ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2354/05/20 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/2354/05/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | ||
Ք. Մկոյան |
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արման Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.11.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ Արման Կիրակոսյանի հայցի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի՝ Արման Կիրակոսյանին հարկային ծառայությունից ազատելու մասին 17.01.2020 թվականի թիվ 1/44-Ա հրամանն անվավեր ճանաչելու, որպես իրավական հետևանք՝ աշխատանքի կազմակերպման պայմանների կամ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ Արման Կիրակոսյանին համարժեք պաշտոնի, այն է՝ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ նշանակելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 20.01.2020 թվականից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը, հօգուտ Արման Կիրակոսյանի, բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արման Կիրակոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի՝ 17.01.2020 թվականի Արման Կիրակոսյանին հարկային ծառայությունից ազատելու մասին թիվ 1/44-Ա հրամանը, որպես իրավական հետևանք՝ Արման Կիրակոսյանին վերականգնել հարկային ծառայության աշխատանքի և նշանակել հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 20.01.2020 թվականից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, հօգուտ Արման Կիրակոսյանի, բռնագանձել միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի՝ 17.01.2020 թվականի Արման Կիրակոսյանին հարկային ծառայությունից ազատելու մասին թիվ 1/44-Ա հրամանը, Կոմիտեից հօգուտ Արման Կիրակոսյանի բռնագանձվել է Արման Կիրակոսյանի միջին աշխատավարձը` 805.485 ՀՀ դրամ, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 20.01.2020 թվականից մինչև նույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Կոմիտեից, հօգուտ Արման Կիրակոսյանի, բռնագանձվել է Արման Կիրակոսյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի՝ 9.665.820 ՀՀ դրամի չափով: Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.11.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ. Դատարանի 17.05.2021 թվականի վճիռը՝ բավարարված մասով, բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Կիրակոսյանը (ներկայացուցիչ՝ Մկրտիչ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը և 27-րդ հոդվածի 1-ին մասը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի հիմքով աշխատանքից ազատելու պարագայում այլ աշխատանք առաջարկելիս պետք է հաշվի առներ նախկինում զբաղեցրած պաշտոնը:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը կատարել է սխալ եզրահանգում առ այն, որ Դատարանը չի պահանջել պաշտոնի անձնագրերն այն պայմաններում, երբ Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում Կոմիտեի ներկայացուցչից պահանջել և ստացել է Արման Կիրակոսյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնի և դատական գործով պահանջվող համարժեք պաշտոնի կանոնադրությունները, որոնք ամբողջական տեղեկատվություն են տվել այդ պաշտոնների կառուցվածքների և գործառույթների մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.05.2021 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Օրենսդիրը գործատուի նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու շրջանակներում կարևորել և նախատեսել է ոչ թե աշխատողի զբաղեցրած պաշտոնին հավասար կամ ավելի բարձր պաշտոն առաջարկելու պայմանը, այլ նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան աշխատանք առաջարկելու պայմանը։
Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացրել է՝ հիմնվելով վարչական վարույթի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում ձևավորված ներքին համոզմունքի վրա։
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Արման Կիրակոսյանը 12.06.2017 թվականից մինչև 17.01.2020 թվականն աշխատել է Կոմիտեում` որպես Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ և համակարգել է վերլուծության թիվ 1, թիվ 2 և թիվ 3 բաժնի աշխատանքները (հատոր 1-ին, գ. թ. 33-34)։
2) Կոմիտեի նախագահը 28.10.2019 թվականի ծանուցմամբ, ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ մասով և 115-րդ հոդվածի 1-ին մասով, Արման Կիրակոսյանին ծանուցել է, որ Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում աշխատանքի կազմակերպման պայմանների կամ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման պատճառով 2 ամիս հետո՝ 30.12.2019 թվականին հնարավոր է աշխատանքային պայմանների էական փոփոխություն կամ ազատում աշխատանքից: Նշված ծանուցումն Արման Կիրակոսյանը ստացել է 29.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 22)։
3) Ի լրումն 28.10.2019 թվականի ծանուցման Կոմիտեի նախագահի 23.12.2019 թվականի ծանուցմամբ, ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ մասով և 115-րդ հոդվածի 1-ին մասով, Արման Կիրակոսյանը ծանուցվել է, որ Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման պատճառով հնարավոր աշխատանքային պայմանների էական փոփոխությունը կամ աշխատանքից ազատումը 30.12.2019 թվականի փոխարեն կիրականացվի 15.01.2020 թվականին: (հատոր 1-ին, գ. թ. 23):
4) Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետը Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանին ուղղված 16.01.2020 թվականի գրությամբ հայտնել է, որ ՀՀ վարչապետի 30.12.2019 թվականի N 1987-Լ, որոշմամբ Կոմիտեի կառուցվածքում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ՝ մասնավորապես` Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը և խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը միաձուլվել են և ստեղծվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը: Հաշվի առնելով նշվածը՝ Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գործունեության դադարեցման հետևանքով կրճատվում են վերջինիս բոլոր հաստիքային միավորները:
Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ վերջինիս առաջարկվել է զբաղեցնել Կոմիտեի Հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 20 բաժնի պետի պաշտոնը:
Միաժամանակ տեղեկացվել է, որ առաջարկությանը աշխատանքային օրվա ընթացքում չպատասխանելը կդիտարկվի որպես առաջարկության մերժում: Նշված գրության վրա Արման Կիրակոսյանը 17.01.2020 թվականին կատարել է գրառում՝ «Համաձայն չեմ: Ակնկալում եմ իմ զբաղեցրած պաշտոնին համազոր պաշտոն» բովանդակությամբ (հատոր 1-ին, գ. թ. 25)։
5) Կոմիտեի նախագահը, 17.01.2020 թվականի թիվ 1/44-Ա հրամանով ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 1-ին մասով, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով, 27-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով Կոմիտեի նախագահի 22.08.2018 թվականի թիվ 1146-Ա հրամանը, Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանին 20.01.2020 թվականից ազատել է հարկային ծառայությունից (հատոր 1-ին, գ. թ. 26-27):
6) Կոմիտեի անձնակազմի վարչության պետի կողմից իրավաբանական վարչության պետ Ա.Մնացականյանին հասցեագրված գրության համաձայն` 20․01․2020 թվականի դրությամբ Կոմիտեի նախագահի 17.01.2020 թվականի թիվ 1/43-Ա հրամանի համաձայն` Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում նախատեսված են եղել վարչության պետի տեղակալի երեք հաստիքային միավորներ, որտեղ համապատասխանաբար նշանակվել են Տիգրան Մարտինի Զաքարյանը, Արթուր Աշոտի Հակոբյանը, Էդիկ Հրաչիկի Գսպոյանը, իսկ Կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում նախատեսված են եղել վարչության պետի տեղակալի երկու հաստիքային միավորներ, որտեղ համապատասխանաբար նշանակվել են Զառա Բաղդասարի Մելքումովան, Մարտիկ Հարությունի Վարդանյանը: Միաժամանակ նշվել է, որ տվյալ պահին վերը նշված վարչություններում վարչության պետի տեղակալի թափուր հաստիք առկա չէ (հատոր 3-րդ, գ. թ. 38-39):
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հարկային ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ անդրադառնալ գործատուի նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու առանձնահատկություններին։
Այսպես, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային ծառայության աշխատողների աշխատանքային իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն նույն օրենքով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները ամբողջական չեն կարգավորում հարկային ծառայողների աշխատանքային իրավունքները և պարտականությունները, իսկ նույն օրենքն ուղղորդում է իրավակիրառողին՝ ուսումնասիրելու և կիրառելու աշխատանքային օրենսդրության համապատասխան նորմերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանված են նշված ծառայության առանձնահատկությունների, հարկային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի և գործառույթների առանձնահատկությունների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույն օրենքը համարվում է հարկային ծառայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ օրենքը, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարցեր կարգավորված չեն «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali) սկզբունքից։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հարկային ծառայողի աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, բոլոր դեպքերում կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով, այսինքն՝ իրավահարաբերությունը կարգավորող հատուկ օրենքով, իսկ հարկային ծառայության աշխատողների աշխատանքային իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցերը նույն օրենքով կարգավորված չլինելու պարագայում կիրառվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթները։
Անհրաժեշտ է արձանագրել, որ աշխատանքային օրենսդրությունը՝ որպես ընդհանուր օրենք, չի բացառում պետական ծառայողների (իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով պետական ծառայությունը, ի թիվս ծառայության այլ տեսակների, ընդգրկում է նաև հարկային ծառայությունը) աշխատանքային իրավունքներին և պարտականություններին առնչվող իրավահարաբերությունների կարգավորումը ՀՀ աշխատանքային օրենսգրքով, սակայն միայն հատուկ օրենքով այլ բան նախատեսված չլինելու պարագայում։ Հետևաբար նշված օրենքը և ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնում են միմյանց։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն պարագայում կիրառելի են ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի և գործատուի իրավունքներին և պարտականություններին վերաբերող նորմերը՝ ներառյալ գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից հեռացնելու դրույթները։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 1-ին մասի համաձայն՝ կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝ 1. յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,(…) 24. բոլոր աշխատողները աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք:
Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 24-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝
ա) բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,
բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային օրենսդրության նպատակն է` 1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները, 2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը, 3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են` 1) աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը, (…):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը, իսկ 3-րդ մասի 4-րդ և 11-րդ կետերի համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով, օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը աշխատողի շահերի առաջնահերթության ապահովման նպատակով սահմանել է համապատասխան իրավակարգավորումներ, այն է՝ նախատեսել է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման պարագայում աշխատողն իրավունք ունի դիմելու դատարան և վերականգնելու իր խախտված իրավունքները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքային օրենսդրության սկզբունքներից մեկն աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքն է, որի իրացման համար նախատեսվում են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման երկու տարբեր հանգամանքներ: Այսպես. oրենսդրի կողմից տարանջատվում են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներ, որոնցից սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է աշխատողի անձական հատկանիշներով, իսկ օբյեկտիվը՝ գործատուի մոտ առկա որոշակի հանգամանքներով, մասնավորապես՝ կազմակերպության լուծարման, արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատմամբ։ Նշված հանգամանքներն օբյեկտիվ պայմաններ են, որոնք հանգեցնում են աշխատանքային պայմանագրի լուծման: Նախատեսելով աշխատողի անձնական հատկանիշներով չպայմանավորված հանգամանքներով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն՝ օրենսդիրը, միաժամանակ, նախատեսել է նաև աշխատողի իրավունքների պաշտպանությանն ուղղված համապատասխան երաշխիքներ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթների կիրառելիությունը հնարավորություն է տալիս վկայակոչելու մի շարք քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած ներքոգրյալ նախադեպերը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես`
1. պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով.
2. պայմանագրի լուծումը պետք է պայմանավորված լինի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ.
3. պետք է կրճատված լինեն աշխատողների քանակը և (կամ) հաստիքները.
4. գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկած լինի նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը պետք է հրաժարված լինի առաջարկված աշխատանքից, կամ
5. գործատուի մոտ պետք է բացակայեն աշխատողին` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունները (տե՛ս, Քրիստինա Նեբիշն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործատուի մոտ միայն արտադրության ծավալների, տնտեսական պայմանների, տեխնոլոգիական պայմանների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությունն ինքնին բավարար չէ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել աշխատողների թվաքանակի կրճատմանը (տե՛ս, Արտակ Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը և Եվգենիա Մանուկյանն ընդդեմ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/3613/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդիրն ազատել է գործատուին աշխատանքից հեռացված աշխատողին այլ աշխատանք առաջարկելու պարտականությունից այն դեպքում, երբ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը գործատուի մոտ բացակայում է։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային օրենսդրությունը, ապահովելով օբյեկտիվ պայմանների առկայության դեպքում աշխատողների իրավունքների պաշտպանությունը և բացառելով աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում պայմանագրի լուծման հնարավորությունը մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի առկայության պայմաններում, նաև սահմանել է իրավունք՝ լուծելու աշխատանքային պայմանագիրը, առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու, գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում: Նշված երաշխիքների սահմանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատողների քանակը և (կամ) հաստիքների կրճատումը կապված է գործատու ֆիզիկական կամ իրավաբանական անձի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ, և նշվածը պայմանավորված չէ աշխատողի անձնային հատկանիշներով, մասնավորապես՝ կատարած աշխատանքի որակով, կարգապահությամբ և այլ հանգամանքներով։
ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկություններին, նշել է, որ գործատուն չի կարող աշխատողին առաջարկել ցանկացած աշխատանք, այլ պարտադիր պայման է համարվում, որ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին: Միայն աշխատողի կողմից մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան առաջարկված աշխատանքից հրաժարումը կարող է հանգեցնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեն` հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն, որ օրենքի վերոնշյալ հոդվածը նպատակ է հետապնդում պաշտպանության տակ առնելու աշխատողներին այն բոլոր դեպքերում, երբ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն նույն գործատուի մոտ դեռևս առկա է (կամ առաջանում է) նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք (տե՛ս, Գայանե Դանիլովան ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/2378/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործատուի կողմից աշխատողին այլ աշխատանքի առաջարկ կատարելը չի կրում ձևական բնույթ, ինչի երաշխիքին էլ այն է, որ օրենսդիրը սահմանել է գործատուի պարտականությունը՝ աշխատողին առաջարկելու միայն նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, ի հավելումն որի՝ պետք է հաշվի առնվեն նաև տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքի բնույթը: Պայմանագրի լուծման պահին յուրաքանչյուր ազատ հաստիքի՝ գործատուի կողմից աշխատողին առաջարկելու վերաբերյալ դրույթ նախատեսված լինելու պարագայում ինքնանպատակ կդառնար օրենսդրի կողմից՝ առաջարկվող աշխատանքին ներկայացվող պահանջների սահմանումը, քանի որ գործատուն այս փուլում դիտարկում է անձի նախկինում կատարած աշխատանքի բնույթը, նրա առողջական վիճակը և որակավորումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը ոչ միշտ է, որ հանգեցնում է աշխատողի՝ նախկին աշխատանքում վերականգնմանը, քանի որ այն կարող է անհնարին լինել մի շարք օբյեկտիվ հանգամանքների՝ այդ թվում տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով։ Նման պայմաններում դատարանը աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վերջինիս վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավել, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։
Վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «նախկին աշխատանք»-ը, ըստ էության, այն աշխատանքն է, որն աշխատողը կատարել է նախքան հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից հեռացվելը, հետևաբար միայն գործառութային առումով նույնաբնույթ աշխատանքը, ըստ էության, դիտարկվում է որպես նոր աշխատանք, քանի որ զուտ գործառութային առումով նույնանման աշխատանքը չի կարող համարվել աշխատողի նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանվել են օբյեկտիվ հիմքերով աշխատողին աշխատանքից հեռացնելու դեպքում վերջինիս այլ աշխատանք առաջարկելու հստակ չափորոշիչներ՝ միաժամանակ սահմանելով նաև այդպիսի հնարավորության բացակայության դեպքում աշխատողին աշխատանքից հեռացնելու պատճառով վերջինիս հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց փոխհատուցում վճարելու պարտավորությունը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Արման Կիրակոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահ Դ. Անանյանի 17.01.2020 թվականի Արման Կիրակոսյանին հարկային ծառայությունից ազատելու մասին թիվ 1/44-Ա հրամանը, որպես իրավական հետևանք՝ Արման Կիրակոսյանին վերականգնել հարկային ծառայության աշխատանքի և նշանակել հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 20.01.2020 թվականից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, հօգուտ Արման Կիրակոսյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը։
Դատարանը 17.05.2021 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի այն պատճառաբանությամբ, որ պատասխանողը պետք է առաջարկեր հավասարազոր՝ Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալի պաշտոնը, և ոչ թե ավելի ցածր՝ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման թիվ 20 բաժնի պետի պաշտոնը: Միաժամանակ, Դատարանը գտել է, որ Կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության գործառույթները գրեթե ամբողջությամբ իրականացվել են Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ հայցվորը չի կարող նշանակվել Կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ, քանի որ այդ պաշտոնը թափուր չէ, ինչը չի վիճարկվել նաև հայցվորի կողմից:
Վերաքննիչ դատարանը Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել Դատարանի 17.05.2021 թվականի վճիռը և գործն ուղարկել Դատարան՝ նոր քննության այն հիմնավորումներով, որ սույն գործով անհրաժեշտություն է եղել պահանջելու և հետազոտելու հայցվորի` նախկինում զբաղեցրած պաշտոնի անձնագիրը, ինչպես նաև նրա մասնագիտական պատրաստվածության և որակավորման վերաբերյալ այլ ապացույցները /դրանց առկայության դեպքում/, Պետական եկամուտների կոմիտեում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հաստատված և հայցվորին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահի դրությամբ այլ թափուր հաստիքների առկայության վերաբերյալ ապացույցները: Ըստ այդմ, պետք է պարզել նաև այլ հաստիքներին հայցվորի մասնագիտական պատրաստվածության և որակավորման հնարավորությունը, որպիսի պայմաններում միայն հնարավոր էր ապահովել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո արձանագրում է, որ սույն պարագայում հայցվոր Արման Կիրակոսյանը պահանջել է ոչ թե իրեն վերականգնել նախկին աշխատանքում, այլ նշանակել մեկ այլ համարժեք պաշտոնի, այն է՝ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալի պաշտոնում:
Այսինքն՝ հայցվորի կողմից որպես իր նախկին աշխատանքին համարժեք պաշտոն է դիտարկվել Կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ուստի տվյալ դեպքում քննության առարկան տվյալ պաշտոնի համապատասխանությունն է հայցվորի մասնագիտությանը, որակավորմանը և առողջական վիճակին:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչապետի 30.12.2019 թվականի N 1987-Լ որոշմամբ Կոմիտեի կառուցվածքում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես` Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը միաձուլվել են, և ստեղծվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը, ինչով էլ պայմանավորված՝ այլևս գոյություն չունի աշխատողի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը:
Վերոգրյալից հետևում է, որ Կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալի պաշտոնը չի նույնանում Արման Կիրակոսյանի զբաղեցրած նախկին պաշտոնին, այլ դիտարկվում է որպես Արման Կիրակոսյանի զբաղեցրած նախկին պաշտոնին համարժեք այլ պաշտոն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդրի կողմից գործատուին վերապահվել է սեփական նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավասություն այն դեպքում, երբ աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում: Հետևաբար վերոգրյալ իրավակարգավորումը վերաբերում է աշխատողի կողմից իր նախկինում զբաղեցրած նույն պաշտոնին վերականգնվելուն: Այսինքն՝ աշխատողի՝ իր նախկին աշխատանքին համարժեք պաշտոնում վերականգնվելու դեպքում գործատուն իրավասություն չունի լուծելու արդեն իսկ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Այսինքն՝ տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից հայցվող պաշտոնը թափուր չէ, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չկա օրենսդրական որևէ հիմք՝ լուծելու Կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ էության՝ առնվազն Կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալի պաշտոնը համարժեք է եղել հայցվորի նախկինում կատարած աշխատանքին, ուստի նախքան հայցվորին աշխատանքից հեռացնելը վերջինիս պետք է առաջարկվեր իր պաշտոնին հավասարազոր աշխատանքը: Մինչդեռ, Կոմիտեի կողմից հայցվորին առաջարկվել է իր զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոն, այսինքն՝ ըստ էության՝ Կոմիտեի կողմից հաշվի չեն առնվել նախկինում Արման Կիրակոսյանի զբաղեցրած պաշտոնը, հետևաբար նաև՝ մասնագիտական ընդունակությունները:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Դատարանը պետք է պահանջեր նաև հայցվորի նախկինում զբաղեցրած պաշտոնի անձնագիրը, հիմնավոր չէ, քանի որ սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու Կոմիտեի համապատասխան վարչությունների իրականացրած գործառույթների մասին, հետևաբար պաշտոնի անձնագիրը պահանջելու կարիք չկար և փաստը հաստատող համապատասխան ապացույցի առկայության պայմաններում նույն փաստը հաստատելու համար որևէ այլ ապացույց պահանջելն ավելորդ ծանրաբեռնվածություն է դատավարության մասնակցի համար։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում, որ Արման Կիրակոսյանի զբաղեցրած նախկին պաշտոնին համարժեք այլ պաշտոնի առկայության պայմաններում գործատուն պարտավոր էր վերջինիս առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան պաշտոնը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, առողջական վիճակը, հետևաբար Արման Կիրակոսյանին պաշտոնից ազատելու մասին հրամանը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավել, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
Վերոգրյալ իրավանորմի ուժով դատարանը պարտավորություն է կրում աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում պարտավորեցնել գործատուին
1. հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը,
2. վճարել աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավել, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն պարագայում գործատուն պարտավորվում է աշխատողին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև հատուցում՝ աշխատանքում չվերականգնելու դիմաց՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավել, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեի կողմից Դատարանին տրամադրած տեղեկանքի համաձայն՝ Արման Կիրակոսյանի միջին ամսական աշխատավարձը 17.01.2020 թվականի դրությամբ կազմել է 805.485 (ութ հարյուր հինգ հազար չորս հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ, հետևաբար Կոմիտեից հօգուտ Արման Կիրակոսյանի ենթակա է բռնագանձման Արման Կիրակոսյանի միջին ամսական աշխատավարձը` 805.485 (ութ հարյուր հինգ հազար չորս հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 20.01.2020 թվականից մինչև սույն գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելը, աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի՝ 9.665.820 (ինը միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...)։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի ուժով ազատված լինելով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով դատարաններում պետական տուրքի վճարման պարտականությունից, Արման Կիրակոսյանը հայցադիմումը ներկայացնելու համար վճարել է 12․000 ՀՀ դրամ, որից 8․000 ՀՀ դրամը Դատարանի 17.05.2021 թվականի վճռով վերադարձվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Արման Կիրակոսյանի կողմից հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումարը՝ 4.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին, ուստի նշված հիմքով սույն գործով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետական տուրք վճարելու պարտականություն չունի նաև պատասխանող վարչական մարմինը: Տվյալ դեպքում Կոմիտեն պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Արման Կիրակոսյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով պետական տուրքի գծով ծախսի կատարումը անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից՝ դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե´ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արման Կիրակոսյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Միևնույն ժամանակ, սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Կոմիտեն վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրք, հետևաբար` ներկայացված հայցը մասնակի բավարարվելու պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.11.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 17.05.2021 թվականի վճռին:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Հ․ ԲԵԴևՅԱՆ |
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | |
Ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: