ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «և բաշխվածության» բառերը փոխարինել «, բաշխվածության և ըստ ջրային մարմինների կարգավիճակների» բառերով.
2) 2-րդ մասի «5» թիվը փոխարինել «6» թվով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև ըստ առաջնահերթության իրականացվում է հետևյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության.
1) ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում.
2) ռազմավարական ջրային պաշար` արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար ջրային ռեսուրսների պահպանում և օգտագործում.
3) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.
4) ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն.
5) կենցաղային՝ մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարարելու համար ջրօգտագործում.
6) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
7) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
8) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում.
9) ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում.
10) ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործում՝ ջուր՝ մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.
11) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «4-9-րդ կետերով» բառերը փոխարինել «5-11-րդ կետերով» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: