ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ էլեկտրոնային այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշման կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է ունենա օրենսդրությամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարումը դատարանի որոշմամբ ոստիկանությունը կարող է իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ պաշտպանական որոշումների կատարման ապահովման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգավորումները:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «կարգին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային հսկողության միջոցների» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-109-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: