ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.3-րդ հոդվածով.
«Հոդված 110.3. | Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի օգտագործման, բազմացման, ներմուծման և հավաստագրման պահանջների խախտումը |
1․ Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված սորտերի և տնկանյութի ձևերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, տարածքում օգտագործումը և բազմացումը առաջին անգամ արձանագրելիս՝
առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո՝ 18 ամսվա ընթացքում, խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում՝
տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից յոթնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
2․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակի ներմուծումն առանց սորտի պատկանելության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով:
3․ Նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը և ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված և սովորական տնկանյութերը չհավաստագրելու դեպքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով:
4․ Սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև վաթսունհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկից մինչև յոթանասունհինգապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 238.1-ին հոդվածում «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմին» բառերով, «և 110» բառերը՝ «,110 և 110.3» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային մարմնի ղեկավարները» բառերով։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 3 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2022 թվական: