ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1 . | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ստացման, ներմուծման, փորձարկման, պահպանման, տնօրինման, օգտագործման, հետազոտման, տեղափոխման, ոչնչացման, անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության և գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանության ու կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) գենետիկորեն ձևափոխված (գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված, տրանսգենային) օրգանիզմներ (այսուհետ՝ ԳՁՕ)՝ օրգանիզմ կամ մի քանի օրգանիզմներ, ցանկացած ոչ բջջային, միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն՝ ունակ վերարտադրելու կամ փոխանցելու ժառանգական գենետիկ նյութը, որոնք տարբերվում են գենետիկ ինժեներիայի մեթոդների կիրառմամբ ստացված բնական օրգանիզմներից և պարունակում են գենետիկ ինժեներիայի նյութ, ներառյալ գեները, դրանց հատվածները կամ գեների համակցությունները.
2) ԳՁՕ-ների գործածություն՝ ԳՁՕ-ների հետազոտություն, ստացում, փորձարկում, պահպանում, տնօրինում, օգտագործում, ներմուծում, տեղափոխում, ոչնչացում ցանկացած ձևով, ներառյալ դրանց հետ կապված արտահանումը.
3) ԳՁՕ-ների գործածության հետ կապված կենսաանվտանգություն՝ միջոցառումների ամբողջություն, որը երաշխավորում է ԳՁՕ-ների ցանկացած անբարենպաստ ազդեցության բացառումը շրջակա միջավայրի, մարդու առողջության և կենսաբազմազանության վրա.
4) լիազոր մարմին (մարմիններ)՝ Կառավարության լիազորած պետական մարմին (մարմիններ).
5) մեկուսացված համակարգ` փակ, արտաքին միջավայրի հետ շփումը բացառող և բացառապես գիտական նպատակով օգտագործվող հատուկ կառույց.
6) ստացում՝ լաբորատոր պայմաններում ԳՁՕ-ների ստացում.
7) ներմուծում՝ բացառապես գիտական և փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների ներմուծում.
8) փորձարկում՝ լաբորատոր, մեկուսացված պայմաններում ԳՁՕ-ների փորձարկում.
9) պահպանում՝ մեկուսացված պայմաններում ԳՁՕ-ների պահպանում գիտական, փորձացուցադրական, հետազոտական կամ արտահանման նպատակներով.
10) օգտագործում՝ գիտական, փորձացուցադրական, հետազոտական նպատակներով ստացված կամ ներմուծված ԳՁՕ-ների օգտագործում.
11) հետազոտում՝ լաբորատոր, մեկուսացված պայմաններում գիտական, փորձացուցադրական նպատակներով ԳՁՕ-ների հետազոտում.
12) տեղափոխում՝ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով հատուկ պայմաններում ԳՁՕ-ների տեղափոխում, որը սահմանում է լիազոր մարմինը.
13) արտահանում՝ մեկ երկրի տարածքից մեկ այլ երկրի տարածք ԳՁՕ-ների արտահանում.
14) ոչնչացում՝ ԳՁՕ-ների փորձանմուշների, ստացված նմուշների սերմերի կամ տնկանյութերի, ինչպես նաև անօրինական ճանապարհով ներմուծված և անօրինական ճանապարհով շրջանառվող ԳՁՕ-ների սահմանված կարգով ոչնչացում։
Հոդված 3. | Օրենքի կիրառման ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է գյուղատնտեսության, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հետ կապված գործընթացների վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մարդու, կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին մանրէների, մակաբույծ որդերի, կենսաբանական ծագում ունեցող թույների և մարդու ու կենդանիների բուժման համար նախատեսված դեղերի, ինչպես նաև գիտական նպատակով որևէ կենդանի օրգանիզմի օգտագործմամբ գիտնականի (հետազոտողի) կողմից համապատասխան գիտական մեթոդաբանությամբ (փորձերով, մշտադիտարկումներով, գրանցումներով, տվյալների հավաքմամբ ու դրանց վիճակագրական վերլուծությամբ) հետազոտությունների իրականացման, բացահայտումների, նորարարությունների ստացման, ինչպես նաև ԳՁՕ-ների հայտնաբերման թեստ-համակարգերի վրա։
Հոդված 4. | Օրենքի նպատակն ու խնդիրը |
1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել ԳՁՕ-ների գործածությունը և ապահովել կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունները՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա։
2. Սույն օրենքի խնդիրը ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության սկզբունքների խախտումը կանխելն է։
Հոդված 5. | ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման առանձնահատկությունները |
1․ Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ մեկուսացված համակարգի, հանդիսանում է ԳՁՕ-ների գործածությունից ազատ կամ կենսաանվտանգ տարածք:
2․ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է վերարտադրության համար նախատեսված ԳՁՕ-ների գործածությունը կամ այլ կերպ գործածումը, բացառությամբ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Կառավարության սահմանած պահանջներին համապատասխան մեկուսացված համակարգում գործածվողների։
3. ԳՁՕ-ների բացահայտման նպատակով ներմուծվող վերարտադրության համար նախատեսված բուսական օրգանիզմները ենթակա են լաբորատոր փորձաքննության սահմանային վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից։
4. Լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը։
5․ Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշները և ստացվող նմուշները գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո ենթակա են ոչնչացման կամ արտահանման Կառավարության սահմանած կարգով։
6․ Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԳՁՕ-ները պետք է ուղեկցվեն արտադրող և ներմուծող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրով, որում ամրագրված է դրույթ ԳՁՕ հանդիսանալու և գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով օգտագործման վերաբերյալ։
7․ Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածությունը (ներառյալ ներմուծումը, արտահանումը) հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» օրենքով՝ մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջների պահպանմամբ:
8. ԳՁՕ-ների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մեկուսացված համակարգի և լիցենզավորման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Հոդված 6. |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկումը |
1. Հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման նկատմամբ ԳՁՕ-ների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը՝ իրականացվում է մեկուսացված համակարգի մշտադիտարկում:
2. Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները սահմանում է լիազոր մարմինը:
3. Մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր ԳՁՕ-ի և դրա գործածության նկատմամբ` գիտականորեն հիմնավորվածության և թափանցիկության ապահովմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները: Մշտադիտարկումն իրականացնում է լիազոր մարմնի կողմից հաստատված՝ ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խումբը։
4․ ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանում է լիազոր մարմինը։
ԳԼՈՒԽ 2
ԳՁՕ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
Հոդված 7. | ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Կառավարության լիազորությունները |
1. ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Կառավարության լիազորություններն են`
1) ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը.
2) մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջների սահմանումը.
3) գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգի սահմանումը.
4) մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգի սահմանումը.
5) սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
2․ Գյուղատնտեսության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմինների լիազորությունները սահմանում է Կառավարությունը։
Հոդված 8. |
ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի լիազորությունները |
1. ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) ԳՁՕ-ների հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու կյանքի և առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի մշտադիտարկման պետական քաղաքականության մշակումը.
2) ԳՁՕ-ների գործածության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի մշակումը.
3) հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացումը զանգվածային լրատվության միջոցներով.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում ԳՁՕ-ների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ հսկողությունը.
5) թափանցիկության ապահովման նպատակով մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների հրապարակումը զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով.
6) սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
Հոդված 9. | ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հասարակության իրազեկումը |
1. ԳՁՕ-ների գործածության դեպքերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
2․ ԳՁՕ-ների կամ դրանց համակցված գործածության դեպքերում լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրին և մարդու առողջությանն առնչվող ցանկացած սպառնալիք բացառելու ուղղությամբ:
3. Լիազոր մարմինը զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը տեղեկացնում է ԳՁՕ-ների կամ դրանց համակցությունների գործածության հետևանքով առաջացող իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
4. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով:
5. Պետական, առևտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիազոր մարմնից պահանջելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն: Գաղտնիք չեն համարվում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հետ կապված՝
1) գործունեություն իրականացնող անձի վերաբերյալ տվյալները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող տեղեկատվության).
2) ԳՁՕ-ների ընդհանուր բնութագիրը.
3) գործածության նպատակը և վայրը.
4) կիրառվող մեկուսացման միջոցները.
5) շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը և մարդու առողջությանն սպառնացող հնարավոր վտանգը.
6) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը.
7) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
7․ Լիազոր մարմինը ԳՁՕ-ների գործածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հասարակությանը տրամադրում է տեղեկատվություն`
1) մշտադիտարկման արդյունքների,
2) լիցենզավորման,
3) արտակարգ իրավիճակի,
4) հանրության իրազեկման համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալների մասին:
8. Լիազոր մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված գործընթացներին տեղեկատվության տրամադրման և հասարակական լսումների կազմակերպման միջոցով։
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. | Եզրափակիչ մաս |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հոդված 11. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված՝ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման պահանջների, լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկը, գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշների և ստացվող նմուշների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո դրանց ոչնչացման մասին կարգը, 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԳՁՕ-ների գործածության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը, մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները, գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը, մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները, մշտադիտարկման իրականացման նպատակով ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի հաստատումը, փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանող իրավական ակտն ընդունում է լիազոր մարմինը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-11-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: