ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 380-Ն
«ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» ենթակետերին և 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար տարածքում ստեղծել «Զիկատար» պետական արգելավայր` ընդգրկելով Գուգարաց լեռնաշղթայի` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները:
2. Հաստատել`
1) «Զիկատար» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 150.0 հեկտար.
2) «Զիկատար» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար անտառային հողերը, որից` 131.5 հեկտար անտառ, 8.2 հեկտար խոտհարք, 5.6 հեկտար պտղատու այգի, 1.8 հեկտար անտառային տնկարան, 1.7 հեկտար շենքերի և շինությունների տակ գտնվող հողեր, 1.2 հեկտար անտառային ճանապարհներ փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և հատկացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
«Զիկատար» պետական արգելավայրի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև պետական արգելավայրի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը,
անտառաշինական աշխատանքների իրականացումը,
անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրությունների և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների կազմակերպումն ու իրականացումը,
անտառային պաշարների մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և օգտագործման արդյունավետ ձևերի մշակումը,
կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմումը,
անտառագիտասփյուռ աշխատանքները, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստումը և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը.».
2) չեղյալ ճանաչել որոշման 3-րդ կետը.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի` սահմանված կարգով տրամադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` «Զիկատար» պետական արգելավայրի 150.0 հեկտար հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության` սույն որոշմամբ հանձնվող անշարժ գույքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքների պետական գրանցումը:
8. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 14
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 380-Ն որոշման
«ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Զիկատար» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի վրա:
Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 150.0 հեկտար: Այն ամբողջովին դուրս է մարզի համայնքների վարչական սահմաններից և սահմանակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Նոյեմբերյանի անտառատնտեսություն» մասնաճյուղի անտառային հողերին:
Տարածքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է «Նոյեմբերյանի անտառատնտեսություն» մասնաճյուղի Նոյեմբերյանի անտառապետությանը, իսկ հյուսիսից, հարավ-արևելքից, հարավից և արևմուտքից «Բ»-«Ա» հատվածով` Զիկատարի անտառապետությանը:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Զիկատար» պետական արգելավայր-Նոյեմբերյանի անտառապետություն
Սահմանագիծը` «Ա»-«Բ»
«Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 8-րդ և Զիկատարի անտառապետության 6-րդ քառակուսիների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գրունտային ճանապարհի աջ եզրով բարձրանալով լանջն ի վեր` դեպի հարավ, անցնում է 389.0 մ, հասնում Նոյեմբերյանի անտառապետության 8-րդ և 9-րդ քառակուսիների բաժանման N 1 սահմանակետին: Սահմանագիծը, N 1 սահմանակետից անցնելով նույն ճանապարհի աջ եզրով` 137.0 մ, հասնում է արգելավայրի մուտքի N 2 սահմանակետին, այնուհետև, շարունակելով ճանապարհի աջ եզրով դեպի հարավ, սահմանագիծն անցնում է 439.0 մ, հասնում «Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 9-րդ և Զիկատարի անտառապետության 5-րդ քառակուսիների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 965.0 մետր է:
«Զիկատար» պետական արգելավայր-Զիկատարի անտառապետություն
Սահմանագիծը` «Բ»-«Ա»
«Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 9-րդ և Զիկատարի անտառապետության 5-րդ քառակուսիների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բարձրանալով լանջն ի վեր` 814.0 մ, հասնում 1460.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող «Զիկատար» պետական արգելավայրի և Զիկատարի անտառապետության 4-րդ ու 5-րդ քառակուսիների բաժանման N 3 սահմանակետին: Սահմանագիծը N 3 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջն ի վար անցնում 417.0 մ և հասնում 1385.0 մ բարձրություն ունեցող N 4 սահմանակետին, այնուհետև, թեքվելով հարավ-արևմուտք, անցնում է 343.0 մ ձորակում գտնվող N 5 սահմանակետին: Սահմանագիծը N 5 սահմանակետից թեքվում է դեպի հարավ, ձորակով անցնելով 1134.0 մ, հասնում N 6 սահմանակետին, որը նաև Զիկատարի անտառապետության 4-րդ և 6-րդ քառակուսիների սահմանակետն է: Սահմանագիծը N 6 սահմանակետից թեքվում է հյուսիս-արևելք, ուղղահայաց կտրում լանջը, անցնում 273.0 մ և հասնում հարևան ձորակում գտնվող N 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս և Զիկատարի անտառապետության 6-րդ քառակուսու սահմանագծով անցնում 245.0 մ, հասնում N 8 սահմանակետին: Սահմանագիծը N 8 սահմանակետից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 227.0 մ, հասնում N 9 սահմանակետին, որտեղից, թեքվելով դեպի արևելք, անցնում է 223.0 մ և հասնում N 10 սահմանակետին: Սահմանագիծը, N 10 սահմանակետից անցնելով 107.0 մ դեպի հարավ-արևելք, հասնում է N 11 սահմանակետին։ Վերջինիցս սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 215.0 մ և հասնում բացատում գտնվող N 12 սահմանակետին: Սահմանագիծը, N 12 սահմանակետից թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 145.0 մ, հասնելով գրունտային ճանապարհի եզրին գտնվող N 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 97.0 մ և հասնում N 14 սահմանակետին: Սահմանագիծը, N 14 սահմանակետից ուղղությունը փոխելով դեպի հարավ, անցնում է 107.0 մ, հասնում «Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 8-րդ և Զիկատարի անտառապետության 6-րդ քառակուսիների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4347.0 մետր է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 380-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Զիկատար» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար հողերի վրա և ընդգրկում է մարզի հյուսիս-արևմտյան մասում` Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերը` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները:
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի անտառային, բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է, ինչպես նաև` գիտափորձարարական աշխատանքների իրականացման, կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման նախադրյալների ապահովումը:
3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունն են:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.
2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.
3) Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի անտառային վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.
5) Էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.
6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը.
7) գիտափորձարարական աշխատանքների իրականացման, կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման համար համապատասխան նախադրյալների ապահովումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
5. Արգելավայրի տարածքում արգելվում են`
1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.
2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերում խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ.
3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
4) բույսերի և կենդանիների նոր տեսակների կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման ու կլիմայավարժեցման աշխատանքները.
5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը` բացառությամբ անտառի վնասատուների և հիվանդությունների զանգվածային բազմացման դեպքում, որը կարող է բնական անտառային էկոհամակարգի դեգրադացիայի պատճառ դառնալ.
6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
9) անտառահատումները` բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.
10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից ու ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրանց համար չնախատեսված վայրերում.
11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը` բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների (գրասենյակ, տնակ և այլն).
12) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`
1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.
2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.
3) սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.
4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.
5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.
6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
7) գիտահետազոտական ուսումնասիրություններ.
8) սիրողական և մարզական ձկնորսությունը` այդ նպատակով առանձնացված վայրերում.
9) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.
10) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը:
7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ
9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Կողբ գետի վերին հոսանքների, ինչպես նաև Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի ջրհավաք ավազանի ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքները:
V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ
10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է իրականացնել տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
11. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում ընդգրկված սեփականատերերի հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:
(12-րդ կետը խմբ. 18.04.24 N 566-Ն)
(հավելվածը խմբ. 18.04.24 N 566-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 380-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
»։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 380-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
»։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան