Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29387/02/19

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29387/02/19

Նախագահող դատավոր՝

 Ն. Մարգարյան

Դատավորներ՝

 Կ. Համբարձումյան

 Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուսինե Նալբանդյանի հայցի ընդդեմ Ընկերության, երրորդ անձինք «Օպտիմուս Լեքս» ՍՊԸ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության` պայմանագրի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Նալբանդյանը պահանջել է որպես իր և Ընկերության միջև 19.06.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի (այսուհետ նաև` Պայմանագիր) անվավերության հետևանք իրենից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.624.703 ՀՀ դրամ՝ որպես վարկի մնացորդի գումար, իսկ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.135.700 ՀՀ դրամ՝ որպես ստացված տոկոսների հանրագումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 26.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Պայմանագրի 1.3 կետը, որի համաձայն՝ սահմանվել է վարկի 59.94 տոկոսադրույք. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 26.11.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Միսակ Բաբաջանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ և 13-15-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ և 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տոկոսադրույքի սահմանափակման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածը զետեղված է նույն օրենսգրքի 46-րդ գլխում, որը վարկային պայմանագրի նկատմամբ կիրառելի չէ, եթե վարկային պայմանագրով այլ պայման է նախատեսված։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տարեկան փաստացի տոկոսադրույքի նման չափը պետք է դիտարկել որպես վարկային պայմանագրով սահմանված՝ փոխառության պայմանագրի համար սահմանված կանոններից տարբերվող այլ պայման։

 Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը ոչ թե հաճախորդին տրված գումարի վրա հաշվարկվող «մեկ այլ տոկոսադրույք» կամ «քողարկված տոկոսադրույք» է, այլ այն բոլոր ծախսերի տոկոսային արտահայտումն է, որը սպառողը կատարում է կրեդիտի (վարկի) ստացման, դրա հետագա սպասարկման, օգտագործման, մարման համար, այսինքն՝ այն առհասարակ «իրական տոկոս» չէ։

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրենց որոշմամբ միջամտել են Ընկերության և սույն գործով հայցվորի միջև առկա մասնավոր պայմանագրային իրավահարաբերություններին՝ սահմանելով, որ վարկատու և վարկառու կողմերի միջև վարկի տրամադրման ու հետագա սպասարկման համար հարակից ծառայությունների արժեքն անվավեր է, եթե այն «համարյա համարժեք է տոկոսավճարներին»։ Մինչդեռ որևէ իրավական հիմք նման պարզաբանման կամ սահմանափակման համար առկա չէ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել և փոփոխել այն՝ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Լուսինե Նալբանդյանի միջև 19.06.2018 թվականին կնքվել է թիվ CV18-S4201 վարկային պայմանագիրը, որի 1.1. կետի համաձայն՝ Վարկատուն պարտավորվել է Վարկառուին միանվագ տրամադրել կանխիկ (սպառողական) 8670000 ՀՀ դրամի չափով վարկ մինչև 19062028 թվականը մարելու ժամկետով, իսկ Վարկառուն պարտավորվել է Պայմանագրով սահմանված ժամկետում վերադարձնել վարկը և տոկոսներ վճարել դրա դիմաց (հատոր 1-ին, գ.թ. 12, 13)

2) Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ վարկը տրամադրվել է տարեկան 24% տոկոսադրույքով, իսկ վարկի տրամադրման պահին փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմել է 59.94%, որի մեջ ներառված են նաև վարկավորման հետ կապված Վարկառուի ծախսերը՝ վարկի կանխիկացման գումարը, որը կազմում է վարկի գումարի 0.3 տոկոսը, տրանսպորտային միջոցի գնահատման վճարը, որը կազմում է 7.000 ՀՀ դրամ և վարկի տրամադրման միանվագ վճարը՝ վարկի գումարի 1.7 տոկոսի չափով (հատոր 1-ին, գ.թ. 12, 13)

3) Պայմանագրի 2.3.1. կետի համաձայն՝ Վարկառուն իրավունք ունի ժամկետից շուտ մարել վարկը և վճարել հաշվարկված տոկոսներն ու այլ վճարներ։

Պայմանագրի 242 կետի համաձայն՝ Վարկառուն պարտավորվել է Պայմանագրով սահմանված ժամկետներում մարել վարկը և վճարել վարկի դիմաց հաշվարկված տոկոսագումարներն ու Պայմանագրով սահմանված այլ պարտադիր վճարները (հատոր 1-ին, գ.թ. 12, 13)

4) Պայմանագրի 1.7. կետի համաձայն՝ վարկը տրամադրվել է սպառողական նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 12, 13)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածների, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ և 13-15-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ և 381-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին.

1) արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածով սահմանված՝ փոխառության պայմանագրի տոկոսների առավելագույն չափի վերաբերյալ օրենսդրական պահանջը կիրառելի է նաև վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների չափի նկատմամբ, եթե վարկային պայմանագրով նախատեսված է այլ տոկոսաչափ,

2) արդյո՞ք վարկային պայմանագրի առարկա հանդիսացող վարկի նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարը և վարկային պայմանագրի տարեկան փաստացի տոկոսադրույքը նույնական են, ու արդյո՞ք վարկային պայմանագրով սահմանվող տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի նկատմամբ ևս ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածով սահմանված՝ փոխառության պայմանագրի տոկոսների չափի վերաբերյալ սահմանափակումը:

 

1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պայմանագրի ազատությանը և արձանագրել, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Օրենսդիրը միաժամանակ նախատեսել է մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքը, որը ենթադրում է, որ պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ցանկացած այլ անձինք իրավասու չեն միջամտել քաղաքացիական իրավունքի սուբյեկտների գործերին, եթե նրանք իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի պահանջներին համապատասխան: Նշված սկզբունքը ենթադրում է նաև, որ որևէ անձ, այդ թվում նաև դատարանն իրավունք չունի կամայականորեն միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին` իր հայեցողությամբ պայմանագրային որևէ դրույթ փոփոխելու եղանակով: Դատարանը պայմանագրի որևէ դրույթ իրավասու է փոփոխել միայն համապատասխան հայցապահանջի առկայության պայմաններում: Նման եզրահանգումը բխում է ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի (Պայմանագիր փոփոխելը և լուծելը) իրավակարգավորումից, այլև դատարանի` որպես պետական իշխանության մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակից: (տե՛ս «Ֆինլեքս» ՍՊԸ-ն ընդդեմ «Մետաքս» ԲԲԸ-ի թիվ ԵՄԴ/0492/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նաև արձանագրել է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի, Ժիրայր Հակոբյանն ընդդեմ Ռուզաննա Վարդանյանի թիվ ԵԷԴ/0313/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումները):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

Պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք է նաև վարկային պայմանագիրը, որը, լինելով երկկողմանի պայմանագիր, սահմանում է վարկառուի (պարտապանի) հիմնական պարտականությունը՝ վարկատուին (պարտատիրոջը) վերադարձնել վարկային պայմանագրով ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է, որ վարկային իրավահարաբերությունների վրա փոխառության իրավահարաբերությունների ընդհանուր կանոնները տարածվում են, եթե այլ բան նախատեսված չէ վարկային պայմանագրով և վարկային իրավահարաբերությունների ընդհանուր կանոններով։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նաև արձանագրել է, որ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգքրի՝ փոխառությանը վերաբերող 46 գլխով նախատեսված կանոնները չեն կիրառվում, եթե վարկային պայմանագրով կողմերը սահմանել են այլ կանոններ։ Ընդ որում օրենսդիրը, ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 437-րդ հոդվածներում ամրագրված պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերին հնարավորություն է տալիս պայմանները որոշելու իրենց հայեցողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վարկին վերաբերող 47-րդ գլխի իմպերատիվ նորմերով (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸհայցն ընդդեմ Արթուր Սարգսյանի և մյուսների թիվ ԱՎԴ4/0145/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցներն ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն:

Միաժամանակ նշված հոդվածով ամրագրվել է, որ վարկային հարաբերությունների նկատմամբ փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի են, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով և բուն վարկային պայմանագրով: Այսինքն՝ վարկային հարաբերությունները կարգավորելու առումով օրենսդիրը նախապատվությունը տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերին և վարկային պայմանագրին, որոնցով այլ բան նախատեսված չլինելու դեպքում միայն տվյալ հարաբերությունների նկատմամբ կարող են գործել փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը (տես` «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վարկային հարաբերությունները կարգավորող վերը նշված իրավանորմերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ ի տարբերություն որոշակի կանոնների, երբ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխով նախատեսված կանոնները կիրառելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝ ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 գլխով, այնպես էլ վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելը, վարկային պայմանագրի տոկոսների առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխով նախատեսված կանոնները կիրառելու համար բավարար է այն փաստի առկայությունը, որ կողմերի միջև կնքված վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 գլխով վարկային պայմանագրի տոկոսների վերաբերյալ հատուկ կանոն նախատեսված չլինելու հանգամանքով, քանի որ թեկուզև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ (...) փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից, որպիսի օրենսդրական կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ օրենսդիրը նախատեսել է վարկառուի պարտականությունը՝ վարկային պայմանագրով ստացված գումարից բացի, վարկատուին վճարելու նաև դրանից որոշակի տոկոսներ, սակայն ինչպես նույն հոդվածով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47 գլխով նախատեսված չէ վարկառուի կողմից վարկատուին վճարման ենթակա տոկոսի առավելագույն չափ:

 

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է կրեդիտավորման պայմանագրերից բխող հարաբերությունները, դրանց տեսակների առանձնահատկությունները և պարտադիր պայմանները, կրեդիտավորման պայմանագրերով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը և պայմանները, կրեդիտավորողի պատասխանատվությունը, կրեդիտավորման պայմանագրերով սպառողների իրավունքները և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

- տարեկան փաստացի տոկոսադրույք (Annual Percentage Rate կամ APR)՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և հաշվարկված` հիմք ընդունելով նույն օրենքի 13-րդ հոդվածում նշված բանաձևը:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ նշում:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները. օրենքով և կրեդիտավորման պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամ վճարվելիք տուժանքները և այլ վճարները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարկային պայմանագրի բնույթին, նշել է, որ թեև վարկային պայմանագիրը համարվում է կոնսենսուալ, այն է` կնքված է համարվում, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ, այդուհանդերձ վարկային պայմանագրի կնքումից հետո կողմերի` պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը չի կրում բացարձակ բնույթ (տե՛ս «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ն ընդդեմ «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/3660/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.08.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար: (տե՛ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի առարկայի մասին պայմանները համարվում են էական նաև այն դեպքերում, երբ նշված են օրենքում կամ այլ իրավական ակտերում կամ անհրաժեշտ պայման են պայմանագրի տվյալ տեսակի համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայի շարքում ընդգրկված են նաև կրեդիտավորման պայմանագրերով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը և պայմանները, իսկ նույն օրենքի իմաստով բացահայտված է նաև «տարեկան փաստացի տոկոսադրույք» հասկացության բովանդակությունը, որի համաձայն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքն իրենում բովանդակում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրեդիտավորման պայմանագրում կրեդիտավորողի կողմից տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ պարտադիր նշման օրենսդրական պահանջը թույլ է տալիս գալ եզրահանգման առ այն, որ կրեդիտավորման պամանագրի էական պայման է հանդիսանում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշումը։

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը հանդիսանում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և հաշվարկված` հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում նշված բանաձևը։ Նշված տոկոսի չափի վերաբերյալ նշումը հանդիսանում է կրեդիտավորման պայմանագրի էական պայման, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքի, այն է՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ չեն ներառվում օրենքով և կրեդիտավորման պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամ վճարվելիք տուժանքները և այլ վճարները:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածով վարկառուի կողմից վարկատուին վերադարձվող տոկոսները վճարվում են վարկային պայմանագրի առարկա հանդիսացող գումարից, այսինքն՝ վարկային պայմանագրի տոկոսագումարի գոյացման աղբյուրը վարկային պայմանագրի առարկա հանդիսացող դրամական միջոցն է (վարկը), մինչդեռ, վարկային պամանագրով սահմանվող տարեկան փաստացի տոկոսադրույքը հանդիսանում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը, որի հաշվարկման կարգը և պայմանները նախատեսված են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագրում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշման իրավական պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է վարկային պայմանագրից բխող հարաբերություն, ինչը թույլ է տալիս արձանագրել, որ դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները կիրառման են ենթակա բացառապես այն դեպքում, երբ նույն օրենսգրքի 47-րդ գլխով և վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հաշվի առնելով այն, որ կրեդիտավորողի կողմից տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշման իրավական պարտականության իրականացումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրում դրա վերաբերյալ դրույթի սահմանման միջոցով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարկային պայմանագրով սահմանված է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափ, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46 գլխում փոխառության իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր կանոնները, այդ թվում՝ փոխառության պայմանագրի տոկոսների չափի վերաբերյալ սահմանափակումը, կիրառման ենթակա չէ։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Լուսինե Նալբանդյանի միջև 19.06.2018 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ վարկատու Ընկերությունը պարտավորվել է վարկառու Լուսինե Նալբանդյանին միանվագ տրամադրել կանխիկ (սպառողական) 8670000 ՀՀ դրամի չափով վարկ մինչև 19062028 թվականը մարելու ժամկետով, իսկ Լուսինե Նալբանդանը պարտավորվել է Պայմանագրով սահմանված ժամկետում վերադարձնել վարկը և տոկոսներ վճարել դրա դիմաց։ Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ վարկը տրամադրվել է տարեկան 24% տոկոսադրույքով, իսկ վարկի տրամադրման պահին փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմել է 59.94%, որի մեջ ներառված են նաև վարկավորման հետ կապված Ընկերության ծախսերը՝ վարկի կանխիկացման գումարը, որը կազմում է վարկի գումարի 0.3 տոկոսը, տրանսպորտային միջոցի գնահատման վճարը, որը կազմում է 7.000 ՀՀ դրամ և վարկի տրամադրման միանվագ վճարը՝ վարկի գումարի 1.7 տոկոսի չափով։ Պայմանագրի 2.3.1. կետի համաձայն՝ Լուսինե Նալբանդյանն իրավունք ունի ժամկետից շուտ մարել վարկը և վճարել հաշվարկված տոկոսներն ու այլ վճարներ։ Պայմանագրի 242 կետի համաձայն՝ Լուսինե Նալբանդյանը պարտավորվել է Պայմանագրով սահմանված ժամկետներում մարել վարկը և վճարել վարկի դիմաց հաշվարկված տոկոսագումարներն ու Պայմանագրով սահմանված այլ պարտադիր վճարները։ Պայմանագրի 1.7. կետի համաձայն՝ վարկը տրամադրվել է սպառողական նպատակով:

Դիմելով դատարան` Լուսինե Նալբանդյանը պահանջել է որպես Պայմանագրի անվավերության հետևանք իրենից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.624.703 ՀՀ դրամ՝ որպես վարկի մնացորդի գումար, իսկ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.135.700 ՀՀ դրամ՝ որպես ստացված տոկոսների հանրագումար:

Դատարանը, պատճառաբանելով, որ «չնայած պատասխանողն ամրագրել է վարկային պայմանագրով սահմանված տոկոսի չափը, որը համապատասխանում է օրենքով նախատեսված չափին, այն է 24 տոկոս, սակայն մեկ այլ դրույթով սահմանել է, որ փաստացի տոկոսադրույքը կազմում է 59,94 տոկոս, որի մեջ ներառվում են վարկավորման հետ կապված ծախսերը, որոնք անփոփոխ են մինչև վարկի վերադարձման օրը: Նշված ձևակերպումից ակնհայտ է, որ 24 տոկոսի սահմանման վերաբերյալ դրույթը ձևական և ոչ կիրառելի դրույթ է, քանի որ ընդամենը կրկնում է օրենքով սահմանված կանոնը, իսկ հաջորդ կետով նախատեսում է տոկոսի առավելագույն չափի կրկնակիից ավել տոկոսադրույք: Չնայած, որ վարկային կազմակերպությունը փաստացի տոկոսադրույք, որը կտարբերվեր օրենքով սահմանված չափից, սահմանելու օրենսդրական իրավասություն ունի, սակայն դա չի կարող իրականացնել այնպես, որ ձևական դարձնի օրենքի պահանջը կամ չեղարկի այն: Այսինքն, այդ տարբերությունը չպետք է լինի այնքան էական, ինչպիսին է սույն գործով, որը կհանգեցնի օրենքով նման դրույթ սահմանելու իմաստազրկմանը: Եթե օրենսդիրն այս ոլորտում իր կարգավորիչ գործառույթն իրականացնելու նպատակով սահմանել է դրամական միջոցների օգտագործման դիմաց վճարվելիք տոկոսի առավելագույն չափ, ապա այդ նորմի գործողությունը շրջանցող կամ որևէ այլ կերպ իմաստազրկող գործողություն չի կարող համարվել օրենքի պահանջին համապատասխանող», և գտնելով, որ «պայմանագրով սահմանված փաստացի 59,94 տոկոսադրույք սահմանելու դրույթը հակասում է օրենքին և անվավեր է կնքման պահից», 26.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Պայմանագրի 1.3 կետը, որի համաձայն՝ սահմանվել է վարկի 59,94 տոկոսադրույք, անվավեր ճանաչելու մասով։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սպասարկման վճարը, որն ըստ էության փաստացի տոկոսավճար է, գումարվելով սահմանված տոկոսավճարներին և ներառվելով 59,94 տոկոս փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկում, գումարային արտահայտությամբ գերազանցում է բանկային տոկոսի հաշվարկի դրույքի կրկնապատիկը՝ հանգեցնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի խախտման», «Պայմանագրի՝ 59.94% փաստացի տարեկան տոկոսադրույք սահմանող պայմանի վերաբերյալ Կողմերի ձեռք բերած համաձայնությունն առոչինչ է և անվավեր կնքելու պահից, չի կարող Կողմերի համար որևէ իրավական հետևանք առաջացնել և հիմք հանդիսանալ նման գումար հաշվարկելու և բռնագանձելու համար, քանի որ եթե Օրենսդիրն այս ոլորտում պայմանագրի ազատության իրավունքի չարաշահումը կանխարգելելու նպատակով սահմանել է դրամական միջոցների օգտագործման դիմաց վճարվելիք տոկոսի առավելագույն չափ, ապա այդ նորմի գործողությունը շրջանցող կամ որևէ այլ կերպ իմաստազրկող գործողություն չի կարող համարվել օրենքի պահանջին համապատասխանող», և գտնելով, որ «իրավաչափ են Դատարանի եզրահանգումներն այն մասին, որ պայմանագրով սահմանված փաստացի 59,94 տոկոսադրույք սահմանելու դրույթը հակասում է օրենքին և անվավեր է կնքման պահից», Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում առկա է վարկային պամանագրից բխող հարաբերությունների նկատմամբ փոխառության իրավահարաբերությունների ընդհանուր կանոնների կիրառման արգելք, որը դրսևորվել է նրանում, որ սույն գործով կողմերի միջև կնքված Պայմանագրով վարկի տոկոսի չափի վերաբերյալ նախատեսված է այլ բան, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը վերը նշված դիրքորոշումների համատեքստում չէր կարող կատարել նման եզրահանգում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման և փոփոխման՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ, 109-րդ և 112-րդ հոդվածների, մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները և այն, որ Լուսինե Նալբանդյանը հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար արդեն իսկ վճարել է պետական տուրքի գումարը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելու համար Ընկերությունը նախապես վճարել է, համապատասխանաբար 10000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ, գտնում է, որ Լուսինե Նալբանդյանից հօգուտ Ընկերության պետք է բռնագանձել 10000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2021 թվականի որոշումը՝ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26112020 թվականի վճիռը՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Լուսինե Նալբանդյանի միջև 19.06.2018 թվականին կնքված թիվ CV18-S4201 վարկային պայմանագրի 13 կետն անվավեր ճանաչելու մասով, անփոփոխ թողնելու մասով, բեկանել և փոփոխել՝ այդ մասով հայցը մերժել մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

2. Լուսինե Նալբանդյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան