Սույն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել տվյալ իրավական ակտի հրապարակման հաջորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ կետով՝
«25. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման ու արտահանման մասին եզրակացությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև այլ երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերի:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2023 թվական: