ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 95.6-րդ հոդվածով.
«Հոդված 95.6. | Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացումը |
1. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 244.10. | Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
1. Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 95.1-ին, 95.2-րդ, 95.4-րդ, 95.5-րդ և 95.6-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ սույն օրենսգրքի 95.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-22-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: