ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 նոյեմբերի 2022 թվականի |
N 519-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 405-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1 կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ Ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋN 0001 լիցենզիայի պայմանների N 3 հավելվածի 19-րդ կետի՝ 2022 թվականի օգոստոսի 8-ին Հանձնաժողով է ներկայացրել Ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ բաժանորդներին մատուցվող Ծառայությունների սակագների գումարային մեծությունը հաշվարկելով յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 209.003 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ) Հանձնաժողովը Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, Ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է մոնիթորինգ,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման 2-րդ կետով Հանձնաժողովին առաջարկվել է Ծառայությունների մատուցման սակագները սահմանելիս, նույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ,
և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետը, 791-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշումը և Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296-Ն որոշումը՝ Հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Ընկերության կողմից`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին)՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127,5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 153,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22,5 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 27,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին՝
ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 147,63 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 177,156 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 26,0525 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 31,263 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 34,575 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 41,49 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 17,2875 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 20,745 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 10,169 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 12,2028 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 30-ի «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 422-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
29 նոյեմբերի 2022 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական: