կարգավորումների համաձայն հանդիսացել է ինվենտարիզացիոն բյուրոյի համար ներքին ծառայողական փաստաթուղթ, որը հանդիսացել է քարտադարանի քարտ, որի օգնությամբ որոնվել են արխիվներում կադաստրային գործերը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել կամ վարչական գործի վարույթը կարճել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բողոք ներկայացրած անձի կողմից վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի նորմերի որևէ խախտում կամ սխալ կիրառում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել։ Ավելին հենց նշված իրավանորմերի վերլուծության և դրանք սույն վարչական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտված փաստերի հետ համադրության արդյունքում է դատարանն արձանագրել, որ պատասխանողի կողմից հայցվորին տրամադրված տեղեկատվությունը չի արտացոլում համապատասխան քարտում առկա տեղեկատվությունը, որպիսի պայմաններում արձանագրվել է, որ հայցվորին տեղեկատվությունը տիրապետողի կողմից տրամադրվել է ոչ հավաստի և ոչ ամբողջական տեղեկատվություն, այդպիսով մերժելով հայցվող տեղեկատվության տրամադրումը։ Հետևաբար Դատարանն իրավաչափորեն եզրահանգել է, որ հայցը ենթակա է բավարարման, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքային սովետի հանձնաժողովի 08.01.1953 թվականի թիվ 45 որոշմամբ հաստատված անկետայում ք. Երևան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի շինությունները հաշվառված են Աղավնի Ղարբուզյանի անվամբ, իսկ անկետայի «7.Հողամասը ինչ որոշման հիման վրա է տրված և նրա չափերը» բաժնում նշված է «ապօրինի է», ինչպես նաև առկա է գրառում, որ Մոլոտովյան ռայոնի հանձնաժողովի 31.12.1952 թվականի թիվ 27 արձանագրությամբ վերը նշված կառույցները ճանաչվել են անօրինական (հատոր 3-րդ, գ.թ. 85)

2) ք. Երևան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի հատակագծի համաձայն՝ նշված հասցեի շինությունները պատկանում են Աղավնի Ղարբուզյանին և հատակագծի վրա առկա է «Ապօրինի կառուցում» գրառմամբ դրոշմակնիք (հատոր 3-րդ, գ.թ. 73)

3) ք. Երևան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի շինությունը 06.05.1940 թվականին հաշվառվել է Աղավնի Ղարբուզյանի անվամբ, և տրվել է ապօրինի կառուցվածքի ինվենտարային քարտը և կից հատակագիծը, որոնց վրա առկա են «Ապօրինի կառուցում» գրառմամբ դրոշմակնիքներ (հատոր 3-րդ, գ.թ. 80-82)

4) կառուցվածքի թիվ 7352 ինվենտար քարտի համաձայն՝ քԵրևան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի 36,72քմ մակերեսով շինությունը 12.07.1953 (12.07.1955) թվականին հաշվառվել է Աղավնի Ղարբուզյանի անվամբ և նշված ինվենտար քարտի վրա առկա է «Ենթարկված է վերահաշվառման (․․․) որպես օրինական կառուցվածք» գրառմամբ դրոշմակնիք, մինչդեռ դրան կից «Տնամերձ հողամասի դասավորության» հատակագծում առկա է «Ենթարկված է վերահաշվառման (․․․) որպես անօրինական կառուցվածք» գրառմամբ դրոշմակնիք (հատոր 3-րդ, գ.թ. 91-93)

5) Մ. Գորկու փող48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում առկա ինվենտար քարտի տվյալների համաձայն` նշված հասցեի անշարժ գույքը 12.07.1953 (12.07.1955) թվականին հաշվառվել է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ՝ որպես սեփական: Նույն փաստաթղթում առկա է գրառում` «օրինական»: Որպես հաշվառված գույքի մակերես նշված է կառուցված շինություն` 56քմ, հողամաս՝ 56քմ և 58քմ, ընդհանուր՝ 114,0քմ (հատոր 1-ին, գթ 31, հատոր 3-րդ, գ.թ. 97)

6) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը 09.03.2021 թվականին դիմել է Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ՝ ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործն էլեկտրոնային տարբերակով տրամադրելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 91)

7) Կոմիտեի 11.03.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-11032021-01-0494 տեղեկանքի համաձայն՝ Գրիգոր Առաքելյանին տրամադրվել է ՀՀ, ք. Երևան, Քրիստափորի փող. թիվ 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի պատճենը՝ բաղկացած 58 էջից (հատոր 1-ին, գթ 95, հատոր 3-րդ, գ.թ. 99)

8) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը 22.03.2021 թվականին տեղեկատվություն տրամադրելու դիմում է ներկայացրել Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ՝ պահանջելով հայտնել, թե առկա է արդյոք ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 հասցեում գրանցված գույք, եթե՝ այո, ապա՝ ում անվամբ (հատոր 3-րդ, գ.թ. 100)

9) Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի 24.03.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-24032021-01-0385 տեղեկանքի համաձայն` ի պատասխան Գրիգոր Առաքելյանի 22/03/2021-1-0444 դիմումի` հայտնվել է, որ համաձայն կադաստրային գործի տվյալների` Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955 թվականի ինվենտարի քարտի, գույքագրվել է Աղավնի Ղարբուզյանի անվամբ (հատոր 3-րդ, գ.թ. 101)

10) Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ հասցեագրված 09.08.2021 թվականի դիմումով (մուտքագրվել է 11.08.2021 թվականին, անվիճելի փաստ է) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը պահանջել է համապատասխան գրությամբ հաստատել այն տեղեկատվությունը, որ համաձայն «ք.Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում առկա «12.07.1955 թվականի» ինվենտարի քարտի տվյալների՝ խնդրո առարկա գույքը, որպես օրինական գույք, սեփականության իրավունքով հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ։ Ներկայացված դիմումով միաժամանակ խնդրվել է հստակեցնել, թե ինչ գույքային միավորներից է բաղկացած եղել ք.Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքը՝ համաձայն վերոնշյալ ինվենտարի քարտի տվյալների, ինչպես նաև հայտնել, թե արդյոք կադաստրային գործում առկա են հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններ դրանց մասին։ Դիմումին կից ներկայացվել է նաև «12.07.1955 թվականի» ինվենտարի քարտի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 16)

11) ի պատասխան վերոգրյալ դիմումի՝ Կոմիտեի 13.08.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-13082021-01-0579 տեղեկանքով հայտնվել է հետևյալը. «(…) ք.Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 /Մ Գորկու 48/ հասցեի անշարժ գույքն, ըստ կադաստրային գործում առկա 12071955թ ինվենտարի քարտի հաշվառվել է Աղավնի Ղարբուզյան անվամբ, որպես անօրինական կառուցվածք։ Միաժամանակ հայտնում ենք, որ նշված կադաստրային գործում որևէ իրավահաստատող փաստաթուղթ առկա չէ» (հատոր 1-ին, գ.թ. 15)

12) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը ներկայացրել է վարչական բողոք և հայտնելով, որ ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեում գտնվող գույքային միավորների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցին չի պատասխանվել, խնդրել է վարչական վարույթի արդյունքում Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանին տրամադրել գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանք հետևյալ բովանդակությամբ «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 /Մ. Գորկու 48/ հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է (․․․) (հարկավոր է նշել գույքային միավորների անվանումները և մակերեսները)»։ Միաժամանակ հայտնվել է, որ նշված կադաստրային գործում հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթեր կամ դրանց մասին տեղեկություններ առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 17-18)

13) ի պատասխան վարչական բողոքի՝ Կոմիտեի ղեկավարի տեղակալը 09092021 թվականի թիվ ՆԱ/8162-2021 գրությամբ հայտնել է, որ «(․․․) քաղաք Երևան, Քրիստափորի փողոց, 48 հասցեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի կադաստրային գործում առկա նյութերից պարզվում է, որ ինվենտարիզացիայի ժամանակ Աղավնի Ղարբուզյանի անվամբ ինվենտարիզատորի կողմից կազմված անկետայում և հատակագծում /հաստատված՝ ինվենտարիզացիոն բյուրոյի կողմից/ նշված գույքը հաշվառվել է որպես անօրինական կառուցվածք: Հայտնում ենք նաև, որ կադաստրային գործում հողհատկացման վերաբերյալ հիմք հանդիսացող փաստաթղթեր առկա չեն: Ինչ վերաբերվում է Ձեր գրությամբ նշված 1955 թվականի հուլիսի 12-ի ինվենտարի քարտում առկա տվյալներին, տեղեկացնում ենք, որ դրանք հիմք չեն կառուցվածքը օրինական ճանաչելու համար, քանի որ օրինական լինելու փաստը հաստատվում էր ինվենտարիզատորի կողմից տրված անկետայով և դրանից հետո կազմված հատակագծով» (հատոր 1-ին, գ.թ. 19)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:

ԱյսպեսՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։

ՀՀ Սահմանադրության՝ «Տեղեկություններ ստանալու իրավունքը» վերտառությամբ 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

 ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսևորումներից մեկը` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման՝ մի կողմից յուրաքանչյուր անձ իրավունք ունի փնտրելու, ստանալու, տարածելու տեղեկություն, որպիսի իրավունքին մյուս կողմից համապատասխանում է պետության պարտականությունը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց (անգործություն դրսևորելուց), որոնք կարող են խոչընդոտել նշված իրավունքի իրացմանը, եթե սահմանափակումները նախատեսված չեն օրենքով, և դա անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեղեկությունը փնտրելն արտահայտվում է անհրաժեշտ տեղեկույթի ստացմանն ուղղված գործողությունների կատարմամբ: Տեղեկությունն ստանալը տեղեկույթի փոխանցման գործընթացն է, որի արդյունքում տեղեկություն հայցող սուբյեկտն օժտվում է այն օգտագործելու հնարավորությամբ, այսինքն՝ սկսում է տիրապետել տեղեկության բովանդակությունը: Տեղեկության տարածումը գործունեություն է` ուղղված տեղեկությունն անորոշ թվով անձանց հասանելի դարձնելուն (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության թիվ ՎԴ/0243/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30112018 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ տեղեկություն ստանալու իրավունքը պարտավորեցնում է կառավարությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց կամ անգործություն դրսևորելուց, որով կսահմանափակվի անձի՝ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը (տե՛ս, LEANDER v. SWEDEN գործով Եվրոպական դատարանի 26.03.1987 թվականի վճիռը, կետ 74):

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ անդամ պետությունները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է երաշխավորեն յուրաքանչյուրի իրավունքը ստանալ պետական փաստաթղթերը, որոնք պահպանվում են հանրային իշխանությունների կողմից (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետեր 145, 161, 162):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25.11.1981 թվականի թիվ NR(81)19 հանձնարարականի 1-5-րդ կետերով նախատեսված սկզբունքների համաձայն` անդամ պետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ պետական մարմինների տրամադրության տակ գտնվող հայցվող տեղեկությունը, բացառությամբ օրենսդիր և դատական իշխանության մարմինների: Տեղեկության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան արդյունավետ միջոցներ: Տեղեկության հասանելիությունը չի կարող մերժվել` պատրվակով, որ տեղեկություն հայցողը չունի հատուկ հետաքրքրություն տվյալ ոլորտում: Տեղեկության հասանելիությունը պետք է ապահովվի իրավահավասարության հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանը 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշմամբ արձանագրել է, որ տեղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Այն ունի ընդհանուր բնույթ, սահմանում է տեղեկատվության ոլորտում հիմնական սկզբունքները, տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումները, տեղեկություններ ստանալու հայտի ներկայացման կարգը և այլն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ և արդյունավետ իրականացումը: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է իրականացվել տարբեր եղանակներով: Մասնավորապես՝ կախված տեղեկության բովանդակությունից և նշանակությունից, այն կարող է հասու լինել կա՛մ որպես պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություն, կա՛մ որպես օրենքով նախատեսված կարգով տրամադրվող տեղեկություն:

ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է նաև, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում` կազմակերպություն, պետք է հնարավորություն ունենա իրավահավասարության պայմաններում պահանջելու կամ ծանոթանալու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկությանը, եթե նման տեղեկության տրամադրումը չի խախտում հանրային շահերի կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, նույն օրենքից և իրավական այլ ակտերից: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են նույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ մի կողմից յուրաքանչյուր անձ իրավունք ունի փնտրելու, ստանալու, տարածելու տեղեկություն, մյուս կողմից պետության պարտականությունն է ապահովել այդ իրավունքի արդյունավետ իրացումը։ Ըստ այդմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում ամրագրելով տեղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները՝ օրենսդիրն ապահովել է տեղեկություն փնտրելու, ստանալու և տարածելու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման լիարժեք հնարավորություն:

Մասնավորապես, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները։ Ըստ այդմ՝ տեղեկատվություն տնօրինողը տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք, տեղեկությունն անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ հարցումը տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով նույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումն է։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, ի թիվս այլնի, սահմանվել են ինչպես հարցումը ներկայացնելու և քննարկելու կարգը, պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու ժամկետները, այնպես էլ տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները։

Այսպես«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝

1) դա չի պարունակում նույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր տվյալները.

2) պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.

3) դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի։

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.

1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը՝ նույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը, ի թիվս այլնի, պարտավոր է նաև օրենքով սահմանված կարգով տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տրամադրվող տեղեկատվության հավաստի և ամբողջական լինելու օրենսդրական պահանջի սահմանումն ինքնանպատակ չէ։ Այն միտված է տեղեկություն ստանալու մարդու հիմնարար իրավունքի լիարժեք իրացման ապահովմանը՝ պարտավորեցնելով տեղեկատվությունը տնօրինողին դիմողին տրամադրել անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված՝ իրենց տրամադրության տակ առկա բոլոր տվյալները, ինչը տեղեկություն հայցող սուբյեկտին հնարավորություն կտա ամբողջությամբ տիրապետել տեղեկության բովանդակությանը և օգտագործել այն: Տեղեկատվության հավաստի և ամբողջական լինելու օրենսդրական պահանջի ամրագրումը բխում է նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի կանոնակարգումից, ըստ որի՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անձի հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի պաշտպանության տեսանկյունից ելակետային նշանակություն ունի տեղեկություն ստանալու մարդու հիմնարար իրավունքի իրացման իրական հնարավորության ապահովումը, իսկ այդ իրավունքի իրացման ապահովմանն ուղղված ցանկացած իմիտացիա անթույլատրելի է, հետևաբար ստանալով անձի՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող գրավոր կամ բանավոր դիմումը (հարցումը)՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված ժամկետում ու կարգով դիմողին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թերի, ոչ լրիվ կամ աղավաղված տեղեկություն տրամադրելը կարող է վկայել միայն տեղեկություն ստանալու մարդու հիմնարար իրավունքի իրացման ապահովման իմիտացիայի մասին, քանի որ այդ տեղեկության բովանդակության մասին հավաստի կամ ամբողջական տվյալներ չունենալու պատճառով տեղեկություն հայցող սուբյեկտը զրկվում է այն օգտագործելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակված լինելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք և կարևորելով տեղեկություններ ստանալու մարդու հիմնարար իրավունքի իրացման իրական և լիարժեք հնարավորությունը՝ օրենսդիրը տեղեկություն տրամադրելուց հրաժարվելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու համար նախատեսել է պատասխանատվություն։

Այսպես«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաև նույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է տեղեկություններ ստանալու անձանց հիմնարար իրավունքի իրացման լիարժեք հնարավորություն և վերջիններս իրենց փնտրած տեղեկությունը ստանալու նպատակով կարող են օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող գրավոր կամ բանավոր դիմում (հարցում) ներկայացնելու միջոցով տեղեկատվությունը տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններից ու դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և օրենքով սահմանված ժամկետում ու կարգով ստանալ տեղեկատվություն։ Ընդ որում, օրենքով երաշխավորված է նաև անձի՝ հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ուստի տեղեկատվություն հայցող անձի՝ տեղեկատվություն ստանալու մասին պահանջը բավարարված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ տեղեկատվությունը տնօրինողը դիմողին է տրամադրում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ հավաստի և ամբողջական տվյալներ։ Ընդ որում, օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար, ինչպես նաև փաստաթուղթը կամ տեղեկությունն ապօրինի ոչ լրիվ կամ աղավաղված տրամադրելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին կամ օրինական շահերին, սահմանված է ինչպես վարչական (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897-րդ հոդված), այնպես էլ քրեական պատասխանատվություն (մինչև 01072022 թվականը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդված, 01072022 թվականից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդված)։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տրամադրվող տեղեկատվության հավաստի և ամբողջական լինելու օրենսդրական պահանջը պահպանելու տեսանկյունից որոշիչ նշանակություն ունի գրավոր դիմումի (հարցման) մեջ տեղեկությունը հայցողի պահանջի հստակ (ոչ երկիմաստ կամ ոչ ամբողջական) ձևակերպված լինելը, որպիսի պարագայում միայն տեղեկատվության տնօրինողը կարող է կատարել տեղեկություններ փնտրող անձին հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն տրամադրելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեղեկություններ փնտրող անձը կարող է ակնկալել հավաստի և ամբողջական տեղեկատվության տրամադրում միայն այն պարագայում, եթե գրավոր դիմումով (հարցմամբ) ձևակերպված պահանջը բավարար չափով հստակ և հասկանալի է, թե անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ կոնկրետ ինչ տեղեկություն է հայցվում։ Ընդ որում, տեղեկություն հայցողը կարող է ակնկալել և ստանալ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ Այլ կերպ ասած՝ տեղեկություն հայցողը չի կարող ազդեցություն ունենալ հայցվող տեղեկատվության բովանդակության վրա, իսկ տեղեկություն տրամադրողը չի կարող կաշկանդված լինել ցանկալի բովանդակությամբ տեղեկատվություն տրամադրելու մասին դիմումում (հարցման մեջ) տեղեկատվություն հայցողի կողմից ձևակերպված պահանջով և յուրաքանչյուր դեպքում պարտավոր է տրամադրել անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ այն բոլոր տվյալները, որոնք ստացվել և ձևավորվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, գտնվում են իր տիրապետման տակ կամ բխում են իր տիրապետման տակ գտվող պաշտոնական փաստաթղթերի բովանդակությունից ու էությունից։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: (․․․) Ընդ որում հայցվորի (դիմողի) իրավական շահագրգռվածությունը պետք է առկա լինի ինչպես հայցի հարուցման, այնպես էլ վճռի կայացման պահին (տե՛ս, Վահագն Ղազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/2110/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթների բովանդակությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությամբ կամ անգործությամբ, մասնավորապես հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժելու, տեղեկատվություն տրամադրելու մասին դիմումն անպատասխան թողնելու կամ թերի, ոչ լրիվ կամ աղավաղված տեղեկություն տրամադրելու հետևանքով անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտված լինելու կամ հնարավոր խախտման դեպքում վերջինս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով դիմելու վարչական դատարան։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործողության կատարման հայցին, նշել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսևորել միայն այնպիսի վարքագիծ (թե´ ակտիվ, թե´ պասիվ), որը չդրսևորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Հետևաբար գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարել այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումի ընդունելիության փուլում վարչական դատարանը պարտավոր է պարզել, թե պահանջվող վարքագիծը վարչական մարմնի կողմից չդրսևորելը կարող է արդյո՞ք առերևույթ ոտնձգել վերջինիս իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես` վարչական դատարանը գործողության կատարման հայցադիմումի ընդունելիության փուլում պարտավոր է բացահայտել, թե հայցվորի կողմից ակնկալվող վարքագիծը կարող է արդյո՞ք. (ա) առերևույթ ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ (բ) առերևույթ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները (տե՛ս, Շուշանիկ Տրդատյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն՝ ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոհիշյալ եզրահանգումը բխում է ոչ միայն այն հանգամանքից, որ դատարանները վեճը լուծող մարմիններ են և շահագրգիռ սուբյեկտները կարող են դատական պաշտպանություն հայցել միայն վեճի առկայության դեպքում, որպիսին կարող է ի հայտ գալ համապատասխան դիմումը վարչական մարմնին ներկայացնելու փաստով ծագած իրավահարաբերությունների պարագայում, այլ նաև վերոհիշյալ եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 72-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, որոնցից բխում է, որ վարչադատավարական կարգով իրավունքների պաշտպանություն կարող են հայցել այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այլ կերպ ասած, քանի դեռ վարչական մարմնից չի հայցվել որևէ գործողության կատարում և վերջինս չի մերժել հայցվող գործողության կատարումը կամ չի դրսևորել անգործություն, անձի մոտ չի ծագում գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը (տե՛ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/6048/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ առաջնային նախապայմանն անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի առկայությունն է։ Անձի՝ դատական պաշտպանության դիմելու իրավունքը ծագում է վեճի առկայության դեպքում միայն։ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու անհրաժեշտ նախապայմանի բովանդակությանը, արձանագրել է «Վեճի առանցքային բաղադրիչը կողմերի միջև առկա տարաձայնությունն է, ինչը դրսևորվում է նրանում, որ մի կողմը՝ իր ակտիվ կամ պասիվ վարքագծով, չի ընդունում մյուս կողմի պահանջը։ Հանրային իրավահարաբերություններից ծագող վեճը ենթադրում է տարաձայնություն հանրային իշխանության և մասնավոր անձի միջև»։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «առանձին հայցատեսակների պարագայում մինչև ՀՀ վարչական դատարան դիմելը համապատասխան պահանջով սկզբնապես վարչական մարմին դիմելու (նաև մերժում ստանալու) պայմանի սահմանումն ինքնանպատակ չէ. նման պայմանի բավարարումն ուղղված է վեճի կամ վիճելի իրավահարաբերության «ձևավորմանը», քանի որ դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ է վարչական մարմնի անհամաձայնությունն անձի պահանջին» (տե´ս, Հմայակ Կյատիկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ անձն իրավասու է դիմելու վարչադատավարական կարգով իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, երբ վերջինիս այս կամ այն իրավունքի կամ պարտականության առնչությամբ հանրային իրավահարաբերության մասնակիցների՝ հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմնի և տվյալ մասնավոր անձի միջև առկա է տարաձայնություն։ Ընդ որում՝ այդ տարաձայնությունը կարող է դրսևորվել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ վարքագծի ձևով (տե´ս, Գուրգեն Դումանյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3148/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.12.2023 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ oրենսդիրն անձին իրավունք է վերապահել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված նախապայմանը, այն է՝ հայցվող գործողությունը կատարելու պահանջով վարչական մարմնին դիմած լինելու պարտադիր պահանջը, նպատակ է հետապնդում քննության առարկա դարձնել միայն այն հարցերը, որոնց առնչությամբ առկա է տարաձայնություն դատարան դիմող սուբյեկտի և վարչական մարմնի միջև: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նախքան դատարան հայց ներկայացնելը վարչական մարմնին դիմելու նախապայմանի սահմանումն ինքնանպատակ չէ, և անձը չի կարող ցանկացած պահանջով դիմել վարչական մարմնին, և այդ հիմքով հայց ներկայացնելու նախապայմանը համարել պահպանված:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու նախապայմանը կարող է պահպանված համարվել միայն այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և չհասնելով ակնկալվող արդյունքին՝ նույն պահանջով հայցում է դատական պաշտպանություն:

Հակառակ մեկնաբանման պարագայում, երբ անձը չի դիմել վարչական մարմնին կամ դիմել է դատարան ներկայացվող պահանջից բովանդակությամբ տարբերվող մեկ այլ պահանջով, ապա խոսք չի կարող լինել դատարան ներկայացվող վեճի առկայության մասին, քանի որ ստացվում է, որ դատարան ներկայացվող պահանջի առնչությամբ տարաձայնություն կողմերի միջև առկա չէ: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե բացառապես նույն ձևակերպմամբ ներկայացված պահանջին, այլ բովանդակությամբ համապատասխանող նույն պահանջին, որի վերաբերյալ վարչական մարմնի կայացրած որոշման կամ դրսևորած անգործության հիման վրա դատարանը հնարավորության կունենա պարզել անձի և վարչական մարմնի միջև առկա վեճի էությունը։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն պարագայում, երբ կողմերի միջև առկա չի լինի վեճ, անձի մոտ չի կարող ծագել գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, Տիգրան Ափոյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/11998/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի գործողություն կատարելու, այն է՝ ռեալ ակտ կայացնելու, մասնավորապես տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով գործողության կատարման հայց ներկայացնելու իրավունքն օրենսդիրը պայմանավորել է նախքան դատարան հայց ներկայացնելը համապատասխան պահանջով վարչական մարմնին դիմելու և վերջինիս կողմից այդ պահանջը մերժելու, դրա առնչությամբ անգործություն դրսևորելու, ինչպես նաև թերի, ոչ լրիվ կամ աղավաղված տեղեկություն տրամադրելու հանգամանքով։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Գագիկ Վարդանյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին տրամադրել տեղեկատվություն (հնարավոր է նաև` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով) «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներ)ից և 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:» բովանդակությամբ։

Դատարանի 25.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է` պարտավորեցվել է Կոմիտեին` Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ փաստաբան Գրիգոր Առաքելյանին տրամադրելու տեղեկատվություն (հնարավոր է նաև` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով) հետևյալ բովանդակությամբ. «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների` հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներ)ից և 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:»: Նշված եզրահանգումը Դատարանը պատճառաբանել է նրանով, որ «(․․․) հայցվորին տեղեկատվություն տիրապետողի կողմից տրամադրվել է ոչ հավաստի և ոչ ամբողջական տեղեկատվություն՝ այդպիսով մերժելով հայցվող տեղեկատվության տրամադրումը: Հետևաբար դատարանը գտնում է, որ պետք է պարտավորեցնել պատասխանողին հայցվորին տրամադրել կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ. «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 /Մ. Գորկու 48/ հասցեի անշարժ գույքն, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների՝ հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ՝ որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներ)ից և 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:»:
Ընդ որում, տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով (
․․․)»:

Վերաքննիչ դատարանը 26.10.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 25.07.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն հիմնավորումներով, որ «(․․․) Հայցվորի կողմից պահանջվող տեղեկատվությունը բովանդակային առումով բավարարում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով «տեղեկություն» հասկացության պահանջին, իսկ քանի որ այդ տեղեկությունը տիրապետում է Պատասխանողը, հետևապես նա էլ նույն օրենքի ուժով հանդիսանում է տեղեկատվության տնօրինողը, և ըստ այդմ` տեղեկատվության տնօրինողին առաջադրված պարտավորությունների կրողն է, ինչից հետևում է, որ այլ վարքագիծ, քան տեղեկատվությունը տրամադրելն է, Պատասխանողը չէր կարող դրսևորել, որպիսի եզրահանգմանն էլ իրավացիորեն եկել է Վարչական դատարանը։ (․․․)»։

 

Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում սույն գործով գործողության կատարման հայց ներկայացնելու համար, որպես առաջնային նախապայման, հայցվորը վկայակոչել է իր և Կոմիտեի միջև վեճի առկայությունը, ըստ էության, փաստարկելով իրենց միջև տարաձայնությունը՝ կապված հայցվող տեղեկատվությունը ոչ հավաստի և ոչ ամբողջական տրամադրված լինելու հարցի հետ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերի միջև տարաձայնությունը կայանում է նրանում, որ հայցվորի պնդմամբ Կոմիտեի կողմից իրեն տրամադրվել է ոչ հավաստի և ոչ ամբողջական տեղեկատվություն, իսկ Կոմիտեի պնդմամբ տեղեկատվությունը տրամադրվել է ամբողջական, որը հավաստի է և բխում է կադաստրային գործում առկա փաստաթղթերից։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև առաջացած վերը նշված տարաձայնության լուծումը պայմանավորված է այն հանգամանքով, թե Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ հասցեագրված 09.08.2021 թվականի դիմումով (մուտքագրվել է 11.08.2021 թվականին) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը կոնկրետ ինչ տեղեկատվություն է պահանջել։

Վարչական դատավարությունում ապացույցների գնահատման ու ապացուցման կանոնները սահմանված են հետևյալ նորմերով

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է նաև, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տե´ս, Խաչատուր Լազյանը և Արթուր Լազյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3786/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզելու համար դատարանը պետք է գրավոր ապացույցների հետազոտումն ու գնահատումն իրականացնի ոչ միայն առանձին-առանձին՝ դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով իբրև ինքնուրույն ապացույց, այլև այդ ապացույցներից յուրաքանչյուրի հետազոտման ու գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն ամբողջացնի գործում եղած բոլոր ապացույցների հետ համադրված վերլուծություն կատարելու և գնահատելու միջոցով (տե´ս, Արևիկ Ֆրանգուլյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4532/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.03.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն կատարել գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու օրենքով ամրագրված պարտականությունը։ Մասնավորապես, ստորադաս դատարանները չեն պարզել գործողության կատարման հայցով դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ առաջնային նախապայմանի, այն է՝ վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը, այսինքն՝ ռեալ ակտի ընդունումը վերջինիս կողմից մերժվելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Ստորադաս դատարանները պատշաճ գնահատական չեն տվել սույն գործի հարուցման համար որպես հայցվորի և Կոմիտեի միջև վեճի առկայությունը հիմնավորող ապացույց ներկայացված Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ հասցեագրված Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանի 09.08.2021 թվականի դիմումին (մուտքագրվել է 11.08.2021 թվականին), ինչի հետևանքով հաշվի չեն առել այն կարևոր հանգամանքը, որ վարչական մարմնին ուղղված դիմումով հայցվորը հայցել է, ըստ էության երեք գործողության կատարում՝

1) հաստատել ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքի կարգավիճակի և իրավատիրոջ մասին իր կողմից հայտնված տվյալները,

2) հստակեցնել, թե ինչ գույքային միավորներից է բաղկացած եղել ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքը՝ համաձայն վերոնշյալ ինվենտարի քարտի տվյալների,

3) հայտնել, թե արդյոք կադաստրային գործում առկա են հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններ դրանց մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ հասցեագրված 09.08.2021 թվականի դիմումի (մուտքագրվել է 11.08.2021 թվականին) առաջին պահանջով Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը փաստորեն հայցել է ոչ թե անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և արդեն իսկ ձևավորված, մասնավորապես կադաստրային գործում առկա փաստաթղթերի, գծագրերի, սխեմաների բովանդակությանը համապատասխանող տեղեկություն, այլ պահանջել է հաստատել որևէ փաստի առկայություն՝ ակնկալելով ստանալ իրեն նախընտրելի բովանդակությամբ պատասխան՝ փաստացի փորձելով ազդել ակնկալվող ռեալ ակտի բովանդակության վրա։ Այլ կերպ ասած՝ Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ հասցեագրված 09.08.2021 թվականի դիմումի (մուտքագրվել է 11.08.2021 թվականին) առաջին պահանջով Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը չի հայցել անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և արդեն իսկ ձևավորված ու Կոմիտեի տրամադրության տակ գտնվող տվյալների տրամադրում։ Նշված դիմումի առաջին պահանջով հայցվել է հաստատել հայցվոր կողմի համար նախընտրելի բովանդակությամբ տեղեկատվությունը՝ փաստացի հաշվի չառնելով այն հանգամանքը, թե արդյոք այդ բովանդակությունը համապատասխանում է խնդրո առարկա հասցեին վերաբերող կադաստրային գործում առկա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և արդեն իսկ ձևավորված տվյալներին։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից պահանջվող առաջին գործողությունը՝ իրեն ցանկալի բովանդակությամբ տեղեկատվությունը «հաստատելը», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում տեղեկություն, ուստի տվյալ դեպքում բացակայել է տեղեկատվություն հայցելու մասին ներկայացված գրավոր դիմումը։ Կադաստրային գործում առկա փաստաթղթերի, մասնավորապես՝ իրավունքի ձեռքբերումը հաստատող և գույքագրման փաստաթղթերի բովանդակությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անփոփոխ է և արտացոլում է այդ փաստաթղթերով հաստատվող այն տվյալները, որոնք հիմք են հանդիսացել իրավունքի պետական գրանցում կամ օրենքով սահմանված այլ գործողություն կատարելու համար, հետևաբար Կոմիտեն իրավասու չէ հաստատել այդ փաստաթղթերի բովանդակությանը համապատասխանող կամ չհամապատասխանող տեղեկատվություն, այլ կարող է միայն օրենքով սահմանված կարգով տրամադրել այդ փաստաթղթերի բովանդակությունը պարունակող տեղեկատվությունը։

Այսպիսով, ինչպես վերը նշվեց, վարչական մարմնին ուղղված 09.08.2021 թվականի դիմումի առաջին պահանջով հայցվորը չի պահանջել տրամադրել տեղեկատվություն՝ օրինակ այն մասին, թե ինչ կարգավիճակ ունի ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքը և ով է հանդիսանում այդ գույքի սեփականատերը կամ իրավատերը, որպիսի տեղեկատվություն ստանալու պահանջը համահունչ կլիներ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով տեղեկություն տրամադրելուն, այլ պահանջել է հաստատել ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքի կարգավիճակի և իրավատիրոջ մասին իր կողմից հայտնված և իր համար նախընտրելի տվյալները՝ փաստացի չկարևորելով, թե արդյո՞ք այդ տվյալները համապատասխանում են կադաստրային գործում առկա փաստաթղթերում պարունակվող տվյալներին, թե՝ ոչ։ Սույն գործով ներկայացված հայցապահանջով, սակայն, հայցվորը ներկայացրել է ոչ թե վարչական մարմնին ներկայացված պահանջին համանման պահանջ, այլ պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին տրամադրել տեղեկատվություն (հնարավոր է նաև` գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձևով) «ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական և օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներ)ից և 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:» բովանդակությամբ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ հասցեագրված Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանի 09.08.2021 թվականի դիմումը (մուտքագրվել է 11.08.2021 թվականին) չի կարող հիմք հանդիսանալ այդ դիմումում նշված առաջին գործողության կատարման հայցով նախապես վարչական մարմնին դիմելու պայմանը պահպանված համարելու համար, ուստի այդ մասով առկա չէ գործողության կատարման հայց ներկայացնելու փաստական հիմքը, այն է՝ հայցվող կոնկրետ գործողության կատարման, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով տեղեկություն տրամադրելու պահանջով Կոմիտե դիմելու և վերջինիս կողմից գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու փաստը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին ուղղված 09.08.2021 թվականի դիմումով հայցվորը պահանջել է նաև հստակեցնել, թե ինչ գույքային միավորներից է բաղկացած եղել ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքը՝ համաձայն վերոնշյալ ինվենտարի քարտի տվյալների, ինչպես նաև հայտնել, թե արդյոք կադաստրային գործում առկա են հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններ դրանց մասին։ Այսինքն՝ հայցվոր կողմը, ըստ էության, պահանջել է տեղեկատվության տրամադրում այն մասին, թե ինչ գույքային միավորներից է բաղկացած եղել ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքը՝ համաձայն վերոնշյալ ինվենտարի քարտի տվյալների, թե արդյոք կադաստրային գործում առկա են հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններ դրանց մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի պատասխան վերոգրյալ պահանջի՝ 13.08.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-13082021-01-0579 տեղեկանքով Կոմիտեն հայտնել է, որ կադաստրային գործում որևէ իրավահաստատող փաստաթուղթ առկա չէ։ Ինչ վերաբերում է կադաստրային գործում առկա 12.07.1955 թվականի ինվենտարի քարտի տվյալների համաձայն ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքի՝ գույքային միավորների մասին տեղեկատվություն տրամադրելու հայցվոր կողմի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործն էլեկտրոնային տարբերակով տրամադրելու մասին Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանի 09.03.2021 թվականի դիմումին ի պատասխան՝ Կոմիտեն դեռևս 11.03.2021 թվականին «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-11032021-01-0494 տեղեկանքով Գրիգոր Առաքելյանին է տրամադրել ՀՀ, ք. Երևան, Քրիստափորի փող. թիվ 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի պատճենները՝ բաղկացած 58 էջից։ Այսինքն՝ հայցվորի կողմից վկայակոչված «12.07.1955 թվականի» ինվենտարի քարտը ևս, որպես ՀՀ, ք. Երևան, Քրիստափորի փող. թիվ 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի փաստաթուղթ, տրամադրվել է հայցվորին, ուստի վերջինս իրազեկ է եղել նաև դրա բովանդակությանը, ինչը նշանակում է, որ հայցվորին տրամադրվել է ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքի ինչպես կարգավիճակի, իրավահաստատող փաստաթղթերի և իրավատիրոջ մասին, այնպես էլ գույքային միավորների վերաբերյալ տեղեկատվություն։ Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա գույքն Աղավնի Ղարբուզյանի անվամբ հաշվառված լինելու մասին կադաստրային գործում առկա և հայցվորի կողմից վկայակոչված «12.07.1955 թվականի» ինվենտարի քարտի տվյալների բովանդակությունը վերջինիս հասանելի է եղել և կարող էր օգտագործվել։

Ինչ վերաբերում է հայցվորին ոչ հավաստի և ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրված լինելու և այդպիսով հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժելու, ինչպես նաև հայցվորի կողմից պահանջվող տեղեկատվությունը բովանդակային առումով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով «տեղեկություն» հասկացության պահանջին բավարարելու մասին ստորադաս դատարանների պատճառաբանություններին, ապա դրանք հերքվում են սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Կոմիտեին ուղղված 09.08.2021 թվականի դիմումով հայցվորի կողմից պահանջվող առաջին գործողությունը՝ իրեն ցանկալի բովանդակությամբ տեղեկատվությունը «հաստատելը» «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում տեղեկություն, ուստի տվյալ դեպքում բացակայել է այդ մասով գործողության կատարման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցվորի մոտ չի ծագել նաև Կոմիտեին ուղղված 09.08.2021 թվականի դիմումով հայցվորի կողմից պահանջվող երկրորդ և երրորդ գործողությունները, այն է՝ հստակեցնել, թե ինչ գույքային միավորներից է բաղկացած եղել ք. Երևան, Կենտրոն, Քրիստափորի փող 48 Գորկու 48) հասցեի անշարժ գույքը՝ համաձայն վերոնշյալ ինվենտարի քարտի տվյալների, ինչպես նաև հայտնել, թե արդյոք կադաստրային գործում առկա են հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններ դրանց մասին, կատարելուն պատասխանող վարչական մարմնին պարտավորեցնելու հայց ներկայացնելու իրավունքը, քանի որ նշված հարցերով կողմերի միջև վեճ առկա չէ առնվազն այն պատճառով, որ Կոմիտեն չի հրաժարվել նշված տեղեկատվությունը տրամադրելուց, այլ 13.08.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-13082021-01-0579 տեղեկանքով հայտնել է, որ կադաստրային գործում որևէ իրավահաստատող փաստաթուղթ առկա չէ, իսկ 11.03.2021 թվականին «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-11032021-01-0494 տեղեկանքով Գրիգոր Առաքելյանին է տրամադրել ՀՀ, ք. Երևան, Քրիստափորի փող. թիվ 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի պատճենները՝ բաղկացած 58 էջից, այդ թվում նաև հայցվորի կողմից վկայակոչված «12.07.1955 թվականի» ինվենտարի քարտի պատճենը, որում ներառված տվյալները փաստորեն հասանելի են դարձել հայցվորին և կարող էին օգտագործվել նրա կողմից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելիորեն առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմքը, այն է՝ բացահայտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, մասնավորապես՝ Կոմիտեին ուղղված 09.08.2021 թվականի դիմումով հայցվորի կողմից պահանջվող առաջին գործողության մասով բացակայել է գործողության կատարման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունը, իսկ երկրորդ և երրորդ գործողությունների մասով կողմերի միջև վեճ առկա չէ, ուստի գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով ներկայացված հայցադիմումը ենթակա չի եղել վարույթ ընդունման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է եղել կարճման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (…):

Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հատուցման պարտականությունը պետք է դրվի հայցվորի վրա: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Գագիկ Վարդանյանն արդեն իսկ վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, Իսկ Կոմիտեն վերաքննիչ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ՝ այնինչ պետք է վճարեր 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, Գագիկ Վարդանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, իսկ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքի համար ավելի վճարված 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշումը և սույն գործի վարույթը կարճել:

2. Գագիկ Վարդանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան