ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ (այսուհետ` նույնականացման քարտ) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:
Հոդված 2. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.
2) տվյալների էլեկտրոնային պահոց՝ քաղաքացու էլեկտրոնային նույնականացման տվյալներ պարունակող տեխնիկական մաս, որի բնութագիրը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
3)
(2-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-88-Ն, լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն, խմբ. 08.12.22 ՀՕ-510-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-469-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
(08.12.22 ՀՕ-510-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3. |
Նույնականացման քարտ ստանալը և նույնականացման քարտի վավերականության ժամկետը |
1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:
2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին:
3. 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:
4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:
4.1. Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու և (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց նույնականացման քարտ տրամադրվում է մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Սույն մասով նախատեսված դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը՝ անգիտակից վիճակի կամ անձի կողմից ինքնուրույն գործողություն կատարելու անհնարինության կամ հիվանդության հետևանքով առաջացած սահմանափակումների վերաբերյալ համապատասխան նշումով:
5. Առաջին խմբի հաշմանդամները նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
5.1. Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձը նույնականացման քարտ ստանալու իրավունք ունի համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացին` ընդհանուր հիմունքներով:
6. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
(3-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-88-Ն, 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-130-Ն, լրաց. 03.06.19 ՀՕ-54-Ն, 08.12.21 ՀՕ-377-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-469-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 4. |
Նույնականացման քարտի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը |
1. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված նույնականացման քարտերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
2. Նույնականացման քարտում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անձնական տվյալները.
1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.
2) ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):
2.1. Նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի), քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:
3.1. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:
3.2. Նույնականացման քարտի համարի ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս՝ տվյալների էլեկտրոնային պահոց:
4.1. Նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Եթե նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին նույնականացման քարտում կատարվում է համապատասխան նշում:
6. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) անձնագիր կամ ծննդյան վկայական.
2.1) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.
4) նախազորակոչային տարիքի քաղաքացիների դեպքում՝ նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների դեպքում՝ զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք.
5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.
6) պետական տուրքի վճարման անդորրագիր:
7. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.
3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.
3.1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.
4) պետական տուրքի վճարման անդորրագիր:
8. Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանության մարմնում: Անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնադրոշմները:
8.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, և մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու:
9. Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:
11. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-130-Ն)
12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.
3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.
6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):
12.1. Սույն հոդվածի 12-րդ մասի 1-2-րդ, 4-6-րդ կետերով նախատեսված հիմքերը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:
13. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Քաղաքացուն չվերադարձված կամ անձնագրային ծառայությունում գտնվող՝ օգտագործման համար ոչ պիտանի, անվավեր, սխալ տրված, խոտանված կամ օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով անձնագրային ծառայություն վերադարձված նույնականացման քարտի ոչնչացման կարգը սահմանում է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը:
14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 6-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 6-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 7-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը քաղաքացուն չեն վերադարձվում:
15. Նույնականացման քարտի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
(4-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն, 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-61-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.06.16 ՀՕ-130-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-43-Ն, լրաց., խմբ. 08.12.21 ՀՕ-377-Ն, խմբ. 08.12.22 ՀՕ-510-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-469-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
(08.12.22 ՀՕ-510-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5. |
Նույնականացման քարտը փոխանակելու հիմքերը |
1. Նույնականացման քարտը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի).
2) լրացել է վավերականության ժամկետը.
3) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.
4) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:
Հոդված 6. |
Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը |
1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) նույնականացման քարտը կորել է.
4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.
5) նույնականացման քարտը կեղծվել է.
6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
7) (կետն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-130-Ն)
8) անձը մահացել է.
9) տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.
10) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն անձնագիրը փոխանակելու համար:
2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաև ազատազրկման դատապարտված և կալանավորված քաղաքացիներին քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացուն` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ազատազրկման դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, վերջիններիս կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, վարչակազմը պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել նրանց:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:
5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 29.06.16 ՀՕ-130-Ն, խմբ. 03.06.19 ՀՕ-54-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-469-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 7. |
Նույնականացման քարտը վերցնելը |
1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ: Նույնականացման քարտը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:
3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է ոստիկանության մարմին:
4. Արգելվում է նույնականացման քարտը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:
(7-րդ հոդվածը փոփ. 08.12.21 ՀՕ-377-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-469-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 8. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նույնականացման քարտ և (կամ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ դակելուց հետո:
4. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-88-Ն)
5. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:
6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված իրավական ակտը՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:
7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով, էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: Էլեկտրոնային փոստն ակտիվանում է նաև անձի կողմից էլեկտրոնային ստորագրություն ստանալու պահին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար: 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից: Սույն մասի դրույթները տարածվում են տվյալների էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա:
(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-88-Ն, լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ. 11.11.15 ՀՕ-119-Ն, 29.06.16 ՀՕ-130-Ն, 23.04.19 ՀՕ-27-Ն, 10.12.20 ՀՕ-497-Ն, 08.12.21 ՀՕ-377-Ն, փոփ., լրաց. 08.12.22 ՀՕ-510-Ն)
(08.12.22 ՀՕ-510-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 |