ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 433-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» N 671-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով.
2) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 433-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի N 671-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում կարանտին սահմանելու և չեղյալ հայտարարելու հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանվում է գյուղատնտեսական կենդանիների Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված կարանտինային հիվանդությունների, վարակիչ հիվանդությունների արագ տարածման վտանգի, Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ արձանագրված վարակների, էմերջենտ հիվանդությունների ախտորոշման և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) կողմից սահմանված այլ դեպքերում։
2. ԿԱՐԱՆՏԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Կարանտին սահմանելու մասին որոշումն ընդունում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարանտինային գոտում երկու և ավելի մարզ ներառելու դեպքում.
2) տարածքային կառավարման մարմինը՝ կարանտինային գոտում մարզ կամ համայնք կամ բնակավայր ներառելու դեպքում։
4. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ներկայացնում է կարանտին սահմանելու մասին առաջարկությունը (այսուհետ՝ առաջարկություն), որը ներառում է՝
1) կարանտին սահմանելու հիմքերը՝ վարակի օջախի համաճարակաբանական հետազոտությունը, լաբորատոր ախտորոշման եզրակացությունը.
2) կարանտինային գոտու քարտեզագրված սահմանները` «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան.
3) կարանտին սահմանելու ժամկետը.
4) կարանտինի ընթացքում անհրաժեշտ միջոցառումների (անասնահակահամաճարակային միջոցառումները և սահմանափակումները` կենդանիների, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերի և կերային հավելումների շրջանառության վերաբերյալ) ցանկը, իրականացման ընթացակարգերը, ժամկետները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԿԱՀԿ պահանջներին համապատասխան։
5. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքերում առաջարկությունը ներկայացնում է տարածքային կառավարման մարմիններ՝ հիվանդության ախտորոշումը հաստատելուց հետո 6 ժամվա ընթացքում։ Լիազոր մարմինն առաջարկության վերաբերյալ տեղեկատվությունը միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և առողջապահության նախարարություններ։
6. Կարանտինային գոտում երկու և ավելի մարզ ներառելու դեպքում տարածքային կառավարման մարմինները կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) առաջարկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։
7. Կարանտին սահմանելու մասին որոշումն ընդունվում է կարանտին սահմանելու մասին առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ 6 ժամվա ընթացքում։
8. Կարանտին սահմանելու կամ չեղյալ հայտարարելու մասին համապատասխան որոշումներն անհապաղ ծանուցվում են բնակչությանը՝ զանգվածային լրատվության միջոցներով:
9. Կարանտինային միջոցառումների կազմակերպումը, ղեկավարումն իրականացվում են Կենտրոնական անասնահամաճարակային միջգերատեսչական խորհրդի, տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովի կողմից, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը և շահագրգիռ պետական կառավարման այլ մարմիններին կարանտինի սահմանման, կարանտինային գոտիների սահմանների փոփոխության, կարանտինի երկարաձգման և չեղյալ հայտարարման մասին տեղեկացումը` 24 ժամվա ընթացքում:
10. Կենտրոնական անասնահամաճարակային միջգերատեսչական խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովի կազմը և լիազորությունները՝ մարզպետի կողմից:
11. Կարանտինային միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
12. Կարանտինային գոտում վարակի օջախի վերացման, տարածման ու կանխման միջոցառումներն իրականացվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան:
13. Կարանտինային գոտիների սահմաններից դուրս հիվանդության նոր դեպքեր արձանագրելու կամ հիվանդության տարածման վտանգի դեպքերում լիազոր մարմինը ներկայացնում է առաջարկություն՝ կարանտինային գոտիների սահմանները փոփոխելու մասին։
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված առաջարկությունը ներառում է ներկայացված փոփոխության անհրաժեշտությունը հավաստող փաստեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԿԱՀԿ պահանջների համաձայն։
15. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված մարմինները կարանտինային գոտիների սահմանները փոփոխելու մասին որոշումն ընդունում են լիազոր մարմնի կողմից առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ 6 ժամվա ընթացքում։
3. ԿԱՐԱՆՏԻՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Լիազոր մարմնի եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) հիման վրա կարանտինը երկարաձգելու կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումն ընդունում են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարանտինային գոտում երկու և ավելի մարզ ներառելու դեպքում.
2) տարածքային կառավարման մարմինը՝ կարանտինային գոտում մարզ կամ համայնք կամ բնակավայր ներառելու դեպքում։
17. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը ներառում է՝
1) կարանտին սահմանելու մասին որոշման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ընդունող մարմնի անվանումը.
2) կարանտին սահմանելու մասին որոշմամբ հաստատված կարանտինի ընթացքում իրականացվող միջոցառումների կատարման վերաբերյալ արձանագրությունը.
3) կարանտինը երկարաձգելու կամ չեղյալ հայտարարելու հիմքերը՝ կարանտինային գոտու առողջացման (անասնահամաճարակային իրավիճակի) վերաբերյալ արձանագրությունը՝ օրենսդրությամբ սահմանված և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան։
18. Կարանտինը երկարաձգելու վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է կարանտինի սահմանված ժամկետի ավարտից առնվազն 48 ժամ առաջ։
19. Կարանտինը երկարաձգելու և չեղյալ հայտարարելու մասին որոշումներն ընդունվում են եզրակացությունը ներկայացնելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։
20. Կարանտինային միջոցառումների իրականացման շրջանակներում սույն կարգով նախատեսված մարմինների ընդունած որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական: