ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«Հոդված 5.1. |
Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը |
1. Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:
2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը:
3. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
4. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:
5. Ամրացված գույքի օգտագործմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առևտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:
6. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
7. Կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
8. Կառավարության կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 14 Երևան ՀՕ-315-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2023 թվական: