ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածում՝
1) վերնագրի «շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը» բառերով.
2) 1-ին մասի «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը» բառերով.
3) 2-րդ մասի «Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 154.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «Կառուցապատումը» բառը փոխարինել «Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը,» բառերով.
2) 1-ին և 2-րդ մասերի «նախահաշվային արժեքի» բառերը փոխարինել «նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-429-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2022 թվական: