ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Ս. Միքայելյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հուլիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2017 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 07.12.2021 թվականի որոշմամբ անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2022 թվականի որոշմամբ Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Հակոբյանը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Արմեն Ստամբոլցյանը (ներկայացուցիչ Կարո Ասատրյան) և Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը և 365-րդ հոդվածը, կիրառել է 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա են սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից դատարան ներկայացված 15.11.2021 թվականի և 16.12.2021 թվականի պարտատերերի գրանցամատյանը, որում սահմանված կարգով կատարվել են համապատասխան փոփոխություններ, և Արա Հակոբյանը այդ գրանցամատյանում գրանցվել է որպես պարտատեր:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ զրկել է գործին մասնակցող անձ Արա Հակոբյանին իրեն վերաբերող և իր իրավունքները խախտող դատական ակտը բողոքարկելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով պահանջի զիջման հիմքով սնանկության վարույթում տեղի է ունեցել պարտատիրոջ փոփոխություն, որտեղ Գագիկ Ղևոնդյանի փոխարեն պարտատեր է գրանցվել Արա Հակոբյանը, այդ փոփոխությունները, օրենքի պահանջին համապատասխան, գրանցվել են կառավարչի կողմից վարվող պարտատերերի գրանցամատյանում։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա է նաև 16.12.2021 թվականի սնանկության գործով կառավարչի կողմից դատարան ներկայացված՝ հավաքագրված գումարների բաշխման ծրագիրը, որտեղ որպես միակ պարտատեր է նշված Արա Հակոբյանը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի 07.12.2021 թվականի դատական ակտով որոշվել է վերացնել այն գույքի նկատմամբ առկա սահմանափակումները՝ մեկ այլ անձի իրավունքի գրանցման համար, որի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքը հաստատվել էր վարչական ակտով և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2.1 Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Տվյալ դեպքում կառավարչի կողմից վարվող պարտատերերի գրանցամատյանը չի կարող հանդիսանալ պահանջատեր գրանցված լինելը հիմնավորող թույլատրելի ապացույց։ Այսինքն՝ բողոքաբեր Արա Հակոբյանը Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշման պահին «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված պահանջատեր չի եղել։
2.2 Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Սույն բողոքը քննության արդյունքում չի կարող բավարարվել, քանի որ 10․12․2021 թվականին գույքի նկատմամբ գրանցվել է «Արնդանե» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, տվյալ պարագայում 07․12․2021 թվականի որոշումից բխող հետևանքն արդեն իսկ կատարված փաստ է։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանությունից հետևում է, որ օրենսդրի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի և սնանկության վարույթով կայացվող այլ որոշումների օրինական ուժի մեջ մտնելու դրույթ նախատեսելն ինքնանպատակ չէ և ժամանակի գործոնի ազդեցությամբ պայմանավորված ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանության ապահովմանը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործով կայացված միջանկյալ դատական ակտը պարտատիրոջ կողմից բողոքարկելու իրավական հնարավորության հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: (…):
Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերը գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել վերաքննության կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, ի թիվս այլնի, Վարուժան Ավագյանն ընդդեմ Քնարիկ և Կորյուն Հարությունյանների թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05. 2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե՛ս, Զարուհի, Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա և ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից կամայական դրսևորում: Այսինքն՝ ապացույցների գնահատման գործընթացում դատարանը պետք է զերծ մնա շահագրգիռ, կողմնակալ և կանխակալ մոտեցում ցուցաբերելուց և դրանք հետազոտի տվյալ վեճի լուծման համար թույլատրելիության, վերաբերելիության, բավարարության և արժանահավատության տեսանկյունից (տե՛ս, ըստ դիմումի Գայանե Կիրակոսյանի՝ թիվ ՇԴ/0016/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2019 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքը Դատարան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանի սնանկությունը ճանաչելու դիմում (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 5-8):
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 57-68):
Դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որտեղ ի թիվս այլնի գրանցվել է Գագիկ Ղևոնդյանի չապահովված պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլու չափով (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 85-87):
Դատարանի 07.12.2021 թվականի որոշմամբ անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 1-24):
Վերաքննիչ դատարանը 11.01.2022 թվականի որոշմամբ «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ սույն գործով Դատարանի 07.12.2021 թվականի որոշումն Արա Հակոբյանը բողոքարկելու իրավունք չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի հավելվածի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նա չի հանդիսանում սույն գործով գործին մասնակցող անձ, ինչ վերաբերում է գործի հավելվածի նյութերում առկա՝ Արա Հակոբյանի կողմից ներկայացված պահանջատեր գրանցվելու վերաբերյալ դիմումին և դրան կից ներկայացված՝ փոխառության պայմանագրին, ըստ որի՝ սույն գործով պահանջատեր Գագիկ Ղևոնդյանը պարտավորվում է հիշյալ պայմանագրով սահմանված ժամկետում փոխառության գումարը փոխատուին պայմանագրով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում կատարել պահանջի զիջում (ցեսիա), ապա 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում սույն գործի հավելվածի նյութերում առկա չէ Դատարանի կողմից՝ սույն սնանկության գործով պահանջատեր հանդիսացող Գագիկ Ղևոնդյանին վերաքննիչ բողոք բերած անձ Արա Հակոբյանով փոխարինելու վերաբերյալ որոշում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է Արա Հակոբյանի՝ գործին մասնակցող անձ չհանդիսանալու հանգամանքը, մինչդեռ սույն գործում առկա 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պայմանագրի համաձայն` Գագիկ Ղևոնդյանը թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ ունեցած 510.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջի իրավունքը զիջել է (ցեսիա) Արա Հակոբյանին։ Ավելին, վճռաբեկ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի պատճենների ուսումնասիրությունից հետևում է, որ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 15.11.2021 թվականի գրությամբ նշել է, որ թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արա Հակոբյանից ստացված «պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու մասին» դիմումի համաձայն՝ վերջինիս պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլի գումարի չափով նախկին պարտատեր՝ Գագիկ Ղևոնդյանի փոխարեն գրանցվել է պարտատերերի վերջնական գրանցամատյանում։ Կառավարիչը 16.12.2021 թվականի մեկ այլ գրությամբ նշել է, որ Արա Հակոբյանից ստացվել է «պահանջի չափն ավելացնելու և նոր պահանջ գրանցելու մասին» դիմում։ Կառավարչի գրանցամատյանի պատճենի համաձայն՝ Արմեն Ստամբոլցյանի պարտատերերի շարքում նշված է Արա Հակոբյան։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացույցներով, ինչպես նաև 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել պարտատերերի փոփոխություն, իսկ սնանկության գործով կառավարիչն էլ գրանցամատյանում կատարել է պարտատերերի փոփոխություն։ Հետևաբար վերոգրյալ փաստական տվյալների համակցությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս հանգելու այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը չի ունեցել բավարար հիմքեր արձանագրելու համար, որ Արա Հակոբյանը չի հանդիսանում գործին մասնակցող անձ։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է գործում առկա 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի զիջման պայմանագիրը, այլև վերաքննիչ բողոքը քննել է գործի հավելվածում առկա նյութերի հիման վրա և հաշվիչ չի առել, որ դրանք ամբողջական չեն` չեն պարունակում ամբողջ սնանկության գործում առկա նյութերը, հետևաբար Վերաքննիչ դատարանն ամբողջական չուսումնասիրելով սնանկության գործի նյութերը՝ առանց որևէ հիմնավորման մերժել է Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ սույն գործի հավելվածի նյութերում առկա չէ Դատարանի կողմից սույն սնանկության գործով պահանջատեր հանդիսացող Գագիկ Ղևոնդյանին վերաքննիչ բողոք բերած անձ Արա Հակոբյանով փոխարինելու վերաբերյալ որոշում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս անհիմն է, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարիչն է իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում և հաշվարկում պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը։ Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության վարույթի շրջանակներում չի նախատեսում պարտատերերի փոփոխության դեպքում սնանկության դատարանի կողմից որոշման կայացման դեպք և կարգ։
Վերոգրյալի հիման վրա նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է Արա Հակոբյանի՝ գործին մասնակցող անձ չլինելու հիմքով, չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, խախտել է ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, դրանով իսկ սահմանափակելով Արա Հակոբյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, զրկելով վերջինիս իր իրավունքներին առնչվող Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի կողմից բերված պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից բերված պատասխանում առկա փաստարկները հերքվում են, քանի որ դրանք չեն վերաբերում սույն որոշմամբ քննվող վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Ս. Միքայելյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: