Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
-
Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հիմնադրման մասին
Պեսկարա (Իտալիա)
Ներածություն
Գիտակցելով ռելյատիվիստական աստղաֆիզիկայի հետազոտությունների կարևորությունը` հասկանալու համար աստղերի կյանքը, էվոլյուցիան և մեր տիեզերքի կառուցվածքը, ինչպես նաև ճանաչելու բնության հիմնարար օրենքները,
գիտակցելով, որ այս բնագավառում հետազոտությունները պետք է հիմնված լինեն միջազգային համագործակցության վրա,
ընդունելով այն, որ երկնային և աստղաֆիզիկական օբյեկտների ուսումնասիրությունը ունի շատ խորը արմատներ տարբեր մշակույթներում,
հաշվի առնելով երկնային մարմինների` պուլսարների, քվազարների և սև անցքերի հայտնաբերման նկատմամբ մեծ հետաքրքրությունը բոլոր երկրներում,
շեշտելով ռելյատիվիստական աստղաֆիզիկայում օգտագործվող և դրա հետ կապված տեխնոլոգիաների և տեխնիկայի զարգացման կարևորությունը, ինչպիսիք են ռադիոտեխնոլոգիաները, օպտիկական, տիեզերական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները,
քանի որ սույն Համաձայնագրի Կողմերը ցանկանում են ստեղծել ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանց, այսուհետ` ԻԿՐԱՆԵՏ, որպես միջազգային անկախ հաստատություն` համապատասխան ղեկավարությամբ, իրավունակությամբ և համապատասխան միջազգային կարգավիճակով, լիազորություններով, արտոնություններով և անձեռնմխելիությամբ ու այլ անհրաժեշտ պայմաններով, որոնք հնարավորություն կտան գործել արդյունավետ իր նպատակներին հասնելու համար,
հիշեցնելով, որ Իտալիայի Կառավարությունը կբանակցի տեղակայման համաձայնագրի շուրջ, հենց որ ԻԿՐԱՆԵՏ-ը ձեռք բերի միջազգային կազմակերպության կարգավիճակ,
ստորագրող Կողմերը համաձայնում են հետևյալի մասին.
Հոդված I
Հիմնադրվելու է ԻԿՐԱՆԵՏ կոչվող միջազգային կազմակերպություն, որը գործելու է համաձայն սույն Համաձայնագրին կցված և անբաժանելի մաս կազմող Կանոնադրությանը համապատասխան, քանի որ Կանոնադրությունը անհրաժեշտության դեպքում կարող է փոփոխվել 16-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված II
Ստորագրում, վավերացում, ընդունում, պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնություն, միացում
Սույն Համաձայնագիրը բաց է պետությունների և միջազգային կազմակերպությունների ստորագրման համար` Իտալիայի Հանրապետության Կառավարության հսկողության ներքո: Այն ստորագրման համար բաց կմնա երկու տարի ժամկետով` սկսած 2003 թվականից, եթե այս ժամկետը, նախքան ավարտը, չերկարացվի ավանդապահի կողմից` ԻԿՐԱՆԵՏ-ի խորհրդի խնդրանքով:
Իտալիայի Հանրապետության Կառավարությունը կլինի սույն Համաձայնագրի ավանդապահը:
Սույն Համաձայնագրով պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնությունը պետք է իրականացվի ստորագրող Կողմերի կողմից` նրանց օրենսդրությանը և ընթացակարգերին համապատասխան:
Սույն Համաձայնագրով պարտավորված լինելու վերաբերյալ պետության կամ միջազգային կազմակերպության համաձայնությունը չի հանդիսանում պարտավորություն ԻԿՐԱՆԵՏ-ին տրամադրել ֆինանսական աջակցություն` բացառությամբ կամավոր ներդրումների:
Առաջին պարբերության մեջ նշված ժամկետի ավարտից հետո սույն Համաձայնագիրը կմնա բաց ցանկացած պետության և միջազգային կազմակերպության միացման համար` կախված ԻԿՐԱՆԵՏ-ի ղեկավար խորհրդի հավանությունից, պարզ մեծամասնությամբ:
Միանալու փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն սույն Համաձայնագրի ավանդապահին:
Հոդված III
Պայմանավորվող կողմեր
ԻԿՐԱՆԵՏ-ը հիմնելուն պես համալսարանները և հետազոտական կենտրոնները ազատորեն կհամագործակցեն:
Հոդված IV
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը և դրան կցված Կանոնադրությունը ուժի մեջ կմտնեն անմիջապես սույն Համաձայնագրի Կողմեր հանդիսացող երեք պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից վավերացվելու կամ պաշտոնապես ընդունվելու պահից:
Յուրաքանչյուր պետության և միջազգային կազմակերպության համար, որոնք ի պահ կհանձնեն միանալու կամ պաշտոնապես ընդունելու վերաբերյալ իրենց փաստաթղթերը սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո, սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ի պահ հանձնելուց հետո:
Հոդված V
Դադարում
Սույն Համաձայնագրի ցանկացած Կողմ կարող է, ավանդապահին գրավոր փաստաթուղթ հանձնելով, չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը: Պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնության այդպիսի դադարումը ուժի մեջ կմտնի նման փաստաթուղթը ստանալու օրվանից երեք ամիս հետո:
Հոդված VI
Վեճերի կարգավորում
Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման հետ կապված որևէ վեճ կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:
Հոդված VII
Բնօրինակ
Սույն Համաձայնագրի բնօրինակը, ներառյալ կցված Կանոնադրությունը, կազմված է իտալերեն և անգլերեն:
Ի վկայություն վերոհիշյալի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը մեկ բնօրինակով. իտալերեն և անգլերեն, երկու տեքստերը հավասարազոր են:
Կատարված է Հռոմ քաղաքում, 2003 թ. մարտի 19-ին, Հայաստանի Հանրապետության կողմից` 2003 թ. հունիսի 12-ին:
ԻԿՐԱՆԵՏ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1
Կարգավիճակը
1. ԻԿՐԱՆԵՏ-ը գործելու է որպես միջազգային կազմակերպություն և կազմակերպվելու է բացառապես գիտական և կրթական նպատակների համար:
2. ԻԿՐԱՆԵՏ-ը կունենա միջազգային լիարժեք իրավունակություն և այնպիսի իրավական հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների և նպատակների իրականացման համար:
Հոդված 2
Կենտրոնակայանների գտնվելու վայրը
ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնակայանները կգտնվեն Պեսկարայում (Իտալիա), եթե ղակավար կոմիտեն չորոշի դրանք տեղակայել մեկ այլ վայրում:
Օպերատիվ լինելու և իր նպատակին հասնելու համար ղեկավար կոմիտեն կարող է այլ երկրներում հիմնել հետազոտական կենտրոններ ԻԿՐԱՆԵՏ-ի ծրագրերին աջակցելու համար` համաձայն 3-րդ հոդվածի:
Հոդված 3
Նպատակներ և գործունեություն
1. ԻԿՐԱՆԵՏ-ը կխրախուսի միջազգային գիտական համագործակցությունը և կկատարի հետազոտություններ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում: Այն նաև կհամակարգի միջազգային տեսական, փորձարարական և դիտարկող հետազոտությունները, որոնք կիրառում են սարքավորումներ տիեզերքում, երկրագնդի մակերևույթին կամ ընդերքում:
2. ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությունը բաղկացած կլինի հետևյալից.
ա) գիտական հետազոտությունների զարգացում,
բ) դասավանդում թեկնածուական և դոկտորական մակարդակներում,
գ) երկարատև և կարճատև գիտական ուսուցում,
դ) սեմինարների և գիտական ժողովների կազմակերպում,
ե) գիտնականների և մասնագետների փոխանակման ծրագրերի կազմակերպում,
զ) հետազոտական կենտրոնների միջև էլեկտրոնային հաղորդակցման նոր ստանդարտների մշակում,
է) բոլոր հնարավոր դիտարկվող երկնային մարմինների վերաբերյալ տվյալների միացյալ բազայի հիմնում,
ը) հաղորդակցության նոր ստանդարտների մշակում,
թ) միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցություն և դրանց անդամակցում,
ժ) գիտական համագործակցություն և տեխնոլոգիայի փոխանցում արդյունաբերության ներգրավմամբ,
ժա) ցանկացած այլ գործունեություն` կապված իր նպատակների հետ:
3. Ընդգրկվող գիտական ոլորտները կներառեն` կոսմոլոգիա, բարձրագույն էներգիայի աստղաֆիզիկա, տեսական ֆիզիկա և մաթեմատիկական ֆիզիկա:
4. ԻԿՐԱՆԵՏ-ը կհամակարգի ցանցի անդամ հանդիսացող համալսարանների և հետազոտման կենտրոնների անդամների հետազոտական գործունեությունը, որոնք գործում են տարբեր աշխարհագրական տարածքներում: Այս համագործակցությունը թույլ կտա նաև իրականացնել ուսումնական գործունեություն, որը անհրաժեշտ է ԻԿՐԱՆԵՏ-ի բոլոր կենտրոններում երիտասարդ գիտնականների կատարելագործման համար: Յուրաքանչյուր կենտրոն կկիսի իր սեփական սարքերը ցանցի բոլոր այլ անդամների հետ: Նման սարքերը տնտեսական և գիտական արժեք են ներկայացնում և կարևոր են ԻԿՐԱՆԵՏ-ի հետազոտական ծրագրերը իրականացնելու համար:
5. ԻԿՐԱՆԵՏ-ը կխրախուսի գիտնականների շարժը կենտրոնների միջև` այն պայմանով, որ յուրաքանչյուր կենտրոն կհոգա իր հետազոտողների ճանապարհածախսերը, իսկ տեղում կատարվող ծախսերը կհոգա հյուրընկալ հաստատությունը:
6. ԻԿՐԱՆԵՏ-ը կհատկացնի կենսաթոշակներ երիտասարդ ուսանողներին, շրջանավարտներին, ասպիրանտներին և թեկնածուներին հատուկ ուսումնական ծրագրերի շրջանակներում:
7. ԻԿՐԱՆԵՏ-ը պատրաստ կլինի ծառայել այն գիտական հաստատություններին և անդամ պետություններին, որոնք ցանկանում են համագործակցել ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում:
Հոդված 4
Կառուցվածքը
ԻԿՐԱՆԵՏ-ը կունենա կազմակերպական հետևյալ կառուցվածքը`
ա) ղեկավար կոմիտե,
բ) տնօրեն,
գ) գիտական կոմիտե:
Հոդված 5
Ղեկավար կոմիտե
1. Ղեկավար կոմիտեն բաղկացած կլինի հետևյալ անդամներից.
ա) ԻԿՐԱՆԵՏ-ի անդամ հանդիսացող յուրաքանչյուր պետության և միջազգային կազմակերպության մեկ ներկայացուցիչ,
բ) ցանկացած այլ պետության կամ միջազգային կազմակերպության ևս մեկ ներկայացուցիչ, որը ֆինանսապես կօժանդակի ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությանը,
գ) ԻԿՐԱՆԵՏ-ի անդամ հանդիսացող յուրաքանչյուր համալսարանի և հետազոտական կենտրոնի մեկ ներկայացուցիչ,
դ) ցանկացած այլ հաստատության մեկ ներկայացուցիչ, որը օժանդակում է ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությանը և ընդունվել է որպես անդամ` ղեկավար կոմիտեի որոշմամբ,
ե) Իտալիայի Կառավարության ֆինանսների նախարարի մեկ ներկայացուցիչ և Պեսկարայի քաղաքապետի մեկ ներկայացուցիչ` ազգային ներդրման և տեղակայման համաձայնագրով նախատեսված ներդրման պահից: Ինչ վերաբերում է Համաձայնագրին միանալուն, մասնակցությունը ազատ կլինի ԻԿՐԱՆԵՏ-ում ներդրում կատարող յուրաքանչյուր պետության և միջազգային կազմակերպության ներկայացուցիչների համար,
զ) Սթենֆորդի համալսարանի մեկ ներկայացուցիչ, մեկ ներկայացուցիչ Արիզոնայի համալսարանից, մեկը` Սպեկոլա Վատիկանից և մեկն էլ` ԻԿՐԱ-ից` որպես հիմնադիր անդամներ:
2. Ղեկավար կոմիտեն իր անդամներից կընտրի երեք տարի ժամկետով վերընտրվող նախագահ:
3. Տնօրենը կլինի ղեկավար կոմիտեի գործադիր քարտուղարը:
4. Ղեկավար կոմիտեն նիստեր կգումարի տարին մեկ անգամ. նախագահի կողմից հրավիրվելու դեպքում այն արտակարգ նիստեր կգումարի իր նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն կեսի պահանջով:
5. Անդամների մեծամասնությունը կկազմի քվորում ղեկավար կոմիտեի նիստերին:
6. Ղեկավար կոմիտեն կընդունի ընթացակարգի իր կանոնները:
Հոդված 6
Ղեկավար կոմիտեի գործառույթները
Ղեկավար կոմիտեի գործառույթները կլինեն`
1) ընտրել ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն,
2) լսելով գիտական կոմիտեին` ձևավորել ընդհանուր ուղեցույցներ ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար` հաշվի առնելով նրա նպատակները, ինչպես նշված է 3-րդ հոդվածում,
3) քննել`
ա. բյուջեի տարեկան մակարդակը,
բ. համապատասխան ավանդների մակարդակը,
գ. ֆինանսական պլանները,
դ. ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար հատկացվող ֆոնդերի օգտագործումը,
4) քննարկել տնօրենի առաջարկները ԻԿՐԱՆԵՏ-ի ծրագրի, աշխատանքային պլանների, ֆինանսական պլանների, աշխատակազմի և բյուջեի վերաբերյալ և այնուհետև ընդունել որոշումներ,
5) ընդունել, ներկայացնել համապատասխան ներդնողների հավանությանը բյուջեի աճը` հիմնված ԻԿՐԱՆԵՏ-ի պահանջների վրա,
6) քննարկել ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության վերաբերյալ տնօրենի տարեկան և այլ զեկույցները,
7) նշանակել ֆինանսական հաշվետվությունների օտարերկրյա աուդիտորներ և ընդունել նրանց զեկույցը,
8) ընդունել աշխատակազմի Կանոնադրությունը, ինչպես ընդունված է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի այլ միջազգային կազմակերպություններում:
Հոդված 7
Քվեարկություն ղեկավար կոմիտեի կողմից
Ղեկավար կոմիտեի կողմից քվեարկությունը կարգավորվում է հետևյալ կերպ.
1) ղեկավար կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն,
2) ղեկավար կոմիտեի խորհրդի որոշումները կայացվում են ներկա գտնվող քվեարկող անդամների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն Կանոնադրության 8-րդ հոդվածում:
Հոդված 8
Տնօրենի նշանակումը
Վերընտրվող տնօրենի նշանակումը, հինգ տարին չգերազանցող ժամանակահատվածով, կորոշվի ղեկավար կոմիտեի անդամների երկու երրորդի մեծամասնությամբ: Քվորումի բացակայության դեպքում, երկու անգամ նիստ գումարելուց հետո, նշանակումը կիրականացվի ներկա անդամների մեծամասնության կողմից: Առաջին հինգ տարիների ընթացքում ԻԿՐԱ-ի նախագահը կնշանակվի որպես տնօրեն:
Հոդված 9
Տնօրենի գործառույթները և լիազորությունները
1. Տնօրենը կլինի ԻԿՐԱՆԵՏ-ի գլխավոր ակադեմիկոս և վարչական պաշտոնյա: Այս առումով տնօրենը`
ա) կկառավարի ԻԿՐԱՆԵՏ-ը,
բ) կպատրաստի առաջարկներ ԻԿՐԱՆԵՏ-ի ընդանուր գործունեության և աշխատանքային պլանների վերաբերյալ` ղեկավար կոմիտեի հավանությանը ներկայացնելու համար,
գ) կպատրաստի ԻԿՐԱՆԵՏ-ի ֆինանսական պլաններ և բյուջետային առաջարկներ` ղեկավար կոմիտեի ընդունմանը ներկայացնելու համար,
դ) կվերահսկի ԻԿՐԱՆԵՏ-ի աշխատանքային ծրագրերի կատարումը և կիրականացնի վճարումներ կառավարող խորհրդի կողմից ընդունված ղեկավար ցուցումների և հատուկ որոշումների շրջանակներում,
ե) տնօրենը ԻԿՐԱՆԵՏ-ի իրավական ներկայացուցիչն է: Նա կստորագրի բոլոր փաստաթղթերը, կոնտրակտները, համաձայնագրերը, պայմանագրերը և այլ իրավական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ԻԿՐԱՆԵՏ-ի նորմալ գործունեությունը ապահովելու համար: Ղեկավար կոմիտեն կարող է նախատեսել տնօրենի կողմից այդ լիազորությունների փոխանցման աստիճանը: Կոնտրակտները, համաձայնագրերը և պայմանագրերը, որոնք ազդում են ԻԿՐԱՆԵՏ-ի կառավարման, նպատակների, տեղակայման, ընդլայնման կամ լուծարման կամ հյուրընկալ երկրում հարաբերություններին վերաբերող կարևոր խնդիրների վրա, ենթակա են ղեկավար կոմիտեի հավանությանը:
2. Տնօրենը կունենա այնպիսի գործառույթներ և լիազորություններ, որոնք կարող են նախատեսվել սույն փաստաթղթի դրույթներով, մասնավորապես`
ա) ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար աշխատակազմի համալրում և ղեկավարում,
բ) տարեկան հիմքով անցկացնել ֆինանսական գործողությունների ֆինանսական աուդիտ օտարերկրյա հաշվապահական ֆիրմայի կողմից (6-րդ հոդվածի 6-րդ կետ):
Հոդված 10
Գիտական կոմիտե
1. Կստեղծվի գիտական կոմիտե` բաղկացած ԻԿՐԱՆԵՏ-ի անդամ հանդիսացող յուրաքանչյուր պետության, միջազգային կազմակերպության, համալսարանի կամ հետազոտական կենտրոնի մեկական ներկայացուցչից:
2. Գիտական կոմիտեն իր անդամներից պարզ մեծամասնությամբ կընտրի վերընտրվող նախագահ երեք տարի ժամկետով:
Հոդված 11
Գիտական կոմիտեի գործառույթները
1. Գիտական կոմիտեն ԻԿՐԱՆԵՏ-ին կտեղեկացնի գործունեության իր ծրագրերի մասին` հաշվի առնելով աշխարհի կարևոր ակադեմիական, գիտական, կրթական և մշակութային միտումները` կապված իր նպատակների հետ:
2. Գիտական կոմիտեն կապահովի ԻԿՐԱՆԵՏ-ի գիտական գործունեության համակարգումը և առաջարկներ կներկայացնի տնօրենին ԻԿՐԱՆԵՏ-ի հետագա ընդլայնման և հետազոտության առանձին ուղղությունների վերաբերյալ:
3. Ղեկավար կոմիտեն և տնօրենը կարող են գիտական կոմիտեից խորհուրդ խնդրել:
4. Գիտական կոմիտեն կընդունի ընթացակարգի իր կանոնները և կհավաքվի տարին մեկ անգամ:
Հոդված 12
Քարտուղարություն
1. ԻԿՐԱՆԵՏ-ի քարտուղարությունը բաղկացած կլինի այն աշխատակազմից, որն անհրաժեշտ է իր գործունեության համար:
2. Քարտուղարության անդամները կնշանակվեն տնօրենի կողմից` 9-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան:
3. Աշխատակազմի աշխատանքում և ծառայության պայմանների որոշման հարցում առաջնահերթ քննարկումները անհրաժեշտ կլինեն որակի բարձր մակարդակ և արդյունավետություն ապահովելու համար:
4. Աշխատավարձերի չափերը, ապահովագրությունը, թոշակի համակարգը և աշխատանքի այլ պայմանները կամրագրվեն աշխատակազմի Կանոնադրության մեջ:
Հոդված 13
Ֆինանսներ
1. ԻԿՐԱՆԵՏ-ը ձեռք կբերի իր ֆինանսական ռեսուրսները այնպիսի միջոցներից, ինչպիսիք են կամավոր ներդրումները և նվիրատվությունները, դասընթացների և սեմինարների ուսումնական վճարները, ուսումնական սիմպոզիումների և տեխնիկական օգնության վճարները, հրատարակումների և այլ ծառայության եկամուտները, վարկերից, նվիրաբերումներից և բանկային հաշիվներից ստացվող տոկոսային եկամուտը:
2. Չի պահանջվի, որ սույն Կանոնադրության Կողմերը հաստատությանը ֆինանսական աջակցություն տրամադրեն` բացի կամավոր ներդրումներից:
3. ԻԿՐԱՆԵՏ-ի ֆինանսական գործողությունները կկառավարվեն ղեկավար կոմիտեի կողմից ընդունված ֆինանսական կանոններով` Միավորված ազգերի` հաստատված սկզբունքների համապատասխան:
4. ԻԿՐԱՆԵՏ-ի բյուջեն կհաստատվի ղեկավար կոմիտեի կողմից` ամեն տարի:
5. Իտալիայի Կառավարությունը համաձայն է ներդրում կատարել ԻԿՐԱՆԵՏ-ի բյուջեում հետևյալ կերպ` սույն փաստաթղթի ուժի մեջ մտնելուն պես յուրաքանչյուր տարվա ֆինանսական ներդրումը կկազմի մինչև 1.549.370 եվրո, և այն կարող է աճել` ԻԿՐԱՆԵՏ-ի կարիքներից կախված, որոնք կորոշվեն ղեկավար կոմիտեի կողմից` 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
6. Ցանկացած այլ ներդրում, որը ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է ստանալ պետություններից, միջազգային կազմակերպություններից կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններից, համալսարաններից և հետազոտական կենտրոններից, մատուցած ծառայությունների դիմաց վճարներից, նույնպես կկազմի բյուջեի մաս:
7. Բյուջեն կծածկի աշխատակազմի ծախսերը, ընթացիկ և ծրագրային ծախսերը:
8. Պեսկարայի քաղաքապետարանը Պեսկարայում ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության համար կհատկացնի շինություններ:
Հոդված 14
Հարաբերությունները այլ կազմակերպությունների հետ
1. Իր նպատակներին առավել արդյունավետ ճանապարհով հասնելու համար ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է համապատասխան ազգային, տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների և գործակալությունների հետ սերտ համագործակցության նպատակով կնքել համաձայնագրեր:
2. Այն հետազոտական կենտրոնները, որոնք ցանկանում են մասնակցել ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությանը, ինչպես նախատեսված է սույն փաստաթղթով, պետք է տնօրենին ուղարկեն համապատասխան ծանուցում:
Հոդված 15
Իրավունքներ, արտոնություններ և անձեռնմխելիություն
Տեղակայման համաձայնագիրը կստորագրվի Իտալիայի Հանրապետության Կառավարության և ԻԿՐԱՆԵՏ-ի միջև, որպեսզի հաստատվեն աշխատակազմի անդամների և պաշտոնական այցելուների իրավունքները, արտոնությունները և անձեռնմխելիությունը, այդ միջազգային կազմակերպությունը հիմնելուն պես:
Հոդված 16
Փոփոխություններ
Սույն Կանոնադրությունը կարող է փոփոխվել ղեկավար կոմիտեի կողմից` Համաձայնագրի Կողմեր հանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների միաձայն քվեարկությամբ: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի հաստատումից վեց ամիս հետո:
Հոդված 17
Լուծարում
1. ԻԿՐԱՆԵՏ-ը կարող է լուծարվել ղեկավար կոմիտեի` քվեարկող բոլոր անդամների երեք քառորդի մեծամասնության կողմից հավանության արժանանալու դեպքում, եթե որոշվում է, որ ԻԿՐԱՆԵՏ-ի նպատակները չեն իրագործվել:
2. Լուծարման դեպքում հյուրընկալ երկրում կամ այլ երկրներում գտնվող ԻԿՐԱՆԵՏ-ի գույքը կփոխանցվի այդ երկրներին` նմանատիպ նպատակներով օգտագործելու համար, կամ այդ երկրներում կբաշխվի այն հաստատություններին, որոնք ունեն նույն նպատակները, ինչ որ ԻԿՐԱՆԵՏ-ը, այդ երկրների Կառավարությունների և ղեկավար կոմիտեի միջև համաձայնագիր կնքվելուց հետո:
Հոդված 18
Եզրափակիչ դրույթներ
ԻԿՐԱՆԵՏ-ի փակման դեպքում Համաձայնագրի Կողմերի համար չի լինի ոչ մի ծախս:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. հուլիսի 20-ից:
