ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «իր պաշտոնում նշանակվելուն» բառերը փոխարինել «պաշտոնավարմանը» բառով:
Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 125-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ «նշանակմանը» բառից հետո, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «նշանակվելուն» բառից հետո լրացնել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 113-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետը, 2-րդ մասի 9-րդ կետը «նշանակմանը» բառից հետո լրացնել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե առերևույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն: Եթե անձը հրաժարվում է անցնել բժշկական զննություն, կամ զննության արդյունքով հիմնավորվում է, որ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է հրավիրում:»:
Հոդված 5. Օրենքի 159-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 4-րդ կետի «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն» բառերը փոխարինել «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ» բառերով.
2) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
4. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով: Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է դատավորի բժշկական զննությունը (դատարանի նախագահի դեպքում` սեփական կամ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը:»:
Հոդված 6. Օրենքի ամբողջ տեքստում «ֆիզիկական արատներ և հիվանդություններ» և «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հիվանդություններ և վիճակներ» և «հիվանդություն կամ վիճակ» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-286-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: