ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 հոկտեմբերի 2022 թ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»վրպ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին»վրպ. համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1231-Ա որոշմամբ հավանություն է տվել 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել այդ համաձայնագրում առկա պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2022 թվականի օգոստոսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին»վրպ. համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում՝ աուդիտորական գործունեության կարգավորման և վերահսկողության կազմակերպման ու իրականացման նկատմամբ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով:
2. Համաձայնագրով կարգավորվում են մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների՝ մյուս անդամ պետություններում աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվության և մեկ անդամ պետության աուդիտորների՝ մյուս անդամ պետություններում աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են անդամ պետություններում աուդիտորական գործունեություն իրականացնելու և կարգավորելու միասնական մոտեցումները:
3. Համաձայնագրով աուդիտը սահմանվում է որպես աուդիտի ենթարկվող անձի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների և (կամ) նրա կողմից ներկայացվող այլ ֆինանսական տեղեկատվության ստուգում՝ դրանց հավաստիության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով, իսկ աուդիտորական գործունեությունը՝ որպես աուդիտի անցկացմանն ու վստահություն ապահովող այլ ստուգումների կատարմանը, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների մատուցմանն ուղղված գործունեություն, որն իրականացվում է աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) երաշխավորել, որ մյուս անդամ պետության աուդիտորական կազմակերպությունները (բացառությամբ Համաձայնագրի 32-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետում նշված աուդիտորական կազմակերպությունների) և անհատ աուդիտորներն իրավունք ունենան Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու աուդիտորական գործունեություն (հոդված 3, կետ 1, պարբերություն 2),
բ) երաշխավորել, որ մյուս անդամ պետության աուդիտորները (բացառությամբ Համաձայնագրի 32-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց) իրավունք ունենան Հայաստանի Հանրապետությունում մասնակցելու աուդիտորական գործունեության իրականացմանը (հոդված 3, կետ 2),
գ) սահմանել որակավորման քննության անցկացման կարգը, որով նախատեսվում է նաև հավակնորդի՝ որակավորման քննությանը մասնակցելու կարգը, ինչպես նաև որակավորման քննության արդյունքները որոշելու կարգը` ապահովելով, որ որակավորման քննության առնվազն մի մասն անցկացվի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (թեստավորման ձևով և այլն) (հոդված 7, կետ 5, ենթակետ ա)),
դ) սահմանել այն մարմինը (մարմինները), որն իրականացնում է որակավորման քննության անցկացումը, ինչպես նաև սահմանել աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) տրամադրման կարգը (հոդված 7, կետ 5, ենթակետեր բ) և գ)),
ե) ճանաչել մյուս անդամ պետությունում տրված՝ աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականը, հավաստագիրը) վավերականությունը Հայաստանի Հանրապետությունում, որն անժամկետ է կամ գործում է մինչև դրա գործողության ժամկետի ավարտը (եթե այդպիսի ժամկետ սահմանված է) (հոդված 7, կետ 6),
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձանց՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու կամ հաշվապահական հաշվառում վարելու և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ կազմելու հետ կապված նվազագույն աշխատանքային ստաժ, որը չի կարող 3 տարուց պակաս լինել՝ նախատեսելով նաև որ նշված աշխատանքային ստաժի վերջին երեք տարիներից առնվազն մեկ տարին պետք է անցկացված լինի աուդիտորական կազմակերպությունում՝ աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված պաշտոններում՝ չխախտելով Համաձայնագրի 32-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները (հոդված 8, կետ 2),
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել աուդիտորների ուսուցման նվազագույն տևողությունը` իրար հաջորդող երկու օրացուցային տարիների ընթացքում 80 ժամից ոչ պակաս` սահմանելով աուդիտորների կողմից ուսուցում անցնելու պարբերականությունը և կարգը (հոդված 9, կետեր 3 և 4),
ը) ապահովել, որ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդի-տորների և աուդիտորների ռեեստրը վարվի էլեկտրոնային ձևով և հասանելի լինի «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց)՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարող մարմնի պաշտոնական կայքում (հոդված 10, կետ 5),
թ) ապահովել աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում պարունակվող տեղեկությունների թափանցիկությունն ու հանրամատչելիությունը՝ բացառությամբ աուդիտորի անձնական տվյալների: Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդի-տորների ռեեստրում ընդգրկված՝ աուդիտորի անձնական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով (հոդված 10, կետ 6),
ժ) երաշխավորել, որ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված տեղեկությունները պահվեն արդիական վիճակում (հոդված 10, կետ 8),
ժա) ապահովել աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված տեղեկությունների նույնականությունը հայերեն և ռուսերեն լեզուներով (հոդված 13, կետ 2),
ժբ) սահմանել աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության մարմինը (մարմինները) և այդ մարմնի կողմից նշված ռեեստրը վարելու կարգը (հոդված 14, կետ 1),
ժգ) մյուս անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողղովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնել աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության մարմնի (մարմինների) մասին (հոդված 14, կետ 2),
ժդ) ապահովել, որ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդի-տորների և աուդիտորների ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ Հայաս-տանի Հանրապետության մարմինն անդամ մյուս պետությունների նույն մարմիննե-րին և Հանձնաժողովին տեղեկացնի Ինտերնետ ցանցում իր պաշտոնական կայքերի մասին, որտեղ տեղադրվում են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրները (հոդված 14, կետ 3, պարբերություն 1),
ժե) մյուս անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձի կողմից կազմված աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը Հայաստանի Հանրապետությունում ճանաչել որպես պաշտոնական փաստաթղթեր (հոդված 20, կետ 2),
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել պահանջներ, որոնց համապատասխան` աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ապահովված լինեն ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ և բավարար են աուդիտորական ծառայությունների մատուցման համար (հոդված 21, կետ 1, ենթակետ ա)),
ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել պահանջներ, որոնց համապատասխան` աուդիտորական կազմակերպության, անհատ աուդի-տորի՝ իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների դիմաց աուդիտորական վարձատրությունը պետք է բավարար լինի աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայությունը՝ աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատաս-խան մատուցելու համար (հոդված 21, կետ 1, ենթակետ բ), պարբերություն 1),
ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել պահանջներ, որոնց համապատասխան` աուդիտորական կազմակերպության, անհատ աուդի-տորի՝ իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների դիմաց աուդիտորական վարձատրությունը պայմանավորված չլինի աուդիտորական կազ-մակերպության, անհատ աուդիտորի կողմից այն անկախ կարծիքին ներկայացվող ցանկացած պահանջի կատարմամբ, որը կձևավորվի աուդիտորական ծառայու-թյունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայու-թյունների մատուցման արդյունքում, աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից այդ անձին լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաև ապագայում որևէ իրադարձության (փաստի) վրա հասնելով (հոդված 21, կետ 1, ենթակետ բ), պարբերություններ 2 և 3),
ժթ) երաշխավորել, որ վարկային կազմակերպության (բանկի), ապահովագրական կազմակերպության, փոխադարձ ապահովագրական ընկերության, ոչ պետական կենսաթոշակային ֆոնդի, այն կազմակերպության տարեկան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները, որի արժեթղթերը թույլատրված են կազմակերպված սակարկություններին, ինչպես նաև արժեթղթերի ազդագրում ընդգրկվող տարեկան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններն աուդիտորական կազմակերպությունների կողմից ենթարկվեն պարտադիր աուդիտի (հոդված 22, կետեր 1 և 2),
ի) աուդիտորական կազմակերպությանը, անհատ աուդիտորին արգելել զբաղվելու Համաձայնագրի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված աուդիտորական գործունեությունից ու ծառայությունների մատուցումից բացի այլ ձեռնարկատիրական գործունեությամբ (հոդված 23, կետ 1),
իա) ապահովել աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության իրականացումը (հոդված 25, կետ 1),
իբ) սահմանել աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության իրականացման կարգը և աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները) (հոդված 25, կետ 4),
իգ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի ներքին վերահսկողություն իրականացնելիս ապահովել Համաձայնագրի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմնական պահանջների պահպանումը (հոդված 26, կետ 1),
իդ) ապահովել աուդիտորական գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, աուդիտորական գործունեության ստանդարտների, աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջների խախտում թույլ տված աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի նկատմամբ ներգործության միջոցների կիրառումը` այդպիսի միջոցների կիրառման համար լիազորված մարմինների կողմից (այսուհետ՝ ներգործության միջոցներ) (հոդված 28, կետ 1),
իե) սահմանել ներգործության միջոցները և դրանց կիրառման կարգը (հոդված 28, կետ 3),
իզ) ապահովել, որ ներգործության միջոցները սահմանելիս, հաշվի առնվեն առնվազն Համաձայնագրի 28-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանգա-մանքները` ապահովելով կիրառվող ներգործության միջոցների վերաբերյալ տեղե-կատվության հրապարակումը (հոդված 28, կետեր 4 և 5),
իէ) սահմանել աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների (որոնց շարքին են դասվում Համաձայնագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված գործառույթները) իրականացման համար լիազորված Հայաստանի Հանրապետության մարմինը (մարմինները)` երաշխավորելով դրա անկախությունն աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից) (հոդված 29, կետեր 1 և 2),
իը) աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման նպատակով աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված Հայաստանի Հանրապետության մարմնին օժտել աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից) անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը պահանջելու իրավունքով, ինչպես նաև պարտավորեցնել աուդիտորական կազմակերպություններին, անհատ աուդիտորներին, աուդիտորներին, աուդիտորների մասնագիտական միավորումներին (ինքնակարգավորվող կազմակերպություններին) նշված մարմնին տրամադրել այդ տեղեկատվությունը և փաստաթղթերը (հոդված 29, կետ 4),
իթ) նպաստել աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակար-գավորվող կազմակերպությունների) ստեղծմանն ու դրանց կողմից իրենց գործու-նեության իրականացմանը (հոդված 30, կետ 1),
լ) ապահովել պայմաններ աուդիտորական գործունեության կարգավորման գործընթացին աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) մասնակցության համար` ներկայացնելով Համաձայնագրի 30-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հնարավորությունները (հոդված 30, կետ 2),
լա) աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմիններին օժտել մյուս անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ փոխգործակցություն իրականացնելու իրավունքով, իսկ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մի քանի մարմինների առկայության դեպքում սահմանել մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու լիազորված մարմին (հոդված 31, կետեր 1 և 2),
լբ) մյուս անդամ պետություններին ու Հանձնաժողովին ծանուցել աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների և մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության մարմնի մասին (հոդված 31, կետ 3):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին»վրպ. համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
4 հոկտեմբերի 2022 թվականի ՍԴՈ-1664 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: