Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 127

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 1 հավելվածի 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության իրականացման նպատակներով՝ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված ոչ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի պակասորդը կանխարգելելու համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» թիվ 44 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 127 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատել կից ներկայացվող՝

համապատասխանության գնահատման տիպային սխեմաները.

նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված ոչ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման դեպքում կիրառվող ժամանակավոր միջոցները (այսուհետ՝ ժամանակավոր միջոցներ):»:

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 և 32 կետերով՝

«31. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել՝

ա) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման ձևի մեջ համապատասխանության գնահատում անցկացնելիս ժամանակավոր միջոցների կիրառումը.

բ) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության այն սերտիֆիկատների մասին տեղեկությունների հավաքագրումը, որոնք տրվել են Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինների կողմից ժամանակավոր միջոցների կիրառմամբ սերիական թողարկման արտադրանքի համար՝ սերտիֆիկացման մարմինների կտրվածքով նշված գործունեության մոնիթորինգի արդյունքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով եռամսյակային ներկայացմամբ, ինչպես նաև ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների հավաքագրումը.

գ) Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ժամանակավոր միջոցների կիրառմամբ սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ուժեղացումը.

դ) հավատարմագրման և սերտիֆիկացման միջազգային համակարգերի շրջանակներում տրված փորձարկումների արձանագրությունների ճանաչման հնարավորության տրամադրումը՝ որպես Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի տրամադրման համար հիմք՝ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված ոչ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում առաջնահերթ նախագծերի իրագործման, նոր արտադրական գծերի կազմակերպման, ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար անհրաժեշտ և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ չդրվող տեխնիկապես բարդ արտադրանքի (այդ թվում՝ սերիական թողարկման արտադրանքի) համապատասխանության գնահատում անցկացնելիս:

32. Սահմանել, որ ժամանակավոր միջոցները գործում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում:

Այն սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը, որի համար ժամանակավոր միջոցների 2-րդ կետով նախատեսված պայմանները պահպանելիս տրվել են համապատասխանության սերտիֆիկատներ, պետք է անցկացվի արտադրության վիճակի վերլուծության կամ արտադրության վիճակի վերլուծության և հետազոտությունների (փորձարկումների) ու արտադրանքի նմուշների (փորձանմուշների) չափումների միջոցով՝ այն սահմանափակումները հանելու օրվանից 6 ամսվա ընթացքում առանց հեռավար գնահատումն օգտագործելու, որոնք ձեռնարկվել են նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով՝ ինչպես Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունում, որի տարածքում գործունեություն է իրականացնում սերտիֆիկացման մարմինը, այնպես էլ այն պետությունում, որի տարածքում է իրականացվում սերտիֆիկացված արտադրանքի պատրաստման (արտադրման) գործունեությունը:

Այն սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը, որի համար տրվել են համապատասխանության սերտիֆիկատները, ժամանակավոր միջոցների 4-րդ կետով նախատեսված դեպքերում անցկացվում է համապատասխանության սերտիֆիկատը տրամադրելու օրվանից 12 ամսվա ընթացքում՝ արտադրության վիճակի վերլուծության կամ արտադրության վիճակի վերլուծության և հետազոտությունների (փորձարկումների) ու արտադրանքի նմուշների (փորձանմուշների) չափումների միջոցով: Ընդ որում, սերտիֆիկացման մարմնի կողմից հեռավար գնահատման կիրառումը սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնելիս կախված է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված համաճարակաբանական իրավիճակի պայմաններից:»:

3. Լրացնել նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված ոչ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ կիրառվող՝ հետևյալ բովանդակությամբ ժամանակավոր միջոցներով՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի ապրիլի 18-ի

թիվ 44 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ

 

նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված ոչ բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ կիրառվող

 

1. Սույն փաստաթղթի նպատակներով հեռավար գնահատում ասելով հասկացվում է հեռավորության վրա գնահատում կատարելու մեթոդը, որով ապահովվում է սերտիֆիկացման շրջանակներում գնահատման ընթացակարգերի անցկացումը (որոնցով նախատեսվում են գնահատման օբյեկտի գտնվելու վայր այցելությունը)՝ առանց գնահատման օբյեկտի գտնվելու վայր այցելելու՝ հեռավար փոխգործակցության միջոցների (աուդիո- և տեսակոնֆերանս կապի) օգտագործմամբ:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)՝ արտադրանքի այն սերտիֆիկացման մարմին, որը ներառված է Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին), Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) պահանջներին համապատասխանության համար սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտ ստացվելու դեպքում, սերտիֆիկացման մարմնի որոշմամբ նախորդող՝ սերտիֆիկացված արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության կամ նշված սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման (տեսչական հսկողության) (այսուհետ՝ պարբերական գնահատում) արդյունքները՝ ներառյալ արտադրության վիճակի վերլուծության արդյունքները, կարող են մասամբ կամ ամբողջությամբ տարածվել այդ արտադրանքի վրա՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում.

ա) սերտիֆիկացման մարմնում նշված սերտիֆիկացվող արտադրանքի նկատմամբ բացակայում են տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները խախտելու բացահայտված փաստերի մասին տեղեկությունները.

բ) արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքներն անցկացվում են սերտիֆիկացման նույն մարմնի կողմից, որն անցկացրել է նախորդող՝ արտադրության վիճակի վերլուծությունը կամ տվյալ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը և ձևակերպել է, համապատասխանաբար, արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտը կամ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման ակտը.

գ) արտադրանքի սերտիֆիկացման մասով աշխատանքների անցկացման հայտը ներկայացվել է հայտատուի կողմից՝ նախկինում անցկացված՝ արտադրության վիճակի վերլուծության և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտը ձևակերպելու կամ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման և սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման ակտը ձևակերպելու օրվանից մինչև 24 ամիսը լրանալը.

դ) արտադրանքը չունի կամ ունի նախկինում սերտիֆիկացված արտադրանքի համեմատ կառուցվածքի (կազմի) կամ դրա արտադրության տեխնոլոգիայի ոչ զգալի տարբերություններ, որոնք ազդեցություն չեն ունենում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու վրա:

3. Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումների գործողության ժամանակահատվածում սերտիֆիկացված արտադրանքի պլանային պարբերական գնահատման ժամկետը վրա հասնելու դեպքում դրա անցկացումն իրականացվում է հետազոտությունների (փորձարկումների) և արտադրանքի նմուշների (փորձանմուշների) չափումների միջոցով:

Ընդ որում, սերտիֆիկացման մարմինը կարող է որոշում ընդունել պարբերական գնահատումը մինչև 6 ամիս ժամկետով տեղափոխելու մասին՝ սերտիֆիկացված արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի ու սերտիֆիկացման մարմնի համապատասխան ընթացակարգի շրջանակներում արտադրանքի տեխնիկական փաստաթղթերն անփոփոխ լինելու մասին արտադրողի գրության առկայության դեպքում:

4. Արտադրության վիճակի՝ նախկինում արված վերլուծությունն ընդունելու և նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումներն առանց խախտելու արտադրանքի պատրաստման (արտադրման) գործունեության իրականացման վայրում արտադրության վիճակի վերլուծության ընթացակարգի շրջանակներում համապատասխան աշխատանքները կազմակերպելու հնարավորության բացակայության դեպքում կամ Միության մաքսային տարածքում առաջին անգամ շրջանառության մեջ դրվող արտադրանքի համապատասխանության նոր սերտիֆիկատ տրամադրելու անհրաժեշտության դեպքում սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակի վերլուծության անցկացումը՝ ներառյալ արտադրանքի արտադրության պայմանների ստուգումը, հնարավոր է հեռավար գնահատման միջոցով՝ համատեղելով արտադրողի որակի կառավարման համակարգի փաստաթղթային գնահատմամբ, ինչը թույլ է տալիս որոշել Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի ՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին մշտական (կայուն) համապատասխանությունն ապահովելու համար արտադրողի մոտ անհրաժեշտ պայմանների առկայությունը:

5. Հեռավար գնահատման միջոցով արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու դեպքում ստուգվում են հետևյալ օբյեկտները՝

սերտիֆիկացվող արտադրատեսակների անվտանգության ցուցանիշների վրա ազդեցություն ունեցող՝ հումքի, նյութերի կամ լրակազմող արտադրատեսակների մուտքային հսկողությունը.

արտադրության ենթակառուցվածքը (արտադրողի տարածքում գտնվող և արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ օբյեկտների ամբողջությունը (արտադրական տարածքներ, տրանսպորտ և այլն)).

տեխնոլոգիական գործընթացները, այդ թվում՝ հատուկ (տեխնիկական կանոնակարգում համապատասխան պահանջների առկայության դեպքում).

հսկման, չափման և փորձարկման սարքավորման կառավարումը.

տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ չափման միջոցները.

պատրաստի արտադրանքի ընդունման հսկողությունը, որը կապված է այն բնութագրերի հսկողության հետ, որոնց համար տեխնիկական կանոնակարգով սահմանված են պարտադիր պայմանները:

6. Արտադրության վիճակի վերլուծությունն անցկացնելիս այլ օբյեկտների ստուգումը՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի մշտական (կայուն) համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններն արտադրողի մոտ առկա լինելը որոշելու համար, անցկացվում է սերտիֆիկացման մարմնի կողմից՝ արտադրողի տրամադրած փաստաթղթերի վերլուծության միջոցով՝ առանց հեռավար գնահատման օգտագործման:

7. Հեռավար գնահատման միջոցով արտադրության վիճակի վերլուծության անցկացումն իրականացվում է սերտիֆիկացման մարմնի փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետ-աուդիտորների)) և արտադրանքի պատրաստման (արտադրման) գործունեության իրականացման վայրում գտնվող արտադրողի ներկայացուցչի՝ ցանցում միաժամանակ ներկայության դեպքում՝ օնլայն ռեժիմում, որի դեպքում արտադրության վիճակի վերլուծության անցկացումը հեռարձակվում է հեռահաղորդակցական ուղիներով իրական ժամանակի ռեժիմում՝ համաժամանակյա հեռուստահաղորդման (տեսահեռարձակման) եղանակով: Ընդ որում՝ սերտիֆիկացման մարմնի կողմից նշվում է արտադրանքի պատրաստման (արտադրման) գործունեության իրականացման վայրի գեոլոկացիան (իրական աշխարհագրական դիրքը)՝ դրա նույնականացման նպատակով, այդ թվում՝ արտադրողի փաստաթղթերում նշված տեղեկություններին համապատասխանության մասով:

Հեռավար գնահատման միջոցով արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու դեպքում պետք է ապահովվի հստակ տեսապատկերի անընդհատ փոխանցումն արտադրության վիճակի վերլուծությունն սկսելու պահից մինչև դրա ավարտը: Տեսակոնֆերանս կապի ընդհատման դեպքում արտադրության վիճակի վերլուծությունը սկսվում է դրա անցկացումն սկսելու պահից:

8. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ձևակերպելիս, այդ թվում՝ հեռավար գնահատման միջոցով անցկացված արտադրության վիճակի վերլուծության արդյունքների հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների 12-րդ դաշտում («Լրացուցիչ տեղեկություններ») կատարվում է գրառում՝ «արտադրության վիճակի վերլուծությունն անցկացվել է հեռավար գնահատման միջոցով»:

Արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելիս հեռավար գնահատման միջոցով ստացված ապացուցողական նյութերը պահվում են սերտիֆիկացման մարմնում՝ սերտիֆիկացման մարմնում սահմանված ընթացակարգերի համաձայն, և տրամադրվում են (ըստ պահանջի) տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ շահագրգիռ անձանց:

9. Արտադրանքի սերտիֆիկացում անցկացնելու (այդ թվում՝ նոր) կամ սերտիֆիկացված արտադրանքի պլանային պարբերական գնահատման դեպքում արտադրանքի նույնականացումը և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը կարող են անցկացվել հայտատուի (արտադրողի)՝ արտադրանքի նույնականացման և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու համար իրավասություններ ունեցող ներկայացուցչի կողմից՝ արտադրողի պատրաստի արտադրանքի պահեստում, ժամանակավոր պահպանման պահեստում, մաքսային պահեստում, տրանսպորտային միջոցի տարողության մեջ՝ սերտիֆիկացման մարմնի հսկողության ներքո՝ հեռավար գնահատումն իրականացնելու միջոցով:

Արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու ընթացքում պատրաստի արտադրանքի պահպանման պայմանների համապատասխանությունը սահմանված պահանջներին գնահատվում է սերտիֆիկացման մարմնի կողմից՝ հեռավար գնահատման միջոցով:

10. Հեռավար գնահատման միջոցով արտադրանքի նույնականացումը և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելն անցկացվում է սերտիֆիկացման մարմնի փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետ-աուդիտորների)) և հայտատուի (արտադրողի) ներկայացուցչի՝ ցանցում միաժամանակ ներկայության դեպքում՝ օնլայն ռեժիմում, որի դեպքում արտադրանքի նույնականացումը և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը (այդ թվում՝ սահմանված պահանջներին պատրաստի արտադրանքի պահպանման պայմանների համապատասխանության ստուգումը) հեռարձակվում է հեռահաղորդակցական ուղիներով իրական ժամանակի ռեժիմում՝ համաժամանակյա հեռուստահաղորդման (տեսահեռարձակման) եղանակով: Ընդ որում՝ սերտիֆիկացման մարմնի կողմից նշվում է արտադրանքի նույնականացման և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու վայրի գեոլոկացիան (իրական աշխարհագրական դիրքը):

Հեռավար գնահատման միջոցով իրականացվող, սերտիֆիկացման մարմնի հսկողության ներքո արտադրանքի նույնականացում անցկացնելու և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու դեպքում պետք է ապահովվի հստակ տեսապատկերի անընդհատ փոխանցումը արտադրանքի նույնականացման և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու պահից սկսած մինչև դրանց ավարտը: Տեսակոնֆերանս կապի ընդհատման դեպքում արտադրանքի նույնականացումը և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելն սկսվում է դրանց անցկացումն սկսելու պահից:

11. Արտադրանքի նույնականացում անցկացնելու և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու ժամանակ հեռավար գնահատման միջոցով ստացված ապացուցողական նյութերը պահվում են սերտիֆիկացման մարմնում՝ սերտիֆիկացման մարմնում սահմանված ընթացակարգերի համաձայն, և տրամադրվում են (ըստ պահանջի) տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ շահագրգիռ անձանց:

12. Հեռավար գնահատումը չի կիրառվում, եթե գնահատում անցկացնելու այդ ձևաչափով չի ապահովվում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման օբյեկտիվությունը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում: Սույն դրույթը նշվում է սերտիֆիկացման մարմնի և հայտատուի միջև կնքվող պայմանագրում:

13. Հեռավար գնահատման միջոցով տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սերիական թողարկման արտադրանքի համապատասխանությունը հաստատելու նպատակով գնահատման պարտադիր ընթացակարգերն իրականացնելու անհնարինության դեպքում և արտադրանքի պատրաստման (արտադրման) գործունեության իրականացման վայրում դրա արտադրության վիճակի վերլուծության ընթացակարգերի շրջանակներում աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև առանց նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումները խախտելու արտադրանքը նույնականացնելու և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու հնարավորության բացակայության դեպքում, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության համար սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կատարման հայտ ստանալիս սերտիֆիկացման մարմնի կողմից կիրառվում են սերտիֆիկացման սխեմաներ՝ արտադրանքի խմբաքանակի համար կամ եզակի արտադրատեսակների համար՝ արտադրանքի խմբաքանակի կամ եզակի արտադրատեսակի համար համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպմամբ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան