Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 դեկտեմբերի 1991 թ.
Հ.Ն.-0489-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ՀԱՐԿվող ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 19.12.94 ՀՕ-128)
ՀՈԴՎԱԾ 1. Շահութահարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հաշվեկշռային շահույթը` հաշվի առած սույն օրենքի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի համաձայն դրա ավելացումը (նվազեցումը):
Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ վճարում են.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություններն ու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացված շահույթի մասով, իսկ միջազգային միավորումներն ու կազմակերպությունները, այլ օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց մասնաճյուղերը, մշտական ներկայացուցչություններն ու այլ նմանատիպ ստորաբաժանումները (այսուհետ` օտարերկրյա իրավաբանական անձինք)` Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության իրականացումից ստացված շահույթի մասով:
Սույն հոդվածում նշված ձեռնարկությունները, կազմակերպությունները և օտարերկրյա իրավաբանական անձինք այսուհետ կանվանվեն ձեռնարկություններ:
(1-ին հոդվածը լրաց., խմբ. 19.12.94 ՀՕ-128)
ԳԼՈՒԽ II
ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ
Հոդված 2. Հարկվող շահույթը հաշվարկվում է` ելնելով հաշվեկշռային շահույթից, որը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների ու այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի և արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների (հանած այդ գործառնությունների վրա կատարված ծախսերը) գումարն է:
Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), իրացումից ստացվող շահույթը որոշվում է որպես արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի (առանց շրջանառության հարկի և ակցիզային հարկի) և դրա արտադրության և իրացման ինքնարժեքի մեջ մտնող ծախսերի տարբերություն:
Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների (ծախսերի) կազմի մեջ մտնում են`
ա) գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները.
բ) Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտները, եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախապես չեն հարկվել: Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտների գծով շահութահարկի հաշվարկումը և վճարումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
գ) արտադրանքի արտադրության (աշխատանքների, ծառայությունների) և իրացման հետ անմիջականորեն չկապված գործառնություններից ստացվող մյուս եկամուտները (ծախսերը), ներառյալ տուգանքների, տույժերի և բաց թողնված եկամտի ձևով ստացված և վճարված գումարները և վնասների փոխհատուցման գումարները:
դ) այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները, եթե դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների):
(2-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 3. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) դիմաց բնամթերային ձևով եկամուտներ ստացող ձեռնարկությունների կողմից վճարվող շահութահարկի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:
ՀՈԴՎԱԾ 4. Շահույթը որոշելիս արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ են մտցվում`
ա) նյութական ծախսերը.
բ) հիմնական արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման հատկացումները.
գ) աշխատանքի վարձատրման ծախսերը.
դ) վարձակալական վճարը.
ե) գույքի պարտադիր ապահովագրման վճարումները.
զ) պետական սոցիալական և բուժապահովագրության վճարումները.
է) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից).
ը) արտադրանքի արտադրման և իրացման մյուս ծախսերը (ներառյալ հիմնական արտադրական ֆոնդերի բոլոր տեսակի նորոգման ծախսերը):
(4-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108, խմբ. 19.12.94 ՀՕ-128)
Հոդված 5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վերջինիս հանձնարարությամբ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առանձին ծախսերի համար սահմանված են նորմաներ, ապա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերի մեջ ներառնվող գումարները նախատեսվում են այդ նորմաների շրջանակներում:
(5-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 6. Տնտեսության առանձին ճյուղերում, ինչպես նաև տնտեսական ու այլ առևտրային գործունեության տարբեր բնագավառներում արտադրանքի արտադրությունից (աշխատանքներից, ծառայություններից) և իրացումից ստացված եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և հաստատվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
(6-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 7. Այն դեպքում, երբ ստացված շահույթի որոշումն անհնար է, թույլատրվում է, ելնելով առանձին վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվող շահութաբերության համապատասխան նորմաներից, շահույթը որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)
Հոդված 8. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`
ա) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.
բ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.
գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(8-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108, փոփ. 19.12.94 ՀՕ-128)
ԳԼՈՒԽ III
ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ
ՀՈԴՎԱԾ 9. Հարկվող շահույթը հաշվարկվում է որպես սույն օրենքի 10 հոդվածով սահմանված համախառն եկամտի և այդ եկամտի ստացման հետ կապված ծախսերի տարբերություն:
ՀՈԴՎԱԾ 10. Համախառն եկամուտը տնտեսական ու այլ առևտրային գործունեության բոլոր տեսակներից ստացված եկամուտն է, որն ընդգրկում է`
ա) արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթը.
բ) ձեռնարկության սեփականությունը հանդիսացող գույքի իրացումից ստացված եկամուտները` հանած այդ սեփականության մնացորդային արժեքը և իրացման ծախսերը.
գ) տրամադրված վարկերի դիմաց ստացված տոկոսները.
դ) սեփականությունը վարձակալության տալուց ստացված վարձավճարը.
ե) արժեթղթերից ստացված եկամուտը, բացառությամբ բաժնետոմսերից ստացված շահութամասերի (դիվիդենտների), եթե այն շահույթը, որից վճարվում են այդ շահութամասերը (դիվիդենտները), արդեն հարկվել է շահութահարկով.
զ) փայամասնակցությունից (այդ թվում նաև տնտեսական ընկերակցություններում) ստացված շահութամասերը, եթե շահույթը, որից վճարվում են նշված շահութամասերը, նախօրոք շահութահարկով չի հարկվել.
է) գույքի կառավարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերից ստացված եկամուտները.
ը) տնտեսական տույժերի, տուգանքների և բաց թողնված եկամուտների ձևով ստացված գումարները և փոխհատուցված վնասները:
ՀՈԴՎԱԾ 11. Շահույթի հաշվարկման համար համախառն եկամտից նախապես հանվում են շրջանառության հարկը և ակցիզային հարկը, ապա` համախառն եկամտի ստացման նպատակով կատարված`
ա) նյութական, այն է` հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, ապրանքների, վառելիքի, էներգիայի, սարքերի գնման ծախսերը.
բ) աշխատանքի վարձատրության, այդ թվում` բնամթերային ձևով կատարված ծախսերը.
գ) արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման և վերանորոգման ամորտիզացիոն հատկացումները.
դ) վարձակալական վճարները.
ե) այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսերը, բացառությամբ կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի.
զ) գործուղումների, գրասենյակային, կապի միջոցներից օգտվելու ծախսերը.
է) մարկետինգի ծախսերը, այն է` շուկայի ուսումնասիրության, գովազդի, արտադրանքի գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական, վաճառահանման, դիզայնի ծախսերը.
ը) բնական ռեսուրսների օգտագործման վճարը.
թ) ապահովագրական վճարումները.
ժ) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից).
ի) պետական սոցիալական և բուժապահովագրական վճարները:
ՀՈԴՎԱԾ 12. Եթե սույն օրենքի 11 հոդվածում թվարկված առանձին ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված են նորմաներ, ապա եկամուտների ստացման նպատակով կատարված ծախսերը, որոնք գերազանցում են այդ նորմաները, չեն ընդգրկվում նշված ծախսերի կազմի մեջ:
ՀՈԴՎԱԾ 13. Բնամթերային ձևով վարձատրություն ստացող ձեռնարկությունների հարկվող շահույթի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:
ՀՈԴՎԱԾ 14. Շահույթի հաշվարկման ժամանակ գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
ՀՈԴՎԱԾ 15. Հարկվող շահույթը հաշվարկելիս այն նվազեցվում է`
ա) սեփականության վաճառքի կամ փոխանակության հետևանքով ստացված կորստի չափով (որը որոշվում է մնացորդային արժեքի և վաճառքի կամ փոխանակության արժեքի տարբերությամբ).
բ) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.
գ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.
դ) այն հարկերի և վճարումների գումարի չափով, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 16. Այն դեպքում, երբ ստացված շահույթի ուղղակի որոշումն անհնար է, թույլատրվում է այն որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների համար որոշված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված շահութաբերության համապատասխան նորմաներից:
ԳԼՈՒԽ IV
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 17. Հարկվող շահույթից շահութահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
հարկվող շահույթի տարեկան գումարը |
շահութահարկի դրույքաչափը |
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
մինչև 18000 ռուբլի |
12 տոկոս |
18001 ռուբլուց մինչև 36000 ռուբլի |
2160 ռուբլի գումարած 18000 ռուբլուն գերազանցող գումարի 15 տոկոսը |
36001 ռուբլուց մինչև 54000 ռուբլի |
4860 ռուբլի գումարած 36000 ռուբլուն գերազանցող գումարի 20 տոկոսը |
54001 ռուբլի և ավելի |
8460 ռուբլի գումարած 54000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը |
Հոդված 18. Բանկերը, այլ ֆինանսավարկային, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունները շահութահարկ վճարում են 45 տոկոս դրույքաչափով:
Շահումներով խաղերի (այդ թվում խաղատներում անցկացվող) և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված շահույթի դիմաց շահութահարկ վճարվում է 70 տոկոս դրույքաչափով:
Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել շահութահարկի այլ դրույքաչափեր ու չափեր, հաստատագրված վճարումներ, դրանց հաշվարկման ու վճարման կարգը և արտոնություններ:
Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակներ (այդ թվում շահութահարկի հաստատագրված վճարման ենթակա գործունեություն) իրականացնող ձեռնարկություններն ու կազմակերպությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով, շահութահարկ են վճարում գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին` սահմանված դրույքաչափով: Այդ նպատակով վճարողի կողմից, ըստ գործունեության առանձին տեսակների, պետք է տարվի շահույթի հաշվառում:
Եթե ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի հաշվառումը բացակայում է, ողջ շահույթը (անկախ բյուջե մուծվելիք հաստատագրված վճարի գումարից) հարկվում է գործունեության այդ տեսակների համար օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ամենաբարձր դրույքաչափով:
(18-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 19. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ վերանայում է սույն օրենքի 17 հոդվածով սահմանված դրույքաչափերը` ելնելով ինֆլյացիայի գործակցի չափերից:
ԳԼՈՒԽ V
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ ԲՅՈՒՋԵ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 20. Շահութահարկի բաշխումը ըստ հանրապետական և տեղական բյուջեների իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 21. (հոդվածը հանվել է 19.12.94 ՀՕ-128)
ԳԼՈՒԽ VI
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 22. Շահութահարկի վճարումից ազատվում են`
ա) ձեռնարկությունները և կազմակերպությունները` գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով, բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:
Գյուղատնտեսական գործունեության գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից: Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում.
բ) նոր ստեղծված ձեռնարկությունները` պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարում.
Սույն հոդվածի առաջին մասի «բ» կետում նշված արտոնությունը չի տրվում պետական ձեռնարկություններին, վերակազմավորված, այդ թվում նաև` սեփականաշնորհված ձեռնարկություններին, լուծարված ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիման վրա ստեղծված ձեռնարկություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող ձեռնարկություններին:
Մինչև եռամյա ժամկետի ավարտը ձեռնարկության լուծարման դեպքում հարկի գումարը հաշվարկվում է լրիվ չափով` դրա գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:
Նշված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարվա ընթացքում վերապահվում է սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված արտոնությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108, խմբ., լրաց. 19.12.94 ՀՕ-128, փոփ. 25.10.95 ՀՕ-11)
Հոդված 23. Սույն օրենքի 8 հոդվածի համաձայն հաշվարկված շահույթը նվազեցվում է`
ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների այն շահույթի չափով, որն այդ կազմակերպություններին է տրամադրվում իրենց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար.
բ) (կետը հանվել է 19.12.94 ՀՕ-128)
գ) տեխնիկական վերազինման և վերակառուցման, արտադրության ընդլայնման, նոր արտադրանքի և տեխնոլոգիայի յուրացման վրա ձեռնարկության կապիտալ ներդրումների գումարների չափով.
դ) (կետը հանվել է 19.12.94 ՀՕ-128)
ե) (կետը հանվել է 19.12.94 ՀՕ-128)
զ) (կետը հանվել է 19.12.94 ՀՕ-128)
է) երկարաժամկետ վարկերի դիմաց տրված տոկոսների գումարի չափով.
ը) փոքր ձեռնարկության շահույթի հաշվին հիմնական ֆոնդերի կառուցման, վերակառուցման ու նորացման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի յուրացման, ինչպես նաև կադրերի պատրաստման նպատակով կատարված ծախսումների գումարի չափով.
թ) ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պահեստային կամ նշանակությամբ այլ համանման ֆոնդեր շահույթից մասհանվող գումարի չափով, մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափերին, բայց փաստացի ձևավորված կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելի.
ժ) (կետը հանվել է 19.12.94 ՀՕ-128)
ժ) պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամտի չափով.
ժա) (կետը հանվել է 19.12.94 ՀՕ-128)
ժբ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունների (եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 30 տոկոսից) շահույթի այն մասով, որը հաշվապահական հաշվառման միջոցով ստացվել է վնասների բացահայտումից հետո հինգ տարվա ընթացքում և հատկացվել դրանց ծածկմանը` պահեստային ֆոնդի միջոցների անբավարարության պայմաններում.
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահեստային կամ համանման ֆոնդեր շահույթից մասհանվող գումարի չափով` մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերում սահմանված չափերին, բայց կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելի.
ժդ) Հայաստանի Հանրապետության ապրանքափոխանակման ֆոնդին վաճառված արտադրանքից ստացված շահույթի 30 տոկոսի չափով.
ժե) զբաղվածության ֆոնդ մուծված գումարների 30 տոկոսի չափով.
ժզ) իրենց հաշվեկշռում գտնվող առողջապահական օբյեկտների, ծերանոցների ու հաշմանդամների տների, մանկական, նախադպրոցական ու դպրոցական հիմնարկների, մշակույթի ու սպորտի օբյեկտների, ինչպես նաև կրթօջախների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նորմատիվների համաձայն ձեռնարկությունների շահույթի հաշվին կատարվող ծախսումների գումարի չափով:
(23-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.06.94 ՀՕ-108, խմբ., փոփ., լրաց. 19.12.94 ՀՕ-128, փոփ. 25.10.95 ՀՕ-11)
ՀՈԴՎԱԾ 24. Համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների սույն օրենքին համապատասխան հաշվարկվող շահութահարկի գումարը նվազեցվում է` սկսած պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին` շահութահարկի 50 տոկոսի չափով, եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 50 տոկոսից և կազմում է առնվազն 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար, իսկ եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը 30-50 տոկոս է և կազմում է 40 հազարից 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար, ապա պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին` շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածի երկրորդ մասում նշված ցանկով նախատեսված առանձին տեսակների գործունեություն իրականացնող համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների
◙ (24-րդ հՈԴՎԱԾում 19.12.94 ՀՕ-128 օրենքի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված փոփոխությունները չեն իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
(24-րդ հոդվածը խմբ., 19.12.94 ՀՕ-128)
ՀՈԴՎԱԾ 25. (հոդվածը հանվել է 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 26. Տրված արտոնությունների հետևանքով բյուջե մուծվելիք շահութահարկի նվազումը չպետք է գերազանցի 60 տոկոսից, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածով, ինչպես նաև 23 հոդվածի «ա», «բ» և «ե» կետերով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ VII
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 27. Վճարողները հարկի գումարները որոշում են ինքնուրույնաբար, ելնելով հարկվող շահույթի չափից` հաշվի առնելով վերապահված արտոնությունները և հարկի դրույքաչափերը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել այն նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրվում է շահութահարկի վճարումը, շահութահարկի հաշվարկների և հաշվետվությունների ներկայացումը կատարել կենտրոնացված կամ դրանց համար սահմանված հատուկ կարգով:
(27-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 28. Եռամսյակի ընթացքում վճարողների կողմից կատարվում են շահութահարկի կանխավճարներ, բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածում թվարկվածների, ինչպես նաև այն վճարողների, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկը:
Բյուջե շահութահարկի կանխավճարների մուծումները կատարվում են եռամսյակի ընթացքում 6 անգամ, նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարի 1/6-ի չափով, հավասար բաժիններով, յուրաքանչյուր ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ: Ընդ որում, մինչև օրենքի 31 հոդվածում նշված ժամկետներում նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարների հաշվարկումը, ձեռնարկությունը շահութահարկի կանխավճարների չափը որոշում է ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է կանխավճարների գումարների ճշտում` եռամսյակի սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածում նշված չափերով:
Առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա և տարվա ավարտից հետո վճարողը, ելնելով իր փաստացի ստացած և հարկման ենթակա շահույթից, տարեսկզբից աճող հանրագումարով հաշվարկում է հարկի գումարը:
(28-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108, 19.12.94 ՀՕ-128)
ՀՈԴՎԱԾ 29. Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և սեզոնային արտադրություն ունեցող մյուս ձեռնարկությունները, ինչպես նաև այն վճարողները, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկը, հարկը որոշում են եռամսյակը մեկ` տարեսկզբից աճող հանրագումարով` հաշվանցելով նախորդ եռամսյակների համար հաշվարկված հարկի գումարը:
(29-րդ հոդվածը խմբ. 19.12.94 ՀՕ-128)
ՀՈԴՎԱԾ 30. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք տարվա ընթացքում շահութահարկի եռամսյակային կանխավճարներ են կատարում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները:
(30-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108)
Հոդված 31. Բոլոր հարկատուները (բացառությամբ սույն օրենքի 30 հոդվածում թվարկվածների) իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ, շահութահարկի հաշվարկներ: Ընդ որում`
ա) եռամսյակային հաշվապահական հաշվետվություններն ու շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսի 15-ը.
բ) տարեկան հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:
Բաժնետիրական ընկերություններն ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ից ոչ ուշ հարկային մարմնին ներկայացնում են հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև տեղեկություններ` բաժնետերերի և փայատերերի եկամուտների մասին: Մինչև օրացուցային տարին ավարտվելը գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևով:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները տարեկան հաշվապահական հաշվետվություններ, հաշվեկշիռներ և շահութահարկի հաշվարկներ են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:
(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 32. Հարկի վճարումը ըստ եռամսյակային հաշվարկների կատարվում է հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում` ըստ տարեկան հաշվարկների, տարվա հաշվապահական հաշվետվության (հաշվեկշռի) ներկայացման համար` սահմանված օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 33. Ձեռնարկությունները շահութահարկը վճարում են անկանխիկ կարգով, Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով` վճարողի ցանկությամբ, ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային արժութային կուրսից:
Հարկատուները շահութահարկը բյուջե փոխանցելու հանձնարարագրերը բանկային հիմնարկին են հանձնում նախքան վճարման ժամկետը լրանալը:
(33-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-108, 19.12.94 ՀՕ-128)
Հոդված 34. Շահութահարկի այն գումարները, որոնք ավել են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ իրավասու պետական մարմինների կողմից շահութահարկի գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման, վճարողի ցանկությամբ, վճարելիք այլ գումարների հաշվին, այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` ավել վճարելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան երեք տարիների դիմաց` վճարողի գրավոր դիմումի համաձայն:
Շահութահարկի ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային պետական տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետի ընթացքը:
(34-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)
ԳԼՈՒԽ VIII
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ
ՀՈԴՎԱԾ 35. (հոդվածը հանվել է 14.06.94 ՀՕ-108)
ՀՈԴՎԱԾ 36. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթի ձևավորման առանձնահատկություններն ու այն հաշվարկելիս նկատի առնվող ծախսումների կազմը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
ՀՈԴՎԱԾ 37. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 20 տոկոս դրույքաչափով:
◙ (37-րդ հՈԴՎԱԾում 19.12.94 ՀՕ-128 օրենքի 12-րդ կետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
ՀՈԴՎԱԾ 38. Օտարերկրյա իրավաբանական անձինք օգտվում են համատեղ ձեռնարկությունների համար սույն օրենքով սահմանված արտոնություններից: Այն դեպքում, երբ համատեղ ձեռնարկությունների համար, կախված օտարերկրյա մասնակցի բաժնից, սահմանվում են մի քանի արտոնություններ, ապա օտարերկրյա ձեռնարկությունների վրա տարածվում է տրված արտոնություններից առավելագույնը:
ՀՈԴՎԱԾ 39. Օտարերկրյա իրավաբանական անձը հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ից ոչ ուշ հարկային մարմնին է ներկայացնում հաշվետվություն իր գործունեության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հայտարարագիր եկամուտների մասին:
Մինչև օրացուցային տարին ավարտվելը, օտարերկրյա իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հաշվարկված հարկի գումարի վերաբերյալ հարկատուին վճարման ծանուցագիր է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հարկը մուծվում է վճարման ծանուցագրում նշված ժամկետներում, անկանխիկ կարգով, Հայաստանի Հանրապետությունում շրջանառություն կատարող դրամով կամ արտարժույթով:
(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.12.94 ՀՕ-128)
ՀՈԴՎԱԾ 40. Օտարերկրյա իրավաբանական անձանցից շահութահարկի գանձումը կարող է դադարեցվել կամ սահմանափակվել փոխադարձության սկզբունքով, այն դեպքերում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը նույնպիսի միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց առնչությամբ, ինչը պետք է հավաստվի այդ պետության հարկային մարմինների կողմից:
ԳԼՈՒԽ IX
(ԳԼՈՒԽը լրաց. 19.12.94 ՀՕ-128)
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Հոդված 41. Սույն օրենքի խախտման համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 42. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տրված օբյեկտի համար նախատեսված հարկի ամբողջ գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով, իսկ կատարված ստուգումներից հետո մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում տուգանք` այդ գումարի կրկնակի չափով:
ԳԼՈՒԽ X
(համարակալումը փոփ. 19.12.94 ՀՕ-128)
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ
Հոդված 43. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
(41-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-108)
(հոդվածի համարակալումը փոփ. 19.12.94 ՀՕ-128)
Հայաստանի Հանրապետության Նախագահ` | Լ. Տեր-Պետրոսյան |
18 հունվարի 1992 թ. ՀՕ-8 |