Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21807/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21807/02/20

Նախագահող դատավոր`

 Ա. Պետրոսյան

Դատավորներ`

 Ն․ Բարսեղյան

 Տ Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գառնիկ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմինե Շահբազյանի ընդդեմ Գառնիկ Շահբազյանի` գույքի նկատմամբ Արմինե Շահբազյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, հրապարակային սակարկություններով վաճառելու ու ստացված գումարը հավասարապես կողմերի միջև բաշխելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմինե Շահբազյանը պահանջել է «MERCEDES-BENZ В 180» մակնիշի, 35FO691 համարանիշի, WDD2452322J619049 նույնացման համարով տրանսպորտային միջոցի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը 1/2-րդ բաժնի չափով, տրանսպորտային միջոցը վաճառել հրապարակային սակարկություններով՝ վաճառքից ստացված գումարը հավասարապես բաշխել Արմինե Շահբազյանի և Գառնիկ Շահբազյանի միջև:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 22112021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ «MERCEDES-BENZ В 180» մակնիշի, 35FO691 համարանիշի, WDD2452322J619049 նույնացման համարով տրանսպորտային միջոցի նկատմամբ ճանաչվել է Արմինե Շահբազյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը՝ 1/2-րդ բաժնի չափով։
Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11032022 թվականի որոշմամբ Արմինե Շահբազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 22.11.2021 թվականի վճիռը՝ մերժված մասով, բեկանվել և փոփոխվել է, որոշվել է. «MERCEDES-BENZ В 180» մակնիշի, 35FO691 համարանիշի, WDD2452322J619049 նույնացման համարով տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հավասարապես բաշխել է ընդհանուր սեփականության մասնակիցների՝ Արմինե և Գառնիկ Շահբազյանների միջև:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Շահբազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Շահբազյանը ներկայացուցիչ` Միքայել Դանիելյան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 197-րդ և 199-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 60-րդ և 62-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, անհիմն եզրահանգել է, որ քննարկվող իրավիճակում վիճելի տրանսպորտային միջոցի բաժանումը կամ դրանից բաժինն առանձնացնելն անհնար է առանց դրա նպատակային նշանակության փոփոխման կամ առանց դրան վնաս հասցնելու, այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է քաղաքացիաիրավական իմաստով՝ անբաժանելի համարվող գույքի, որի պարագայում սեփականության իրավունքում բաժնի առանձնացման կարգը սահմանվում է բողոքում վկայակոչված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի և, մասնավորապես, դրա 6-րդ կետի կանոններով:

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով փորձաքննություն նշանակված չի եղել: Հայցվորը չի միջնորդել փորձաքննություն կատարել վիճելի շարժական գույքի շուկայական արժեքը որոշելու համար և/կամ առաջարկ չի ներկայացվել փոխհատուցելու կամ վճարելու համապատասխան գումարը: Այսինքն` այս եղանակով (առանց փորձաքննություն նշանակելու) Վերաքննիչ դատարանը, վեճի առարկա գույքի բաժնի առանձնացումը չէր կարող քննարկել, առավել ևս որոշում կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Ընդ որում, վերոնշյալ փաստի ապացուցման բեռը և դրանից բխող բացասական հետևանքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, պետք է կրեր հայցվոր կողմը։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11032022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22112021 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոք բերած անձը ոչ Դատարանում, ոչ Վերաքննիչ դատարանում երբևէ չի քննարկել, չի բողոքարկել, դիրքորոշում և առարկություն չի ներկայացրել տրանսպորտային միջոցի բաժանելի կամ անբաժան լինելու, փորձագիտական եզրակացության անհրաժեշտության, գույքի իրական առկայության, կամ համանման այլ հարցերի վերաբերյալ։

Ավելին, տրանսպորտային միջոցի անբաժանելի գույք հանդիսանալու, այսինքն՝ գույքից բնեղենով բաժին առանձնացնելու անհնարինության փաստն առավել քան ակնհայտ, անժխտելի ու հանրահայտ է, ինչն էլ իրավաչափորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը։

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 Գառնիկ Շահբազյանը և Արմինե Կակոյանն ամուսնացել են 26092016 թվականին, որի վերաբերյալ Կենտրոն և Նորք Մարաշ ՔԿԱԳ մարմնում կատարվել է գրանցում և տրվել ԱԲ176469 ամուսնության վկայականը։ Ամուսինները որոշել են կրել Շահբազյան ազգանունը (հատոր 1-ին, գթ 9):

2 ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 07072020 թվականի 7-7-27577 գրությամբ հայտնվել է, որ Գառնիկ Շահբազյանի անվամբ 28022017 թվականից մինչ օրս մաքսային հայտարարագրի հիման վրա հաշվառված է «MERCEDES-BENZ В 180» մակնիշի 35 FO 691 համարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գթ 10):

3 Արմինե Շահբազյանը 2020 թվականի հուլիսի 8-ին ամուսնալուծության և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին հայցադիմում է ներկայացրել դատարան (հատոր 1-ին, գթ 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար անհրաժեշտ նախապայմանների հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն`

1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:

2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

3. Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

4. Նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով: Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

5. Նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

6. Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական նորմերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժիններն օրենքի ուժով համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ, իսկ դատարանն ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու իրավունք ունի միայն որոշակի նախապայմանների առկայության, մասնավորապես` ընդհանուր գույքը բաժանելու կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կանոններով դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վերը հիշատակված դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնությունը (տե´ս Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը նախատեսել է հետևանքներ այն դեպքերի համար, երբ կոնկրետ տեսակի գույքը բաժանելու հնարավորությունը սահմանափակված է օրենքով կամ անհնար է առանց այդ գույքին անհամաչափ վնաս պատճառելու: Այդպիսին կարող են համարվել այն դեպքերը, երբ կոնկրետ գույքի կամ գույքի որոշակի տեսակի համար օրենքով, իսկ եթե օրենքում հղում է կատարվում այլ իրավական ակտի, այդ ակտով նախատեսված է բաժանման արգելք, կամ գույքն ունի պատմական նշանակություն կամ մշակութային արժեք և բաժանման դեպքում այն կկորցնի իր նշանակությունը: Յուրաքանչյուր դեպքում կոնկրետ գործի փաստերից ելնելով` դատարանները նշված պայմանների հաշվառմամբ պետք է գնահատեն գույքի բաժանման հնարավորությունը: Եվ միայն նշված պայմանների բացակայության դեպքում է առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից իրավունք ստանում պահանջելու վճարել իր բաժնի արժեքը (տե´ս Աղաջան և Հնազանդ Ավագյանների ընդդեմ Նելլի Հարությունյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը, համաձայն որի` «ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում uահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային uակարկություններով վաճառելու մաuին` uտացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր uեփականության մաuնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ», չպետք է մեկնաբանել որպես նշված պայմանների առկայության դեպքում դատարանի` տվյալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայեցողական լիազորություն: Հիշյալ նորմում «իրավունք ունի» ձևակերպումը անհրաժեշտ է մեկնաբանել միայն որպես մինչ նույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքներն ապացուցված լինելը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու արգելք, իսկ հիշյալ 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի համար ծագում է պարտականություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու համար (տե՛ս Ազնիվ Մինասյանն ընդդեմ Օդարուհի Կիրակոսյանի և այլոց թիվ ԵԿԴ/3249/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

 Նշված նորմերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ տվյալ դեպքում ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց պատկանում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Այդ գույքը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները որպես կանոն համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Ընդ որում, համատեղ սեփականության ներքո գտնվող ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերի և կարգի նկատմամբ հավասարապես կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու կանոնները: Նշված հոդվածով սահմանված կանոնի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Այն դեպքում, երբ ընդհանուր գույքը բաժանելը կամ դրանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելն ակնհայտ աննպատակահարմար է, ապա դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ (տե՛ս Պավել Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի ընդդեմ Սվետլանա Եփրեմյանի թիվ ԵԱԴԴ/0223/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2021 թվականի որոշումը):

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործում առկա փաստերի համաձայն՝ Գառնիկ Շահբազյանը և Արմինե Կակոյանն ամուսնացել են 26092016 թվականին։ 28022017 թվականին ձեռք են բերել «MERCEDES-BENZ В 180» մակնիշի 35 FO 691 համարանիշի ավտոմեքենան, որը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 07072020 թվականի 7-7-27577 գրության համաձայն՝ հաշվառվել է Գառնիկ Շահբազյանի անվամբ:

Դիմելով դատարան Արմինե Շահբազյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված տրանսպորտային միջոցի 1/2-րդ մասի նկատմամբ, տրանսպորտային միջոցը վաճառել հրապարակային սակարկություններով՝ վաճառքից ստացված գումարը հավասարապես բաշխել իր և Գառնիկ Շահբազյանի միջև:

Դատարանը, արձանագրելով, որ Գառնիկ Շահբազյանի և Արմինե (Կակոյանի) Շահբազյանի ամուսնությունը գրանցվել է 26.09.2016 թվականին, իսկ վիճելի գույքը ձեռք է բերվել 28.02.2017 թվականին, եզրահանգել է, որ տրանսպորտային միջոցը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, քանզի այն ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնության ընթացքում: Դատարանն այդ մասով հայցային պահանջը բավարարել է և տրանսպորտային միջոցի նկատմամբ ճանաչել Արմինե Շահբազյանի սեփականության իրավունքը՝ 1/2-րդ բաժնի չափով։ Սակայն հայցադիմումով հայցվորի ներկայացրած մյուս պահանջը՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը կողմերի միջև հավասարապես բաշխելու վերաբերյալ, մերժել է՝ պատճառաբանելով, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ հիշատակված գույքը հնարավոր է բնեղենով առանձնացնել կամ դրանից բաժինն առանձնացնել, իսկ գործում առկա չէ փորձագիտական եզրակացություն կամ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը գույքի բաժանման հնարավորության մասով որևէ ապացուցման պարտականություն հայցվորի հանդեպ չի սահմանել, ուստիև չի կարող նաև այդ փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել վերջինիս վրա։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քննարկվող իրավիճակում առհասարակ բացակայում է նման փաստն ապացուցելու անհրաժեշտությունը, քանի որ ինքնին ակնհայտ է, որ վեճի առարկա գույքի՝ MERCEDES-BENZ B 180 մակնիշի 35FO691 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցի բաժանումը կամ դրանից բաժինն առանձնացնելն անհնար է առանց դրա նպատակային նշանակության փոփոխման կամ առանց դրան վնաս հասցնելու, այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է քաղաքացիաիրավական իմաստով՝ անբաժանելի համարվող գույքին։

 Վերաքննիչ դատարանը գտել է, որ բերված հայցը ենթակա է բավարարման ամբողջությամբ՝ այդ թվում և ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը կողմերի միջև հավասարապես բաշխելու մասով, նկատի ունենալով նաև, որ տվյալ դեպքում գործի քննության ընթացքում պատասխանողն իր նախապատվության իրավունքից օգտվելու կամահայտնություն չի դրսևորել, իսկ հայցվորը դեռևս հայցադիմումում նշել է, որ հայցի ներկայացման միջոցով պահանջում է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը վճարել իր բաժնի արժեքը՝ իր ընդհանուր սեփականության իրավունքի դադարեցման դիմաց, որպիսի ժամկետում այն չվճարելու դեպքում հայցվորը պնդում է ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին իր պահանջը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

 1 Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

4. Դատարանի համար որևէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, ի թիվս այլնի, Վարուժան Ավագյանն ընդդեմ Քնարիկ և Կորյուն Հարությունյանների թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05. 2019 թվականի որոշումը):

 

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե՛ս Զարուհի և Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանող Գառնիկ Շահբազյանը 10052021 թվականին Դատարան ներկայացրած առարկություններով հայտնել է, որ մինչև հայցի հարուցումը հայցվորին տեղյակ է պահել, որ ընդունում է նրա սեփականության իրավունքն ավտոմեքենայի նկատմամբ, առաջարկել է վճարել արժեքի ½-ը, ինչպես նաև գնել իր բաժնեմասը կամ համատեղ վաճառել ավտոմեքենան, սակայն Արմինե Շահբազյանն այդ առաջարկներին չի համաձայնել։ Խնդրել է նաև հնարավորություն ընձեռել շուկայական արժեքին համահունչ ընդհանուր գույքը բաժանել՝ մյուսի բաժինը գնելու եղանակով։

Այս պայմաններում, Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ «(․․․) գործի քննության ընթացքում պատասխանողն իր նախապատվության իրավունքից օգտվելու կամահայտնություն չի դրսևորել, որոշում է կայացրել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ գործում առկա չէ վիճելի գույքի շուկայական արժեքի վերաբերյալ, հայցվորի կողմից վիճելի գույքում իր բաժնեմասի արժեքը փոխհատուցմամբ դադարեցնելու կամ պատասխանողի բաժնեմասը գնելու մասին պատասխանողին ուղղված առաջարկների վերաբերյալ որևէ ապացույց։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստելով, որ տրանսպորտային միջոցը հանդիսանում է անբաժանելի գույք և դրանից բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, որևէ կերպ չի անդրադարձել սեփականության մասնակիցների կողմից միմյանց փոխհատուցում վճարելու հարցին, առավել ևս, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ, մասնավորապես, պատասխանողի կամքն ուղղված է եղել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բնեղենով պահպանելուն։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-ից 5-րդ կետերով սահմանված նախապայմաններին չանդրադառնալով, նույն հոդվածի 6-րդ կետում նշված տարբերակով որոշում է կայացրել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին։

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ ապացուցման վերաբերյալ կարգավորումներով, գործի նոր քննության ընթացքում համադրելով գործում առկա ապացույցները, դատարանը պետք է պարզի, թե արդյոք սույն գործով առկա է կողմերի փոխադարձ համաձայնությունը վիճելի գույքի բաժնեմասը գնելու վերաբերյալ, թե՝ ոչ, որից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հարցին:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Գառնիկ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակիորեն բավարարման և գործը մասնակիորեն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշումը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22112022 թվականի վճիռը` հայցի մերժված մասով բեկանելու և փոփոխելու, այն է՝ «MERCEDES-BENZ В 180» մակնիշի, 35FO691 համարանիշի, WDD2452322J619049 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հավասարապես ընդհանուր սեփականության մասնակիցների՝ Արմինե և Գառնիկ Շահբազյանների միջև բաշխելու, ինչպես նաև պետական տուրքի բաշխման մասերով և գործն այդ մասերով ուղարկել նոր քննության:

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/21807/02/20 քաղաքացիական գործով 24․03․2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

24.03.2023 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով Գառնիկ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 1103.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմինե Շահբազյանի ընդդեմ Գառնիկ Շահբազյանի` գույքի նկատմամբ Արմինե Շահբազյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հավասարապես կողմերի միջև բաշխելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշումը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22112022 թվականի վճիռը` հայցի մերժված մասով բեկանելու և փոփոխելու, այն է՝ «MERCEDES-BENZ В 180» մակնիշի, 35FO691 համարանիշի, WDD2452322J619049 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հավասարապես ընդհանուր սեփականության մասնակիցների՝ Արմինե և Գառնիկ Շահբազյանների միջև բաշխելու, ինչպես նաև պետական տուրքի բաշխման մասերով, և գործն այդ մասերով ուղարկել նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

Այսպես՝

Գառնիկ Շահբազյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշման դեմ՝ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում նշելով հետևյալը՝

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե`

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում, որ խաթարել է արդարադատության բուն էությունը:

 Վերը նշված հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, եթե

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Վերոնշյալն ամփոփելով փաստենք, որ Վճռաբեկ դատարանը անդրադարձել է նաև դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունք հիմնահարցին: Մասնավորապես այն, որ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ կոնվենցիայի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (29.11.2013թ. թիվ ԵԿԴ/2733/02/09 որոշում):

Փաստորեն, վերը բերված իրավական և փաստական հիմքերով հիմնավորվում է դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը, քանի որ խախտվել են անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության սահմանադրական հիմնարար իրավունքները:

Ավելին, վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացվել սույն գործով թույլատրելի համարվող վերոնշյալ ապացույցները` հանգեցնելով չպատճառաբանված և արդյունքում նաև օրինականության պահանջի խախտմամբ դատական ակտի կայացմանը»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի 07
062022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշման դեմ Գառնիկ Շահբազյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է նաև այն հիմքով, որ «բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով սահմանված հիմքերը և դրանց վերաբերյալ հիմնավորումները, որոնք, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար»: Միաժամանակ նույն որոշմամբ նշված թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

Դրանից հետո Գառնիկ Շահբազյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11032022 թվականի որոշման դեմ կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ դրանում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում նշելով հետևյալը՝

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե`

2) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում, որ խաթարել է արդարադատության բուն էությունը:

 Վերը նշված հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, եթե

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Վերոնշյալն ամփոփելով փաստենք, որ Վճռաբեկ դատարանը անդրադարձել է նաև դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունք հիմնահարցին: Մասնավորապես այն, որ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ կոնվենցիայի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (29.11.2013թ. թիվ ԵԿԴ/2733/02/09 որոշում):

Փաստորեն, վերը բերված իրավական և փաստական հիմքերով հիմնավորվում է դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը, քանի որ խախտվել են անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության սահմանադրական հիմնարար իրավունքները:

Ավելին, վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացվել սույն գործով թույլատրելի համարվող վերոնշյալ ապացույցները` հանգեցնելով չպատճառաբանված և արդյունքում նաև օրինականության պահանջի խախտմամբ դատական ակտի կայացմանը»:

Համադրելով Գառնիկ Շահբազյանի կողմից ներկայացված երկու բողոքները՝ կարծում եմ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի և հիմնավորումների առումով դրանք լրիվ նույնական են։ Այսինքն՝ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս Գառնիկ Շահբազյանը չի վերացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված վերը նշված թերությունները, որպիսի հանգամանքը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք էր կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու համար։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, 02092022 թվականին որոշում է կայացրել կրկին անգամ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու մասին։

Գառնիկ Շահբազյանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ վերը նշված թերությունները բողոքը կրկին ներկայացնելիս վերացված չլինելու մասին տեղեկացել եմ սույն գործով վճռաբեկ բողոքը քննելու արդյունքում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ հատուկ կարծիքի նախագիծը կազմելու ընթացքում՝ ծանոթանալով վճռաբեկ բողոքի բովանդակությանը։

Վերոգրյալը գտնում եմ բավարար չանդրադառնալու համար Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերին։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան