ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 144-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Եթե արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով, ապա այդ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:»:
Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի» բառերը փոխարինել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. օգոստոսի 1 Երևան ՀՕ-333-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2022 թվական: