ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3519/02/17 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3519/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տ ավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի մարտի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի (նախկինում՝ «Ֆուրնիվուդ» ՍՊԸ) (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մոնիկա Չաքմազյանի ընդդեմ Ընկերության` աշխատանքից ազատման հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ընկերության ընդդեմ Մոնիկա Չաքմազյանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մոնիկա Չաքմազյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության թիվ 17-178 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը, այն է՝ 2017 թվականի ապրիլ ամսվա աշխատավարձը և սկսած 25.04.2017 թվականից բռնագանձել միջին աշխատավարձը՝ 155.340 ՀՀ դրամը, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված տույժերը և բռնագանձել վերջնահաշվարկի գումարը, իսկ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում՝ Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Մոնիկա Չաքմազյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի գումար։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Ընկերությունից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի բռնագանձվել է 1.458.600 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի գումար և 1.232.000 ՀՀ դրամ՝ որպես տուժանքի գումար, Ընկերությունից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի բռնագանձել նաև չվճարված վերջնահաշվարկի գումարը: Հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը չվերացնելով ազատման հրամանը և չվերականգնելով հայցվորին նախկին աշխատանքում, «վերականգնել» է միայն աշխատավարձ ստանալու իրավունքը, անտեսելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը դա աշխատանքները կատարելու դիմաց վճարվող հատուցումն է, այլ ոչ թե թոշակ կամ ալիմենտ: Արդյունքում պարզ չէ՝ Մոնիկա Չաքմազյանի ազատումն օրինակա՞ն էր, թե՝ ոչ, եթե ապօրինի էր, ապա որտե՞ղ է այդ մասին դատական ակտը, եթե օրինական էր, ապա ՀՀ աշխատանքային օրենսգրքի կամ առհասարակ գործող օրենսդրության ո՞ր հիմքով է ազատված ու չվերականգնված աշխատողին վճարվում հարկադիր պարապուրդի գումար՝ չվերացված ազատման հրամանի գոյության և աշխատանքում չվերականգնվելու պայմաններում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերության և Մոնիկա Չաքմազյանի միջև 28.11.2014 թվականին կնքված թիվ 14-342 աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Մոնիկա Չաքմազյանը մեկ դրույքով, ամսական 70.000 ՀՀ դրամ աշխատավարձով, որպես գանձապահ-վաճառող ընդունվել է աշխատանքի (հատոր 1-ին, գ.թ. 15-18):
2. Ընկերության 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանի համաձայն՝ Մոնիկա Չաքմազյանն ազատվել է աշխատանքից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 11)։
3. Ընկերության 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանի համաձայն՝ 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը փոփոխվել է և շարադրվել հետևյալ բովանդակությամբ. 25.04.2017 թվականին ազատել Մոնիկա Չաքմազյանին գանձապահ վաճառողի աշխատանքից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 75):
4. Ընկերության գործադիր տնօրենի ու առևտրային տնօրենի կողմից ստորագրված 25.04.2017 թվականի արձանագրության համաձայն՝ Մոնիկա Չաքմազյանը 23.04.2017 թվականից մինչև 25.04.2017 թվականը բացակայել է աշխատանքից և բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել (հատոր 2-րդ, գ.թ. 76):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն աշխատանքային վեճերի լուծման համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է հետևյալ ընթացակարգը.
1. գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան,
2. եթե դատարանը պարզում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են,
3. աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք։
Այսինքն՝ որպեսզի գործատուի կողմից հօգուտ աշխատողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձվի միջին աշխատավարձ, անհրաժեշտ է՝
1. աշխատանքից ազատման հրամանի վիճարկում,
2. դատարանի կողմից աշխատանքից ազատման հրամանի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտման պարզում, և
3. աշխատողի խախտված իրավունքների վերականգնում։
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը:
Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի յուրաքանչյուր պահանջը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի և Մոնիկա Չաքմազյանի միջև 28.11.2014 թվականին կնքվել է թիվ 14-342 աշխատանքային պայմանագիրը, որով Մոնիկա Չաքմազյանը մեկ դրույքով, ամսական 70.000 ՀՀ դրամ աշխատավարձով, որպես գանձապահ-վաճառող ընդունվել է աշխատանքի: «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանի համաձայն՝ Մոնիկա Չաքմազյանն ազատվել է աշխատանքից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։ «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանի համաձայն՝ 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը փոփոխվել է և լրացվել հետևյալ բովանդակությամբ, որ Մոնիկա Չաքմազյանին գանձապահ վաճառողի աշխատանքից ազատել 2017 թվականի ապրիլի 25-ից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի ու առևտրային տնօրենի կողմից ստորագրված 25.04.2017 թվականի արձանագրության համաձայն՝ Մոնիկա Չաքմազյանը 23.04.2017 թվականից մինչև 25.04.2017 թվականը բացակայել է աշխատանքից և բացակայությունը հարգելի համարելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ն 06.05.2017 թվականին անվանափոխվել է «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ի:
Դատարանը, հայցը բավարարելով մասնակիորեն, պատճառաբանել է, որ պատասխանողը հայցվորին 25.04.2017 թվականին ազատելով աշխատանքից, այդ մասին նրան չի հայտնել, աշխատանքից ազատման հրամանը 12.11.2018 թվականին ներկայացրել է դատարան և վերջինս էլ այն ուղարկել է հայցվորին և վերջինիս ներկայացուցիչը նշված հրամանը ստացել է 15.11.2018 թվականին: Հայցվորն աշխատանքից ազատման իր հրամանի մասին իմացել է դատական գործի ընթացքում, 15.11.2018 թվականին և 25.04.2017 թվականի աշխատանքից ազատման մասին թիվ 17-187 հրամանն ուժի մեջ է մտել հայցվորի իրազեկման պահից՝ 15.11.2018 թվականից և պատասխանողը պարտավոր է հայցվորին մինչև նշված օրը վճարել աշխատավարձի 0,15 տոկոսի չափով տուժանք, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը և վերջնահաշվարկ:
Դատարանն արձանագրել է նաև, որ անհիմն ու առարկայազուրկ է 25.04.2017 թվականի ազատման մասին թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը, քանի որ պատասխանողի կողմից այն արդեն իսկ փոփոխվել է և հայցվորի աշխատանքից ազատման հիմքը թիվ 17-187 հրամանն է, վիճարկվող հրամանը նշված շարադրանքով, բովանդակությամբ այլևս գոյություն չունի և որպես նշված պատճառաբանության շարունակություն՝ անհիմն է նաև հայցվորին աշխատանքի վերականգնման պահանջը, քանի որ հայցվորի կողմից չի վիճարկվել 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանը:
Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ «բողոք բերողը նշել է, որ Դատարանը բավարարել է գումարի բռնագանձման գումարը, առանց հրամանն անվավեր ճանաչելու: Մինչդեռ բողոք բերողի փաստարկը հիմնավոր չէ, քանի որ հայցվորը վիճարկել է 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը, մինչդեռ այդ հրամանը 25.04.2017 թվականի 17-187 հրամանով փոփոխվել է և հայցվորի աշխատանքից ազատման հիմքը թիվ 17-187 հրամանն է, իսկ 17-178 հրամանն որպես այդպիսին այլևս գոյություն չունի: Հետևաբար դատարանը հարկադիր պարապուրդի ժամանակաշրջան է հաշվարկել 25.04.2017 թվականից մինչև թիվ 17-187 հրամանի մասի հայցվորի իրազեկվելու պահը՝ 15.11.2018 թվականը: Հայցվորն ընդհանրապես տեղյակ չի եղել 17-187 հրամանի մասին, դա հիմնավորող հանգամանք է այն, որ վերջինս վիճարկել է ոչ թե 17-187 հրամանը, այլ թիվ 17-178 հրամանը: Այսինքն՝ հայցվորի կողմից 17-187 հրամանի մասին տեղեկացված չլինելն ապացուցվում է հայցվորի կողմից իրականության մեջ գոյություն չունեցող անհատական իրավական ակտը վիճարկելով, ուստի պատասխանողը պարտավոր է հայցվորին մինչև նշված օրը վճարել աշխատավարձ, տուժանք վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը»:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Մոնիկա Չաքմազյանը դիմելով դատարան՝ պահանջել է անվավեր ճանաչել 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար։ Դատարանը 26.03.2019 թվականի վճռի պատճառաբանական մասում նշելով, որ 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը առարկայազուրկ է և հետևաբար անհիմն է նաև Մոնիկա Չաքմազյանին աշխատանքի վերականգնելու պահանջը, վճռի եզրափակիչ մասում չի կատարել որևէ եզրահանգում 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու, Մոնիկա Չաքմազյանին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջները մերժելու կամ բավարարելու վերաբերյալ։ Վճռի եզրափակիչ մասը պարունակում է միայն չվճարված աշխատավարձի, տուժանքի և չվճարված վերջնահաշվարկի վերաբերյալ եզրակացություններ։ Այսինքն՝ Դատարանը դատական ակտի եզրափակիչ մասում չի կատարել եզրահանգում նաև աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների վերաբերյալ։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Դատարանի այն եզրահանգմանը, որ «անհիմն ու առարկայազուրկ է 25.04.2017 թվականի ազատման մասին թիվ 17-178 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը, քանի որ պատասխանողի կողմից այն արդեն իսկ փոփոխվել է և հայցվորի աշխատանքից ազատման հիմքը թիվ 17-187 հրամանն է, վիճարկվող հրամանը նշված շարադրանքով, բովանդակությամբ այլևս գոյություն չունի և որպես նշված պատճառաբանության շարունակություն՝ անհիմն է նաև հայցվորին աշխատանքի վերականգնման պահանջը», հարկ է համարում արձանագրել, որ համաձայն գործում առկա աշխատանքային գրքույկի պատճենի (հատոր 1-ին, գ․թ․ 14)՝ Մոնիկա Չաքմազյանն աշխատանքից ազատվել է 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանով, իսկ 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանով փոփոխվել և լրացվել է միայն Մոնիկա Չաքմազյանին աշխատանքից ազատելու հիմքը, ուստի աշխատանքից ազատման մասին 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը շարունակել է գոյություն ունենալ՝ 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանով փոփոխված բովանդակությամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Դատարանի այն եզրահանգումը, որ «հայցվորն աշխատանքից ազատման իր հրամանի մասին իմացել է դատական գործի ընթացքում՝ 15.11.2018 թվականին և 25.04.2017 թվականի աշխատանքից ազատման մասին թիվ 17-187 հրամանն ուժի մեջ է մտել հայցվորի իրազեկման պահից՝ 15.11.2018 թվականից», քանի որ, ինչպես արդեն նշվեց, Մոնիկա Չաքմազյանն աշխատանքից ազատվել է 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանով, որը և վիճարկել է Դատարանում, իսկ ինչ վերաբերում է 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանին, ապա այդ հրամանով Մոնիկա Չաքմազյանը ոչ թե կրկին ազատվել է աշխատանքից, այլ միայն փոփոխվել և լրացվել է Մոնիկա Չաքմազյանի աշխատանքից ազատման հիմքը: Ավելին, գործում առկա 25․04․2017 թվականի «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի և Մոնիկա Չաքմազյանի միջև կնքված թիվ 14-342/04 աշխատանքային պայմանագրի լուծման մասին համաձայնագրի համաձայն՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 25.04.2017 թվականին լուծել են աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ․թ․ 89)։ Բացի այդ, գործի քննության ընթացքում Մոնիկա Չաքմազյանը 26.04.2018 թվականին և 26.06.2018 թվականին հստակեցնելով հայցապահանջը՝ երկու դեպքում էլ պնդել է անվավեր ճանաչել 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը (հատոր 1-ին, գ․թ․ 38-39, 77-78)։
Վերոգրյալից հետևում է, որ Մոնիկա Չաքմազյանն առնվազն հայցադիմում ներկայացնելու պահին արդեն իսկ իրազեկված է եղել աշխատանքից ազատման հրամանի մասին, ուստի նման պայմաններում Դատարանի եզրահանգումն առ այն, որ պատասխանողը պարտավոր էր Մոնիկա Չաքմազյանին 25․04․2017 թվականից մինչև 15.11.2018 թվականը վճարել միջին աշխատավարձ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված՝ աշխատավարձի 0,15 տոկոսի չափով տուժանք, անհիմն է, քանի որ Դատարանը առանց հետազոտելու գործում առկա մյուս ապացույցները՝ հանգել է այն եզրահանգման, որ Մոնիկա Չաքմազյանի աշխատանքից ազատման հիմքը 25.04.2017 թվականի թիվ 17-187 հրամանն է, այլ ոչ թե՝ 25.04.2017 թվականի թիվ 17-178 հրամանը:
Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը դեռևս չպարզելով, թե Մոնիկա Չաքմազյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրինական հիմքով կամ օրենսդրությամբ սահմանված կարգով, թե՝ ոչ, հիմնական պահանջը համարելով առարկայազուրկ, բավարարել է ածանցյալ պահանջը և «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի բռնագանձել 1.458.600 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի գումար և 1.232.000 ՀՀ դրամ՝ որպես տուժանքի գումար։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բռնագանձելով պահանջվող գումարը սխալ է գնահատել դրա առաջացման հիմքերը։ Հետևաբար սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան գործը ենթակա է նոր քննության և գումարի պահանջի իրավունքի հիմքերի քննարկումից ու եզրահանգումից հետո միայն դատարանը պետք է որոշի գումար բռնագանձելու պահանջների հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2019 թվականի որոշումը մասնակիորեն՝ հայցը մասնակիորեն բավարարելու՝ «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ Մոնիկա Չաքմազյանի 1.458.600 ՀՀ դրամ բռնագանձելու, որպես չվճարված աշխատավարձի գումար և 1.232.000 ՀՀ դրամ՝ որպես տուժանքի գումար, ինչպես նաև չվճարված վերջնահաշվարկի գումար բռնագանձելու պահանջների մասով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: