ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) տեղեկություններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին հոդվածով.
«Հոդված 40.1. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տեղեկություններ:
2. Ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում (Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև պետական հաշվառման համարը), կամ պետական գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.
2) բաժնեմասի կամ դրա մասի հավատարմագրային կառավարման հանձնելու հիմքը (պայմանագիրը, դատարանի վճիռը և այլն).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-543-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: