Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 02.08.2022
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.07.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2022 թվականի N 41-Ն

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ավագանին որոշում է.

1. Սահմանել Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 16-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ - 8

Դեմ - 0

Ձեռնպահ - 0

1. ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

   

2. ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

   

3. ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

   

4. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ

   

5. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

   

6. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

   

7. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

   

8. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

 

Հավելված N 1

Բյուրեղավան համայնքի ավագանու

2022 թվականի հուլիսի 26-ի

N 41-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգի հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ)։ Սույն կարգն ընդունվել է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

 2. Արտաքին գովազդն (այսուհետ՝ գովազդ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տեղաբաշխումն է բնակավայրերում՝ տարբեր տեխնիկական միջոցների ձևով (վահանակների, գրաժապավենների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների և այլնի) անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքի կամ նախաձեռնությունների նկատմամբ։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունը գովազդ չի համարվում։

4. Սույն կարգի գործողությունը տարածվում է բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա։

5. Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող հողամասի վրա գովազդ տեղադրելու համար Բյուրեղավան համայնքի ղեկավարին դիմում ներկայացրած գովազդատուին (գովազդակրին) Հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան օգտագործման իրավունքով տրամադրվում է հողամաս՝ կնքելով հողօգտագործման համապատասխան պայմանագիր: Օգտագործման իրավունքով տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման և պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում հողօգտագործողն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք:

 6. Այն դեպքում, երբ գովազդը տեղադրվում է համայնքային սեփականություն չհանդիսացող տարածքում (կամ դրանց օգտագործմամբ), ապա գովազդ տեղադրելու թույլտվության մասին որոշումը ընդունում է համայնքի ղեկավարը՝ տվյալ տարածքի սեփականատիրոջ կամ տարածքի օգտագործողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում, գովազդատուի և տարածքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրով։

7. Գովազդ տեղադրելու թույլտվության մասին որոշման նախագծին կցվում է գովազդատուի ու տարածքի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրի պատճենը։

8. Գովազդի տեղադրումը թույլատրվում է, եթե այն համապատասխանում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման պահանջներին։

 

2. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Բյուրեղավան համայնքի տարածքում գովազդ տեղադրելու թույլտվությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն տրվում է Բյուրեղավան համայնքի ղեկավարի որոշմամբ։

10. Համայնքի ղեկավարի որոշմանը կցվում են թույլտվությունը և գովազդի էսքիզը՝ համաձայն Ձև 1-ի։

11. Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն (գովազդակիրը) դիմում-հայտ է ներկայացնում Բյուրեղավան համայնքի ղեկավարին` նշելով.

1) հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը.

2) հայտատու իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ.

3) գովազդի տեղադրման վայրը (վայրերը) և չափերը (քմ).

4) գովազդի տեսակը, որի տեղադրման համար թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում

3) գովազդի թույլտվության գործողության ժամկետը:

 12. Հայտին կցվում է համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։

13. Բյուրեղավան համայնքի ղեկավարը գովազդ տեղադրելու համար գովազդատուից (գովազդակրից) դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո պարզում է գովազդային միջոցի համապատասխանությունը կարգի և պայմանների պահանջներին (եթե այն թերի է, ետ է վերադարձվում` թերությունը վերացնելու և նորից 15-օրյա ժամկետում ներկայացնելու համար), և 15 օրվա ընթացքում համայնքի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդ տեղադրելու թույլտվություն, որում նշվում են՝ գովազդատուի (գովազդակրի) անվանումը, գովազդի չափերը, տեղադրման ձևը, գովազդային նյութերի անվանումը, թույլտվության գործողության ժամկետը և կցվում է գովազդի էսքիզը։

14. Թույլտվության որոշման նախագծերը նախապատրաստում է Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժինը (առկայության դեպքում) կամ համապատասխան համայնքային պաշտոնատար անձը:

 15. Սույն կարգի 4-րդ կետի համապատասխան՝ հատկացված տարածքի նույն հասցեում գովազդ տեղադրելու համար մեկից ավելի գովազդատուների (գովազդակիրների) հայտերի առկայության դեպքում Բյուրեղավան համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարում և անց է կացնում մրցույթ, որի արդյունքներով մրցույթի հաղթողին տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն։

 16. Գովազդ տեղադրելու վերաբերյալ գովազդատուի (գովազդակրի) դիմում-հայտը 15 օրյա ժամկետում կարող է մերժվել այն դեպքում եթե՝

 1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և պայմանների պահանջներին.

 2) խախտվում են «Գովազդի մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

 3) գովազդի տեղադրմամբ խոչընդոտվում է ճանապարհային երթևեկությունը կամ քաղաքացիների անցուդարձը, խախտվում են այլ անձանց օրենքով պաշտպանված իրավունքներն ու շահերը։

 17. Գովազդային միջոց տեղադրելու հայտը մերժելու դեպքում՝ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։

 18. Գովազդային նյութերը գովազդային միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն (գովազդակիրը) մինչև գովազդային նյութերի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որտեղ նշվում են նաև գովազդի արտաքին չափերը։ Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Բյուրեղավան համայնքի ղեկավարի հետ։

 19. Գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կարգի, պայմանների և այլ իրավական ակտերի պահանջներին։

 20. Գովազդի տեղադրման միջոցի մոնտաժային աշխատանքները կատարվում են հայտատուի պատվերով՝ մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Բյուրեղավան համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծով։

 21. Գովազդ տեղադրելու համար գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գովազդի տեղադրման միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։

 22. Գովազդատուն (գովազդակիրը) իրավասու չէ գովազդի տեղադրման համար իրեն տրված թույլտվությունը փոխանցել կամ օտարել այլ անձի։

 23. Գովազդ տեղադրելու թույլտվության ժամկետը լրանալու, պայմանագրով նախատեսված հիմքերով այն վաղաժամկետ դադարելու, լուծելու դեպքում գովազդատուն (գովազդակիրը) պարտավոր է 10-օրյա ժամկետում իր միջոցներով ապամոնտաժել գովազդը և դրա տեղաբաշխման միջոցները, իսկ զբաղեցրած տարածքը բերել նախկին վիճակին։

 24. Սույն կարգով նախատեսված պարտավորությունները գովազդատուի (գովազդակրի) կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Բյուրեղավան համայնքի ղեկավարի որոշման համաձայն՝ գովազդի (գովազդային միջոցի) ապամոնտաժումն իրականացվում է համայնքի կողմից՝ օրենքով սահմանված կարգով գովազդատուից (գովազդակրից) ստանալով համապատասխան փոխհատուցում։

 

3. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 25. Բյուրեղավան համայնքի ավագանին համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

 26. Այն դեպքում, երբ թույլտվության և պայմանագրի գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, գովազդատուն (գովազդակիրը) վճարումը կատարում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Բյուրեղավան համայնքի ավագանու կողմից հաստատված համապատասխան դրույքաչափերով։

 27. Սույն կարգով համապատասխան վճարված գումարներն ուղղվում են Բյուրեղավան համայնքի բյուջե։

 28. Բյուրեղավան համայնքի տարածքում գովազդ տեղադրելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը:

 29. Գովազդային օրենսդրության պահանջների խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

 

Հավելված N 2

Բյուրեղավան համայնքի ավագանու

2022 թվականի հուլիսի 26-ի

N 41-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները (այսուհետ՝ պայմաններ) մշակվել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին» (այսուհետ՝ կարգ) համապատասխան։

 2. Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի (այսուհետ՝ գովազդ) միջոցների տեղադրումը թույլատրվում է սույն կարգի և պայմանների պահանջներին համապատասխան։

 

2. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3. Գովազդ տեղադրելու պայմանները.

 1) գովազդը չպետք է՝

 ա. խոչընդոտի ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը.

 բ. սահմանափակի տեսանելիությանը ավտոճանապարհների վրա.

 գ. առաջացնի երթևեկության մասնակիցների կուրացում լույսով, այդ թվում նաև անդրադարձող.

 դ. արգելք հանդիսանա հետիոտնի շարժմանը.

 ե. լինի ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա.

 2) ցանկացած տիպի գովազդի տեղադրումը պետք է հիմնավորել համապատասխան նախագծային և տեսողական ընկալման դիտակետից.

 3) գովազդ տեղադրել չի թույլատրվում՝

 ա. բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր.

 բ. թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում.

 գ. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակույթային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելանոցներում).

 դ. ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ.

 4) Բյուրեղավան համայնքի հրապարակներում, ինչպես նաև դրանց համար մուտքեր և ելքեր հանդիսացող տարածքների առանձին տեղերում կարող է տեղադրվել գովազդ, եթե այն չի խոչընդոտում ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը և հրապարակների կառուցապատման տեսողական ընկալմանը։

 

3. ԳՈՎԱԶԴԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

 4. Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են և բաղկացած են հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից։

1) Տեղեկատու դաշտի չափի տեսակներն են՝

 ա. մեծ չափերի - 3մx4մ, 3մx6մ և այլ չափերի

 բ. միջին չափերի - 1.8մx1.2մ, 2մx3մ

 գ. փոքր չափերի - 0.6մx0.9մ և ավելի փոքր չափերի.

 2) վահանակներին ներկայացվող պահանջներն են՝

 ա. երկկողմանի կատարում

 բ. միակողմանի կատարում, որի դեպքում գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորում է.

 3) Բյուրեղավան համայնքի կենտրոնական հատվածի սահմաններում թույլատրվում է 0.6մx0.9մ, 1.8մx1.2մ, ինչպես նաև 3մx4մ մակերեսով տեղեկատու դաշտով վահանակների տեղադրումը.

 4) Բյուրեղավան համայնքի կենտրոնական հատվածում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հիմնասյան դիրքը պետք է լինի միայն ուղղահայաց.

 5) Բյուրեղավան համայնքում 3մx6մ և այլ չափերի տեղեկատու դաշտով գովազդային վահանակների տեղադրումը թույլատրվում է համապատասխան նախագծային հիմնավորման առկայության դեպքում.

 6) Բյուրեղավան համայնքի կենտրոնական հատվածից դուրս կարող են լինել 1.8մx 1.2մ, 3մx4մ, 3մx6մ տեղեկատու դաշտով և այլ չափերի վահանակներ.

 7) մայրուղիներում և պողոտաներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն՝

 ա. 15քմ – 18քմ և այլ չափերի 150մ-200մ

 բ. 10քմ – 15 քմ՝ 100մ – 150մ

 գ. 6քմ – 10քմ՝ 50մ – 75մ

 դ. 4քմ – 6քմ՝ 30մ – 50մ

 ե. 2քմ – 4քմ՝ 15մ – 25մ

 զ. մինչև 2քմ՝ 10մ – 15մ.

 8) Նեղ փողոցներում և նրբանցքներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի առնվազն՝

 ա. 10քմ – 12քմ՝ 50մ – 75մ

 բ. 6քմ – 10քմ՝ 30մ – 50մ

 գ. 4քմ – 6քմ՝ 20մ – 30մ

 դ. 2քմ – 4քմ՝ 10մ – 20մ

 ե. մինչև 2քմ՝ 10մ.

 9) կարող են օգտագործվել կոնստրուկցիաներ, որոնց տեղադրումը համապատասխանում է մայրուղիների, փողոցների և քաղաքային գոտիների արտաքին ձևավորմանը ներկայացվող պահանջներին։

 5. Շենքերի, շինությունների, ինչպես նաև Բյուրեղավան համայնքի բարեկարգման տարրերի (փոքր ճարտարապետական ձևեր, տաղավարներ, կահավորված կանգառի կետեր և բարեկարգման այլ տարրեր) վրա տեղադրվող գովազդի տեսակներն են.

 1) տանիքային կայանքները ծավալային կամ մակերեսային կոնստրուկցիաներ են, որոնք տեղադրվում են ամբողջովին կամ մասամբ՝ շենքի ճակատային մասում կամ տանիքին։

 ա. Տանիքային կայանքները բաղկացած են կոնստրուկցիայի կրող մասի ամրակցման տարրերից և տեղեկատու դաշտից։

 բ. Տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ։

 գ. Ամրակցման տարրերը, ինչպես նաև կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով։

 դ. Տանիքային կայանքի տեղադրման հայտերն ընդունվում են պատվիրատուի կողմից մասնագիտական փորձաքննություն անցած կոնստրուկցիաների և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծի առկայության դեպքում։

2) Պատի մեծանկարներ (պաննո) են կոչվում գովազդի այն միջոցները, որոնք տեղադրվում են շինությունների պատերին հետևյալ ձևերով՝

ա. պատկեր (տեղեկատվական դաշտ), որն անմիջապես շերտածածկում է պատը, պատկերի կոնստրուկցիան հավաքվում է ամրակցման տարրերից, հիմնակմախքից և տեղեկատու դաշտից.

բ. պատի մեծանկարները կատարվում են անհատական նախագծի հիման վրա.

գ. պատի մեծանկարները պարտադիր պետք է ունենան համապատասխան փորձաքննություն անցած կոնստրուկցիաների նախագիծ.

դ. պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի կամ անմիջական չափերով։

 3) Բարձակ (կոնսոլային կոնստրուկցիա) են կոչվում երկկողմանի հարթակային վահանակները, որոնք ամրակցվում են կայմասյուներին կամ շենքերի վրա։ Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում է բարձակները տեղադրել համայնքային լուսավորման և կոնտակտային ցանցերի կրող կոնստրուկցիաների վրա։

ա. Բարձակները պետք է լինեն երկկողմանի տեսքով և ունենան ներքին լուսավորում։

բ. Հիմքերի վրա (ուղղահայաց) տեղադրվող բարձակների տիպային չափերն են՝ 1.8մx1.2մ (մայրուղիների, պողոտաների, հրապարակների համար), 0.6մx0.9մ, 1.0մx0.7մ (նեղ փողոցների և նրբանցքների համար) և ավելի փոքր։ Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 3 մետր բարձրության վրա։

գ. Հիմքերի վրա տեղադրված բարձակները տեղադրվում են երթևեկելի մասից դուրս՝ մայթի կողմը։ Արգելվում է մեկից ավել բարձակների տեղադրումը մեկ հիմքի վրա։

դ. Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է երկու կողմերի ընդհանուր մակերեսով։

6. Կրկնաձիգ գրաժապավենը (տրանսպարանտ) գովազդի տեղեկատվության միջոց է։ Այն բաղկացած է հիմքից, ամրացման սարքավորումից և տեղեկատու պատկերից։

 1) Գրաժապավենների հեռավորությունն իրարից պետք է լինի 50մ-ից ոչ պակաս։

 2) Գրաժապավենների բարձրությունը պետք է լինի երթևեկության գծի համեմատ 5մ-ից ոչ պակաս։

 3) Տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է երկու կողմերի մակերեսով։

 7. Էկրանավորող սարքավորումները գովազդի և տեղեկատվության միջոց են։

 1) Դրանց կոնստրուկցիան ներառում է էկրանավորող (վերարտադրող) սարքավորման մակերես (էկրան) կամ տեղեկատու պատկեր։

 2) Հարթ պատկերների համար նախատեսված տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է էկրանավորող պատկերի մակերեսով։

 8. Գովազդի վահանակների միջև եղած հեռավորությունն ըստ տրանսպորտային միջոցների թույլատրվող արագության պետք է կազմի՝

 1) 60 կմ/ժ թույլատրվող արագությամբ փողոցների համար մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը՝

 ա. 18քմ – 150մ

 բ. 15քմ – 100մ

 գ. 6քմ – 50մ

 դ. 2քմ – 25մ

 2) 60 կմ/ժամ թույլատրվող արագությունից պակաս փողոցների համար մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը՝

 ա. 18քմ - 80-100մ

 բ. 6քմ - 45-50մ

 գ. 2քմ - 20-30մ

 9. Գովազդային վահանակների ներքևի եզրը պետք է տեղադրված լինի փողոցի մակերեսից 6մ-ից ոչ պակաս բարձրության վրա։

 10. Հենասյան հիմքերը հողի ծածկույթում պետք է տեղադրվեն քաղաքաշինական նորմերին և շինարարական տեխնոլոգիաներին համապատասխան՝ մեկ ամսվա ընթացքում վերականգնելով սիզամարգի ծածկույթը։

 11. Սույն պայմաններում չնշված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված 2.0 քառակուսի մետրից ավելի մակերեսով ֆիրմային նշանների և գովազդվող տարբեր ապրանքանշանների տեղադրումը թույլատրվում է Բյուրեղավան համայնքի ղեկավարի որոշմամբ։

 

Ձև 1

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ԱԳ -

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

Տրված` «.......»...................................20......թ.

 

Թույլատրված գործունեության անվանումը`

__________________________________________________________________________________________

հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը`

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

Գովազդի տեղադրման վայրը/վայրերը և չափերը (քմ)`

___________________________________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը`

 

«.......».................................20......թ.-ից մինչև «.......».................................20......թ.-ը:

 

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

____________________
 (ստորագրություն)

 ________________________
 (անունը, ազգանունը)

 

ԳՈՎԱԶԴԻ ԷՍՔԻԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան