Գլխավոր տեղեկություն
Номер
N 36-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2021-02.06.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2021
Принят
Ջերմուկ համայնքի ավագանի
Дата принятия
20.05.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
20.05.2021
Дата вступления в силу
08.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2021 թ. N 36-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ ավագանին որոշում է՝

1. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «և դրանց» բառերը փոխարինել «, չափորոշիչները և» բառերով,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ավագանու անդամներ՝

 

ազգանուն, անուն, հայրանուն

կողմ

դեմ

ձեռնպահ

Բաբայան Կավկազ Զավենի

բացակա    

Բաբաջանյան Սանասար Խաչատուրի

բացակա    

Բագրատյան Արտակ Կառլենի

     

Բունիաթյան Մխիթար Խաչատուրի

     

Գևորգյան Արտավազդ Վարազդատի

բացակա    

Գրիգորյան Արմեն Գրիշայի

բացակա    

Համբարձումյան Մխիթար Սամվելի

     

Սարգսյան Հասմիկ ժորայի

     

Սիմոնյան Արտուշ Էդվարդի

     

Ստեփանյան Գագիկ Ստեփանի

     

Որոշումն ընդունված է ՝ կողմ–......6.......դեմ–...0.......ձեռնպահ– 0.

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

2021 թ. մայիսի 20

ք. Ջերմուկ

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2021 թվականի մայիսի 20-ի N 36-Ն որոշման

 

 

«Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2018 թվականի հունվարի 19-ի

N 12-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի (այսուհետև` համայնքի) կամավոր խնդիրների և դրանց լուծման նպատակով համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքի կամավոր խնդիրներն են՝

1) համայնքի սոցիալապես անապահով և (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը,

2) պետական բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետության կողմից հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող համայնքի սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացումը,

3) Ջերմուկ համայնքի վարչական տարածքից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության վայրում տեսակցելու նպատակով վերջիններիս ընտանիքների անդամներին աջակցելը,

4) համայնքի հանրակրթական դպրոցների գործունեությանն աջակցելը,

5) զոհված և անհայտ կորած զինծառայողների, զինծառայողների, պատերազմի վետերանների, հաշմանդամների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, կերակրողին կորցրած ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ապահովումը,

6) սոցիալական ծրագրերի իրականացմանը, սոցիալական պաշտպանության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանն աջակցելը,

7) երիտասարդության ռազմահայրենասիրական, կրթամշակութային դաստիարակությանն աջակցելը,

8) միջհամայնքային միավորումների ստեղծումը, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցությունը:

9) Ճգնաժամերի ժամանակ (արտակարգ և ռազմական դրություններ) կամ դրանց հետևանքով տուժած ընտանիքներին /զոհված, անհայտ կորած, վիրավորում ստացած, աշխատանքը կորցրած, տեղահանված/ աջակցելը

3. Համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են հետևյալ սեփական լիազորությունները՝

1) միջոցներ են ձեռնարկում զոհված և անհայտ կորած զինծառայողների, զինծառայողների /այդ թվում վիրավորում ստացած/, պատերազմի վետերանների, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և այլ խոցելի խմբերի սոցիալական վիճակի կամ պայմանների /այդ թվում կոմունալ կենցաղային պայմաններ, կացարանի տրամադրում/ բարելավման ուղղությամբ, ինչպես նաև աջակցում են զինծառայության մեջ գտնվողների ընտանիքներին իրենց զինծառայողներին ծառայության վայրում տեսակցելու նպատակով,

2) աջակցություն են ցուցաբերում միայն պետական բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետության կողմից հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող համայնքի սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ուսանողների ուսման վարձի վճարման կազմակերպմանը, եթե պետության կողմից ուսման վարձավճարի փոխհատուցում չի արվել.

3) աջակցություն են ցուցաբերում համայնքի տարածքում գործունեություն ծավալող և սոցիալական պաշտպանության խնդիրներ իրականացնող կազմակերպություններին,

4) նպաստում են համայնքի հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպմանը.

5) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով միջհամայնքային միավորումների ստեղծումը, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցությունը:

4. Համայնքի կամավոր խնդիրների և դրանց լուծման համար սեփական լիազորությունների իրականացման համար համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները չեն կարող գերազանցել համայնքի այդ տարվա բյուջեով նախատեսված սեփական եկամուտների 5 %-ը:

5. Կամավոր խնդիրների լուծման համար ֆինանսական միջոցների հատկացումը իրականացնում է համայնքի ղեկավարը՝ սույն կարգին համապատասխան և դրանց համար անհրաժեշտ, բայց սույն Կարգով սահմանված դրամական օգնության չափը գերազանցող ֆինանսական միջոցների հատկացման չափի մասին ավագանու առանձին՝ համապատասխան որոշումների առկայության դեպքերում:

6. Այն դեպքում, երբ համայնքի ղեկավարի կողմից կամավոր խնդիրների լուծման համար չի պահանջվում ֆինանսական և գույքային միջոցների հատկացում՝ համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:

7. Կամավոր խնդիրների լուծման իրականացման առաջարկություն կարող են ներկայացնել համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամները, բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ:

8. Այն դեպքում, երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը նախաձեռնում է համայնքի ղեկավարը կամ համայնքի ավագանու անդամը, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում խնդրի լուծման իրականացման վերաբերյալ առաջարկությունը` նշելով դրա նպատակը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթեր, եթե դրանք առկա են:

9. Այն դեպքում, երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը նախաձեռնում են բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտները, ապա վերջիններիս կողմից լիազորված ներկայացուցիչը (այսուհետ՝ նախաձեռնող) համայնքի ղեկավարին է ներկայացնում կամավոր խնդրի լուծման իրականացման վերաբերյալ դիմում` նշելով դրա նպատակը և անհրաժեշտության հիմնավորումը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթեր, եթե դրանք առկա են:

10. Համայնքի ղեկավարը դիմումը և սույն կարգի 9-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո`

1) կամավոր խնդրի լուծման իրականացմանը համաձայնվելու դեպքում` մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում կամավոր խնդրի իրականացման համար գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև կամավոր խնդրի իրականացման վերաբերյալ նախաձեռնողի ներկայացրած փաստաթղթերը և ավագանու որոշման նախագիծը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը և այդ մասին տեղեկացնում է նախաձեռնողին.

2) կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու դեպքում 5-օրյա ժամկետում նախաձեռնողին գրավոր տեղեկացնում է այդ մասին՝ նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

11. Եթե կամավոր խնդրի լուծման իրականացման նախաձեռնողը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե նախաձեռնողը համաձայն չէ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը` սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում` այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները կարող է ավագանուն ուղղված դիմումը ներկայացնել համայնքապետարանի աշխատակազմ, որը պարտադիր քննարկվում է ավագանու առաջիկա նիստում:

12. Համայնքի ավագանին սույն կարգով նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կամավոր խնդրի լուծման հարցը քննարկում է միայն սույն կարգի 13-րդ կետում նշված սոցիալական օգնության տրամադրման հանձնաժողովի եզրակացության դեպքում և քննարկելուց հետո ընդունում է որոշում կամավոր խնդրի լուծման իրականացման համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ:

 Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են` կամավոր խնդրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացումը մերժելու դեպքում մերժելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:

13. Համայնքի ավագանին զոհված և անհայտ կորած զինծառայողների, զինծառայողների /նաև՝ վիրավորում ստացած/ ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների, պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով և այլ խոցելի խմբերի սոցիալական վիճակի բարելավման կամ սոցիալական և ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով՝ իր որոշմամբ հասարակական հիմունքներով կազմում է մշտական գործող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝ համայնքի ավագանու անդամներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև հասարակական կազմակերպությունների և միավորումների ներկայացուցիչներ, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների մասնագետներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և այլ շահագրգիռ անձինք, եթե նրանք այդ մասին նախապես տվել են իրենց համաձայնությունը:

14. Համայնքի յուրաքանչյուր բնակչի հուղարկավորության կազմակերպման համար աջակցության տրամադրման նպատակով համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ նրա ընտանիքին հատկացնել 45 (քառասունհինգ) հազար դրամի ֆինանսական օգնություն՝ ձևակերպելով համապատասխան կարգադրություն:

15. Համայնքի այլ կամավոր խնդիրների լուծման իրականացման համար համայնքի ավագանին կարող է կազմել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

16. Սույն Կարգով սահմանված դրամական օգնության չափը գերազանցող սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ դիմումները մշտական գործող հանձնաժողովը քննարկելուց հետո, տալիս է կամավոր խնդրի լուծման իրականացման համար եզրակացություն, նշելով ֆինանսական միջոցի հատկացման չափը և անհրաժեշտությունը: Այդ եզրակացությունը քննարկման է դրվում ավագանու նիստի ժամանակ։ Ավագանու որոշմամբ տրամադրվող ֆինանսական հատկացման չափը կարող է տարբերվել եզրակացությամբ սահմանված չափից։

17. Սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչներն են՝

1) համայնքի բնակիչ հանդիսանալը.

2) սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիք (անձ) հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի դրական եզրակացությունը.

3) անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերը՝ բնակարանի հրդեհի, բնակարանի կամ դրա մի մասի փլուզման, ներտնային հաղորդակցուղիների վթարների, բնական աղետների, ճգնաժամերի և այլ պատճառներով առաջացած ֆինանսական խնդիրների առկայությունը և նմանատիպ այլ իրավիճակները,

4) միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված, հաշմանդամություն ունեցող երեխա լինելը, առանց ուղեկցողի երեխա լինելը կամ ընտանիքում նման կարգավիճակով երեխայի առկայությունը,

5) Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), անհայտ կորած և վիրավորում ստացած, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ պայմանագրային ծառայողի անապահով ընտանիքների կարգավիճակում գտնվելը

6) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև, ինչպես նաև անսպասելի վրա հասած, տևական բուժում պահանջող հիվանդությունը,

7) ընտանեկան բռնության ենթարկված լինելը

8) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը,

9) համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց հետ համատեղ տնտեսություն չվարելը:

18. Համայնքի ավագանին, ելնելով խնդիրների հրատապությունից և դրանց արագ արձագանքման անհրաժեշտությունից, իրավունք է վերապահում համայնքի ղեկավարին՝ իրականացնելու մեկանգամյա դրամական աջակցության տրամադրումը մինչև 50.000 ՀՀ դրամի չափով՝ հիմնվելով աշխատակազմի առաջատար մասնագետ-սոցիալական աշխատողի կողմից կատարված կարիքների համալիր գնահատման և կատարած ուսումնասիրությունների վրա: Սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին հատկացվող մեկանգամյա դրամական օգնության առավելագույն չափը սահմանվում է 50 (հիսուն հազար) դրամը, որը համայնքի ղեկավարը անապահով ընտանիքին տրամադրում է իր կարգադրությամբ: Նույն ընտանիքին 12 ամսվա ընթացքում դրամական օգնության կարող է հատկացվել առավելագույնը 2 անգամ, եթե այդ ընտանիքում առաջ են եկել նոր հանգամանքներ/կյանքի դժվար իրավիճակներ/։ 2-րդ անգամ տրամադրվելիք դրամական հատկացման չափը չի կարող գերազանցել դրամական օգնության առավելագույն չափի 50%-ը։

19. Արգելվում է սոցիալական օգնության հատկացումը համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամներին, բացառությամբ բացառիկ դեպքերի, որոնց պարագայում համայնքի ավագանին կայացնում է առանձին համապատասխան որոշում:

20. Արգելվում է սոցիալական աջակցության տրամադրումը նույն ընտանիքի կամ համատեղ տնտեսություն վարող անդամներին 2-ից ավել դեպքերում, եթե նույն տարվա ընթացքում նրանք աջակցություն են ստացել նաև միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի, մարզպետարանի կամ այլ ՀԿ-ների կողմից, կամ այդ ընտանիքում նոր՝ կյանքի դժվար իրավիճակներ ի հայտ չեն եկել։

21. Բացառիկ դեպքերում՝ արտակարգ կամ չնախատեսված իրավիճակների առաջացմամբ պայմանավորված, հրատապ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում, սոցիալական աշխատողի կազմած գործի հիման վրա՝ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ, համայնքի ղեկավարը համապատասխան կարգադրությամբ կարող է տրամադրել մինչև 300 000 (երեք հարյուր հազար) դրամի չափով աջակցություն:

22. Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին ուսման վարձի հատկացումը կարող է իրականացվել միայն պետական բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետության կողմից հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում և առավելագույնը կարող է հատկացվել ուսումնառության ընթացքում միայն մեկ անգամ՝ ոչ ավելի քան տարեկան ուսման վարձի 50%-ի չափով: Ուսման վարձի հատկացում չի արվում համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), եթե նրանք վարում են համատեղ տնտեսություն:

23. Դրամական աջակցություն ցուցաբերելու դեպքում գումարը տրամադրվում է անկանխիկ՝ համապատասխան բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

24. Սոցիալական աջակցություն կարող է տրամադրվել նաև ոչ դրամական ձևով՝ հումանիտար աջակցությունների տեսքով։

25. Սույն կարգի խախտմամբ տրամադրված սոցիալական աջակցության համար տրամադրված գումարները ենթակա են վերադարձման համայնքի բյուջե՝ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու այն անդամների անձնական միջոցներից, որոնք իրենց ստորագրությամբ հաստատել են դրամական հատկացման վերաբերյալ իրավական ակտերը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չկարգավորված կամավոր խնդիրների լուծումների իրականացումը սահմանվում եմ միայն ավագանու որոշմամբ:

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

 Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան