ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«7» հոկտեմբերի 1996 թ.
ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, այդ տեղեկությունների հրապարակման, պահպանման և տրամադրման իրավական հիմքերը և կարգը, բանկային գաղտնիքի շուրջ ծագող հարաբերությունների մասնակիցների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը:
Հոդված 2.
Բանկային գաղտնիքի մասին օրենսդրությունը
Բանկային գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով:
Հոդված 3.
Օրենքի գործողության շրջանակները
Սույն օրենքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, այդ թվում դրանց և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի (բաժանմունքների), ներկայացուցչությունների վրա (այսուհետև` «բանկեր»), ինչպես նաև բոլոր այն ֆիզիկական, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` անձինք) վրա, որոնք սույն օրենքով սահմանված կարգով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են ստացել կամ տեղեկացել են դրանց: Եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից այլ բան չի բխում, սույն օրենքում «բանկ» տերմինը ներառում է նաև Կենտրոնական բանկը` նաև օրենքով սահմանված պատասխանատվության առումով:
Սույն օրենքը տարածվում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի վրա, եթե այլ բան չի բխում լուծարման՝ օրենքով նախատեսված առանձնահատկություններից:
(3-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-228-Ն)
Հոդված 4.
Բանկային գաղտնիքը
1. Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական դիզայնի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:
2. Բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի և դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած սույն հոդվածի առաջին մասում սահմանված տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդներ:
(4-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-114-Ն)
Հոդված 5.
Երրորդ անձինք
Սույն օրենքի իմաստով երրորդ անձ են համարվում բացի տվյալ բանկից և իր հաճախորդից, բոլոր այլ անձինք, ընդ որում, Կենտրոնական բանկը, բանկերը և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունները, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոները, Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, երրորդ անձ չեն հանդիսանում:
Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթավորման հիմնադրամը, արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, վաճառողը, սպասարկողը, ինչպես նաև արժեթղթավորման հիմնադրամին արժեթղթավորման կապակցությամբ ծառայություններ մատուցող այլ անձինք չեն համարվում երրորդ անձինք:
(5-րդ հոդվածը փոփ. 29.05.02 ՀՕ-367-Ն, լրաց. 24.11.04 ՀՕ-146-Ն, 26.05.08 ՀՕ-98-Ն, 22.10.08 ՀՕ-187-Ն)
Հոդված 6.
Բանկային գաղտնիքի հրապարակումը
1. Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը, բացառությամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով սահմանված դեպքերի:
2. Բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար և, որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 8 հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից` բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
3. (մասն ուժը կորցրել է 03.06.20 ՀՕ-298-Ն)
4. Բանկի և (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները):
5.
(6-րդ հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ 48-Ն, 15.11.05 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-112-Ն, փոփ. 03.06.20 ՀՕ-298-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 7.
Բանկային գաղտնիքի հրապարակման արգելումը
1. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է:
2. Սույն հոդվածը չի տարածվում բանկի հաճախորդի վրա` միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման մասով, ինչպես նաև բանկերի վրա` բանկերի վերահսկողության ընթացքում Կենտրոնական բանկին, ինչպես նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին տրամադրվող տեղեկությունների մասով:
3. Որոշակի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները:
(7-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-146-Ն, փոփ. 22.10.08 ՀՕ-187-Ն)
Հոդված 8.
Բանկային գաղտնիքի պահպանումը
1. Բանկերը երաշխավորում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը:
2. Բանկի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում բանկի ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք բանկին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաև իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:
3. Բանկերը պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:
4. Բանկը կարող է դատարանում հրապարակել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հաճախորդի վերաբերյալ` իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է բանկի և տվյալ հաճախորդի միջև: Տվյալ դեպքում բանկի կամ հաճախորդի միջնորդությամբ դատական նիստը կարող է լինել դռնփակ:
Հոդված 9.
Բանկային գաղտնիքի տրամադրումը
1. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը` միայն սույն օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով և պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է:
2. Այն անձինք կամ կազմակերպությունները, բացառությամբ բանկերի, որոնց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն այդ տեղեկությունները տրամադրել: Կենտրոնական բանկը իրավունք չունի պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին կամ որևէ այլ անձի տրամադրել բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի հաճախորդների վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Հոդված 10.
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
(վերնագիրը փոփ. 27.02.07 ՀՕ-112-Ն)
1. Բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:
3. Բանկի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել բանկի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 11, 12 և 16 հոդվածներում սահմանված կարգով:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.02.07 ՀՕ-112-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-63-Ն, 30.06.21 ՀՕ-308-Ն)
Հոդված 11.
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը դատարանին
1. Բանկերը քաղաքացիական գործերի և քրեական վարույթների կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:
1.1. Բանկերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրենց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա:
2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը ստանալու պահից երկու բանկային օրվա ընթացքում դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռը ստանալու և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:
Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման և նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:
(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-112-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-63-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-241-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-220-Ն)
Հոդված 11.1. |
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Ֆինանսական համակարգի հաշտարարին |
Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն oրենքին համապատասխան, տրամադրում է նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացված պահանջ:
(11.1-ին հոդվածը լրաց. 17.06.08 ՀՕ-128-Ն)
Հոդված 12.
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին)
1. Բանկերը հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:
2. Բանկը պարտավոր է ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթերը ստանալու պահից հինգ բանկային օրվա ընթացքում տեղեկացնել դիմող անձանց կամ կազմակերպություններին ներկայացված փաստաթղթերի անբավարարության մասին` նշելով պակասող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իսկ դրանց բավարարության դեպքում` տասը բանկային օրվա ընթացքում նրանց հաղորդել հաճախորդի վերաբերյալ բանկում եղած սպառիչ տեղեկությունները և տրամադրել բոլոր փաստաթղթերը:
3. Բանկի կողմից սույն հոդվածին համապատասխան տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է գանգատարկվել դատարանում: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ չափով, եթե մերժումը եղել է անհիմն կամ ժամկետները խախտվել են բանկի մեղքով:
Հոդված 13.
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային և մաքսային մարմիններին
(վերնագիրը լրաց. 14.09.22 ՀՕ-357-Ն)
Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմիններին միայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով կամ դատարանի` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի:
Բանկը հարկ վճարողների (բացառությամբ ֆիզիկական անձի) վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.8-րդ գլխով սահմանված կարգով:
Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկը տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու նպատակով:
Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:
(13-րդ հոդվածը խմբ. 02.12.97 ՀՕ-164, լրաց. 12.04.22 ՀՕ-98-Ն, 14.09.22 ՀՕ-357-Ն, 23.12.22 ՀՕ-597-Ն)
Հոդված 13.1 |
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը |
1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված, ներառյալ՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման, ծանուցում է տրամադրում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակցին: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակիցներին ներկայացնել նաև ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակիցների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):
(13.1-ին հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-14, փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-84-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-118-Ն, խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-220-Ն)
Հոդված 13.2. | Վարկային բյուրոյին բանկային գաղտնիքի տրամադրումը |
1. Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վարկային բյուրոյին չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:
(13.2-րդ հոդվածը լրաց. 22.10.08 ՀՕ-187-Ն)
Հոդված 13.3. | Բանկային գաղտնիքի տրամադրումը օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի վերահսկողության մարմիններին |
Կենտրոնական բանկը կարող է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102.1 հոդվածի համաձայն և դրանով սահմանված նպատակներով օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի կարգավորման և (կամ) վերահսկողության ոլորտում իրավասու պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակման շրջանակներում այդ մարմիններին տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն:
(13.3-րդ հոդվածը լրաց. 06.12.16 ՀՕ-213-Ն)
Հոդված 13.4. |
Բանկային գաղտնիքի տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին |
(վերնագիրը խմբ. 09.06.17 ՀՕ-113-Ն)
1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում վարկային տեղեկատվության կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
(13.4-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-109-Ն, խմբ. 09.06.17 ՀՕ-113-Ն, 25.03.20 ՀՕ-202-Ն)
Հոդված 13.5. | Բանկային գաղտնիքի տրամադրումը Հաշվեքննիչ պալատին |
(հոդվածը 22.05.24 ՀՕ-243-Ն օրենքի լրացման մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)
Հոդված 14.
Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև
1. Բանկերը, իրենց գործունեության անվտանգությունը, վարկերի և այլ ներդրումների վերադարձելիությունը ապահովելու, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով, կարող են միմյանց, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունների հետ փոխանակել կամ միմյանց, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպություններին տրամադրել իրենց հաճախորդների մասին տեղեկություններ, թեկուզև դրանք բանկային գաղտնիք կազմեն:
2. Կենտրոնական բանկը իրավունք ունի բանկերի վերահսկողության ընթացքում, ստանալու և ծանոթանալու բանկերի հաճախորդների վերաբերյալ տեղեկություններին, թեկուզև դրանք բանկային գաղտնիք կազմեն:
(14-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-367-Ն, փոփ. 03.03.04 ՀՕ 48-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-118-Ն)
Հոդված 15.
Տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները
1. Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքի 10, 11, 12 և 13 հոդվածներին համապատասխան տրամադրում է միայն իր հաճախորդի վերաբերյալ, ընդ որում, եթե հաճախորդների` բանկում պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ և նման այլ տեղեկություններ, վերջիններս սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:
2. Բանկը իրավունք չունի տվյալ հաճախորդի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս, վերջինիս կողմից կնքված պայմանագրերի կամ այլ գործարքների (գործառնությունների) կողմ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16.
Բանկային գաղտնիքի տրամադրման պահանջի մերժումը
Բանկը պարտավոր է մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե պահանջը չի համապատասխանում սույն օրենքի դրույթներին:
Հոդված 17.
Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը
1. Բանկերի ղեկավարները պարտավոր են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին, ինչպես նաև քրեական վարույթի հանրային մասնակիցներին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին, ընդ որում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և փաստաթղթերը քրեական հետապնդում իրականացնող մարմնին տրամադրվում են սույն օրենքի 10 և 11 հոդվածներին համապատասխան: Բանկերի ծառայողները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր ձևով հայտնել բանկի ղեկավարներին, կամ նրանցից թեկուզ մեկին:
2. Սույն օրենքի որևէ հոդված չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող:
(17-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-220-Ն)
Հոդված 18.
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
Սույն օրենքի 7, 8, 10, 11 և 15 հոդվածների պահանջների խախտման մեջ մեղավոր անձինք և կազմակերպությունները պարտավոր են հատուցել խախտման հետևանքով բանկի հաճախորդին պատճառված վնասները լրիվ չափով: Նշված խախտումները առաջացնում են տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից մինչև տասը հազարապատիկի չափով և կարող են առաջացնել օրենքով սահմանված քրեական պատասխանատվություն: Տուգանքը կիրառվում է դատական կարգով:
Հոդված 19.
Անցումային դրույթներ
Մինչև նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, սույն օրենքի 10 հոդվածի համաձայն, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են միայն քրեական գործով մեղադրյալ ճանաչված անձի վերաբերյալ և դատախազի խուզարկության սանկցիայի հիման վրա` գործող քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
Երևան |