ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2024 թվականի N 237-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» N 429-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«XIV. ԱՂԵՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՏԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
60․ Աղեղները ենթակա են քրեագիտական պահանջներին համապատասխանության փորձարկման։ 27 կգ/ուժ-ից բարձր ձգման ուժ ունեցող ունիվերսալ աղեղները ենթակա են համապատասխանության գնահատման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
61. Աղեղները լինում են հինգ տեսակի՝
1) ունիվերսալ սպորտային-որսորդական.
2) սպորտային.
3) հանգստի և ժամանցի.
4) ինքնաշեն.
5) գեղարարական և հուշանվերային՝ արտաքինից նետողական զենքերին նմանվող:
62. Աղեղները, ըստ իրենց նախատեսվածության, լինում են՝
1) ունիվերսալ սպորտային-որսորդական՝ նետողական զենքեր են, որոնք նախատեսված են որսի և սպորտային (բաց տարածություններում և փակ շինություններում թիրախը խոցելու համար) վարժական պարապմունքների և սպորտային միջոցառումների ընթացքում օգտագործելու համար.
2) սպորտային՝ նախատեսված են սպորտային (բաց տարածություններում և փակ շինություններում թիրախը խոցելու համար) վարժական պարապմունքների և սպորտային միջոցառումների ընթացքում օգտագործելու համար և նետողական զենքերի շարքին չեն դասվում: Սպորտային աղեղները պատրաստվում են անվտանգ ցանկացած նյութից, ունեն ազատ ձև և չափ, ինչը հեշտացնում է դրանց օգտագործումը 5-125 մ տարածության վրա կրակելու ընթացքում՝ կանանց և տղամարդկանց համար մինչև 165 մ՝ կախված կրակելու ձևից.
3) հանգստի և ժամանցի՝ նախատեսված են հանգստի ժամանակ ինքնուրույն կազմակերպվող մշակութային-հանրային կամ առևտրային միջոցառումների ընթացքում թիրախները խոցելու, ինչպես նաև մարզիկների կողմից նախնական սպորտային պատրաստվածություն անցնելու ընթացքում օգտագործելու համար, իրենցից ներկայացնում են կենցաղային-տնտեսական նշանակության արտադրատեսակներ և նետողական զենքերի շարքին չեն դասվում։ Ունեն 5 կգ-ից մինչև 14 կգ ձգման ուժ, և նետը թափանցում է սոճու չոր տախտակի մեջ 8 մմ-ից ոչ պակաս.
4) ինքնաշեն՝ ոչ գործարանային եղանակով պատրաստված աղեղներ են: Դրանց պատկանելիությունը նետողական զենքերին որոշվում է քրեագիտական հետազոտությամբ.
5) գեղարարական և հուշանվերային՝ ունեն գեղարվեստական, մշակութային և տեղեկատվական նշանակություն և նետողական զենքերի շարքին չեն դասվում:
63․ Ունիվերսալ սպորտային-որսորդական և սպորտային աղեղների վրա պետք է լինի մակնշում՝ առավելագույն նախագծային լարվածության ուժի և հեռավորության նորմերով։
64. Սպորտային աղեղների նետերը պատրաստվում են անվտանգ ցանկացած նյութից՝ ցանկացած երկարությամբ, հանդիսանում են սպորտային գույք, նախատեսված են սպորտային մարզումների և մրցումների ժամանակ օգտագործելու համար։
65․ Նետի փետուրների չափը և որակը չի սահմանափակվում:
66. Աղեղների նետերի ծայրակալները չեն կարող իրենց մեջ պարունակել թունավոր զրահահար-այրող, բռնկվող կամ հետագծող նշանակության հատկություններ:
67. Ունիվերսալ սպորտային-որսորդական աղեղների նետերի ծայրակալները կարող են ունենալ սուր եզրեր և թիրախը խոցելու ընթացքում տրամագիծը փոխելու հատկություն:
68. Սպորտային, դեկորատիվ և հուշանվերային, ինչպես նաև հանգստի և ժամանցի համար նախատեսված աղեղների ծայրակալները չպետք է ունենան կողեր և սուր (կտրող) եզրեր:
69. Աղեղներին և դրանց նետերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն «ԳՕՍՏ Ռ 51715-2001» (փոփոխություններով), «ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52115-2023» (փոփոխություններով) և «ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51549-2022» (փոփոխություններով) պահանջներին։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական: