Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 99
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 99

քաղ. Մոսկվա

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 52-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 149 որոշմամբ հաստատված՝ Ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ սահմանելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 99 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ սահմանելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության կարգում կատարվող

1. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցներ՝ երրորդ երկրների կամ անդամ պետությունների տարածքներում կատարման համար պարտադիր պահանջներ և ընթացակարգեր, որոնք անդամ պետության կամ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի կողմից մշակվում և սահմանվում են էպիզոոտիկ իրավիճակի վատթարացման մասին առկա պատշաճ տեղեկատվության հիման վրա, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր այն հիվանդությունների մասով, որոնց վերաբերյալ անասնաբուժասանիտարական միջոցներ սահմանելու համար համապատասխան գիտական հիմնավորումը բավարար չէ կամ բացակայում է՝ ներառյալ համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև մյուս երկրներում կիրառվող անասնաբուժասանիտարական միջոցների մասին տեղեկատվությունը։ Ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցները սահմանվում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների համար՝ ռիսկի օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ ողջամիտ ժամանակահատվածով՝ այդ ժամանակավոր միջոցները հաստատելու կամ չեղարկելու (վերանայելու) նպատակով.

ժամանակավոր սանիտարական միջոցներ՝ կատարման համար պարտադիր պահանջներ և ընթացակարգեր, որոնք սահմանվում են որոշակի ժամանակահատվածով մարդու կյանքի և առողջության համար ռիսկի առկայության, այդ թվում՝ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) տարածման կապակցությամբ, ինչպես նաև նշված միջոցները սահմանելու գիտական հիմնավորումը բավարար չլինելու դեպքում մարդու վրա կենսամիջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի առկայության կապակցությամբ, կամ եթե գիտական հիմնավորումը չի կարող ներկայացվել անհրաժեշտ ժամկետներում, կամ եթե հայտնաբերվել է պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանք (ապրանքներ), որը չի համապատասխանում միասնական սանիտարական պահանջներին կամ Միության տեխնիկական կանոնակարգերին, կամ համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից կամ երրորդ երկրներից ստացված տեղեկատվության հիման վրա՝ կիրառվող սանիտարական միջոցների մասին, որոնք նախատեսված չեն միջազգային պայմանագրերով և Միության իրավունքը կազմող ակտերով և (կամ) միջազգային ստանդարտներով, ձեռնարկներով և հանձնարարականներով, կամ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված այլ դեպքերում։ Ժամանակավոր սանիտարական միջոցները կարող են վերանայվել կամ չեղարկվել մարդու կյանքի և առողջության համար ռիսկի գնահատման հիման վրա.

ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոց սահմանելու հիմնավորում՝ կենդանիների կամ մարդու և կենդանիների համար ընդհանուր այն հիվանդությունների տարածման մասին տեղեկատվություն, որոնց վերաբերյալ համապատասխան գիտական հիմնավորումը բացակայում է կամ բավարար չէ.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու հիմնավորում՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմնի կողմից ներկայացված՝ մարդու կյանքի և առողջության համար ռիսկի առկայության, այդ թվում՝ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) տարածման, մարդու վրա կենսամիջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի առկայության մասին փաստարկված տեղեկատվություն, որով հիմնավորվում է այդպիսի միջոցներ սահմանելու անհրաժեշտությունը.

ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցի բովանդակություն՝ ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցի շրջանակներում սահմանվող՝ կատարման համար պարտադիր պահանջների և ընթացակարգերի ցանկ.

ժամանակավոր սանիտարական միջոցի բովանդակություն՝ տեղեկատվություն՝ կատարման համար պարտադիր՝ սահմանված պահանջների և ընթացակարգերի վերաբերյալ, որոնք նախատեսում են արգելքներ, սահմանափակումներ կամ կասեցումներ՝ մարդու կյանքի և առողջության համար ռիսկի, այդ թվում՝ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) տարածման, ինչպես նաև մարդու վրա կենսամիջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի առկայության կապակցությամբ։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ընկալվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։»։

2. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումն անդամ պետության կողմից ընդունվում է՝ անձանց, տրանսպորտային միջոցների և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) նկատմամբ արգելքներ, սահմանափակումներ և կասեցումներ սահմանելու միջոցով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված դեպքերում։

Արգելքի ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում ամբողջությամբ դադարում են պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծումը և (կամ) տեղափոխումը (տարանցումը) և (կամ) շրջանառությունը, տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը (ելքը) և (կամ) տեղափոխումը։

Արգելքի ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումը կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ ռիսկի գնահատման հիման վրա։

Սահմանափակման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում պայմաններ են սահմանվում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծման և (կամ) տեղափոխման (տարանցման) և (կամ) շրջանառության, տրանսպորտային միջոցների և անձանց մուտքի (ելքի) և (կամ) տեղափոխման համար՝ մինչև համապատասխան սահմանափակման համար հիմք հանդիսացած պատճառների վերացումը։

Սահմանափակման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումը կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ ռիսկի գնահատման հիման վրա։

Կասեցման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում դադարեցվում են պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) ներմուծումը և (կամ) տեղափոխումը (տարանցումը) և (կամ) շրջանառությունը, տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը (ելքը) և (կամ) տեղափոխումը՝ համապատասխան կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով։

Կասեցման ձևով ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումը կարող է փոփոխվել, եթե սահմանված ժամկետում նման միջոցը սահմանելու համար հիմք հանդիսացած պատճառը չի վերացվել։

Ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու դեպքում համապատասխան որոշումն ընդունած անդամ պետության լիազորված մարմինն առանց անհիմն ուշացման այդ մասին տեղեկացնում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ այդ որոշումն ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև Հանձնաժողովին՝ այդ որոշումն ընդունվելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։ ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

անդամ պետության (լիազորված մարմնի) նորմատիվ իրավական ակտերի անվանումները, որոնց համապատասխան, սահմանվում է ժամանակավոր սանիտարական միջոցը.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու հիմքը.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու անհրաժեշտության հիմնավորումը*.

սահմանվող ժամանակավոր սանիտարական միջոցի բովանդակությունը (նկարագրությունը).

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու ամսաթիվը.

ժամանակավոր սանիտարական միջոցի գործողության ժամկետը, որը սահմանվում է ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու մասին որոշումն ընդունած անդամ պետության լիազորված մարմնի կողմից (այն սահմանելու հնարավորության դեպքում։»։

3. 14-րդ կետի առաջին պարբերության մեջ «և ներմոուծման սահմանափակումներ» բառերը փոխարինել «, ներմուծման համար սահմանափակումների և կասեցումների» բառերով։

4. 16-րդ կետի առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«16. Սույն կարգի 13-15-րդ կետերում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում լիազորված մարմինը՝

հնարավորինս կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է ներկայացված տեղեկությունները և մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ և Հանձնաժողով է ուղարկում ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվությունը (այդ թվում՝ ժամանակավոր սանիտարական միջոց սահմանելու հարցում իր դիրքորոշումը հիմնավորելու անհրաժեշտության դեպքում).

թույլ չի տալիս՝

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանած անդամ պետության տարածքից համապատասխան այն արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, որի մասին տեղեկությունները պարունակվում են տվյալ տեղեկատվության մեջ.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանած անդամ պետության տարածքից այն տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը (ելքը) և (կամ) տեղափոխումը, որոնց մասին տեղեկությունները պարունակվում են տվյալ տեղեկատվության մեջ.

ժամանակավոր սանիտարական միջոց սահմանած անդամ պետության համար նախատեսված համապատասխան այն արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, որի մասին տեղեկությունները պարունակվում են տվյալ տեղեկատվության մեջ։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան