Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեվ ներդրումների խրախուսման եվ պաշտպանության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Հնդկաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի ներդրողների կողմից մյուս Կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար,
ընդունելով, որ միջազգային համաձայնագրով ներդրումների խրախուսումը և փոխադարձաբար պաշտպանությունը կնպաստեն անհատական գործարարության խթանմանը և կբարձրացնեն երկու պետությունների բարգավաճումը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար`
1. «Ընկերություններ» տերմինի տակ հասկացվում են Պայմանավորվող կողմերի ցանկացած տարածքում համաձայն գործող օրենքի կազմավորված կամ հիմնադրված կորպորացիաները, ձեռնարկությունները և ընկերակցությունները:
2. «ներդրումներ» տերմինի տակ հասկացվում են հիմնադրված կամ ձեռք բերված գույքի բոլոր տեսակները, ներառյալ այդպիսի ներդրումների ձևերի փոփոխությունները` համաձայն այն Պայմանավորվող կողմի ազգային օրենքների, որոնց տարածքում կատարվել են ներդրումները, և մասնավորապես, սակայն ոչ բացառապես, ներառում են.
ա) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև այլ գույքային իրավունքները, ինչպիսիք են վարձակալումները, գրավը կամ գրավականը,
բ) ընկերության բաժնեմասերը, բաժնետոմսերը և պարտատոմսերը և ձեռնարկությունում այլ նման տեսակի մասնակցությունը,
գ) պայմանագրի հիման վրա առկա դրամական պահանջները կամ պայմանագրից բխող ցանկացած պարտավորություն, որը ունի ֆինանսական արժեք,
դ) մտավոր սեփականության իրավունքները` համաձայն համապատասխան Պայմանավորվող կողմի գործող օրենքների,
ե) օրենքով կամ պայմանագրով տրամադրված գործարար կոնցեսիաները` ներառյալ նավթի և այլ պաշարների հետազոտման և արդյունահանման իրավունքները:
3. «ներդրողներ» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դեպքում ընդգրկում է ստորև բերվող սուբյեկտները, որոնք ներդրում են կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում համաձայն վերջինիս օրենքների և սույն Համաձայնագրի դրույթների.
ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է որևէ պայմանավորվող կողմի քաղաքացի` համաձայն վերջինիս օրենքների, կամ
բ) ցանկացած իրավաբանական անձ, ինչպիսիք են` ընկերությունը, կորպորացիան, ձեռնարկությունը, ընկերակցությունը, որոնք կազմավորվել կամ հիմնադրվել են համաձայն մի Պայմանավորվող կողմի օրենսդրության և ունեն իրենց գրանցված գրասենյակը այդ Պայմանավորվող կողմի տարածքում:
4. «եկամուտներ» տերմինի տակ հասկացվում են ներդրումներից ստացված դրամական միջոցները, ինչպիսիք են շահույթը, տոկոսադրույքը, կպիատալի աճը, շահաբաժինները, ռոյալթիները և այլ վճարները:
5. «Տարածք» տերմինի տակ հասկացվում է.
ա) Հայաստանի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքը:
բ) Հնդկաստանի դեպքում` Հնդկաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ նրա տարածքային ջրերը և օդային տարածքը, նաև` ծովին հարակից ցանկացած տարածք, ներառյալ բացառիկ տնտեսական գոտին և մայրցամաքային շելֆը, որի նկատմամբ Հնդկաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխանություն, ինքնիշխան իրավունքներ և բացառիկ իրավասություն` համաձայն իր գործող օրենքների, 1982թ. ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի և Միջազգային իրավունքի:
Հոդված 2
Համաձայնագրի առարկան
Սույն Համաձայնագիրը կիրառվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացված բոլոր ներդրումների նկատմամբ` համաձայն գործող օրենսդրության անկախ նրանից` դրանք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, թե դրանից հետո:
Հոդված 3
Ներդրումների խթանումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի և բարենպաստ պայմաններ ստեղծի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար` իր տարածքում ներդրումներ կատարելու համար, և ընդունի այդպիսի ներդրումները` համաձայն իր օրենքների ու քաղաքականության:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրումների և ներդրողների եկամուտների նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պետք է մշտապես կիրառվի հավասար և արդար ռեժիմ:
Հոդված 4
Ազգային և առավել բարենպաստության ռեժիմ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրի այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմը, որը տրամադրում է իր կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին:
2. Ի լրումն, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին, ներառյալ նրանց ներդրումներից ստացվող եկամուտները, տրամադրի այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմը, որը տրամադրում է ցանկացած երրորդ պետության ներդրողներին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես պարտավորեցնող մի Պայմանավորվող կողմին` տարածելու մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների վրա ցանկացած ռեժիմի շահավետությունը, առավելությունները և արտոնությունները, որոնք արդյունք են.
ա) ցանկացած առկա կամ հետագայում կազմավորվելիք ազատ առևտրի գոտու, մաքսային միության, արժութային միության կամ նմանատիպ միություններ հիմնող այլ միջազգային համաձայնագրի կամ տարածաշրջանային համագործակցության այլ ձևերի, որոնց Պայմանավորվող կողմերից որևէ մեկը անդամակցում է կամ կարող է անդամակցել,
բ) գլխավորապես կամ ամբողջապես հարկմանը վերաբերող ցանկացած հարցի:
Հոդված 5
Օտարում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է օտարվեն, ազգայնացվեն կամ ենթարկվեն այլ միջոցների, որոնք համարժեք են օտարմանը կամ ազգայնացմանը (այսուհետ` օտարում), բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը բխում է հասարակության կարիքներից, իրականացվում է առանց խտրականության, համաձայն օրենքի և փոխհատուցման վճարմամբ` ընդունող երկրի օրենսդրության համապատասխան: Նման փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարման ենթարկված ներդրումների իրական արժեքին, օտարումից կամ նախատեսվող օտարումը հանրորեն հայտնի դառնալուց անմիջապես առաջ, կախված այն հանգամանքից, թե որն է ավելի շուտ եղել. փոխհատուցումը, մինչև վճարման օրը, պետք է ներառի նպաստավոր տոկոսադրույք, պետք է վճարվի առանց անհիմն ուշացման, լինի արդյունավետորեն իրացվելի և ազատ փոխանցելի:
2. Այն ներդրողը, որի ներդրումները օտարվում են, համաձայն օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի օրենսդրության, պետք է իրավունք ունենա իր գործի և իր ներդրումների գնահատման վերանայման այդ Կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից` համաձայն սույն կետում սահմանված սկզբունքների: Օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները` երաշխավորելու համար, որ նման վերանայումը հնարավորինս շուտ կիրականցվի:
3. Երբ Պայմանավորվող կողմը օտարման է ենթարկում որևէ ընկերության ակտիվները, որը հիմնադրվել կամ կազմավորվել է իր տարածքում գործող օրենքների համաձայն, և որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներն ունեն բաժնետոմսեր, պետք է երաշխավորվի, որ սույն հոդվածի 1-ին կետի դրույթները անհրաժեշտության չափով կկիրառվեն` երաշխավորելու համար փոխհատուցման արդար և հավասար վճարումը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների դիմաց, որոնք այդ բաժնետոմսերի սեփականատերերն են:
Ծանոթություն. սույն Համաձայնագրի նպատակների համար «օտարում» բառը կունենա «սեփականազրկում» կամ «ազգայնացում» բառերի իմաստը:
Հոդված 6
Վնասների փոխհատուցումը
Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնց ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնասներ են կրում պատերազմի կամ այլ զինված ընդհարման, արտակարգ իրավիճակների կամ քաղաքացիական անկարգությունների հետևանքով, կապված վնասների վերականգնման, փոխհատուցման կամ այլ կարգավորման հետ, վերջին Պայմանավորվող կողմը կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է սեփական կամ երրորդ երկրի ներդրողներին: Առաջացող վճարումները պետք է լինեն ազատ փոխանցելի:
Հոդված 7
Ներդրումները և եկամուտները հայրենիք վերադարձնելը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կթույլատրի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների բոլոր դրամական միջոցների, որոնք կապված են իր տարածքում կատարված ներդրումների հետ, ազատ փոխանցումը` առանց անհիմն ուշացումների ու խտրականության: Այդպիսի դրամական միջոցները կարող են ներառել.
ա) ներդրումների պահպանմանն ու ընդլայնմանն ուղղված կապիտալը և լրացուցիչ գումարները,
բ) գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթը, ներառյալ շահաբաժինները և բաժնեմասերին համապատասխան տոկոսադրույքը,
գ) ներդրման հետ կապված ցանկացած փոխառության` ներառյալ տոկոսների մարումը,
դ) ներդրման հետ կապված ռոյալթիների և ծառայությունների գումարների վճարումը,
ե) իրենց բաժնեմասերի վաճառքից ստացված գումարները,
զ) ներդրումների մասնակի կամ ամբողջական վաճառքի կամ լուծարման արդյունքում ստացված գումարները,
է) մի Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների վարձատրությունը, որոնք, ներդրման հետ կապված, աշխատում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չպետք է խոչընդոտեն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված որևէ փոխհատուցման փոխանցման:
3. Կողմերի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արժույթի փոխանցումները պետք է թույլատրվեն այն արժույթով, որով իրականացվել է ներդրումը, կամ այլ փոխարկելի արժույթով: Այդպիսի փոխանցումը պետք է իրականացվի փոխանցման օրը գերակշռող` շուկայական փոխանակման տոկոսադրույքով:
Հոդված 8
Սուբրոգացիա
Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա լիազոր գործակալությունը երաշխավորվում է ոչ առևտրային ռիսկի դիմաց փոխհատուցում վճարել իր ցանկացած ներդրողի ներդրումների համար, որոնք իրականացվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և սույն Համաձայնագրի ներքո այդպիսի ներդրողի պահանջներին համապատասխան փոխհատուցում է վճարում, ապա մյուս Պայմանավորվող կողմը կճանաչի սուբրոգացիայի իրավունքով այդ ներդրողի իրավունքների և պահանջների պաշտպանության փոխանցումը առաջին Պայմանավորվող կողմին կամ լիազոր գործակալությանը: Սուբրոգացիայի իրավունքով փոխանցված իրավունքները և պահանջները չպետք է գերազանցեն այդպիսի ներդրողների սկզբնական իրավունքների պահանջները:
Հոդված 9
Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև ներդրումային վեճերի կարգավորումը
1. Ցանկացած վեճ մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև, կապված սույն Համաձայնագրի համաձայն առաջինի կատարած ներդրման հետ, հնարավորության սահմաններում կկարգավորվի բարեկամաբար` վեճին մասնակից կողմերի բանակցությունների միջոցով:
2. Ցանկացած նման վեճ, որը բարեկամաբար չի կարգավորվի վեց ամսվա ընթացքում, երկու Կողմերի համաձայնության դեպքում կարող է ներկայացվել դիտարկման.
ա) ներդրումն ընդունած Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն` այդ Պայմանավորվող կողմի իրավասու դատական կամ վարչական մարմնին` վճիռ կայացնելու նպատակով, կամ`
բ) միջազգային հաշտեցման` համաձայն ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հաշտեցման Կանոնների:
3. Եթե Կողմերին չի հաջողվում վեճի հաշտեցման ընթացակարգի շուրջ համաձայնություն ձեռք բերել ըստ սույն հոդվածի 2-րդ կետի, կամ եթե վեճը ներկայացվել է հաշտեցման, սակայն հաշտեցման գործընթացն ավարտվել է այլ կերպ, քան հաշտեցման համաձայնագրի ստորագրումն է, վեճը կարող է ներկայացվել Միջնորդ դատարան: Միջնորդ դատարանի ընթացակարգը պետք է լինի հետևյալը.
ա) եթե ներդրում կատարած Պայմանավորվող կողմը և մյուս Պայմանավորվող կողմը 1965 թվականի` «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման» կոնվենցիայի մասնակից են, և ներդրողը գրավոր համաձայնում է վեճը ներկայացնել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, վեճը պետք է փոխանցվի Կենտրոն, կամ
բ) եթե վեճին մասնակից երկու Կողմերն էլ համաձայն են` Հաշտեցման լրացուցիչ կանոնների, Միջնորդ դատարանի և Փաստի բացահայտման ընթացակարգերի ներքո, կամ
գ) ad hoc միջնորդ դատարանին` վեճին մասնակից Կողմերից յուրաքանչյուրի կողմից, համաձայն ՄԱԿ-ի 1976 թվականի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի միջնորդ դատարանի Կանոնների` ըստ հետևյալ փոփոխությունների.
- Կանոնների 7-րդ հոդվածի համաձայն` նշանակումներ կատարող մարմինը պետք է լինի Նախագահը, Փոխնախագահը կամ Միջազգային դատարանի` ավագությամբ հաջորդ դատավորը, որը չպետք է լինի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի: Երրորդ դատավորը չպետք է լինի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի:
- Կողմերը երկու ամսվա ընթացքում պետք է նշանակեն իրենց համապատասխան իրավարարներին:
- Արբիտրաժային վճիռը պետք է կայացվի սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան և պետք է պարտավորեցնի վիճող կողմերին:
- Միջնորդ դատարանը պետք է հաստատի իր կայացրած որոշման հիմքը և հիմնավորումներ տրամադրի` որևէ կողմի պահանջով:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերի միջև վեճերը
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող վեճերը հնարավորության սահմաններում պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով:
2. Եթե պայմանավորվող կողմերի միջև վեճը չի կարգավորվում բանակցությունների միջոցով վեճի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում, այն, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով, պետք է ներկայացվի միջնորդ դատարան:
3. Յուրաքանչյուր մասնավոր դեպքի համար այդպիսի միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ կերպ: Վեճի կարգավորման համար պահանջագրի ստացումից հետո երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի դատարանի մեկ անդամի (իրավարարի): Այս երկու անդամները ընտրում են երրորդ երկրի քաղաքացու, որը, երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, կնշանակվի դատարանի Նախագահ: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու իրավարարների նշանակման օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, նշանակումներն իրականացնելու համար կարող է հրավիրել Միջազգային դատարանի նախագահին: Եթե նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ որևէ այլ պատճառով չի կարողանում իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումներն իրականացնելու համար հրավիրվում է փոխնախագահը: Եթե փոխնախագահը նույնպես հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ նույնպես որևէ պատճառով չի կարողանում իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումներն իրականացնելու համար հրավիրվում է Միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի:
5. Միջնորդ դատարանն իր որոշումը ընդունում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումը պարտադիր է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր կողմից նշանակված իրավարարի և դատական գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը: Նախագահի և մյուս այլ ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են հավասարապես: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի գերակշռող մասը կրելու է Պայմանավորվող կողմերից մեկը, և այդպիսի որոշումը պարտադիր է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար: Միջնորդ դատարանն ինքն է սահմանում իր գործունեության ընթացակարգը:
Հոդված 11
Անձնական մուտքը և ժամանակավոր բնակությունը
Պայմանավորվող կողմը, համաձայն այլ պետությունների քաղաքացիների մուտք գործելու և ժամանակավոր բնակություն հաստատելու վերաբերյալ օրենքների, պետք է թույլատրի մյուս Պայմանավորվող կողմի այն ֆիզիկական անձանց և անձնակազմի մուտք գործելը և բնակվելը իր տարածքում, որոնք վարձվել են` ներդրումների հետ կապված գործունեություն իրականացնելու համար:
Հոդված 12
Կիրառման ենթակա օրենքները
1. Եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա բոլոր ներդրումները պետք է իրականացվեն այն Պայմանավորվող կողմի գործող օրենսդրության համապատասխան, որի տարածքում այդ ներդրումները կատարվել են:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետից` սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է խոչընդոտի ներդրումներն ընդունող Պայմանավորվող կողմին` առանց խտրականության իրականացնել գործողություններ` ուղղված իր անվտանգության ապահովմանը, կամ` արտակարգ իրավիճակներում պայմանավորված գործողություններ` համաձայն խելամտորեն և պատշաճորեն կիրառված օրենքների:
Հոդված 13
Այլ կանոնների կիրառումը
Եթե որևէ Պայմանավորվող կողմի օրենքի դրույթները կամ ներկայումս գործող միջազգային իրավունքի պարտավորությունները կամ, ի լրումն սույն Համաձայնագրի, Պայմանավորվող կողմերի միջև սահմանվելիք պարտավորությունները կպարունակեն ընդհանուր կամ առանձնահատուկ կանոններ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումներին կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ, քան սահմանված է սույն Համաձայնագրով, ապա այդպիսի կանոնները կգերակայեն սույն Համաձայնագրի նկատմամբ առավել բարենպաստության մասով:
Հոդված 14
Լրացումներ և փոփոխություններ
Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ կամ լրացումներ: Փոփոխությունները կամ լրացումները կձևակերպվեն լրացուցիչ արձանագրություններով և սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո կհանդիսանան սույն Համաձայնագրի բաղկացուցիչ և անբաժանելին մասը:
Հոդված 15
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Պայմանավորվող կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման ստացման օրվանից երեսուն /30/ օր հետո:
Հոդված 16
Գործողության ժամկետը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա տասը տարի և այնուհետև ենթադրվում է դրա ինքնաբերաբար երկարաձգումը մինչև Պայմանավորվող կողմերից մեկը գրավոր կծանուցի մյուսին Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության մասին: Նման գրավոր ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի հետո Համաձայնագիրը կդադարի գործել:
2. Եթե սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվի, համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, Համաձայնագիրը կշարունակի ուժի մեջ մնալ գործողության դադարեցման օրվան հոջորդող տասնհինգ տարվա ընթացքում այն ներդրումների նկատմամբ, որոնք իրականացվել կամ ձեռք են բերվել սույն Համաձայնագրի դադարեցման օրվանից առաջ:
3. Ի վկայություն վերոնշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Նյու Դելի քաղաքում, 2003 թվականի մայիսի 23-ին, երկու բնօրինակով, յուաքանչյուրը հայերեն, հնդկերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. մայիսի 30-ից:
