ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 730-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցման գործընթացը.
2) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման ընդունումից բխող և տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնին փոխանցվող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչությանն ամրացված գույքի (ներառյալ՝ տեսչությունների կողմից իրականացված ստուգումների ընթացքում կազմված ստուգումների փաթեթների) ցանկը:
5. Տեսչական մարմնի կառավարման խորհրդին` խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը:
6. Տեսչական մարմնի ղեկավարին`
1) նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի աշխատողների թիվը.
2) տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
3) քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովել տեսչական մարմնի հաստիքացուցակը խորհրդի հավանությանը ներկայացնելը և այն հաստատելը.
4) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.
5) նշանակումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության լուծարման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել տեսչական մարմնին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը լրաց. 25.08.20 N 952-Լ)
2. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Տեսչական մարմինը գործում է Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Տեսչական մարմնի անվանումն է`
հայերեն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՔՏՀԱՏՄ
ռուսերեն` Инспекционный Орган градостроительной, технической и пожарной безопасности Республики Армения, ИОГТПБ
անգլերեն` Urban, Technical and Fire Safety Inspection Body of Republic of Armenia UTFSIB
ֆրանսերեն՝ Inspection de l'urbanization, de sècuritè incendie et tèchnique de la Rèpublique d'Armènie
5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները։ Տեսչական մարմինը կարող է ունենալ տարածքային ստորաբաժանումներ:
7. Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է` քաղաք Երևան:
II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:
(9-րդ կետը լրաց. 25.08.20 N 952-Լ)
10․ Տեսչական մարմնի խնդիրներն են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտներում:
(10-րդ կետը լրաց. 25.08.20 N 952-Լ)
III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Տեսչական մարմնի լիազորություններն են`
1) հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում`
ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
բ. շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ շենքերի, շինությունների, շինարարական և դրանց շահագործման հրդեհային անվտանգության պարտադիր կատարման նորմատիվ փաստաթղթերի մշակումը.
գ. հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բացակայության դեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման համար լրացուցիչ հակահրդեհային միջոցառումների մշակում և առաջարկում.
դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հրդեհային հետազոտությունների իրականացումը կազմակերպություններում, հիմնարկներում և բնակելի շենքերում.
ե. շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը.
զ. հրդեհների հաշվառում և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը, հրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների մշակումը և իրականացումը.
է. հակահրդեհային քարոզչության իրականացումը.
ը. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
թ. կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքի, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործման ամբողջովին կամ մասնակի դադարեցումը` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար.
ժ. բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացությունների տրամադրումը․
2) էներգետիկայի և էներգասպառման բնագավառում՝
ա. էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների անցկացում էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում.
բ․ մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում էներգետիկայի բնագավառի գործունեություն իրականացնող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողության իրականացում` «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանման նպատակով, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով՝ անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով,
գ. էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառում.
դ. տեխնիկական ստուգումների հիման վրա, նոր կառուցվող և վերակառուցող 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի էներգատեղակայանքների գործարկման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եզրակացությունների տրամադրում
ե. էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.
զ. էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերլուծության կատարում և դրանց վերաբերյալ վիճակագրության վարում.
է. նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
3) տրանսպորտի բնագավառում՝
ա. տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության իրականացում.
բ. իր իրավասության սահմաններում իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում
գ. երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողության իրականացում, այդ թվում նաև` տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննություն և հաշվառում.
դ. երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության իրականացում.
ե. երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.
զ. երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպություններում երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանության, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի ու բեռնարկղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնատար վագոնների ու բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարման ստուգում.
4) քաղաքաշինության բնագավառում՝
ա) քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
բ) քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ տալը, դրանց իրականացմանը հետևելը.
գ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական տույժերի նշանակումը, ինչպես նաև իրավասու մարմիններ հաղորդումների ներկայացումը` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.
5) գեոդեզիայի, քարտեզագրման և հողօգտագործման բնագավառներում`
ա․ Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման, դրանց պահպանման և վերականգնման միջոցառումների վերահսկողությունը.
բ. գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.
գ. Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
դ. գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
ե. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
զ. քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.
է. պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.
ը. պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների:
5.1) տիեզերական գործունեության բնագավառում՝
ա. տիեզերական գործունեության բնագավառում օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
բ. տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում.
գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացում.
դ. տիեզերական գործունեության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ պարտադիր կատարման հանձնարարականներ (կարգադրագրեր) տալը, դրանց իրականացմանը հետևելը.
ե. օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական տույժերի նշանակում:
6) օրենքով սահմանված այլ գործառույթներ։
(11-րդ կետը լրաց. 25.08.20 N 952-Լ)
12. Տեսչական մարմնի լիազորություններն են նաև`
1) Հայաստանի Հանրապետության օրենքների քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
2) քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.
2.1) պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
3) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.
4) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.
5) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական և հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.
6) իր լիազորությունների շրջանակում բացահայտված` օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.
7) Օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
(12-րդ կետը լրաց. 25.08.20 N 952-Լ, 07.09.21 N 960-Լ)
IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Տեսչական մարմինը կառավարումն իրականացնում է վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, որը կազմված է 12 անդամից:
14. Վարչապետը`
1) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը և դրանցում կատարում փոփոխություններ.
2) հաստատում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ.
3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.
4) իրականացնում է տեսչական մարմնի գործունեության վերահսկողությունը.
5) լսում է տեսչական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
6) վերահսկողություն է իրականացնում տեսչական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
15. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) նախագահում են արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության կամ էներգետիկայի կամ տրանսպորտի բնագավառների քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ վարչապետի որոշմամբ:
16. Խորհուրդը`
1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.
2) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.
3) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները,
4) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.
5) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.
6) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.
7) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
8) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.
9) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
17. Տեսչական մարմինը ղեկավարում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է վարչապետը:
18. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
(18-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)
19. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և խորհրդին:
20. Տեսչական մարմնի ղեկավարը`
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.
3) վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալների թեկնածությունը.
4) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին, խորհրդի դրական եզրակացության դեպքում` վարչապետի աշխատակազմին.
5) վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.
6) հաստատում է խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.
9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, իր տեղակալների, տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.
12) խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.
13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
21. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:
22. Տեսչական մարմնի ղեկավարն ունի երեք տեղակալ, որոնց պաշտոնները վարչական են, նրանց պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում վարչապետը:
23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
(23-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)
24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`
1) գործում է տեսչական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջնակներում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
25. Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը`
1) աջակցում է տեսչական մարմնի ղեկավարին իր լիազորությունների կատարման ընթացքում,
2) իր լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումներից կարող է ստանալ տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն։
26. Տեսչական մարմնի ղեկավարի օգնականն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները:
27. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հանձնարարականները:
V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
28. Տեսչական մարմնի հիմնական մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) կառուցվածքային ստորաբաժանումներ`
ա. Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն.
բ. Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն.
գ. Որակի ապահովման վարչություն.
դ․ Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչություն․
ե․ Տրանսպորտային անվտանգության վարչություն
զ․ Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչություն
է․ Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչություն
ը․Գեոդեզիայի և հոգօգտագործման վերահսկողության վարչություն
թ. Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին.
2) Տարածքային ստորաբաժանումներ
Երևանի տարածքային բաժին
Սյունիքի տարածքային բաժին
Արարատի տարածքային բաժին
Արմավիրի տարածքային բաժին
Արագածոտնի տարածքային բաժին
Գեղարքունիքի տարածքային բաժին
Կոտայքի տարածքային բաժին
Տավուշի տարածքային բաժին
Լոռու տարածքային բաժին
Շիրակի տարածքային բաժին
Վայոց ձորի տարածքային բաժին
Ագարակի սահմանային հսկիչ կետ
Բավրայի սահմանային հսկիչ կետ
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ
Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային հսկիչ կետ:
(28-րդ կետը լրաց. 07.09.21 N 960-Լ)
29. Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը` հաստատելով դրանց կանոնադրությունները:
VI. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ
30. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):
31. Տեսչական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
32. Տեսչական մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
VII. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
33. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:
VIII. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
34. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:
35. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հավանությանը, որից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարին:
36. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի համաձայնությամբ:
(հավելվածը խմբ. 02.08.18 N 1037-Լ, լրաց. 25.08.20 N 952-Լ, 07.09.21 N 960-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |