ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2021 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
ՀՈՐԹԵՐԻ ԱՐՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴԵՊՐՈՏԵԻՆԱՑՎԱԾ ՀԵՄՈԴԻԱԼԻԶԱՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ներերակային և միջմկանային ներարկումների համար լուծույթի ձևով պատրաստուկը, որը, որպես ակտիվ ազդող նյութ, պարունակում է հորթերի արյունից՝ դրա դեֆիբրինացման, դիալիզի, գերզտման միջոցով ստացված դեպրոտեինացված հեմոդիալիզատ (բաղկացած գլիկոպրոտեիդներից, նուկլեոզիդներից, նուկլեոտիդներից, ամինաթթուներից և այլ ցածրամոլեկուլային միացություններից), ինչպես նաև օժանդակ նյութեր, և կիրառվում է մարդու պերիֆերիկ զարկերակների օկլուզիոն հիվանդությունների և քրոնիկ երակային անբավարարության դեպքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3002 90 300 0 ստորաենթադիրքում:
2. Մանրածախ վաճառքի համար փաթեթվածքում բաժնեծրարված՝ ատամնային ադհեզիվ (կպչող) մածուկի ձևով պատրաստուկը, որը, որպես ակտիվ ազդող նյութ, պարունակում է հորթերի արյունից՝ դրա դեֆիբրինացման, դիալիզի, գերզտման միջոցով ստացված դեպրոտեինացված հեմոդիալիզատ (բաղկացած գլիկոպրոտեիդներից, նուկլեոզիդներից, նուկլեոտիդներից, ամինաթթուներից և այլ ցածրամոլեկուլային միացություններից), և անզգայացուցիչ միջոց (օրինակ՝ պոլիդոկանոլ), ինչպես նաև օժանդակ նյութեր, և կիրառվում է բուժիչ ու կանխարգելիչ նպատակներով՝ մարդու բերանի խոռոչում վերքի մակերեսի տեղային լավացումն արագացնելու, ցավազրկելու և պաշտպանության համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 90 000 2 ստորաենթադիրքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: