ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 118-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՋՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՄՐՈՑ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի հանրապետական նշանակության «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ 6.19.1, այսուհետ՝ հուշարձան) հարակից տարածքում գտնվող` 07-019-0023-0011 ծածկագրով Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոց 12-րդ փակուղի 4 բնակելի տուն հասցեի և 07-019-0023-0020 ծածկագրով Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոց 12-րդ փակուղի 2 հողամաս հասցեի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի (այսուհետ՝ գույք) նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ:
2. Հուշարձանի հարակից` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով՝
1) հուշարձանի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու հուշարձանի և դրա պատմական միջավայրի պահպանությունը, անխոչընդոտ վերականգնումը, պատմագեղարվեստական արժեքի բացահայտումը, պահպանական գոտում օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանումը և շրջակա տարածքի կառուցապատման կանոնակարգման ու բարեկարգման աշխատանքները.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. հուշարձանի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի հուշարձանն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով,
բ. հնարավոր կլինի ապահովել հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանման և հետագա ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացումն ու խնամքը, հուշարձանի տեսողական ընկալումը,
գ. համապատասխան ծրագրերի միջոցով կապահովվեն և կկարգավորվեն ամրոցին ու գաղտնուղուն մոտեցման ուղիները՝ պատշաճ իրականացնելով այցելուների սպասարկումը,
դ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու հուշարձանի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը:
3. Սահմանել, որ`
1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետը.
2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետը.
3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է.
4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
3) գույքի ձեռքբերումից հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում և միջոցներ ձեռնարկել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողերի նպատակային նշանակությունը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝
1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված ֆինանսական հատկացումների վերաբաշխում կատարելու և օտարվող գույքի սեփականատերերին փոխհատուցման նպատակով գումար տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: