ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 65-րդ կետով.
«65) կոնսիլիում` նույն կամ տարբեր մասնագիտությամբ բժիշկների խորհրդակցություն, որն իրականացվում է պացիենտի առողջական վիճակը գնահատելու, ախտորոշումը հաստատելու և բժշկական օգնության և սպասարկման մարտավարությունը որոշելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.
«8. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը:
9. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
«Հոդված 3.1. |
Կոնսիլիումը |
1. Կոնսիլիում կազմակերպելու որոշումը կայացնում է այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով գտնվում է պացիենտը` բուժող բժշկի նախաձեռնությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով:
2. Կոնսիլիումին կարող են մասնակցել այլ բժշկական կազմակերպությունների բժիշկներ:
3. Կոնսիլիումի եզրակացությունն ստորագրվում է կոնսիլիումի մասնակիցների կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի, և մուտքագրվում պացիենտի բժշկական փաստաթղթերում։
4. Կոնսիլիումը կարող է իրականացվել նաև հեռաբժշկության միջոցով:
5. Բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արձանագրմանը ներկայացվող նվազագույն պահանջները հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Լիազոր մարմինը հաստատում է ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը:»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.
«13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-537-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: