ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 4.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4.1. |
Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը, ազատումը և կարգավիճակը |
1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:
3. Լիազորված մարմնում նախատեսվում են լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված կարգով և նշանակվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք: Սույն կետով նախատեսված պաշտոնատար անձանց ազատումը և նշանակումը կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայության պաշտոններից ազատված և հանրային պաշտոնների նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալները տվյալ պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում պահպանում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները, որոնք վերջիններիս տրամադրվել են զինվորական ծառայության ընթացքում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան հանրային պաշտոնների նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալները նշանակվելուց հետո օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, իսկ տվյալ հանրային պաշտոնն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունվարի 8 Երևան ՀՕ-2-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական: