Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10376/05/19

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10376/05/19

Նախագահող դատավոր՝

 Կ. Մաթևոսյան

Դատավորներ՝

 Ռ. Մախմուդյան 

 Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. ԲԵԴևՅԱՆ

զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ք. մկոյան

 

2023 թվականի դեկտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.06.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Միքայել Մացակյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Միքայել Մացակյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 09.10.2019 թվականի թիվ Վ-38/38 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 28.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2022 թվականի որոշմամբ Միքայել Մացակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման և էական նշանակություն ունեին վիճելի իրավահարաբերության կարգավորման համար, ինչպես նաև կատարելով համապատասխան դատողություններ, եկել է եզրահանգման, որ վարչական ակտի հասցեատերը «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով սահմանված կարգավորումների համաձայն չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքով:

Սակայն Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի իրականացրել գործի քննությունը, ճիշտ չի հետազոտել վարչական վարույթի նյութերում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում կայացրել է սխալ դատական ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման։

Վերաքննիչ դատարանը՝ իր դատական ակտով, չի հիմնավորել, որ միջազգային պայմանագրի և ՀՀ ներպետական իրավական ակտերի նորմերի միջև առկա է հակասություն կամ անհամապատասխանություն, այսինքն՝ դատական գործի շրջանակներում չի հաստատվել այն փաստական հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական դրույթ հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային որևէ պարտավորությանը:

Վերոգրյալից հետևում է, որ վիճարկվող վարչական ակտն իրավաչափ վարչական ակտ է, և հայցվորն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության և այն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 20.06.2022 թվականի որոշումը բեկանել և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի 05.09.2019 թվականի թիվ 132 հանձնարարագրով հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատու աշխատակիցներ Արսեն Ալավերդյանին և Գուրգեն Սարգսյանին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի   17.1-րդ հոդվածի համաձայն 05.09.2019 թվականին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն   «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող օբյեկտում և տնտեսվարող սուբյեկտի կողմից «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (հատոր 1-ին, գ.թ. 47):

2. 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003306 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանի կողմից Աբովյան փողոցի 38/1 հասցեում գործող առևտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի իրացում (հատոր 1-ին, գ.թ. 46):

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանն Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /դեղատուն/ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերք՝ «Semper», «Humana», «Heinz», «Bинни» շիլաներ իրացնելու համար ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11, 42-43):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՞ք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքի համար վարչական պատասխանատվության նախատեսումը առաջացնել իրավական կոլիզիա «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հետ:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի  15-րդ մասի համաձայն՝ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար` ծննդյան պահից մինչև 6 ամսական տարիքը։

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է՝ մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառել կամ ներկայացնել որպես պիտանի 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…)։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման և (կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) և (կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Իրավական կոլիզիան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված միևնույն կամ համանման հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանությունն է (տարբերությունը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ եթե իրավակիրառ մարմինը հանդիպում է միմյանց հակասող նորմերի, ապա հարց է առաջանում, թե նա ինչ չափանիշներով (կանոններով) պետք է որոշի՝ որ իրավական նորմին նախապատվություն տալ։ Իրավական կոլիզիաների լուծումը գտնվում է իրավունքի մեկնաբանման տիրույթում, այսինքն՝ իրավունքի մեկնաբանման տեսության շրջանակում մշակվել են մեկնաբանման որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ իրավակիրառ մարմինը որոշում էր միմյանց հակասող նորմերից որը կիրառել (կոլիզիոն մեկնաբանման կանոններ): Կոլիզիոն մեկնաբանման կանոններն իրավունքի մեկնաբանման տեսության կողմից մշակված տեսական բնույթի չափանիշներ են, որոնք թեև օժտված չեն պոզիտիվ-իրավական նորմատիվությամբ, սակայն դրանք պատմականորեն կիրառվել են որպես կոլիզիաները լուծելու միջոցներ: Նշենք նաև, որ կոլիզիոն նորմը կիրառելուց առաջ անհրաժեշտ է փորձել հաշտեցնել երկու պոտենցիալ հակասող նորմերի բովանդակությունը: Դա կատարվում է կիրառելով այն աքսիոման, որ կառավարությունը չէր կարող կամ դժվար թե ցանկանար ստեղծել երկու հակասող նորմ: Երկու նորմերը հաշտեցնելու համար պետք է ընդունվի այն մեկնաբանությունը, որը վերացնում է այդ հակասությունը: Եվ միայն այն դեպքում, երբ այդ մեկնաբանությունը ողջամիտ չէ, կարող են օգտագործվել կոլիզիոն նորմերի կիրառման նախապատվության կանոնները: Հատկանշական է նաև, որ կոլիզիոն խնդրի էությունը հասկանալու և դրան լուծում տալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ՝ արդո՞ք առկա է սույն իրավիճակում իրավական նորմի կոլիզիա, թե՝ ոչ:

Այսպես, իրավական նորմի կոլիզիան կարող է դրսևորվել իրավական նորմերի դրույթների հակասության կամ անհամապատասխանության ձևով:

Իրավական նորմերի հակասության դեպքում «բախվում են» արգելող և լիազորող նորմերը, որոնք բացառում են մեկը մյուսին և հանդիսանում են բևեռային:

Իրավական նորմերի անհամապատասխանության դեպքում նորմերը միևնույն բնույթի են, սակայն ունեն տարբեր բովանդակություն, կամ առաջացնում են տարբեր հետևանքներ:

Ուստի, իրավական կոլիզիայի առկայության համար անհարաժեշտ է վերոհիշյալ երկու դրսևորումներից առնվազն մեկի առկայությունը (տե՛ս, «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11023/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է արգելք 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար որպես պիտանի մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառելու կամ ներկայացնելու համար: Ավելին՝ նշված արարքի կատարման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը չի նախատեսում իրավակարգավորումներ՝ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում բացակայում են իրավական կոլիզիայի դրսևորման ձևերը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի որևէ դրույթի միջև առկա չէ իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանություն (տե՛ս, Միքայել Մացակյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/10403/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը)։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Միքայել Մացակյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշումը:

Դատարանը 28.10.2020 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Մաքսային միության հանձնաժողովը մինչև 6 ամսական մանուկների համար նախատեսված մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքները՝ «Semper», «Hainz», «Humana» և «Bинни» ապրանքները, համարել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված սննդի անվտանգության ցուցանիշներին համապատասխանող, հետևաբար, վերոնշյալ իրավակարգավորումների իմաստով, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց ներմուծման և/կամ վաճառքի արգելք առկա չէ», ուստի հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը «ստանձնել է պարտավորություն ապահովելու նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու այդ տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր՝ Դատարանը փաստում է, որ «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Միքայել Վահանի Մացակյանի կողմից ք.Երևան, Աբովյան փողոց, թիվ 38/1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /դեղատուն/ մինչև 6 ամսական մանուկների համար նախատեսված մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքների՝ «Semper», «Hainz», «Humana» և «Bинни» անվանմամբ ապրանքների, իրացումը Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի տասնհինգերորդ մասով նախատեսված վարչական պատասխանատվություն չէր կարող առաջացնել»:

Վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ անփոփոխով թողնելով Դատարանի 28.10.2020 թվականի վճիռը նույն հիմնավորումներով։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնատահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի 05.09.2019 թվականի թիվ 132 հանձնարարագրով հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատու աշխատակիցներ Արսեն Ալավերդյանին և Գուրգեն Սարգսյանին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի  17.1-րդ հոդվածի համաձայն 05.09.2019 թվականին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող օբյեկտում և տնտեսվարող սուբյեկտի կողմից «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003306 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանի կողմից Աբովյան փողոցի 38/1 հասցեում գործող առևտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի իրացում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանն Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /դեղատուն/ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերք՝ «Semper», «Humana», «Heinz», «Bинни» շիլաներ իրացնելու համար ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը, բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը, արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված քննարկվող միջազգային պայմանագրային նորմերով պետությունն ստանձնել է պարտավորություն ապահովելու նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու այդ տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման արգելք չսահմանելը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել եզրակացության, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով չէր կարող սահմանվել մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանքը, որպես մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդամթերք վաճառելու արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով՝ այդ արարքի համար վարչական պատասխանատվություն: Ուստի, քննարկվող դեպքում բացակայում են կոլիզիայի դրսևորման ձևերը, մասնավորապես՝ առկա չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի որևէ դրույթի հետ հակասություն կամ անհամապատասխանության հարց։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրն առհասարակ չի նախատեսում վիճելի հարցի վերաբերյալ իրավակարգավորումներ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը նախատեսում է արգելք-պատասխանատվություն խնդրո առարկա ապրանքների դեղատներում և առևտրի կետերում վաճառքի համար, որպիսի պայմաններում անհիմն են Վերաքննիչ դատարանի փաստարկնները՝ պայմանագրով արգելքի բացակայության և դրա հետևանքով իրացման իրավունք ձեռք բերելու հարցի վերաբերյալ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Հաշվի առնելով, որ Միքայել Մացակյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Երևան համայնքի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Միքայել Մացակյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.06.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. Միքայել Մացակյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. ԲԵԴևՅԱՆ

Զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ք. մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան