ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2021 թվականի N 429-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 11.05.23 N 724-Ն)
1. Հաստատել քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 429-Ն որոշման |
Ք Ր Ե Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն քրեագիտական պահանջները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող քաղաքացիական ու ծառայողական զենքի և ռազմամթերքի՝ ազդանշանային սարքի և գազային զենքի, օդաճնշիչ զենքի, ակոսափող և ողորկափող հրազենի, կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքի, ակոսափող և ողորկափող հրազենի, գազային զենքի և ազդանշանային սարքի փամփուշտների, ինչպես նաև սառը շեղբավոր և նետողական զենքի, ընդհանուր և հատուկ նշանակության, գոյատևման, զբոսաշրջային դանակների, որսորդական դաշույնների, սպորտային, հանգստի և ժամանցի արբալետների, աղեղների և դրանց համար նախատեսված նետերի շրջանառությունը կարգավորող լրացուցիչ սահմանափակումներ:
(1-ն կետը լրաց., փոփ. 11.05.23 N 724-Ն)
2. Սույն քրեագիտական պահանջները չեն տարածվում այն զենքերի և փամփուշտների վրա, որոնք արտադրվում են միայն արտահանման նպատակով՝ առանց Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառելու իրավունքի և համապատասխանում են ներմուծող երկրների պահանջներին, տարանցիկ փոխադրվող զենքերի և փամփուշտների վրա, ինչպես նաև փորձարկման փամփուշտների վրա, որոնք նախատեսված են զենքը և փամփուշտներն արտադրող գործարաններում միայն տեխնոլոգիական նպատակներով օգտագործման համար:
II. ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԻ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 11.05.23 N 724-Ն)
3. Ազդանշանային սարք և գազային զենքը չպետք է հնարավորություն ընձեռի առանց անդառնալի կոնստրուկտիվ փոփոխությունների կրակելու գնդակային կամ կոտորակային փամփուշտներ, որի դեպքում փողից դուրս թռչող արկերը կունենան 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա (դատական բժշկության մեջ ընդունված` մարդուն խոցելու նվազագույն էներգիայի չափանիշ):
(3-րդ կետը լրաց. 11.05.23 N 724-Ն)
4. Ազդանշանային սարք և գազային զենքը չպետք է հնարավորություն ընձեռի առանց անդառնալի կոնստրուկտիվ փոփոխությունների օգտագործել գազային կամ դատարկ փուստ փամփուշտներ` փողի փողաբերանից լիցքավորվող արկեր կրակելու համար, որի դեպքում արկին կհաղորդվի 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա:
(4-րդ կետը լրաց. 11.05.23 N 724-Ն)
5. Ազդանշանային սարքը չպետք է հնարավորություն ունենա կրակել գազային փամփուշտներով` առանց սարքի մանրակների անդառնալի փոփոխության:
(5-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
6. Ազդանշանային սարքի և գազային զենքի մասերի կառուցվածքային առանձնահատկությունները չպետք է հնարավորություն ընձեռեն դրանք փոխարինել հրազենի հիմնական մասերով:
(6-րդ կետը լրաց. 11.05.23 N 724-Ն)
7. Ազդանշանային սարքի և գազային զենքի վրա պետք է լինի 0.2 մմ խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված անհատական համարը:
(7-րդ կետը լրաց. 11.05.23 N 724-Ն)
8. Ազդանշանային սարք և գազային զենքը կրակված պարկուճների վրա պետք է ձևավորի զենքի դետալների (հարվածիչ, անդրադարձիչ, արտանետիչ և այլն) հետքերի այնպիսի միկրոռելիեֆ, որոնք կտարբերակվեն երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ:
(8-րդ կետը լրաց. 11.05.23 N 724-Ն)
9. Գազային փամփուշտներով կրակող զենքերի և դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 «Ատրճանակներ և ռևոլվերներ գազային. Անվտանգության պահանջներ. Համապատասխանության գնահատման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 50742 «Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների, կրակող սարքերի և գազային անփող զենքերի. Անվտանգության պահանջներ. Համապատասխանության գնահատման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ» ստանդարտներով սահմանված պահանջներին:
(9-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
III. ՕԴԱՃՆՇԻՉ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. (կետն ուժը կորցրել է 11.05.23 N 724-Ն)
11. 7.5 Ջոուլից ավելի փողային էներգիայով կամ 4.5 մմ-ից ավելի տրամաչափով օդաճնշիչ զենքը պետք է ունենա 0.2 մմ-ից ոչ պակաս խորությամբ մեխանիկական (հարված, ճնշում) եղանակով կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ դրոշմված անհատական համար:
12. Օդաճնշիչ զենքը չպետք է հնարավորություն ընձեռի առանց անդառնալի կոնստրուկտիվ փոփոխությունների դրա օգտագործումը որպես հրազեն:
13. Օդաճնշիչ զենքի մասերի կառուցվածքային առանձնահատկությունները չպետք է հնարավորություն ընձեռեն դրանք փոխարինել հրազենի հիմնական մասերով:
IV. ՀՐԱԶԵՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Նույն նմուշի փամփուշտներ կրակելու համար նախատեսված տարբեր մոդելների ակոսափող զենքերը պետք է տարբերվեն պարկուճների և գնդակների վրայի կրակման հետքերով:
15. Ակոսափող երկարափող զենքը չպետք է պատրաստված լինի ատրճանակային և ռևոլվերային փամփուշտներ կրակելու համար, բացի 5,6 մմ տրամաչափի /22L.R./ օղակաձև բոցավառման փամփուշտներից:
16. Ակոսափող և ողորկափող զենքը կրակված պարկուճների հարվածիչի զարկանի և փակաղակի հենքի հետքերում, իսկ ակոսափող զենքը և ներդիր ակոսավոր փողերը` կրակված գնդակների վրայի փողանցքի հետքերում պետք է ձևավորեն այնպիսի միկրոռելիեֆ, որը տարբերակվի երկակնյա ծավալադիտակային մանրադիտակի տակ 20-անգամյա խոշորացմամբ:
17. Ծալվող երկարափող հրազենը, որի երկարությունը ծալված վիճակում 800 մմ-ից պակաս է, չպետք է այդ վիճակում ունենա կրակելու հնարավորություն կամ դառնալի փոփոխություններ կատարելու (մաս հանելու, ավելացնելու կամ փոխարինելու) դեպքում ձեռք բերի այդպիսի հնարավորություն:
18. Ակոսափող, ողորկափող հրազենը պետք է ունենա անհատական համար (0.2 մմ-ից ավելի խորությամբ մեխանիկական եղանակով (հարված, ճնշում) կամ էներգիայի բարձր կոնցենտրացիայի աղբյուրի (այդ թվում նաև լազերով) օգտագործմամբ:
19. Կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքը, ինչպես նաև ստորջրյա որսի համար նախատեսված զենքը չպետք է հնարավորություն ընձեռի օգտագործելու դրանք որպես հրազեն, որի դեպքում արկին կհաղորդվի 0.5 Ջ/մմ2-ից ավելի տեսակարար կինետիկ էներգիա:
19.1. Կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքը չպետք է պատրաստված լինի մարտական ակոսափող հրազենից՝ այն ձևափոխելու և կրակելու համար ոչ պիտանի վիճակի բերելու եղանակով:
(19.1-ին կետը լրաց. 11.05.23 N 724-Ն)
V. ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
20. Ակոսափող հրազենի փամփուշտների գնդակների և պարկուճների կառուցվածքային առանձնահատկությունները պետք է հնարավորություն ընձեռեն ջրային կամ թելային որսիչների մեջ դրանց փորձարարական կրակման ժամանակ պահպանել զենքի նույնացման համար պիտանի հետքեր:
21. Կենտրոնական բոցավառման փամփուշտների պարկուճների վրա պետք է լինեն արտադրողի ապրանքային նշանն (ծածկագիրը) ու տրամաչափի նշումը:
22. Կողային բոցավառման փամփուշտների պարկուճների վրա պետք է լինի արտադրողի ապրանքային նշանը (ծածկագիրը):
23. (կետն ուժը կորցրել է 11.05.23 N 724-Ն)
VI. ՈՂՈՐԿԱՓՈՂ ՀՐԱԶԵՆԻ, ԳԱԶԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 11.05.23 N 724-Ն)
24. Ողորկափող հրազենի, գազային զենքի և ազդանշանային սարքի փամփուշտների պարկուճների կառուցվածքային առանձնահատկությունները պետք է հնարավորություն ընձեռեն դրանց փորձարարական կրակման ժամանակ պահպանել զենքի նույնացման համար պիտանի հետքեր:
(24-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
VII. ՍԱՌԸ ՇԵՂԲԱՎՈՐ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
25. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշները պետք է`
1) նախատեսված լինեն մարդու կյանքին և առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու, կենդանիներին խոցելու և դրանց հարձակումից պաշտպանվելու համար.
2) իրենց կառուցվածքով և անհատական հատկանիշներով պիտանի լինեն նշանակետը խոցելու համար:
26. Նշանակետը խոցելու համար առարկայի նշանակությունը որոշվում է`
1) սառը շեղբավոր և նետողական զենքի հայտնի օրինակների կամ նմուշների հետ կառուցվածքային արտաքին նմանությամբ.
2) սառը շեղբավոր և նետողական զենքի որոշակի տեսակին (տիպին) դասելու համար կառուցվածքային հատկանիշների ամբողջությամբ (որոնք հաստատված են, և դրանց նկարագրությունը կա ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում, սույն քրեագիտական պահանջներում, սառը զենքին վերաբերող տեղեկատուներում և այլն):
27. Նշանակետը խոցելու համար առարկայի պիտանիությունը որոշվում է՝
1) դրա ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին մանրակների տեխնիկական ապահովվածությամբ.
2) դրա խոցելու հատկություններով:
28. Սառը շեղբավոր և նետողական զենքի, ինչպես նաև կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների հիմնական չափանիշերը, խոցելու ունակությունները ըստ վնասվածքի խորության, մնացորդային դեֆորմացիայի մեծությունը, աղեղների և արբալետների ձգվածության և հարվածի ուժի որոշումը կատարվում է համապիտանի չափողական գործիքով, մեխանիկական կամ էլեկտրոնային կշեռքով և չափողական հատուկ սարքավորումներով, որոնք կապահովեն հետևյալ ճշգրտությունը`
- գծային չափերը, վնասվածքի խորությունը և մնացորդային դեֆորմացիան |
0,1 մմ |
- անկյան մեծությունը |
10 |
- զանգվածը |
0,1 գ-ից (արկերի), մինչև 1 գ (իրի համար) |
- աղեղալարի ձգման ուժը |
1 կգ |
- հարվածի ուժը |
1 կգ/սմ3: |
29. Սառը շեղբավոր և նետողական զենքով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք հասցնելու հնարավորությունը որոշվում է`
1) 30-50 մմ հաստությամբ սոճու տախտակե թիրախի վրա առաջացած վնասվածքի հարաբերական խորությամբ (հաստատված է, որ սոճու տախտակի մեջ շեղբի մխրճման խորությունը պետք է լինի 10 մմ-ից ոչ պակաս).
2) հատուկ պլաստիկ թիրախի (Мишень պատրաստվածք, որը մարդու մկանակազմության նմանակումն է) վրա 20 մմ-ից ոչ պակաս.
3) հարվածող-ջարդող զենքի հարվածի ուժի և խոցման մակերեսի ցուցմունքներով, որոնք համեմատվում են բժշկական համապատասխան տեղեկատուների տվյալների հետ:
30. Բիոնյութերի (մսեղեն և կենդանիների ոսկորներ) վրա վնասվածքների բժշկական գնահատման արդյունքներով (այս փորձարկումը կատարվում է բացառիկ դեպքերում, երբ սույն կարգի 27-րդ կետ 1-3 ենթակետերով փորձարկումների իրականացումը հնարավոր չէ), և որոնց ծանրության աստիճանը որոշում է դատաբժշկական փորձագետը: Փորձարկումների, հետազոտությունների կամ փորձաքննությունների կատարման ընթացքում կարող են ընտրվել սույն կարգի 27-րդ կետի 1-3 ենթակետերով տրված մեթոդներից մեկը կամ մի քանիսը:
31. Սառը շեղբավոր և նետողական զենքի կոնկրետ նմուշի կիրառման պարտադիր պայման է համարվում դրա անվտանգությունն ու նպատակային օգտագործումը, երբ`
1) շեղբավոր սառը զենքի համար սահմանվում են` շեղբի միացման եղանակը, ձեռքում պահելու հարմարությունը, տարբեր ուժգնության (20-ից մինչև 50 Ջ էներգիայով հարվածներ) և ուղղության հարվածներ հասցնելու անվտանգությունը.
2) սառը և նետողական այլ զենքի համար կատարվում են ամրությունը, ապահովությունը և անվտանգությունը որոշող ստուգումներ:
32․ (կետն ուժը կորցրել է 11.05.23 N 724-Ն)
33․ Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 «Արտադրանք գեղարարական և հուշանվերային, արտաքնապես սառը կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջներին:
34․ Հուշանվերային արտադրանքը, որը պատրաստվում է սառը և նետողական զենքի կոնկրետ նմուշների նմանությամբ, չպետք է ունենա նրանց մարտական հատկությունները և ամրությունը:
VIII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
35. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված ընդհանուր նշանակության որսորդական դանակները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
(35-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
36. Որսորդական դանակները նախատեսված են որսի ժամանակ գազանի հարձակման դեպքում նրանից պաշտպանվելու համար և լինում են երեք տեսակի`
1) չծալվող.
2) ծալվող.
3) քանդվող:
37. Որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:
38. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի համար նախատեսված որսորդական դանակների (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:
IX. ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՇՈՒՅՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
39. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և սպորտային ու արդյունաբերական որսի համար նախատեսված որսորդական դաշույնները հանդիսանում են քաղաքացիական սառը շեղբավոր զենքի տարատեսակ և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
(39-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
40. Որսորդական դաշույնները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում նրանից պաշտպանվելու համար և լինում են երկու տեսակի`
1) չծալվող.
2) քանդվող:
41. Որսորդական դաշույնների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500-99 «Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:
X․ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
42. Գոյատևման դանակները հանդիսանում են որսորդական հանդերձանքի մաս և նախատեսված են սպորտային և արդյունաբերական որսի համար, որպես ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ինչպես նաև արշավային ծանր պայմանների, ճանապարհորդությունների, սպորտային տուրիզմի ժամանակ օգտագործելու համար:
43. Գոյատևման դանակները հանդիսանում են քաղաքացիական շեղբավոր սառը զենքի տարատեսակ (որոնց շրջանառությունը համապատասխանում է ընդհանուր նշանակության որսորդական դանակների շրջանառությանը) և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
(43-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
44. Գոյատևման դանակները նախատեսված են որսի և գազանի հարձակման դեպքում նրանից պաշտպանվելու համար, ինչպես նաև որպես ձեռքի գործիք` արտակարգ իրավիճակներում մարդու գոյատևման համար, և լինում են երկու տեսակի`
1) չծալվող.
2) քանդվող:
45. Գոյատևման դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշումը և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51548-2000 «Դանակներ գոյատևման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտին:
XI. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
46. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում՝ ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակները չեն համարվում քաղաքացիական սառը զենք:
47. Հատուկ նշանակության որսորդական դանակները (կաշվեհան և մասնատող), որպես արտադրանք, կառուցվածքով նման են շեղբավոր սառը զենքին և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ: Հատուկ նշանակության որսորդական դանակները լինում են երեք տեսակի`
1) չծալվող.
2) քանդվող.
3) ծալվող:
(47-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
48. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում՝ ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների համար (տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու) նախատեսված հատուկ նշանակության որսորդական դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 «Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:
XII. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԱՆԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
49. Զբոսաշրջային հանդերձանքի մաս կազմող և արշավների, սպորտային տուրիզմով, ալպինիզմով զբաղվելու և կենցաղում օգտագործելու համար նախատեսված զբոսաշրջային դանակները սառը շեղբավոր զենք չեն համարվում:
50. Զբոսաշրջային դանակները «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
(50-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
51. Զբոսաշրջային դանակները լինում են երեք տեսակի`
1) չծալվող.
2) քանդվող (դրանք կարող են պատրաստվել որսորդական կամ գոյատևման դանակների նմանողությամբ).
3) ծալվող:
52. Զբոսաշրջային դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագիրը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և վերահսկման մեթոդները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ Ռ 51501 «Դանակներ զբոսաշրջային և հատուկ սպորտային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով սահմանված պահանջներին:
XIII. ՍՊՈՐՏԱՅԻՆ, ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԱՐԲԱԼԵՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
53. Սպորտային արբալետները համարվում են քաղաքացիական սպորտային նետողական զենք և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
(53-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
54. Հանգստի և ժամանցի արբալետները իրենց տեխնիկական բնութագրով չեն համարվում նետողական զենք: Հանգստի և ժամանցի արբալետները և դրանց նետերը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման, որի շրջանակներում էլ կատարվում են քրեագիտական պահանջներին դրանց համապատասխանության փորձարկումներ:
(54-րդ կետը փոփ. 11.05.23 N 724-Ն)
55. Սպորտային արբալետների հիմնական նշանակությունը սպորտային մարզումների և միջոցառումների ժամանակ նշանակետի խոցումն է:
56. Հանգստի և ժամանցի արբալետների հիմնական նշանակությունը մշակութային միջոցառումների ժամանակ, հանգստի վայրերում, վարժանքների ընթացքում նշանակետի խոցումն է:
57. Սպորտային արբալետները ստորաբաժանվում են չորս խմբի`
1) ավանդական.
2) կայմաձև.
3) դաշտային.
4) համապիտանի:
58. Հանգստի և ժամանցի արբալետները արտաքինից ունեն նմանություն մարտական, սպորտային, սպորտային-որսորդականների (այդ թվում՝ ատրճանակատիպ արբալետների) հետ:
59. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 «Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ» ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին:
XIV. ԱՂԵՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(գլուխը խմբ. 23.02.24 N 237-Ն)
(վերնագիրը խմբ. 23.02.24 N 237-Ն)
60․ Աղեղները ենթակա են քրեագիտական պահանջներին համապատասխանության փորձարկման։ 27 կգ/ուժ-ից բարձր ձգման ուժ ունեցող ունիվերսալ աղեղները ենթակա են համապատասխանության գնահատման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
61. Աղեղները լինում են հինգ տեսակի՝
1) ունիվերսալ սպորտային-որսորդական.
2) սպորտային.
3) հանգստի և ժամանցի.
4) ինքնաշեն.
5) գեղարարական և հուշանվերային՝ արտաքինից նետողական զենքերին նմանվող:
62. Աղեղները, ըստ իրենց նախատեսվածության, լինում են՝
1) ունիվերսալ սպորտային-որսորդական՝ նետողական զենքեր են, որոնք նախատեսված են որսի և սպորտային (բաց տարածություններում և փակ շինություններում թիրախը խոցելու համար) վարժական պարապմունքների և սպորտային միջոցառումների ընթացքում օգտագործելու համար.
2) սպորտային՝ նախատեսված են սպորտային (բաց տարածություններում և փակ շինություններում թիրախը խոցելու համար) վարժական պարապմունքների և սպորտային միջոցառումների ընթացքում օգտագործելու համար և նետողական զենքերի շարքին չեն դասվում: Սպորտային աղեղները պատրաստվում են անվտանգ ցանկացած նյութից, ունեն ազատ ձև և չափ, ինչը հեշտացնում է դրանց օգտագործումը 5-125 մ տարածության վրա կրակելու ընթացքում՝ կանանց և տղամարդկանց համար մինչև 165 մ՝ կախված կրակելու ձևից.
3) հանգստի և ժամանցի՝ նախատեսված են հանգստի ժամանակ ինքնուրույն կազմակերպվող մշակութային-հանրային կամ առևտրային միջոցառումների ընթացքում թիրախները խոցելու, ինչպես նաև մարզիկների կողմից նախնական սպորտային պատրաստվածություն անցնելու ընթացքում օգտագործելու համար, իրենցից ներկայացնում են կենցաղային-տնտեսական նշանակության արտադրատեսակներ և նետողական զենքերի շարքին չեն դասվում։ Ունեն 5 կգ-ից մինչև 14 կգ ձգման ուժ, և նետը թափանցում է սոճու չոր տախտակի մեջ 8 մմ-ից ոչ պակաս.
4) ինքնաշեն՝ ոչ գործարանային եղանակով պատրաստված աղեղներ են: Դրանց պատկանելիությունը նետողական զենքերին որոշվում է քրեագիտական հետազոտությամբ.
5) գեղարարական և հուշանվերային՝ ունեն գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակություն և նետողական զենքերի շարքին չեն դասվում:
63․ Ունիվերսալ սպորտային-որսորդական և սպորտային աղեղների վրա պետք է լինի մակնշում՝ առավելագույն նախագծային լարվածության ուժի և հեռավորության նորմերով։
64. Սպորտային աղեղների նետերը պատրաստվում են անվտանգ ցանկացած նյութից՝ ցանկացած երկարությամբ, հանդիսանում են սպորտային գույք, նախատեսված են սպորտային մարզումների և մրցումների ժամանակ օգտագործելու համար։
65․ Նետի փետուրների չափը և որակը չի սահմանափակվում:
66. Աղեղների նետերի ծայրակալները չեն կարող իրենց մեջ պարունակել թունավոր զրահահար-այրող, բռնկվող կամ հետագծող նշանակության հատկություններ:
67. Ունիվերսալ սպորտային-որսորդական աղեղների նետերի ծայրակալները կարող են ունենալ սուր եզրեր և թիրախը խոցելու ընթացքում տրամագիծը փոխելու հատկություն:
68. Սպորտային, դեկորատիվ և հուշանվերային, ինչպես նաև հանգստի և ժամանցի համար նախատեսված աղեղների ծայրակալները չպետք է ունենան կողեր և սուր (կտրող) եզրեր:
69. Աղեղներին և դրանց նետերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն «ԳՕՍՏ Ռ 51715-2001» (փոփոխություններով), «ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52115-2023» (փոփոխություններով) և «ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51549-2022» (փոփոխություններով) պահանջներին։
(հավելվածը լրաց., փոփ. 11.05.23 N 724-Ն, խմբ. 23.02.24 N 237-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
01.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական: