ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 164 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով «ԵվրազՀոլդինգ» [«ЕвразХолдинг»] սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 7701225358, Ռուսաստանի Դաշնություն, 121353, քաղ․ Մոսկվա, Բելովեժսկայա փող․, 4, բլոկ «Բ»), «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» [«Евраз Нижнетагильский металлургический комбинат»] բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ 6623000680, Ռուսաստանի Դաշնություն, 622025, Սվերդլովսկի շրջան, քաղ. Նիժնի Տագիլ, Մետալուրգների փող., շ. 1.), «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» [«Выксунский металлургический завод»] բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ 5247004695, Ռուսաստանի Դաշնություն, 607060, Նիժեգորոդսկի շրջան, քաղ. Վիկսա, Բրատաշև եղբայրների փ, շ. 45) և «Միավորված մետալուրգիական ընկերություն» [«Объединенная металлургическая компания»] բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ 7736030085, Ռուսաստանի Դաշնություն, 115184, քաղ. Մոսկվա, Օզերկովսկայա առափնյա փողոց, շ. 28, շին. 2) կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործը, որն արտահայտվել է ամբողջագլոցված անիվների համար չհիմնավորված տարբեր գներ սահմանելով և դրանց սպառողների համար խտրական պայմաններ ստեղծելով։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2019 թվականի ապրիլի 18-ին գործը քննող հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչի կողմից հայտարարվել է գործի քննության ավարտի մասին՝
գործի քննության հանձնաժողովի անդամներ՝
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի,
Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության բաժնի խորհրդական Բ.Տ. Իմանբեկի,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների աշխատակիցների, որոնց իրավասության մեջ է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը, որոնք պատասխանատու են Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, լիազորված մարմիններ),
Դաշնային հակամենաշնորհային ծառայության արդյունաբերության վերահսկողության վարչության մետալուրգիայի և հանքաքարային համալիրի բաժնի պետ Ա.Ա. Կոնովցևի,
Դաշնային հակամենաշնորհային ծառայության արդյունաբերության հսկողության վարչության պետի տեղակալ Դ.Ս. Չուկլինովի,
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրներին տնտեսական ինտեգրման բաժնի խորհրդական Ա.Ա. Շեմյակինայի ներկայությամբ.
պատասխանողներ (նրանց ներկայացուցիչներ)՝
«ԵվրազՀոլդինգ» ՍՊԸ-ի՝ համաձայն 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 77АВ9660360 լիազորագրի, ներկայացուցիչ, և «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի՝ համաձայն 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 77АВ9660361 լիազորագրի, ներկայացուցիչ Յու.Ա. Տորմագովայի,
«Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի՝ համաձայն 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 2000-Д-27/19 լիազորագրի, ներկայացուցիչ, և «Միավորված մետալուրգիական ընկերություն» ԲԸ-ի՝ համաձայն 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 1200-Д-2/19 լիազորագրի, ներկայացուցիչ Ն.Ն. Վոզնեսենսկու,
«Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի՝ համաձայն 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 2000-Д-850/18 լիազորագրի, ներկայացուցիչ Ա.Վ. Շիխանովիչի ներկայությամբ։
Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության համապատասխան ապրանքային շուկայի վրա Ուկրաինայի ծագում ունեցող պողպատե ամբողջագլոցված անիվների նկատմամբ հակագնագցման միջոցի ազդեցության հետևանքների գնահատում անցկացնելու արդյունքներով, ինչպես նաև ամբողջագլոցված անիվների սպառողների՝ 2016 թվականի արդյունքներով աճի և 2017 թվականի հունվարից պողպատե ամբողջագլոցված անիվների արժեքի ծրագրված բարձրացման վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրությունից հետո նկատել է «ԵվրազՀոլդինգ» ՍՊԸ-ի և «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի կողմից, որոնք գտնվում են մեկ անձանց խմբի կազմում (այսուհետ՝ «Եվրազ» անձանց խումբ), և «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի կողմից իրենց գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր նշաններ։
Արձանագրության 10-րդ կետի 1-ին ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու կարգի» (այսուհետ՝ Քննություն անցկացնելու կարգ) 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովը 2017 թվականի մարտի 21-ին որոշում է կայացրել շուկայի սուբյեկտի՝ «Եվրազ» անձանց խմբի և «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի նկատմամբ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների նախաձեռնող քննություն անցկացնելու մասին՝ կապված պողպատե ամբողջագլոցված անիվների անդրսահմանային ապրանքային շուկաներում Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հնարավոր նշանների հայտնաբերման հետ։
Լիազորված մարմինները (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալությունը, Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը) Հանձնաժողով են ներկայացրել առաջարկություններ՝ դրա կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու աշխատակիցների թեկնածությունների վերաբերյալ:
Քննություն անցկացնելու կարգի 6-րդ կետին համապատասխան՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին եզրակացություն տալու համար անհրաժեշտ տեղեկությունների անբավարարության, «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման քննության ժամկետը երկարաձգելու մասին» 2017 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման կապակցությամբ, Հանձնաժողովը անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն (այսուհետ՝ քննություն) անցկացնելու ժամկետը երկարաձգել է 60 աշխատանքային օրով:
Արձանագրությանը, Քննություն անցկացնելու կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային համապատասխան՝ Դեպարտամենտը քննության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների մարմիններից գրավոր պահանջել է քննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, տվյալներ, պարզաբանումներ։
Անցկացված քննության, ինչպես նաև համապատասխան վերլուծական հաշվետվության մեջ ներկայացված՝ պողպատե ամբողջագլոցված անիվների անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման արդյունքներով Հանձնաժողովը նախնական պարզել է, որ Միության տարածքում 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում պողպատե ամբողջագլոցված անիվներն իրացվել են՝
գլոցման շրջանի 957 մմ տրամագծով և «2» մակնշմամբ պողպատից անվագնդի անցքի 175 մմ տրամագծով (այսուհետ՝ «957» անիվներ)՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հայտնաբերվել են գերիշխող դիրք զբաղեցնող շուկայի սուբյեկտներ՝ «Եվրազ» անձանց խումբը և «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ն ու «Միավորված մետալուրգիական ընկերություն» ԲԸ-ն, որոնք գտնվում են մեկ անձանց խմբի կազմում (այսուհետ՝ «ՄՄԸ» [ОМК] անձանց խումբ)
գլոցման շրջանի 710 մմ տրամագծով և «2» մակնշմամբ պողպատից անվագնդի անցքի 145 մմ տրամագծով (այսուհետ՝ «710» անիվներ)՝ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հայտնաբերվել են գերիշխող դիրք զբաղեցնող շուկայի սուբյեկտներ՝ «Եվրազ» անձանց խումբը և «ՄՄԸ» անձանց խումբը
գլոցման շրջանի 1050 մմ տրամագծով և «Т» մակնշմամբ պողպատից անվագնդի անցքի 248 մմ տրամագծով (այսուհետ՝ «1050» անիվներ)՝ Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հայտնաբերվել է շուկայի սուբյեկտ՝ «Եվրազ» անձանց խումբը։
Հաշվի առնելով Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված նշանները՝ «ԵվրազՀոլդինգ» ՍՊԸ-ն և «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ն գտնվում են մեկ անձանց խմբի («Եվրազ» անձանց խումբ) կազմում, «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ն և Միավորված մետալուրգիական ընկերություն» ԲԸ-ն նույնպես գտնվում են մեկ անձանց խմբի («ՄՄԸ» անձանց խումբ) կազմում։
Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայի 11-22-րդ կետերին համապատասխան՝ պողպատե ամբողջագլոցված անիվների ապրանքային շուկաների ապրանքատեսակային սահմանները սահմանելիս նախապես հաստատվել է, որ անվագնդի անցքի տարբեր տրամագծերով գլոցման տարբեր տրամագծեր ունեցող և պողպատի տարբեր ապրանքանիշների անիվները շրջանառվում են տարբեր ապրանքային շուկաներում և համափոխարինելի չեն։
«957», «710» և «1050» անիվների ապրանքային շուկաներն անդրսահմանային են, քանի որ ապրանքի մատակարարման աշխարհագրական կառուցվածքը ներառում է երկու և ավելի անդամ պետությունների տարածքներ։
Պողպատե ամբողջագլոցված անիվների իրացման գների նախնական համեմատությունը ցույց է տվել, որ Ղազախստանի Հանրապետությունում «1050» անիվները սպառողներին իրացվում են Ռուսաստանի Դաշնությունում սպառողներին իրացվող այդպիսի անիվների արժեքը զգալիորեն գերազանցող արժեքով, իսկ «957» անիվները և «710» անիվները Բելառուսի Հանրապետությունում սպառողներին և Ռուսասատանի Դաշնությունում սպառողներին իրացվում են տարբեր գներ սահմանելով։ Տվյալ հանգամանքները վկայում են գերիշխող դիրքը չարաշահելու հնարավոր նշանների մասին, որն արտահայտվել է ամբողջագլոցված անիվների համար արտադրողների կողմից չհիմնավորված տարբեր գներ սահմանելով և դրանց սպառողների համար խտրական պայմաններ ստեղծելով։
Շուկայի սուբյեկտների («Եվրազ» և «ՄՄԸ» անձանց խմբերի) գործողություններում 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտման նշանների, որն արտահայտվել է ամբողջագլոցված անիվների համար տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված տարբեր գներ սահմանելով և դրանք սպառողների համար խտրական պայմաններ ստեղծելով, առկայության կապակցությամբ անցկացված քննության արդյունքներով, Հանձնաժողովը, Արձանագրությանը, Քննություն անցկացնելու կարգին և Գործերի քննության կարգին համապատասխան, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործ հարուցելու և քննելու մասին 2017 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ գործ է հարուցել և ստեղծել է գործը քննող հանձնաժողով։
Պողպատե ամբողջագլոցված անիվների համափոխարինելիության հարցերը հստակեցնելու նպատակով նշանակվել է փորձաքննություն, և հարցումներ են ուղարկվել անդամ պետությունների գիտական կազմակերպություններ՝ փորձագիտական եզրակացություններ ստանալու համար (Հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 22-510 գրություն), ինչպես նաև 2017 թվականի դեկտեմբերի 18-ին լիազորված մարմիններ է ուղարկվել հիմնավորված թիվ МА-3060/22 դիմումն առանձին ընթացակարգային գործողությունների անցկացման վերաբերյալ, այդ թվում՝ պողպատե ամբողջագլոցված անիվների համափոխարինելիության մասով փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։
Գործերի քննության կարգին համապատասխան՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն, և գործի քննությունը կասեցվել է դրա անցկացման ժամկետով։
2018 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ գործի քննությունը վերսկսվել է՝ անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկությունները և գիտական կազմակերպությունների փորձագիտական գնահատականներն ստանալու կապակցությամբ։
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ գլոցման տարբեր տրամագծեր ունեցող պողպատե ամբողջագլոցված անիվները համափոխարինելի չեն։ Անվագնդի անցքի 175 մմ տրամագծով անիվները չեն կարող փոխարինվել անվագնդի անցքի 195 մմ տրամագիծ ունեցող անիվներով, քանի որ անվագնդի անցքի 175 մմ տրամագծով անիվները նախատեսված են անվագնդի ստորին մասի ավելի փոքր տրամագծով առանցքի վրա մամլակցման համար, և անիվի անվագնդի անցքի ավելի մեծ տրամագծի դեպքում հնարավոր չէ ապահովել առանցքի վրա անիվի մամլված նստեցվածքը։ Բեռնատար վագոնների անվազույգերի համար նախատեսված՝ պողպատի տարբեր ապրանքանիշների պողպատե ամբողջագլոցված անիվները համափոխարինելի են։ ԳՕՍՏ-ին համապատասխան՝ տարբեր հարաչափեր ունեցող ամբողջագլոցված անիվները կարող են համափոխարինելի լինել միայն կոնկրետ տեսակի շարժակազմի համար դրանց կիրառությունը հաշվի առնելու դեպքում (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի սեպտեմբերի 6-ի մտից թիվ 14377 գրություն)։
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ համափոխարինելի կարող են լինել նույն գծագրով, տարբեր մատակարարների՝ նույն ապրանքանիշի պողպատից պատրաստված անիվները՝ այդ անիվները անվազույգի կոնստրուկտորական փաստաթղթերում ներառելու պայմանով։ Թույլատրվում է ավելի փոքր տրամագծով այդպիսի անիվների կիրառությունը մաշվածության թույլատրելիության սահմաններում՝ պայմանով, որ անվազույգի վրա երկրորդ անիվի տրամագիծն առաջինից չի տարբերվում ավելի, քան 0,5 մմ-ով։ Շարժակազմի անիվների յուրաքանչյուր տեսակի համափոխարինելիության հնարավորությունը սահմանվում է ստանդարտների պահանջներով և շարժակազմի անվազույգի կոնստրուկտորական փաստաթղթերով (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի մարտի 6-ի մտից թիվ 3294 գրություն)։
Դաշնային հակամենաշնորհային ծառայության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ «957», «710» և «1050» անիվների ապրանքային շուկայում մրցակցության վիճակի վերլուծություններ չեն անցկացվել, ընդ որում՝ հայտնվել է, որ անցկացվել է գլոցման շրջանի 790 մմ և 860 մմ տրամագծով պողպատե ամբողջագլոցված անիվների ապրանքային շուկայում մրցակցության վիճակի վերլուծություն, որի արդյունքները տեղադրված են պետական մարմնի՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի պաշտոնական կայքում (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի փետրվարի 7-ի մտից թիվ 1771 գրություն)։
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի մտից թիվ 18537 գրություն) և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի հունվարի 9-ի մտից թիվ 44 գրություն) կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում պողպատե ամբողջագլոցված անիվներ չեն արտադրվում։
«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության ներկայացած տեղեկությունների համաձայն՝ անվագնդի անցքի տարբեր տրամաչափ ունեցող պողպատե ամբողջագլոցված անիվները համափոխարինելի չեն։ Տարբեր ապրանքանիշների պողպատից պատրաստված պողպատե ամբողջագլոցված անիվները համափոխարինելի չեն։ Ճշգրտության տարբեր դասերի պողպատից պատրաստված պողպատե ամբողջագլոցված անիվները համափոխարինելի չեն։ Ուլտրաձայնային վերահսկողության ժամանակ հայտնաբերվող՝ թույլատրելի ներքին թերությունների տարբեր մակարդակներ ունեցող և պողպատի՝ ոչ մետաղական ներառուկներով աղտոտվածությամբ պողպատե ամբողջագլոցված անիվները համափոխարինելի չեն (Հանձնաժողովին ուղղված 2018 թվականի նոյեմբերի 16-ի մտից թիվ 18536 գրություն)։
«Դաշնային երկաթուղային տրանսպորտի համար հավաստագրման ռեգիստր» դաշնային բյուջետային հաստատության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր առմամբ անիվներն ըստ բոլոր դիրքերի համափոխարինելի չեն («957», «710» և «1050» անիվներ)։ «Համափոխարինելի» հասկացությունը կիրառելի է միայն միևնույն բնութագրերով տարբեր գործարան-արտադրողների պատրաստած անիվների դեպքում (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի հունվարի 23-ի մտից թիվ 959 գրություն)։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի փետրվարի 7-ի մտից թիվ 1796 գրություն), Բելառուսի տրանսպորտի պետական համալսարանի (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի հունիսի 22-ի մտից թիվ 9915 գրություն), Ղրղզստանի Ի. Ռազզակովի անվան պետական տեխնիկական համալսարանի (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի մարտի 6-ի մտից թիվ 3329 գրություն), Պետերբուրգի կապուղիների պետական համալսարանի (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի հունիսի 26-ի մտից թիվ 10120 գրություն) և Ղազախստանի Մ. Տինիշպաևի անվան տրանսպորտի և հաղորդակցության ակադեմիայի (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ի մտից թիվ 18551 գրություն) ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ տվյալ կազմակերպությունների տրամադրության տակ չկա համապատասխան գիտատեխնիկական բազա, որն անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնելու համար։
Գործերի քննության կարգին համապատասխան՝ լսվել են գործի քննությանը (2017 թվականի դեկտեմբերի 13-ին, 2018 թվականի նոյեմբերի 19-ին և դեկտեմբերի 21-ին, 2019 թվականի փետրվարի 6-ին, մարտի 14-ին, ապրիլի 8-ին և 18-ին) մասնակցող անձինք, ուսումնասիրվել և քննարկվել են ստացված այն միջնորդությունները, որոնց մասով կայացվել են համապատասխան որոշումներ, ինչն արտացոլվել է գործը քննող հանձնաժողովի նիստերի արձանագրություններում, ուսումնասիրվել են ապացույցներ, լսվել են գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները և պարզաբանումները գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ:
Գործի քննության ընթացքում շուկայի սուբյեկտի՝ «ՄՄԸ» անձանց խմբի ներկայացրած տեղեկությունների և «ՄՄԸ» անձանց խմբի ներկայացուցիչների ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ 2016 թվականի հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» բաժնետիրական ընկերության արտադրության անիվների իրացումն իրականացվել է «ՄՄԸ-Պողպատ» [«ОМК-Сталь»] բաժնետիրական ընկերության կողմից՝ գործակալական պայմանագրի հիման վրա։ 2016 թվականի դեկտեմբերին «ՄՄԸ-Պողպատ» բաժնետիրական ընկերությունը «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ին միանալու ձևով վերակազմավորման արդյունքում դադարեցրել է իր գործունեությունը։ 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում «ՄՄԸ» անձանց խումբը երկու և ավելի անդամ պետությունների տարածքում իրացրել է «957» անիվները։ Պողպատե ամբողջագլոցված անիվների իրացման վերջնական գինը կախված է գնային իրավիճակից, հզորությունների բեռնման հետ կապված իրավիճակից, պայմանագրի ժամկետից, վճարման պայմաններից և այլ գործոններից («Միավորված մետալուրգիական ընկերություն» ԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2018 թվականի մարտի 21-ի մտից թիվ 4078կոնֆ. և 2018 թվականի դեկտեմբերի 21-ի մտից թիվ 20579կոնֆ. գրություններ)։ «957» անիվների գնի ձևավորումը կախված է տվյալ արտադրանքի նկատմամբ պահանջարկից և այլ գործոններից (գնվող արտադրանքի ծավալից, գնումների պարբերականությունից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց, մատակարարման պայմաններից և այլն), այդ թվում՝ հաշվի է առնվում խոշոր գնորդների առկայությունը, որոնց բաժին է ընկնում «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի կողմից արտադրվող արտադրանքի գնումների ծավալների 50-ից մինչև 60 տոկոսը («Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2018 թվականի մարտի 21-ի մտից թիվ 4078կոնֆ. գրություն)։
Գործի քննության ընթացքում շուկայի սուբյեկտի՝ «Եվրազ» անձանց խմբի տրամադրած տեղեկությունների և «Եվրազ» անձանց խմբի ներկայացուցիչների տված պարզաբանումների համաձայն՝ «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ն 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում իրացրել է «957» անիվներ և «710» անիվներ։ «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ն ապրանքի գներ չի ձևավորում և չի սահմանում։ «ԵվրազՀոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սահմանում է պողպատե ամբողջագլոցված անիվների գները և դրանք տեղադրում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի պաշտոնական կայքում։ Ապրանքի վաճառահանման գործառույթն իրականացնում է «ԵվրազՀոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի հետ կնքված հանձնաժողովի պայմանագրերի հիման վրա («Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2018 թվականի փետրվարի 28-ի մտից թիվ 2956 գրություն)։ ««ԵվրազՀոլդինգ» առևտրային ընկերություն» ՍՊԸ-ն արտադրանքի գնի ձևավորման ընթացքում առաջնորդվում է գնագոյացման արդարության, ոչ խտրական լինելու սկզբունքներով և հաշվի է առնում գնագոյացման վրա ազդող տարբեր գործոններ, ինչպես նաև՝ կոնտրակտացիայի պահին առկա շուկայական իրավիճակով։ Գնորդների ոչ համասեռ կազմը և պողպատե ամբողջագլոցված անիվների մատակարարումների առանձնահատկություններն անդրադառնում են մատակարարման վերջնական գնի վրա (««ԵվրազՀոլդինգ» առևտրային ընկերություն» ՍՊԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2019 թվականի փետրվարի 1-ի մտից թիվ 1557 գրություն)։
«Եվրազ» անձանց խմբի կողմից ԳՕՍՏ-ին լիովին համապատասխանող «1050» անիվների մատակարարումը սպառողներին 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում իրականացվել է միայն Ղազախստանի Հանրապետության տարածքում։ Ոչ կոնդիցիոն, կառուցվածքային շեղումներով «1050» անիվները, որոնց դեպքում լոկոմոտիվի ելքը մայրուղային երկաթուղիներ արգելված է (այսինքն՝ խոտանված անիվները) Ռուսաստանի Դաշնության տարածքում 2016 թվականին մատակարարվել են սպառողին բացառապես ներգործարանային ուղիներում օգտագործելու համար («Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2018 թվականի մարտի 26-ի մտից թիվ 4461 գրություն)։ Հաշվի առնելով արտադրության և պահպանման ընթացքում կատարված խախտումները՝ անիվները ճանաչվում են խոտանված արտադրության վերջին փուլում՝ ելքային վերահսկողության գծի վրա։ Հաշվի առնելով ընդհանուր օգտագործման մայրուղային ցանցերում օգտագործման համար անթույլատրելի թերությունները (շեղումները)՝ անիվները ենթակա չեն ձեռնարկությունում գործող՝ ԳՕՍՏ-ին համապատասխան ընդունման և ոչ կոնդիցիոն են։ Այդպիսի անիվները կարող են չհամապատասխանել տեխնիկական համաձայնագրով նախատեսված առանձին չափերին, ձևերին, տարրերին, ձևավորվել տարբեր հալվածքներից, չհամապատասխանել պարտադիր հավաստագրման պահաջներին (ԳՕՍՏ-ին համապատասխանության մասով բոլոր բնութագրերի փորձարկումներին, ստուգումներին), ոչ կոնդիցիոն անիվները կարող են օգտագործվել շատ ցածր արագությամբ (0-10 կմ/ժ) շարժահաղորդ սայլակների վրա։
Ոչ կոնդիցիոն անիվների գործարանային խոտանը վերացնել տեխնիկապես հնարավոր չէ։ Առանց արտադրողի որակի հավաստագրի, որը տրամադրվում է համալիր ստուգման և փորձարկման արդյունքներով, արգելվում է Միության տարածքում անիվների շահագործումն ընդհանուր մայրուղային ուղիներում («Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2018 թվականի մայիսի 23-ի մտից թիվ 8208կոնֆ. և 2018 թվականի հունիսի 29-ի մտից թիվ 10365կոնֆ. գրություններ)։
Գործերի քննության կարգին համապատասխան՝ գործով ապացույցների ուսումնասիրությունից, գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքների շարադրանքներից, քննվող հանգամանքների վերաբերյալ տվյալների տիրապետող անձանց հարցաքննություն անցկացնելուց հետո հաստատվել է հետևյալը։
Միության տարածքում 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում իրացվել են՝
«957» անիվները՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հայտնաբերվել են գերիշխող դիրք զբաղեցնող շուկայի սուբյեկտներ՝ «ՄՄԸ» անձանց խումբը և «Ինտերփայփ-Մ» [«Интерпайп-М»] սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
«710» անիվները՝ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հայտնաբերվել է գերիշխող դիրք զբաղեցնող շուկայի սուբյեկտ՝ «Եվրազ» անձանց խումբը։
Պողպատե ամբողջագլոցված անիվների մատակարարման պայմանագրերի վերլուծությունը և իրացման գների համեմատությունը ցույց են տվել, որ մեկ անիվի իրացման վերջնական գինը (առանց ԱԱՀ և առանց հաշվի առնելու տրանսպորտային ծախսերը) կարող է ունենալ աննշան տարբերություն, որն առաջանում է՝ պայմանավորված լրացուցիչ գործոններով (գնորդների կազմ, ապրանքի գնման եղանակ (օրինակ՝ բաց մրցութային ընթացակարգերի անցկացում), ապրանքի ծավալով, մատակարարման ժամանակահատվածով, վճարման եղանակով և այլն)։ Միության տարածքում 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում «ՄՄԸ» անձանց խմբի կողմից «957» անիվների իրացման տարբեր գների և «Եվրազ» անձանց խմբի կողմից «710» անիվների իրացման չհիմնավորված տարբեր գների սահմանումը հաստատող ապացույցներ չեն հայտնաբերվել։
2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Միության տարածքում «ՄՄԸ» անձանց խմբի կողմից «957» անիվների իրացման ժամանակ և «Եվրազ» անձանց խմբի կողմից «710» անիվների իրացման ժամանակ անդամ պետությունների սպառողների համար Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով արգելված՝ խտրական պայմանների կիրառումը հաստատող ապացույցներ չեն հայտնաբերվել։
«1050» անիվների մատակարարման պայմանագրերի վերլուծությունը և իրացման գների համեմատությունը ցույց են տվել, որ նշված անիվների իրացման գնի տարբերությունը պայմանավորված է 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դեպի Ղազախստանի Հանրապետություն արտահանման համար նախատեսված, սակայն հավաստագրում չանցած՝ ոչ կոնդիցիոն անիվների իրացմամբ («Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2018 թվականի մարտի 26-ի մտից թիվ 4461 գրություն)։ Ոչ կոնդիցիոն անիվների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնության տարածքում սպառողին իրացվել է որպես ջարդոն (բեռնաթափվել է խուռնաբեռն՝ առանց փաթեթավորման և լրացուցիչ վավերապայմանների)՝ սեփական արտադրանք թողարկելու նպատակով հետագա հալման համար։ Գնորդը չունի սեփականության կամ վարձակալության իրավունքով երկաթուղային տրանսպորտի շարժակազմ և երկաթուղային հարթակների ու վագոնների անիվների փոխարինման մասով երկաթուղային տրանսպորտի շարժակազմի վերանորոգում չի իրականացնում («Կուշվայի գլոցագլանների գործարան»-ի [«Кушвинский завод прокатных валков»] կողմից Հանձնաժողով ներկայացված՝ 2018 թվականի ապրիլի 6-ի մտից թիվ 5416 գրություն)։
Ոչ կոնդիցիոն ամբողջագլոցված անիվների կառուցվածքային և տեխնիկական շեղումների բնույթի հարցի ուսումնասիրության և այն հարցի լուծման նպատակով, թե կարող են արդյոք համափոխարինելի լինել կոնդիցիոն և ոչ կոնդիցիոն ամբողջագլոցված անիվները, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսասատանի Դաշնությունում հարցում է անցկացվել տնտեսավարող սուբյեկտների՝ պողպատե ամբողջագլոցված անիվներ սպառողների շրջանում, ինչպես նաև ստացվել են գիտական կազմակերպությունների հետևյալ գրությունները՝
Բելառուսի տրանսպորտի պետական համալսարանի ներկայացրած տեղեկությունների (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի հունիսի 27-ի մտից թիվ 10194 գրություն) համաձայն՝ «ոչ կոնդիցիոն» հասկացությունը նշանակում է, որ արտադրանքը չի բավարարում գործող նորմատիվներին և ստանդարտներին։ Այդպիսով, անիվը, որը չի բավարարում ԳՕՍՏ 10791-2011-ի դրույթներից առնվազն մեկը, համարվում է սահմանված պահանջներին չհամապատասխանող․
Պետերբուրգի կապուղիների պետական համալսարանի ներկայացրած տեղեկությունների (Հանձնաժողովին ուղղված՝ 2018 թվականի հունիսի 18-ի մտից թիվ 10118 գրություն) համաձայն՝ տվյալ կազմակերպությունն իր տրամադրության տակ չունի փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ համապատասխան գիտատեխնիկական բազա։
«1050» անիվները և ոչ կոնդիցիոն «1050» անիվներն ունեն տարբեր տեխնիկական բնութագրեր, որոնք ազդում են դրանց գործառնական օգտագործման վրա, տարբեր նպատակներ և ձեռքբերման տարբեր արժեքներ, շրջանառվում են տարբեր ապրանքային շուկաներում և համափոխարինելի չեն։ «1050» անիվների իրացումը սպառողին իրականացվել է միայն Ղազախստանի Հանրապետությունում։
Ղազախստանի Հանրապետությունում սպառողներին իրացվող «1050» անիվների գնի զգալի բարձրացումը հաստատող ապացույցներ չեն հայտնաբերվել։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում «ԵվրազՀոլդինգ» ՍՊԸ-ի և «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի, «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի և «Միավորված մետալուրգիական ընկերություն» ԲԸ-ի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտում, որն արտահայտվել է ամբողջագլոցված անիվների համար տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված տարբեր գներ սահմանելով և դրանց սպառողների համար խտրական պայմաններ ստեղծելով, առկա չէ։
Ղեկավարվելով Պայմանագրի թիվ 19 հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի քննության կարգի 44-րդ կետով և 46-րդ կետի 1-ին ենթակետով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Դադարեցնել «ԵվրազՀոլդինգ» ՍՊԸ-ի և «Եվրազ Նիժնետագիլսկի մետալուրգիական կոմբինատ» ԲԸ-ի, «Վիկսունսկի մետալուրգիական գործարան» ԲԸ-ի և «Միավորված մետալուրգիական ընկերություն» ԲԸ-ի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի խախտման վերաբերյալ գործի քննությունը՝ 2016 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հունիսը նրանց կողմից կատարված գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման բացակայության կապակցությամբ։
2. Սույն որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել Միության դատարանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: